Բաքուն դժգոհ է Մակրոնի հայտարարությունից - Mediamax.am

2595 դիտում

Բաքուն դժգոհ է Մակրոնի հայտարարությունից


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Բաքվի կարծիքով, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունը հունիսի 1-ին Քիշնեւում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ «խաղաղ գործընթացում դրական ներդրում չի ապահովում»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն նշել է, որ Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Քիշնեւում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրությունն ավանդաբար ներկայացրել է Շառլ Միշելին՝ որպես բրյուսելյան ֆորմատի կազմակերպիչ։

 

«Հանդիպման մասին ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի կողմից միակողմանի կերպով արված հայտարարությունը չի արտացոլում եւ խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք, սա Ֆրանսիայի կողմից նման գործողությունների առաջին դեպքը չէ, եւ դա դրական ներդրում չի ունենա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վրա»,- ասել է Հաջիզադեն:

 

Մեդիամաքսը նշում է, որ Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր.

 

«Եվրոպական առաջնորդները կոչ են արել Հայաստանին եւ Ադրբեջանին հարգել իրենց պարտավորությունները, մասնավորապես՝ հնարավորինս արագ ազատ արձակել ռազմագերիներին։ Նրանք նաեւ հիշեցրել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի կարեւորության մասին։ Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ երաշխիքների սահմանման կարեւորությունը։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է ցանկացած թշնամական հռետորաբանությունից հրաժարվելու եւ խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերը շարունակելու կարեւորությունը՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին