Գերագույն Հոգեւոր Խորհուրդ. «Հրաժարվեք պարտվողական մտայնությունից» - Mediamax.am

1106 դիտում

Գերագույն Հոգեւոր Խորհուրդ. «Հրաժարվեք պարտվողական մտայնությունից»


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան։ Մեդիամաքս։ Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, Հայաստանի իշխանություններին հորդորել է «հրաժարվել պարտվողական մտայնությունից եւ դրանից բխող կործանարար քայլերից, համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ»։

Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով, որին մասնակցել են նաեւ Մայր Աթոռի վանաբնակ եպիսկոպոսները։

 

Գերագույն Հոգեւոր Խորհրդի հայտարարության մեջ նաեւ ասվում է.

 

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հնչած հայտարարությունները բացահայտեցին հանրությանը մատուցվող խաղաղության օրակարգի իրական բովանդակությունը, որով ակնհայտ են դառնում Արցախի հետագա ճակատագրի եւ Հայաստանի սահմանամերձ որոշակի տարածքների առնչությամբ ՀՀ բանակցային գործընթացում իշխանությունների որդեգրած վտանգավոր ու մերժելի դիրքորոշումները։

 

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը դատապարտելի եւ անընդունելի է նկատում խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները։ Ձեռնարկվող անհեռատես քայլերով, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ Հայաստանի իշխանությունները Արցախի մեր քույրերին ու եղբայրներին անխուսափելիորեն կկանգնեցնեն նոր ցեղասպանության եւ հայրենազրկման առջեւ»:

 

«Մեր կոչն ենք ուղղում համայն մեր ժողովրդին, ազգային կառույցներին օրհասական այս պահին ողջախոհությամբ սթափ գնահատելու ստեղծված բարդ կացությունը եւ աննահանջ ու միաբան մնալու մեր համազգային շահերի, Արցախի ինքնորոշման իրացված իրավունքի հետապնդման գործում։ Այս հարցում անհրաժեշտ ենք նկատում մեր ժողովրդի վճռական կամարտահայտությունը», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին