2021 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր - Mediamax.am

exclusive
3993 դիտում

2021 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր


Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը

Լուսանկարը` ԱԺ մամուլի ծառայություն

Իլհամ Ալիեւը Շուշիում
Իլհամ Ալիեւը Շուշիում
Արա Այվազյանը եւ Նիկոլ Փաշինյանը
Արա Այվազյանը եւ Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` վարչապետի մամուլի ծառայություն

Դավիթ Մաթեւոսյանը
Դավիթ Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Մարությանը
Հայկ Մարությանը

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լեւոն Տեր-Պետրոսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` վարչապետի մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սամսոն Ղազարյանը
Սամսոն Ղազարյանը

Լուսանկարը` Արամ Ղարախանյան

Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` երրորդ նախագահի գրասենյակ


2021-ն առաջին հետպատերազմական տարին էր: 2020 թվականի ավարտին թվում էր, թե մեր հասարակությունը դասեր կքաղի տեղի ունեցած աղետից, սակայն 2021-ը չդարձավ սխալներն ուղղելու եւ անցած 30 տարիները վերաիմաստավորելու տարի: Ընդհակառակը, փաստացի պարզվեց, որ մեր հասարակության զգալի մասը ոչ միայն պատրաստ է համակերպվել կատարվածի հետ, այլեւ դրանում առավելություններ է տեսնում:

 

Տարվա զգացողությունը՝ անպաշտպանվածություն

 

2021 թվականի ընթացքում Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածներում ադրբեջանական զինուժի ներխուժումները եւ Երասխի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը վկայեցին, որ հայկական կողմը չի կարողանում կամ չի ցանկանում պաշտպանել այն, ինչը Նիկոլ Փաշինյանն ամեն հարմար առիթով անվանում է «Հայաստանի ինքնիշխան տարածք»:

 

Տարվա մղձավանջը՝ Ալիեւը Շուշիում

 

Տասնամյակների ընթացքում քմծիծաղ էինք տալիս, երբ Իլհամ Ալիեւը պնդում էր, որ մի օր Շուշիում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը: 2021 թվականի հունվարի 15-ին, սակայն, Ադրբեջանի նախագահն այցելեց Շուշի եւ բարձրացրեց Ադրբեջանի դրոշը, իսկ մենք հրաժարվում էինք հավատալ, որ դա իրականություն է:

Իլհամ Ալիեւը Շուշիում Իլհամ Ալիեւը Շուշիում

 

Տարվա ընթացքում Ալիեւը եւս մի քանի անգամ եղավ Շուշիում, իսկ հունիսի 15-ին այնտեղ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ստորագրեց «Շուշիի հռչակագիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին»:

 

Տարվա հույսն ու հիասթափությունը՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները

 

Մարտի 1-ին ելույթ ունենալով հանրահավաքում՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը եւ իր ղեկավարած կառավարությունը վերջին 2 տարվա եւ 10 ամսվա ընթացքում «թույլ են տվել բոլոր հնարավոր սխալները»:  Բայց դա չխանգարեց, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանն ու իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանան մոտ 690 հազար ձայն կամ ընտրողների ձայների մոտ 54 %-ը:

 

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացավ մոտ է 270 հազար ձայն կամ ընտրողների ձայների մոտ 21 %-ը:

Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռուսաստանցի քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով, Փաշինյանի կուսակցության հաղթանակը Հայաստանի ընտրություններում «հուսահատության ախտանիշի» հետեւանք էր:

 

«Նրա հաջողությունը, մեղմ ասած, հուսահատության ախտանիշ է: 2020-ի աշնան դեպքերից հետո քվեարկել նույն առաջնորդի օգտին, ում օրոք այդ ամենը տեղի ունեցավ, նշանակում է խոստովանել, որ ընտրություն չկա, իսկ մնացած բոլորն էլ ավելի վատն են: 30 տարվա անկախության շատ տխուր քաղաքական արդյունք է», - ասել էր Լուկյանովը:

 

Տարվա չկայացած դաշինքը՝ նախկին երեք նախագահների միավորումը

 

Մարտին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին

առաջարկեց ընտրություններին մասնակցել միասնական «Ազգային համաձայնության դաշինքով»՝ հատուկ ընդգծելով, որ նախկին նախագահները անձնապես չեն հավակնելու իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնել:

Լեւոն Տեր-Պետրոսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանը

 

Մայիսի 5-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկնեց իր առաջարկը, իսկ մայիսի 7-ին բացահայտեց, որ մայիսի 1-ին Սերժ Սարգսյանին առաջարկել էր հիմնել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքը:

 

Այս նախաձեռնություններից եւ ոչ մեկը կյանքի չկոչվեց:

 

Տարվա չկայացած հոբելյանը՝ անկախության 30-ամյակը

 

Անկախության 30-ամյակը համընկավ առաջին հետպատերազմական տարվա հետ եւ առավել ցցուն դարձրեց այն փաստը, որ մեր հասարակությունն անցած երեք տասնամյակների ընթացքում ո՛չ գնահատեց 1992-1994 թվականներին գործած հրաշքը, ոչ էլ ի զորու եղավ այդ հրաշքի արդյունքները վերածել ռացիոնալ եւ պրագմատիկ աշխատանքի: Ինչը, ի դեպ, արեց մեր կողմից «արհեստածին» եւ «Coca-Cola-ից ավելի երիտասարդ» համարվող Ադրբեջանը:

 

Տարվա հիասթափությունը՝ բարձրաստիճան զինվորականներն ու դիվանագետները

 

Կարելի է երկար վիճել այն մասին, թե արդյոք ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի  փետրվարի 25-ի հայտարարությունը՝ վարչապետի հրաժարականի պահանջով, պարունակո՞ւմ էր ռազմական հեղաշրջման տարրեր, թե՞ ոչ: Սակայն այդ վեճն անիմաստ է, քանի որ հայտարարությունը ստորագրած Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ու մի քանի տասնյակ գեներալներ եւ գնդապետեր, իրականում, ոչ թե հանգուցալուծեցին ներքաղաքական ճգնաժամը, այլ հերթական հարվածը հասցրեցին զինվորականների հեղինակությանը:

Լուսանկարը` վարչապետի մամուլի ծառայություն

Մայիսի վերջին պաշտոնից հեռացած արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը միայն ակնարկներով խոսեց իր հրաժարականի պատճառների մասին:

Արա Այվազյանը եւ Նիկոլ Փաշինյանը Արա Այվազյանը եւ Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` վարչապետի մամուլի ծառայություն

Լուռ մնացին նաեւ հրաժարական տված նախարարի տեղակալները:

 

Տարվա օրինաչափությունը՝ Հայկ Մարությանի հեռացումը

 

Դեկտեմբերին հանգուցալուծվեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Նիկոլ Փաշինյանի «լուռ» հակամարտությունը, որը սկիզբ էր առել մոտ երկու տարի առաջ:

Հայկ Մարությանը Հայկ Մարությանը

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

«Սեւերի» եւ «սպիտակների» բաժանման հեղինակը դասվեց «սեւերի» շարքին եւ մի քանի օրվա ընթացքում հեռացվեց պաշտոնից:

 

Իր «վերջին խոսքում» Հայկ Մարությանը խոսեց իշխանությունների տարբեր թերությունների մասին, բայց դա շատ ուշացած եւ այլեւս ժամանակավրեպ ելույթ էր:

 

Տարվա «վերելքը»՝ Ալեն Սիմոնյան

 

2021 թվականի ընթացքում իշխանական թիմում ակնհայտորեն ուժեղացան Ալեն Սիմոնյանի դիրքերը: Նա ոչ միայն զբաղեցրեց Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը, այլեւ սկսեց դիրքավորել իրեն որպես իշխանական թիմի «թիվ երկրորդը»:

Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյանը

Լուսանկարը` ԱԺ մամուլի ծառայություն

Դրա վառ ապացույցն այն էր, որ հենց Սիմոնյանը կոշտ արձագանք հրապարակեց ի պատասխան իր երբեմնի ընկեր Հայկ Մարությանի «վերջին խոսքին»:

 

Տարվա ապակոդավորումը՝ «Նիկոլը ճիշտ էր՝ ես սխալվեցի»

 

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ իր հրաժարականի տեքստում տեղ գտած «Նիկոլը ճիշտ էր՝ ես սխալվեցի» արտահայտությունը ավելի բարդ նախադասության կրճատ տարբերակն էր, իսկ միտքն ամբողջությամբ այսպես է ձեւակերպված եղել․

Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` երրորդ նախագահի գրասենյակ

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ պետք է ամեն գնով իշխանության գա, ես սխալվեցի՝ կարծելով, որ նրա համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու կյանքը»։

 

Տարվա ձեւակերպումը՝ «սադիզմի լպիրշագույն դրսեւորում»

 

Ապրիլին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից մի դրվագի՝ իր մեկնաբանությունը վերնագրելով «Սադիզմի լպիրշագույն դրսեւորում»:

 

«Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից», - գրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Տարվա գիրքը՝  «Դուռը»

 

Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ Վանո Սիրադեղյանի մահվան մասին, իսկ նրա 75-ամյակի օրը՝ նոյեմբերի 13-ին, Երեւանում ներկայացվեց «Դուռը»՝ գրողի տարբեր տարիներին լույս տեսած պատմվածքների ժողովածուն։

Դավիթ Մաթեւոսյանը Դավիթ Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարդալով գիրքը՝ համոզվում ես, թե ինչ ճշգրտություն ունի Հրանտ Մաթեւոսյանի ժամանակին տված այս բնորոշումը.

 

«Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած...»:

 

Տարվա լուսանկարը՝  Սամսոն Ղազարյանը՝ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստին

 

Վանո Սիրադեղյանի հոգեհանգստին չեկան ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Բաբկեն Արարքցյանը, ո՛չ Վազգեն Մանուկյանը:

Սամսոն Ղազարյանը Սամսոն Ղազարյանը

Լուսանկարը` Արամ Ղարախանյան

Փոխարենը ներկա էր վերջին տարիներին տաքսի վարելով իր ապրուստը վաստակող «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը՝ միացված թթվածնային սարքին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին