Ներկայացվել է Շառլ Միշելի «քայլ առ քայլ» մոտեցումը - Mediamax.am

4818 դիտում

Ներկայացվել է Շառլ Միշելի «քայլ առ քայլ» մոտեցումը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպական Խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Եկատերինա Կազինջեն այսօր հայտարարություն է տարածել «Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ»։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Նախագահ Միշելը շարունակում է ակտիվորեն մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղմանը։ Նրա ջանքերը, որոնց աջակցում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, վերջին շաբաթների ընթացքում կենտրոնացած են եղել Ղարաբաղի հայերի մարդասիրական իրավիճակի լուծման համար։

 

Կլաարի եւ Միշելի թիմերը հաճախակի կապի մեջ են եղել Բաքվի, Երեւանի եւ Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ ապաշրջափակման լուծում մշակելու համար:

 

Մարդասիրական իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է, եւ շատ կարեւոր է միջոցներ ձեռնարկել տեղի բնակչության կարիքները բավարարելու համար:

 

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քայլ առ քայլ մոտեցում է առաջարկել, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման եւ Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը։

 

Այս քայլերի եւ ճանապարհներից յուրաքանչյուրով բեռների տեսակների եւ ուղեկցող ընթացակարգերի հաջորդականության ապահովումը առանցքային են եղել վերջին քննարկումներում:

 

ԵՄ-ն հստակ համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին պայմանավորվածությունների եւ Արդարադատության միջազգային դատարանի վճռի, եւ նշում է, որ Աղդամի ճանապարհի օգտագործումը ապրանքների մատակարարման համար եւս կարող է կոնկրետ եւ կայուն լուծման մաս հանդիսանալ հրատապ եւ ամենօրյա մատակարարումներ ապահովելու համար։ Այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել էին 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ղեկավարների վերջին հանդիպումից հետո։

 

ԵՄ-ն նաեւ ընդգծել է անհրաժեշտությունը, որպեսզի Բաքուն Ղարաբաղի հայերին պարզաբանի Լաչինի միջանցքով դեպի Հայաստան գնալու եւ Հայաստանից վերադառնալու կարգը։

 

Դրան զուգահեռ, քննարկումների ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել Ղարաբաղի հայերին էլեկտրաէներգիայի եւ գազամատակարարման արագ վերականգնումը։

 

ԵՄ-ն ընդգծում է հակամարտության ժառանգությունը լուծելու անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծմանը նպաստելու համար: Այս առումով էական նշանակություն կունենա երկխոսությունը Բաքվի եւ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջեւ։ Պետք է երաշխավորվեն Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, իսկ կոնկրետ պայմանների քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ։

 

Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ երկխոսությունը պետք է ամրապնդի վստահությունը։ Այդ նպատակով ԵՄ-ն ներկայացրել է այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու համար տեղում մասնակցության տարբեր առաջարկներ:

 

Վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ բոլոր բնակիչների: Եկել է համարձակ փոխզիջումների ժամանակը, հատկապես՝ այսօրվա էսկալացիայի լույսի ներքո»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին