Փաշինյան. «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք» - Mediamax.am

4185 դիտում

Փաշինյան. «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»:

Վարչապետի աշխատակազմը տարածել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի սղագրությունը, որը նա տվել էր CNN Prima News հեռուստաընկերությանը՝ մայիսի սկզբին Չեխիա կատարած պաշտոնական այցի ժամանակ:

 

«Սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է.  Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետեւ դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա:

 

Արեւմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, եւ ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք:

 

 

Թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջեւ, բայց նաեւ ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

«Ես Ձեզ անկեղծ մի բան ասեմ՝ Հայաստանը չափից ավելի մեծ խնդիրներ ունի՝ ավելի լայն տարածաշրջանի եւ աշխարհամասերի հոգսը նույնպես իր ուսերին կրելու համար: Մեր հոգսերը, ցավոք, ավելի քան բավարար են, եւ մենք մեր հարաբերություններում՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ, փորձում ենք լուծել մեր օրակարգի խնդիրները, ինչն ինչպես տեսնում եք, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է», - նշել է Հայաստանի վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին