2017 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր - Mediamax.am

exclusive
25182 դիտում

2017 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր


ՀՀ նախագահը ելույթ է ունենում FAST-ի աշխատաժողովում
ՀՀ նախագահը ելույթ է ունենում FAST-ի աշխատաժողովում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հայ բժիշկները Սուդանում
Հայ բժիշկները Սուդանում

Լուսանկարը` Բարս Մեդիա

Հենրիխ Մխիթարյանը եւ Պոլ Պոգբան՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի խաղում
Հենրիխ Մխիթարյանը եւ Պոլ Պոգբան՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի խաղում

Լուսանկարը` REUTERS

Համաձայնագրի ստորագրումը
Համաձայնագրի ստորագրումը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Վիգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը
ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը

Լուսանկարը` ԱԻՆ

Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում
Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Ուսանողների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ
Ուսանողների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Կարեն Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանը
Կարեն Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀԿ


2016 թվականից հետո, որը պատմության մեջ կմնա որպես ապրիլյան պատերազմի եւ «Սասնա Ծռերի» տարի, 2017-ը որոշակի կայունացման տարի էր: Այն, ըստ էության, անցավ առանց մեծ ցնցումների, ինչը, սակայն, չի նշանակում, որ այն խնդիրները, որոնք վեր հանեց անհանգիստ 2016 թվականը, ստացել են իրենց լուծումը:

 

Տարվա բացահայտումը՝ հայ բժիշկները Սուդանում

 

Երեք հայ բժիշկներ՝ Գեւորգ Ոսկանյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Արմինե Բարխուդարյանը 2017թ. գարնանը մեկնեցին Հարավային Սուդան, որպեսզի «Ավրորա» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինան Հայաստան գալու հնարավորություն ունենա:

Հայ բժիշկների աշխատանքը պատերազմից բզկտված տարածաշրջանում մարդասիրության պարզ եւ հասկանալի դրսեւորում էր, եւ, թերեւս, դա էր պատճառը, որ այն չափազանց ջերմ ընդունվեց հասարակության կողմից:

Հայ բժիշկները Սուդանում Հայ բժիշկները Սուդանում

Լուսանկարը` Բարս Մեդիա

Գործուղումը շատ բան փոխեց նաեւ բժիշկների կյանքում: Երեւան վերադառնալուց հետո Գեւորգ Պողոսյանն ասաց. «Բարի գործեր անելու համար Նուբա հասնել պետք չէ: Մեր տանը, մեր բակում, մեր քաղաքում, մեր գյուղում շատ տեղեր կան ծառայելու»:

 

Տարվա հույսը՝ FAST հիմնադրամի գործարկումը

 

2017թ. ապրիլին իր աշխատանքը սկսեց FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամը: Այն ստեղծեցին Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը՝ IDeA հիմնադրամի անունից, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը՝ «Այբ» եւ «Լույս» հիմնադրամների անունից, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտի գործարար Արթուր Ալավերդյանը:

2017թ. հոկտեմբերին FAST-ը՝ ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ Երեւանում անցկացրեց իր առաջին միջոցառումը՝ «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» միջազգային աշխատաժողովը:

ՀՀ նախագահը ելույթ է ունենում FAST-ի աշխատաժողովում ՀՀ նախագահը ելույթ է ունենում FAST-ի աշխատաժողովում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Աշխատաժողովի ընթացքում հայտարարվեց FAST-ի «Հաջորդ սերնդի խորհրդի» (FAST NextGen Council) ստեղծման մասին, որին անդամներն են հայ 15 երիտասարդ գիտնականներն ու ինժեներները: Հայտարարվեց նաեւ Angels Network ոչ ֆորմալ ներդրողների ցանցի ստեղծման մասին:

 

Հոկտեմբերին FAST-ը հայտարարեց նաեւ կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին: Այն կաջակցի ասպիրանտներին եւ հայցորդներին բնական գիտությունների կամ ճարտարագիտության ոլորտներում գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու նպատակով ՀՀ առաջատար բուհերում զբաղվել հետազոտական աշխատանքով:   

«Մենք շատ ենք լսում այն մասին, որ մենք փոքր, բայց հպարտ ազգ ենք: Իսկ միգուցե ինքներս մեզ ընկալենք որպես հսկանե՞ր: Մենք գիտության եւ տեխնոլոգիաների հսկաներն ենք: Մենք փոխակերպող առաջնորդներ ենք: Մենք ենք ամենահզոր գյուտարարները, գործարարները, բժիշկները, հայտնագործողները, ստեղծողները: Միգուցե մենք այլեւս փոքր չենք մեր չափերով եւ մտածողությամբ: Մենք ենք այն երկիրը, այն ազգը, այն վայրը եւ այն էկոհամակարգը, որի մի մասն են ուզում դառնալ եւ որի հետ ցանկանում են կապված լինել բոլորը»,- ասել էր FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

 

Տարվա ձեռքբերումը՝ Եվրամիության հետ նոր համաձայնագիրը

 

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հասարակության մի զգալի հատվածի համար այս փաստաթղթի կարեւորությունը ոչ միայն դրա բուն բովանդակության մեջ էր: Ինչ-որ իմաստով փաստաթղթի ստորագրումը ընկալվեց իբրեւ ինքնուրույն որոշումներ կայացնելու Հայաստանի կարողության վերականգնում, իսկ ռուսաստանյան լրատվամիջոցների ջղագրգիռ արձագանքը միայն հաստատեց նման ընկալումը:

Համաձայնագրի ստորագրումը Համաձայնագրի ստորագրումը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Տարվա վայրիվերումը՝ Հենրիխ Մխիթարյանի կարիերան

 

2017 թ. ընթացքում, հետեւելով Հայաստանի հավաքականի ավագ եւ Manchester United-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիերային, երկրպագուները ապրեցին բոլոր հնարավոր հույզերը՝ ցնծություն, ուրախություն, անհանգստություն, հիասթափություն, ջղայնություն: Ցնծությունը մայիսի 24-ին էր, երբ Manchester United-ը նվաճեց Եվրոպայի գավաթը, իսկ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ:

Հենրիխ Մխիթարյանը եւ Պոլ Պոգբան՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի խաղում Հենրիխ Մխիթարյանը եւ Պոլ Պոգբան՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի խաղում

Լուսանկարը` REUTERS

Ուրախությունը Անգլիայի առաջնության մեկնարկին էր, երբ Հենրիխը մի քանի խաղում 5 գոլային փոխանցում կատարեց:

 

Մնացած բոլոր հույզերը բաժին ընկան աշնանը, երբ Manchester United-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն սկսեց Մխիթարյանին ավելի քիչ ժամանակ տրամադրել, իսկ հետո՝ առհասարակ չհայտավորել խաղերին:

 

Չնայած վերջին խաղերում Հենրիխ Մխիթարյանը մի քանի անգամ փոխարինման դուրս եկավ, Manchester United-ում նրա ապագան շարունակում է հարցականի տակ մնալ եւ բացառված չէ, որ 2018թ. հունվարին նա կտեղափոխվի այլ ակումբ:

 

Տարվա փակումը՝ ԵԱՀԿ գրասենյակը

 

2017թ. օգոստոսի 31-ին գործունեությունը դադարեցրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:

 

«ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը, եւ միայն Ադրբեջանն է, որ չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը», - ասել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հայաստանը միակ երկիրն էր Հարավային Կովկասում, որտեղ գործում էր ԵԱՀԿ գրասենյակ:

 

Տարվա ծրագրերը՝ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ»

 

2017թ. ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը, որոնց նպատակը բանակի մարտունակության բարձրացումն ու զինված ուժերի հանդեպ վստահության ամրապնդումն է։

«Ես եմ» ծրագրի ներքո այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտեւի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձեւով:

Վիգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Տարվա վերջնագիրը՝ հայ-թուրքական արձանագրություններ

 

2017թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում հիշեցրեց, որ 2009 թվականի հոկտեմբերին կնքված Ցյուրիխյան արձանագրություններն առ այսօր չեն վավերացվել եւ «հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում»:

 

Սերժ Սարգսյանն ասաց, որ Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար:

Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների», - ասել էր Հայաստանի նախագահը:

 

Տարվա կորուստը՝ «Հաց բերողը»

 

«Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մահը ոչ միայն ցնցեց հանրության մի ստվար հատվածին, այլեւ բողոքի ալիք բարձրացրեց:

 

Արթուր Սարգսյանը, ում հանրությունը տվել էր «Հաց բերողը» անունը, մահացավ 2017թ.-ի մարտի 16-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հետվիրահատական բարդության հետեւանքով: Նա երկրորդ ձերբակալության առաջին օրվանից անժամկետ հացադուլ էր հայտարարել, ինչի հետեւանքով առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Արթուր Սարգսյանը մահացավ ազատ արձակվելուց 10 օր անց, նրա փաստաբանները պնդում էին, որ մահը վրա է հասել հացադուլի ընթացքում առողջական վիճակի վատթարացման հետեւանքով:  

 

Տարվա աղետը՝ հրդեհները

 

2017թ.-ի ամառը պատմության մեջ մնաց որպես իրար հաջորդած խոշոր հրդեհների ժամանակահատված:

 

Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի հարակից անտառային տարածքում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառային տարածքում ծագած խոշոր հրդեհները ստիպեցին միավորել ԱԻՆ, ՊՆ եւ մասնավոր կազմակերպությունների ուժերը, իսկ Խոսրովի արգելոցի դեպքում՝ ներգրավել նաեւ ռուսական հատուկ ինքնաթիռը:

 

Արտավանի հարակից անտառային տարածքում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհի դեմ պայքարը տեւեց 5 օր: Հրդեհն ընդգրկում էր 450-500 հա խոտածածկ եւ 80 հա անտառածածկ տարածք:

ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը

Լուսանկարը` ԱԻՆ

Արտավանում հրդեհի բռնկումից երկու օր անց հրդեհ բռնկվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: ՌԴ ԱԻՆ-ը հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երեւան ուղարկեց «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով: Հրդեհի հիմնական օջախները մարվեցին 4 օր անց: Բնապահպանության նախարարությունը հայտնեց, որ հրդեհի տարածքը ընդգրկել է 2,5-3 հազար հա, որի 8-10%-ը՝ անտառածածկ:

 

Հաջորդ մեծ հրդեհը երկու շաբաթ անց բռնկվեց Բյուրականում: Մարման աշխատանքները տեւեցին մոտ 6 օր: Այրվեց մոտ 100 հեկտար խոտածածկ տարածք:

 

2017թ.-ի ամռան ավարտը հիշվեց նաեւ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհով: Օգոստոսի 28-ին բռնկված հրդեհի վայրում այրվում էր էթինոլ (լաք) նյութը: Թեեւ բնակչության շրջանում զգալի անհանգստություն բարձրացավ այրվող նյութի հնարավոր ազդեցությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակների նախարարությունը վստահեցրեց, որ վտանգավոր արտանետումներ չկան եւ բնակչությանը վտանգ չի սպառնում:

 

Տարվա բողոքը՝ ուսանողների դասադուլն ու հացադուլը

 

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի՝ խորհրդարանում առաջին ընթերցմամբ հավանություն ստանալուց 10 օր անց՝ նոյեմբերի 7-ին, ուսանողները դասադուլ հայտարարեցին, որով բողոքում էին օրինագծի այն դրույթի դեմ, ըստ որի 18 տարին լրացած արական սեռի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է զորակոչվել բանակ:

 

Նոյեմբերի 14-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից 5-ը Երեւանի պետական համալսարանի լսարաններից մեկում անժամկետ հացադուլ հայտարարեցին։ Մի խումբ գիտաշխատողներ եւ դասախոսներ բաց նամակով դիմեցին ՀՀ նախագահին, Ազգային ժողովին եւ կառավարությանը՝ մտահոգություն հայտնելով, որ «օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին ծանր հետեւանքներ են սպասվում»:

Ուսանողների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Ուսանողների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Նոյեմբերի 15-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջության ընդունեց օրինագիծը, իսկ ուսանողները, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո, դադարեցրին դասադուլն ու հացադուլը:  ԱԺ-ում կլոր սեղան-քննարկումից հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց հիմնական պահանջը բավարարվել է, իշխանությունները նաեւ խոստացել էին քննարկել կրթության անընդհատության ապահովման մասին առաջարկը:

 

Դեկտեմբերի 18-ին, սակայն, ուսանողները հայտարարեցին, որ դադարեցնում են բանակցությունները եւ վերսկսում դասադուլը:

 

Տարվա ծայրահեղությունը՝ կրքերը Գարդասիլի շուրջ

 

ՀՀ առողջապահության նախարարությունը 2017թ.-ին հայտարարեց, որ Հայաստանի ողջ տարածքում 13 տարեկան աղջիկների շրջանում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներ է իրականացնելու:

Պատվաստումները նախատեսում էին մեկնարկել սեպտեմբերից, սակայն հանրության շրջանում ծագած լուրջ մտահոգությունները ստիպեցին պատկան մարմիններին հավելյալ նախապատրաստական աշխատանքներ տանել եւ մեկնարկը սահմանել դեկտեմբեր ամիսը: Կարծիքները երկու ծայրահեղ բեւեռների բաժանվեցին: Հանրության կասկածները փարատելու համար բժիշկներն առաջինն իրենց աղջիկներին պատվաստեցին:

Գարդասիլ` միֆերն ու իրականությունը

Տարվա օրենքը՝ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին

 

2017թ-ին Հայաստանի խորհրդարանի օրակարգ բերված օրենքի նախագծերից հատկապես աչքի ընկավ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի» մասին օրինագիծը, որը ընդգծված հակադիր բեւեռներով քննարկումների առիթ դարձավ ոչ միայն պատգամավորների, այլեւ հանրության եւ մասնագետների շրջանում:

 

Օրինագծին դեմ մասնագետները պնդում էին, որ այն կարող է խաթարել ներընտանեկան անդորրը եւ չհիմնավորված միջամտություններ լինեն ընտանիքի կյանքում, իսկ կողմնակիցները հակադարձում էին, որ քանի դեռ բռնության դեպքը օրենքով պատժելի չէ, զոհը կարող է պարբերաբար բռնությունների ենթարկվել:

 

Աժ-ում թեժ լսումներից եւ դրա պատերից դուրս բուռն քննարկումներից ու լրամշակումից հետո 2017թ-ի դեկտեմբերին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունվեց:

 

Տարվա ինտրիգը՝ ո՞վ է ղեկավարելու Հայաստանը 2018-ին

 

Հատկապես 2017թ. երկրորդ կեսին չէին դադարում քննարկումներն ու ենթադրություններն այն մասին, թե ո՞վ է լինելու Հայաստանի ղեկավարը 2018թ. ապրիլից հետո, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահական ժամկետը, իսկ երկրի ղեկավար կդառնա վարչապետը:

Կարեն Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀԿ

Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը տարվա ընթացքում մի քանի անգամ ասել էր, որ պատրաստ է շարունակել պաշտոնավարել 2018թ. ապրիլից հետո: Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի այդ ցանկությունը անվանեց «առողջ եւ տրամաբանված», սակայն ասաց, որ դեռեւս որոշում չի կայացրել, թե ինչով է զբաղվելու 2018-ի ապրիլից հետո:

 

Արա Թադեւոսյան, Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին