2023 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր - Mediamax.am

exclusive
4654 դիտում

2023 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր


Լուսանկարը` կոլաժում օգտագործվել են Դավիթ Ղահրամանյանի, ՀԲԸՄ եւ Սեդա Գրիգորյանի լուսանկարները

Դմիտրի Մեդվեդեւն ու Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին
Դմիտրի Մեդվեդեւն ու Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին

Այս տարի որոշեցինք ձեւափոխել տարին ամփոփող մեր ավանդական նյութի կառուցվածքը եւ ոչ թե առանձնացնել մի քանի իրադարձություն, այլ ներկայացնել 2023 թվականն՝ ընթացքի մեջ:

 

ՀՈՒՆՎԱՐ

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է՝ ուզի Հայաստանը, թե չուզի»:
  • Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ օպերատիվ շտաբը քննարկում է Արցախում կտրոնային համակարգի ներդրման հարցը:

 

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժության անցկացում նպատակահարմար չէ:
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «խաբեություն» է որակում առանց Բաքվի համաձայնության Հայաստան քաղաքացիական առաքելություն գործուղելու Եվրամիության մտադրությունը։
  • Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասում է, որ դժվար է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երեւանի հայտարարությունները էապես տարբերվում են։ «Ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին, միեւնույն ժամանակ հակամարտության՝ Արեւմուտքի կողմից ներկայացվող ինչ-որ «համապարփակ լուծման» նախապատվության մասին։ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին ապավինելու Երեւանի համաձայնությունը, որն ամրագրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի հայտարարության մեջ, արմատապես փոխեց բանակցային գործընթացի տրամաբանությունը»,- ասում է Զախարովան:

 

  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ընդունվում է հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք պնդումներ եւ տեսակետներ Արցախում «առաջացրել են մտահոգություններ»:
  • Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները «պետք է խուսափեն իրադրությունն ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից»:
  • Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասում է, որ Լաչինի միջանցքի շրջափակման հարցն առաջիկայում կկարգավորվի:
  • ՀՀ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվում է 15 զինծառայող: «Ակնհայտ է, որ հակահրդեհային անվտանգության ամենապրիմիտիվ կանոններն անգամ չեն պահպանվել»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
  • Եվրոպական Միության Խորհուրդն որոշում է կայացնում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն հիմնելու մասին:
  • Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Բաքվի պլանը հետեւյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել Լաչինի միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, հետո կրկին կփակեն միջանցքը, այնուհետեւ մի քանի օրով նորից կբացեն այն եւ այսպես այնքան, մինչեւ վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը»:

 

ՓԵՏՐՎԱՐ

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «մինչեւ այսօր մեր իրականության մեջ լուծված չէ ազգ եւ ժողովուրդ հասկացությունների հարաբերությունը»:
  • Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկրաշարժից տուժած Թուրքիային օգնելու որոշման համար:
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասում է, որ «իշխանությունների եւ Եկեղեցու միջեւ հարաբերություններն արարողակարգային բնույթի են»: «Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը», - նշում է Կաթողիկոսը:
  • Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անկարայում ասում է, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնություն ունեն Անիի կամուրջը համատեղ վերանորոգելու մասին:
  • Եվրոպական միությունը հայտարարում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) մեկնարկի մասին:

 

  • «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» կոչ է անում Հայաստանի կառավարությանը «անհապաղ բանակցություններ սկսել, որպեսզի իր տարածքից վտարված ադրբեջանցիները կարողանան խաղաղ, ապահով եւ արժանապատիվ վերադառնալ հայրենիք»։
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակում է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
  • Ռուբեն Վարդանյանն ասում է. «Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ գնալու, այլեւ չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի»։

 

ՄԱՐՏ

  • Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «ոչ թե մենք ենք ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ը՝ ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից, եւ դա մեզ անհանգստացնում է»:
  • Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացնում՝ տեղեկացնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է:

 

ԱՊՐԻԼ

  • Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երեւանի կենտրոնում թքում է իրեն «դավաճան» անվանած քաղաքացու դեմքին:
  • Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի արարքը, ասում է, որ «դա մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով»:
  • Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածում Ալեն Սիմոնյանի վարքագիծը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննելու պահանջով։
  • Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրում «Հայաստանի բոլոր քաղաքացիներից»: «Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որեւէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա»,- գրում է Ալեն Սիմոնյանը: Նա իր արարքի համար որեւէ պատասխանատվության չի ենթարկվում:
  • Նիկոլ Փաշինյանն ասում է, որ աղետները Հայաստանի վրա հասան «երկար տարիներ ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճ չունենալու հետեւանքով, այն տաբուների, կաղապարների եւ «ճշմարտությունների» պատճառով, որոնք ստեղծվել էին բարեհունչ վերնագրերի ներքո, բայց ո՛չ հանուն պետականության»: «Մենք ժամանակին չկարողացանք հաղթահարել այդ տաբուներն ու կաղապարները եւ դա էր, թերեւս, մեր մեծագույն ձախողումը: Այդ տաբուների գործադրմամբ այսօր էլ փորձ է արվում թույլ չտալ քաղաքական, քաղաքացիական եւ քաղաքագիտական մտքի զարգացումը, բայց ապագայի առաջ մեր ունեցած պատասխանատվությունը պիտի պարտադրի մեզ ասել՝ հայրենիքը պետությունն է, որը պիտի լինի կոնկրետ, սերը հայրենիքի նկատմամբ օրինապահությունն է, քաղաքացիությունն ինքնություն է, անվտանգության երաշխավորը խաղաղությունն է եւ այս հենասյուների վրա պիտի կառուցվի Ապագան», - ավելացնում է նա:

 

ՄԱՅԻՍ

  • Մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի արատաքին գործերի նախարարների բանակցությունները: Դրանց ավարտին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարում է առաջընթացի մասին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն, իր հերթին, ասում է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնվել են որոշակի պայմանների հետ եւ ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ»։

 

  • Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներով Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Նախարարները եւ նրանց թիմերն «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»։
  • Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ»։«Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռ չենք կարողանում համաձայնության հասնել այն ձեւակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը»,- ասում է նա:
  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն հայտարարում է. «Ամերիկացիները հայերին ասում են՝ եկեք մեզ մոտ, քշեք ռուս սահմանապահներին  ձեր տարածքից, հեռացրեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը»։
  • Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հանդես է գալիս հայտարարությամբ՝ Հայաստանի իշխանություններին հորդորելով «հրաժարվել պարտվողական մտայնությունից եւ դրանից բխող կործանարար քայլերից, համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ»։
  • Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «ժողովրդավարության բացակայությունը Հայաստանում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին»: «Ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից: Որովհետեւ իշխանությունն առերեսվեց Ղարաբաղի հարցի հետ կապված ճշմարտության մի ծավալի, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության եւ էլ ավելի անմարսելի՝ հանրության համար: Սա է ֆունդամենտալ պատճառը», - հայտարարում է վարչապետը:

 

ՀՈՒՆԻՍ

  • Քիշնեւում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնգակողմ հանդիպումը:

 

  • Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարում է, որ «հանդիպման մասին ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի կողմից միակողմանի կերպով արված հայտարարությունը չի արտացոլում եւ խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք, սա Ֆրանսիայի կողմից նման գործողությունների առաջին դեպքը չէ, եւ դա դրական ներդրում չի ունենա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վրա»:
  • Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»: «Արեւմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, եւ ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք», - ասում է նա:
  • Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արարատի մարզում գտնվող «Տիգրանաշենը վերադարձնելով՝ ոչ մի խնդիր չի առաջանա»: «Մենք քաղաքական մակարդակով ելնում ենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի, պետք է նայենք նաեւ իրավական հիմքերը: Եթե քաղաքական առումով պարզվի, որ դա Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, եւ դեռ փաստ չէ, որ Ադրբեջանն ուզում է Արծվաշենը վերադարձնել, Քյարքին վերցնել: Եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ այս հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ այդպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի խնդիր, որն անլուծելի է, չկա նման հարց: Եթե այդ ճանապարհն այսպես չի կարող անցնել, այնպես կարող է անցնել: Իրականում մեր ճանապարհային ցանցն այնքան ենք զարգացրել, որ նման խնդիր չկա»,- ասում է Փաշինյանը:

 

  • Նիկոլ Փաշինյանն այցելում է Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

 

  • Վաշինգտոնում տեղի է ունենում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի եւս մի քանի հոդվածի շուրջ՝ «միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»:

 

ՀՈՒԼԻՍ

  • Բաթումիում կայացած Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումից հետո կողմերը հայտարարում են, որ Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն ներգրավվել բարձր մակարդակի երկխոսություն ռազմավարական հարցերի շուրջ:

 

  • Հայաստանի վարչապետն ասում է, որ Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպմանը «Լաչինի միջանցքի բացման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որեւէ կոնկրետ արդյունք չի տվել»: «Մեր համոզմունքը շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության եւ մեխանիզմների Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել: Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը ծրագիր է, որի նպատակը Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումն է»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
  • Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ Ռուսաստանը ստիպված էր լքել տարածաշրջանը:
  • «Հայաքվե» նախաձեռնությունը հայտնում է, որ ապահովված է ստորագրությունների նվազագույն քանակը (50 000), որը թույլ է տալիս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել Ազգային Ժողով: Օրենսդրական նախաձեռնությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել Արցախի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:

 

ՕԳՈՍՏՈՍ

  • 2021 թվականի սեպտեմբերից կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, որը հեռարձակվում է ուղիղ եթերում: Տոնոյանն ասում է, որ պատերազմի ընթացքում արվել է «անհնարինը» Հայաստան սպառազինություններ ներկրելու համար:  Նա նոր փաստեր է ներկայացնում պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին: Դավիթ Տոնոյանը նաեւ հայտարարում է, որ «մարդկանց թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն պետք է դասեր քաղել ու օր ու գիշեր աշխատել»:
  • Նիկոլ Փաշինյանը մատնանշում է «բրյուսելյան հարթակի» թերությունները: «Տեսնում ենք հետեւյալ խնդիրը, եւ այն շարունակական է. մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ եւ վկայությամբ: Եվ եթե կողմերից որեւէ մեկն այդ պայմանավորվածությունները չի իրականացնում, դրան չեն հետեւում նույնիսկ կոնկրետ գնահատականներ: Կարող եմ օրինակ բերել՝ Ադրբեջանի նախագահը Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ դեռեւս անցյալ տարեվերջին, պարտավորվել էր, որ առաջիկա մեկ շաբաթից 15 օրվա ընթացքում, դա դեռ անցյալ տարի է եղել, ազատ կարձակվեն 10 գերիներ: Մինչեւ հիմա այդ պարտավորությունը չի կատարվել: Ես ենթադրում եմ, որ արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարման պարագայում առնվազն որոշակի քաղաքական վերաբերմունք է ձեւավորվում այդ պարտավորությունը չկատարողի նկատմամբ», - նշում է նա:

 

  • Իլհամ Ալիեւն ասում է, որ «Ղարաբաղում՝ ժամանակավորապես ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող Ադրբեջանի տարածքում, մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ ապրել որպես մեր քաղաքացիներ եւ էթնիկ փոքրամասնություն կամ հեռանալ»։
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հորդորում է Հայաստանի իշխանություններին «զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը»:
  • Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվում ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացնում:

 

ՍԵՊՏԵՄԲԵՐ

  • Սոթքում ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրավոր:
  • Եվրոպական Խորհրդի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարություն է տարածում «Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ», որում, մասնավորապես, ասվում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քայլ առ քայլ մոտեցում է առաջարկել, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման եւ Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը»։
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում մտքեր են փոխանակվում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի խնդիրների շուրջ։
  • Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում  եռակողմ հայտարարությամբ ստանձնած առաքելությունը»: «Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ չէ: Ինչո՞ւ: Կարող է երկու պատճառ լինել՝ կամ Ռուսաստանը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ, կամ չի ուզում: Երկուսն էլ խնդրահարույց է», - ասում է Հայաստանի վարչապետը La Repubblica թերթին տված հարցազրույցում:
  • Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ անվտանգության հարցերում Հայաստանի գրեթե լիակատար կախվածությունը Ռուսաստանից «ռազմավարական սխալ էր», ասում է, որ «պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական գործողությունների համար»։ «Հակառակ դեպքում դա մի քիչ նման է վատ պարողի պատմությանը»,- ասում է Զախարովան։
  • Արցախի Ազգային Ժողովն Արցախի Հանրապետության նախագահ է ընտրում պետական նախարար Սամվել Շահրամանյանին:
  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ «Հայաստանի ղեկավարությունը փաստացի ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։ «Հարցը ոչ միայն վերջին հակամարտության արդյունքներն են, այլեւ այն, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Եվ Պրահայի հայտարարության մեջ պարզապես արձանագրել է դա թղթի վրա»,- ասում է Ռուսաստանի նախագահը։

 

  • ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարում է, որ «Միացյալ Նահանգները չեն հաշտվի որեւէ կարճաժամկետ կամ երկարաժամկետ գործողությունների հետ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ էթնիկ զտումների կամ այլ վայրագությունների իրականացմանը»։
  • Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտնում է Ստեփանակերտի «զանգվածային հրետակոծման» մասին: Ադրբեջանը պատերազմ է սկսում է Արցախի դեմ՝ այն որակելով «հակաահաբեկչական գործողություն»:
  • Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Ադրբեջանը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման ենթարկելու ցամաքային օպերացիան»: Նա նկատում է, որ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանը ներքաշել ռազմական գործողություններում եւ դրան այս կամ այն կերպ աջակցում են որոշակի ուժեր: Փաշինյանն ասում է, որ «մենք այս իրավիճակը կառավարելու ենք՝ որքան էլ դա դժվար է էմոցիոնալ առումով»:
  • ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւն գրառում է կատարում. «Մի օր եղբայրական երկրից գործընկերս ինձ ասաց. «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի այն, ինչ պետք է պատասխանեի. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց իր տեղում։ Հետո որոշեց իր ապաշնորհ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո հրաժարվեց իր երկրի տարածքի մի մասից։ Հետո որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա տիկինը թխվածքաբլիթներով ցուցադրարաբար գնաց մեր թշնամիների մոտ: Գուշակե՛ք, թե ինչ ճակատագիր է նրան սպասում...»:

Դմիտրի Մեդվեդեւն ու Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին Դմիտրի Մեդվեդեւն ու Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին

 

  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է Եվրոպական միության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում պաշտոնական Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի տարածքի մաս»:
  • Հրապարակում է փաստաթուղթ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
  • Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետեւանքով զոհվում են ավելի քան 200 քաղաքացիներ, տարբեր աստիճանի այրվածքներով 290 մարդ տեղափոխվում է հիվանդանոցներ:
  •  Ադրբեջանը ձերբակալում է եւ Բաքու է տեղափոխում Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:

 

  • Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրում, համաձայն որի «մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»։

 

ՀՈԿՏԵՄԲԵՐ

  • Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարում է, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում խաղաղություն եւ անվտանգություն չապահովելը «դավաճանություն էր հայ ժողովրդի նկատմամբ»։
  • ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասում է, որ «Հայաստանին դավաճանել է ոչ թե Ռուսաստանը, այլ՝ Եվրոպական միությունը»:
  • Բաքվից հայտնում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի եւ Արայիկ Հարությունյանի ձերբակալության մասին: Ձերբակալվում են նաեւ Արցախի նախկին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը,  նախկին պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվում է մեկնել Իսպանիայի Գրանադա քաղաք, որտեղ պետք է կայանար հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ «Հանդիպումից հրաժարվելու պատճառը Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաեւ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ Փարիզի եւ Բեռլինի տարաձայնությունները։ Ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցել նման պայմաններում»,- հայտնում եմ ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրենց երկրի «դիվանագիտական աղբյուրը»:

 

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ արդար չէ մեղադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրանում, որ նա նպատակաուղղված «հանձնել է Ղարաբաղը»։  «Դուք գիտեք, որ ես նրա հետ շատ եմ շփվել եւ աշխատել, այդ թվում՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Նաեւ՝ դրանից առաջ։ Հիշում եք նրա խոսքերն այն մասին, որ Ղարաբաղը դա Հայաստան է։ Նրանից առաջ ոչ մեկ նման բան չէր ասել։ Հետո նրա մոտեցումները կտրականապես փոխվեցին, բայց ես չէ, որ պետք է գնահատականներ տամ այդ փաստին։ Բայց 2020 թվականի պատերազմի ընթացքում մեր շփումների հիման վրա կարող եմ ասել, որ արդար չէ նրան մեղադրել Ղարաբաղը հանձնելու ցանկության մեջ», - նշում է Ռուսաստանի նախագահը։
  •  Երեւանի նորընտիր ավագանին փակ գաղտնի քվեարկությամբ Երեւանի քաղաքապետ է ընտրում Տիգրան Ավինյանին:
  • Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
  • Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Մոսկվան եւ Երեւանը Հայաստանում ռուսական ռազմակայանի եւ ռուս սահմանապահների ներկայության հիմքերի հետ կապված որեւէ հարց չեն բարձրացնում: «Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի բան մենք չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չենք եկել», - ասում է նա:
  • Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Փաշինյանին կոչ է անում «վա-բանկ գնալ» եւ խզել կապերը Մոսկվայի հետ:
  • Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասում է, որ «Արցախի Հանրապետությունը չի լուծարվել»: «Այդ փաստաթուղթն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Եթե պատերազմը մեկ ժամ հետո կանգներ, կմտնեին քաղաք: Եթե մենք իմանայինք, որ կարող էինք հաղթել այդ ռազմական գործողություններում, մինչեւ վերջ կգնայինք: Մենք խնայել ենք մեր տղերքին, քաղաքացիական բնակչության կյանքը»,- ասում է Սամվել Շահրամանյանը:
  • Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «փորձում ենք դիվերսիֆիկացնել մեր անվտանգային ոլորտի հարաբերությունները»: «Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ձախողումից հետո շատ հարցեր են առաջանում, եւ այդ հարցերը լեգիտիմ են: Փաստ է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը», - նշում է Հայաստանի վարչապետը:

 

ՆՈՅԵՄԲԵՐ

  • Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հայտնում է, որ նամակ է ուղարկել Xana Gardens ընկերությանը, տեղեկացնելով, որ չեղյալ է հայտարարում Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասի «Կովերու պարտէզ» կալվածքի վերաբերյալ համաձայնագիրը։
  • Ադրբեջանը զինվորական շքերթ է անցկացնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

 

  • Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ««Արեւմտյան Ադրբեջան» հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է»:
  • Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովին:
  • ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն ասում է, որ «Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում խարխլել է վստահությունը եւ կասկածներ առաջացրել Հայաստանի հետ համապարփակ խաղաղություն հաստատելու Բաքվի հանձնառության վերաբերյալ»: «Հաշվի առնելով այս նոր իրողությունը՝ Պետդեպարտամենտը հասկացրել է Ադրբեջանին, որ մենք չենք կարող շարունակել մեր երկկողմ հարաբերությունները «բիզնես, ինչպես միշտ» (“business as usual”) սկզբունքով։ Միացյալ Նահանգները դատապարտել են Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, չեղարկել բարձր մակարդակի երկկողմ հանդիպումները եւ սառեցրել ապագա միջոցառումների ծրագրերը», - ասում է դիվանագետը:

 

ԴԵԿՏԵՄԲԵՐ

  • ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենն այցելում է Բաքու եւ փոխանցում է, որ Էնթոնի Բլինքենը պատրաստ է ԱՄՆ-ում հյուրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին:
  • Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են գերիների փոխանակման մասին. ազատ են 32 հայ եւ 2 ադրբեջանցի ռազմագերիներ: Պայմանավորվածության առանցքում Հայաստանի որոշումն է աջակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին եւ հանել իր թեկնածությունը:
  • Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշում են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմն ընդլայնել մինչեւ 209 դիտորդ:
  • Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասում է, որ «մենք հանձնառու ենք այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»:
  • 79 տարեկանում կյանքից հեռանում է Հայոց համազգային շարժման հիմնադիր-անդամ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանւ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։
  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասում է, որ Վաշինգտոնը պետք է փոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցություններում։
  • Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ասում է, որ Հայաստանը «հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը եւ հեռանալ Մոսկվայից»։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ ասում է, որ «ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական եւ, առավել եւս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»։

 

Կարդացեք նաեւ.

 

2022 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր

 

2021 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր

 

2019 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր

 

2018 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր

 

2017 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր

 

2016 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր

 

2015 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր

 

2014 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին