Ադրբեջանի նախագահը Եվրամիությանը մեղադրել է իրեն «խաբելու» համար - Mediamax.am

2104 դիտում

Ադրբեջանի նախագահը Եվրամիությանը մեղադրել է իրեն «խաբելու» համար


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «խաբեություն» է որակել առանց Բաքվի համաձայնության Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն գործուղելու Եվրամիության մտադրությունը։

Հունվարի 10-ին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը հիշեցրել է, որ Հայաստան երկու ամսով ԵՄ քաղաքացիական առաքելության գործողուղումը համաձայնեցվել էր Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարների քառակողմ հանդիպման ժամանակ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։

 

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ավելի ուշ ԵՄ-ն խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առանց Բաքվի համաձայնության նոր առաքելություն գործուղելու մասին որոշում կայացնելով։

 

«Ինչ-որ պատճառով պայմանավորվածությունը խախտվել է, ինչն, իհարկե, խիստ հիասթափեցնող է, քանի որ մենք լուրջ մարդիկ ենք։ Եթե ինչ-որ բանի մասին պայմանավորվել ենք, թեեւ բանավոր, ապա պայմանավորվածությունները պետք է պահպանվեն»,- ընդգծել է Ալիեւը։

 

Նա նշել է, որ ԵՄ նոր առաքելություն գործուղումը Հայաստան չի բարձրացնի տարածաշրջանի անվտանգությունը եւ բացասաբար կանդրադառնա ԵՄ հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։

 

Ադրբեջանի նախագահն ասել է, որ Բաքուն որպես Հայաստանի հետ բանակցությունների հարթակներ տեսնում է ԱՄՆ-ին և Ռուսաստանին։

 

«Ֆրանսիան իրեն մեկուսացրել է գործընթացից։ Մնում են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Եվրամիությունը նույնպես կարող է դառնալ նման հարթակ, «եթե իրեն ազնիվ պահի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին