Վահրամ Մարտիրոսյանը հրաշալի գիրք է գրել՝ «Պեղումներ Հայոց պատմությունից»: Այս շաբաթ նրա հետ զրուցեցինք իմ «Կարմիր թել» հաղորդաշարում եւ առաջիկայում կներկայացնենք զրույցը:
Վահրամի հետ վաղուց չէինք հանդիպել՝ հիշեցինք նաեւ անցած-գնացած օրերը: Մասնավորապես, այն, որ 1999 թվականի աշնանը միասին լուսաբանում էինք ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովը՝ Վահրամն այն ժամանակ աշխատում էր «Ար» հեռուստաընկերությունում:
Ստամբուլում արված այս լուսանկարում պատկերված են (ձախից աջ). «Ռեսպուբլիկա Արմենիի» թերթի թղթակից Աշոտ Արամյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Ռոբերտ Մավիսակակյանը (նա ներկայացնում էր «Արմենիա» հեռուստաընկերությունը), Պոլսի «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը, Ազգային հեռուստատեսության լուրերի տնօրեն Արմեն Արզումանյանը, ձեր խոնարհ ծառան եւ Արմենպրեսի ֆոտողթակից (այսօր՝ «Ֆոտոլուրի» տնօրեն) Մելիք Բաղդասարյանը: Տիկնոջ ով լինելը, ցավոք, չեմ հիշում:
Մեդիամաքսը մի քանի ամիս առաջ էինք հիմնադրել եւ ԵԱՀԿ գագաթնաժողովը առաջին մեծ միջազգային միջոցառումն էր, որը պետք է լուսաբանեի: Ստամբուլում արդյունավետ աշխատեցի եւ շատ լուրեր հաղորդեցի, որոնք մեջբերվում էին ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս:
Դա կարող է փաստել 25 տարվա վաղեմության այս նամակը, որի տպագիր տարբերակը պահպանվել է իմ արխիվում:
1999 թվականի գարնանը, երբ բացվում էր Մեդիամաքսը, Ադրբեջանում հիմնադրվել էր Caspian գործակալությունը: Ու թեեւ այն հիմնականում տնտեսական ուղղվածություն ուներ, Caspian-ի հետ գործընկերային հարաբերություններ հաստատեցինք: Caspian-ի տնօրեն Ալի Ալիեւի հետ նորմալ մարդկային եւ աշխատանքայի հարաբերություններ ունեինք, ինչը եւս կզգաք նամակից:
Այսօր դժվար է պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների ղեկավարները կարող էին ոչ միայն շփվել,
այլեւ ուրախանալ միմյանց հաջողությունների համար:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: