Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ասել է, որ «Հայաստանի ղեկավարությունը փաստացի ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։
«Հարցը ոչ միայն վերջին հակամարտության արդյունքներն են, այլեւ այն, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Եվ Պրահայի հայտարարության մեջ պարզապես արձանագրել է դա թղթի վրա»,- ասել է Ռուսաստանի նախագահը` ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական ֆորումում։
Պուտինը նշել է, որ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուղիղ ասում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլեւս օրակարգում չէ, այն լուծված է։
«Եվ Հայաստանի ղեկավարությունն այդ մասին հրապարակայնորեն հայտարարել է՝ հաշվարկելով մինչեւ 1991 թվականը Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքը եւ նշելով մի թիվ, որը ներառում էր նաեւ բուն Ղարաբաղի տարածքը։ Դա տեղի է ունեցել։ Դա մեր որոշումը չէ, դա այսօրվա Հայաստանի ղեկավարության որոշումն է»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Նրա խոսքով, այժմ Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ հետեւյալն է.
«Եթե այդպես է, - ասում են մեզ, - ապա եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում, պետք է բոլոր հարցերը լուծեք մեզ հետ երկկողմանի հիմունքներով»։
«Իսկ մենք ինչ պատասխանե՞նք: Այստեղ ասելու բան չկա: Եթե Հայաստանն ինքը ճանաչել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, մեզ ի՞նչ անենք»,- նշել է Պուտինը։
Միեւնույն ժամանակ, շարունակել է նա, մնում են հարցեր՝ կապված հումանիտար բաղադրիչի եւ ռուս խաղաղապահների մանդատի հետ։
«Մանդատը դեռ գործում է։ Իսկ մարդասիրական բնույթի հարցերը, ցանկացած էթնիկ զտումներ կանխելը, իհարկե, չեն վերացել։ Ես լիովին համաձայն եմ դրա հետ։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ ասել է եւ դեռ ասում է, շահագրգռված չէ որեւէ էթնիկ զտումների մեջ»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը հիշեցրել է, որ Մոսկվան առաջարկում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տարբերակները։
«Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջաններ՝ Քելբաջարն ու Լաչինը, փաստացի մնան Հայաստանի իրավասության ներքո։ Եվ ամբողջ Ղարաբաղը։ Բայց Հայաստանի ղեկավարությունը դրա հետ չհամաձայնեց, թեեւ մենք 10-15 տարի փորձում էինք համոզել նրան»,- ասել է նա։
Նրա խոսքով, քննարկվում էին տարբերակներ, «բայց ի վերջո ամեն ինչ հանգեցվում էր դրան»:
«Մեր հարցին՝ «ի՞նչ եք անելու», - մեզ պատասխանում էին. «Կռվելու ենք», - «Դե լավ»,- այսպես է նկարագրել Պուտինը Հայաստանի ղեկավարության հետ իր զրույցները։ «Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- ասել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: