12 պատմություն`երազող ուսուցիչների ու նրանց աշակերտների մասին - Mediamax.am

exclusive
23881 դիտում

12 պատմություն`երազող ուսուցիչների ու նրանց աշակերտների մասին



Նրանք ունեն տարբեր մասնագիտություններ, աշխատել են տարբեր ոլորտներում ու շատերը պատկերացնել անգամ չէին կարող, որ մի օր նորից կմտնեն դպրոց ՝ որպես ուսուցիչ։  Բայց կրթությունը բոլոր երեխաներին հասանելի դարձնելու, աշակերտներին երազանքներ տալու ու նաեւ սեփական ներուժը բացահայտելու համար նրանք միացել են «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին։ Այսօր Հայաստանի 7 մարզի ու Արցախի մոտ 100 դպրոցում ավելի քան 120 ուսուցիչ-առաջնորդ է աշխատում։ Մեդիամաքսը անցնող տարվա ընթացքում եղել է 12 համայնքում, որտեղ դասավանդում են ծրագրի մասնակիցները։

 

Աշակերտներին երազանք տվող ընկեր Կարապետյանը

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին դիմելուց, բոլոր փուլերը հաղթահարելուց հետո անգամ Հակոբը վստահ չէր, որ դպրոցում աշխատելու հնարավորություն կունենա։ Չտեսնող մարդկանց նկատմամբ հասարակության վերաբերմունքին ծանոթ էր սեփական փորձից։

 

«Երբ մեզ հայտնում էին, թե ով՝ որտեղ է դասավանդելու, մտածում էի, որ ինձ կասեն՝ կներես, ոչ մի դպրոց չհամաձայնվեց քեզ ընդունել։ Երբ ասացին՝ Արմավիրի մարզ, Ամբերդ գյուղի դպրոց, շոկի մեջ էի։ Զանգեցի, տնօրենի հետ ծանոթացա։ Էնքան ջերմ խոսեց, հարցերիս պատասխանեց, որ հեռախոսն անջատեցի ու մտածում եմ՝ էս մարդուն ասե՞լ են, որ ես չեմ տեսնում»,-ծիծաղելով պատմում է Հակոբը։

 

Ավտոստոպ անող ու աշակերտներով ոգեշնչված ընկեր Մանուկյանը

«Ո՞վ է ասում, որ ամեն ինչ պիտի շատ լավ լինի։ Ես էլ եմ ունենում խնդիրներ, բայց ո՞նց կարող ես էս էրեխեքի հետ շփվել ու ինչ-որ բանից մարել։ Ինչի՞ց մարես, եթե էս էրեխեքն էսքան լավն են, էսքան նվիրված, իրավունք չունես մարելու։ Մեկ-մեկ էներգիաս չի հերիքում, առավոտյան զոռով եմ արթնանում, ֆիզիկապես հոգնում եմ, բայց հոգեպես ինձ լավ եմ զգում, գիտեմ, որ էնտեղ եմ, որտեղ պիտի լինեմ, անում եմ այն, ինչ պիտի անեմ»։

 

Դեբետի դպրոցը գունավորող միսս Շուշանը

- Միսս Շուշան, մի բան եմ մտածել։ Դուք կարող եք 10 տարուց հետ գալ ու գյուղապետի թեկնածու առաջադրվել։ Մենք արդեն մեծ կլինենք, կկարողանանք ընտրել։ Դուք մեր բոլորի սրտերը շահել եք, բոլորս Ձեզ կընտրենք։

 

Աշակերտներին «սմայլիկներ» պարգեւող ընկեր Հարությունյանը

«Ծնողական ժողովներին հիմնականում գնում եմ էրեխեքին գովելու համար։ Երբ սկսում ես երեխային գովել, ծնողի ուսերը բարձրանում են, կիսաժպիտ է հայտնվում։ Զգացել եմ՝ ժողովին էրեխուն գովեցի, ծնողը գնում է տուն, պատմում է, ու հաջորդ օրը երեխան ավելի ոգեւորված է գալիս դասի։ Անտեղի չեմ գովում։ Ենթադրենք, դասի ընթացքում 90% վատ բան է անում, 10%՝ լավ։ Ես այդ 10 %-ն եմ շեշտում, ու դրա հաշվին տոկոսները մեծանում են, ու լրիվ ուրիշ մարդ է հանդես գալիս քո առջեւ»։

 

Թերթի խմբագրություն՝ դպրոցում, մանկապարտեզ՝ ուսուցչի տանը

Իրար կպած տնակներից մեկում, որտեղ հիմնականում խմբակներն են գործում, Սամվելին տուն են հատկացրել։ Այստեղ հաճախ հավաքվում են չորս երիտասարդ գործընկերներով ու քննարկում համայնքային ծրագրերը։

 

Հանդիպումներից մեկի ժամանակ քննարկում էին գյուղի կարիքները։ «Հասկացանք, որ ճանապարհներից հետո առաջինը մանկապարտեզի խնդիրն է։ Ճանապարհներինը՝ չէ, բայց մանկապարտեզի հարցը կամաց-կամաց լուծվում է»,- ասում է Սամվելը։

 

Ապրիլից իր տան մի սենյակը «նվիրել» է երեխաներին։ Այստեղ հասարակական հիմունքներով գործում է «Գտնված երազ» զարգացման կենտրոնը:

 

Միսս Սոնան, որ ճախրում է Արցախում

«Ես սովորեցի չձանձրանալ։ Երեկ գիշերն էս աթոռին ուղղակի նստած եմ եղել, ոչինչ չեմ արել, բայց չեմ ձանձրացել։ Անընդհատ ծաղկում ես բնության հետ, անգամ ձմռանը։ Ամեն ինչի, նույնիսկ էրեխու ժպիտի մեջ գեղեցիկը զգալու, տեսնելու ունակությունը պատասխանատվության է տանում։

 

Մարդուն պիտի ապահովես ճախրանքի ազատ տարածքով։ Սա ճախրելու իմ տարածքն է թե՛ ֆիզիկապես, թե՛ մտքով»։

 

Ընկեր Ղոնյանն ու աշակերտները՝ տիեզերքի կենտրոնում

Աշակերտները հաճախ են ընկեր Ղոնյանին խնդրում աչքերը փակ մտնել դասարան, որտեղ նրան անակնկալներ են սպասվում՝ բացիկ, նկար, ծաղիկ։ Եթե նկատեն, որ ընկեր Ղոնյանը «լուրջ է», այսինքն՝ տխուր, ուրեմն մանկական բոլոր հնարքները գործի կդնեն։

 

«Անհնար է մնալ նույնը։ Նույնիսկ եթե հոգնած, տխուր ես գալիս դպրոց, փոխվելու ես, ուրախանալու ես»։

 

Մեծ ոգեւորությամբ ու շատ ծրագրերով Չինարի եկած ընկեր Մարիամը

Մարիամը գիտի, որ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում երեխաները հաճախ բացակայում են դասերից, ընտանիքին են օգնում: Որոշել է՝ եթե այդպիսի աշակերտներ լինեն նաեւ իր դասարանում, նրանց հետ դասերից հետո կպարապի, միայն թե կրթական գործընթացից դուրս չմնան: Երեխաների երազանքներն ու ցանկությունները բացահայտելն իր կարեւոր խնդիրն է համարում։

 

«Ամենաշատը վախենում եմ, որ երեխաները չխանդավառվեն, չուզենան սովորել, չհետաքրքրվեն: Չնայած՝ ինձնից է կախված, ես պիտի փոխանցեմ այդ խանդավառությունը, այնպես անեմ, որ ուզենան սովորել: Բայց հանկարծ ու չստացվի, դրանից շատ եմ վախենում»։

 

«Անծանոթ» աշխարհից Արծնի եկած ընկեր Տիգրանը

«Որ նեղված կամ հիասթափված եմ լինում, մտնում եմ մի դասարան, հատկապես՝ փոքրերի մոտ, տեսնում եմ էրեխեքի աչքերը, ժպիտները, ես ինձ մոռանում եմ, ամեն ինչ մոռանում եմ, լուրջ եմ ասում։ Մանավանդ երբ դպրոց եմ գալիս, էրեխեքը դրսում են լինում, վազում, գրկում են ինձ, շատ է մոտիվացնում։ Նորից ոգեւորվում եմ, մտածում եմ՝ ոչինչ, էրեկ չեղավ, էսօր կստացվի։ Ու էդպես շարունակում եմ»։

 

Ավտոստոպով Ծովազարդ՝ անհաշվելի գոյականներ դասավանդելու

Ուսանող տարիներին Երեւանի դպրոցներից մեկում մանկավարժական պրակտիկայից հետո Մարիա Մանուկյանը որոշել էր՝ ոտքը երբեւէ դպրոց չի դնելու։ Բայց Բրյուսովի անվան համալսարանն ավարտելուց, արտերկրում կամավորելուց ու տարբեր բնագավառներում աշխատելուց հետո նորից վերադարձավ դպրոց՝ գյուղական համայնք, որտեղ անգլերենի ուսուցչի կարիք կար։

 

«Ես դպրոցն ատել եմ, լացելով եմ գնացել։ Ու հիմա աշխատում եմ լինել էնպիսի ուսուցիչ, որի նմանը չեմ ունեցել»։

 

Բագարանում «պատահաբար» հայտնված Հայկի նոր կյանքը

«Անցած տարի դուրս եկա դպրոցից ու ապշեցի. 9-րդ դասարանի բոլոր տղաները կանգնած են բակում ու սպասում են՝ երբ եմ դուրս գալու, որ միասին գնանք տուն։ Շատ հաճելի էր, չեմ կարող ոչ մի բանի հետ համեմատել։ Ես չորս դպրոց եմ փոխել եւ կյանքում իմ ուսուցիչներից ոչ մեկին չեմ սպասել ու սպասելու ցանկություն էլ չեմ ունեցել. զանգը տար, ես փախնեի։ Ու էդպես իմ բոլոր դասարանցիները, իսկ ես չորս դպրոցում 132 դասարանցի եմ ունեցել։ Իսկ էստեղ դուրս եմ գալիս դպրոցից, ու էրեխեքը սպասում են, որ միասին գնանք տուն, թույլտվություն են հարցնում, որ գան իմ տուն։ Բոլորը հերթով գալիս, ասում են, որ ուզում են մաթեմատիկա պարապել։ Ես լավ հասկանում եմ, որ պատճառը մաթեմատիկան շատ սիրելը չէ, այլ ոչ ֆորմալ շփումն է։ Եթե էրեխեքն ունեն այդ ցանկությունը, դա խոսում է իմ նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին։ Դա առնվազն նշանակում է, որ ես ամեն ինչ չէ, որ սխալ եմ անում, որ ինչ-որ բաներ հաստատ ճիշտ եմ անում»։

 

Ընկեր Մարիամը՝ Գեղամասարի «էրեխա դասատուն»

«Երեխաները երկրի ապագան են, եւ եթե կարողանում ես նրանց կյանքում մի բան փոխել, ուրեմն՝ աշխատանքդ իմաստավորված է։ Ուսուցիչը դաս տվող չէ, այլ մարդ է, ով երեխային ցույց է տալիս, որ կյանքում շատ ճանապարհներ ու շատ հնարավորություններ կան։ Էստեղ գալու իմ նպատակն արդարացված կհամարեմ, եթե ունենամ աշակերտներ, որոնք հստակ կիմանան, որ ապագան չի սահմանափակվում ամուսնությամբ, պայմանագրային զինծառայությամբ, խոպանով։ Եթե ամեն դասարանում 5-6 աշակերտ մասնագիտություն ունենա, կարեւոր չէ՝ բուհ կընդունվի, թե արհեստ կսովորի, այլ կունենա զբաղմունք, որով իր գյուղը կշենացնի, իր երկիրը կզարգացնի եւ ստիպված չի լինի մեկնել արտագնա աշխատանքի, ես շատ ուրախ կլինեմ»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին