Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում AP գործակալության հեղինակ Իզաբել Դեբրեի In Jerusalem's contested Old City, shrinking Armenian community fears displacement after land deal հոդվածի հայերեն թարգմանությունը:
Անշարժ գույքի գործարքը Երուսաղեմի Հին քաղաքում՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կիզակետում, խուճապի է մատնել այնտեղի պատմական հայ համայնքը. բնակիչները ուզում են իմանալ, թե արդյո՞ք առեղծվածային ներդրողի պատճառով կորցնելու են իրենց տները:
Հին քաղաքում Հայկական թաղամասի մոտ 25%-ի 99-ամյա վարձակալական պայմանագիրը վեճ է առաջացրել, որը տարածվում է քաղաքի պարիսպներից դուրս: Հետեւանքները ստիպել են Հայ ուղղափառ (այդպես նշված է հոդվածի բնագրում, պետք է լինի՝ Առաքելական-խմբ.) եկեղեցու բարձրագույն ղեկավարին մեկուսանալ վանքում, իսկ շնորհազրկված քահանային, որն իբր կանգնած է գործարքի հետեւում՝ փախչել եւ թաքնվել Լոս Անջելեսի արվարձաններից մեկում:
- Եթե վաճառեն այս վայրը, ուրեմն կվաճառեն իմ սիրտը, - ասում է 80-ամյա ֆոտոլրագրող Կարո Նալբանդյանը օսմանյան ժամանակաշրջանի զորանոցի մասին, որտեղ նա ապրել է հիսուն տարի: Այստեղ ապրող հայերի նախնիները Երուսաղեմ են եկել ավելի քան 1500 տարի առաջ եւ 1915 թվականից հետո, երբ օսմանցի թուրքերը սպանեցին մոտ 1,5 միլիոն հայերի, ինչը լայնորեն ճանաչվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Վարձակալության մասին ահազանգը հնչեց ապրիլին՝ իսրայելական հողաչափների անակնկալ այցից հետո։ Լուր տարածվեց, որ ավստրալիացի-իսրայելցի ներդրողը, որի ընկերության նշանը հայտնվեց տարածքում, ծրագրել է հայկական բնակարանների եւ խանութների կրաքարե ամրոցը եւ ավտոկայանատեղին գերշքեղ հյուրանոցի վերածել։
Լուսանկարը` REUTERS
Երբ զայրույթը, շփոթությունն ու վտարման վախը սկսեցին աճել, Հայոց պատրիարքարանը՝ համայնքի քաղաքացիական ու կրոնական գործերը տնօրինող մարմինը, ընդունեց, որ եկեղեցին ստորագրել է հողամասին վերաբերող գործարքը: Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը պնդում է, որ կարգալույծ արված քահանան է կրում ողջ պատասխանատվությունը «անօրինական ու խարդախ» գործարքի համար, որը, պատրիարքի խոսքերով, տեղի է ունեցել առանց իր լիարժեք իմացության:
Փաստի ընդունումը կրքեր բորբոքեց Հայկական թաղամասում. ակտիվիստները դատապարտեցին գործարքը որպես Երուսաղեմում համայնքի երկարամյա ներկայության սպառնալիք: Հորդանանը, որը պատմական կապեր ունի Երուսաղեմի քրիստոնեական վայրերի հետ, հայտնեց, որ անհանգստանում է «սուրբ քաղաքի ապագայի համար»։
Լուսանկարը` REUTERS
Պաղեստինյան պաշտոնյաները մեղադրեցին Մանուկյանին Իսրայելին օգնելու մեջ, քանզի Իսրայելն ու պաղեստինցիները տասնամյակներ շարունակ պայքարում են քաղաքի համար, որը երկու կողմերն էլ համարում են իրենց մայրաքաղաքը: Պաղեստինցիների համար անշարժ գույքի նման կռիվները տասնյակ տարիներ շարունակվող հակամարտության առանցքն են, որը նրանց աչքում խորհրդանշում է Իսրայելի գերնպատակը. հեռացնել իրենց Արեւելյան Երուսաղեմի ռազմավարական տարածքներից:
- Պաղեստինի տեսանկյունից սա դավաճանություն է։ Խաղաղության ակտիվիստների տեսանկյունից սա խարխլում է հակամարտության հնարավոր լուծումները, - ասում է Սուրբ Երկրի ազգային քրիստոնեական կոալիցիայի նախագահ Դիմիտրի Դիլիանին:
Որպես կտրուկ քայլ, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը եւ Հորդանանի թագավոր Աբդալահ Երկրորդը կասեցրին Մանուկյանի ճանաչումը՝ պատրիարքի, որը վերջին տասնամյակը ծառայել է ցմահ համարվող պաշտոնում: Այդպիսով նա այլեւս չի կարող պաղեստինյան տարածքներում եւ Հորդանանում պայմանագրեր ստորագրել, գործարքներ կնքել եւ որոշումներ կայացնել:
Գործարքը համակարգող քահանա Պարետ Երեցյանը կարգալույծ է արվել, զայրացած հայ երիտասարդների ամբոխը հարձակվել է նրա վրա, եւ իսրայելական ոստիկանությունը հեռացրել է նրան՝ նախքան Հարավային Կալիֆորնիայում ապաստան գտնելը: Ըստ բնակիչների՝ Մանուկյանը բարիկադավորվել է հայկական վանքում՝ չցանկանալով կամ չկարողանալով ներկայանալ հանրությանը:
- Այս թաղամասն ինձ համար ամեն ինչ է: Սուրբ Երկրում սա միակ տեղն է, որտեղ հավաքվում են հայերը,- ասում է համայնքի 22-ամյա ներկայացուցիչ Հակոբ Ջերնազյանը, - մենք պետք է պայքարենք:
Թաղամասում ապրում են մոտ 2 000 հայեր, ովքեր ունեն նույն կարգավիճակը, ինչ պաղեստինցիները Իսրայելի կողմից բռնակցված Արեւելյան Երուսաղեմում. մշտական բնակիչներ, բայց ոչ քաղաքացիներ, փաստորեն՝ քաղաքացիություն չունեցող անձինք: Իսրայելը բռնակցեց Արեւելյան Երուսաղեմը, որտեղ գտնվում է Հին քաղաքը, 1967 թվականին այն գրավելուց հետո։
Նախորդ ուրբաթ օրը ցուցարարները մարդկային շղթա էին կազմել թաղամասի շուրջ եւ հավաքվել Մանուկյանի պատուհանի տակ՝ գոռալով «դավաճան» եւ պահանջելով պարզել, թե ով եւ ինչպես է վարձակալել հողը:
Լուսանկարը` AP
Հայկական եկեղեցին հրաժարվել է վաճառքի մասին մանրամասներ տրամադրել, իսկ Երեցյանը բացահայտել է, որ ներդրողը ավստրալիացի-իսրայելցի գործարար Դենի Ռոթմանն է: Որպես եկեղեցու անշարժ գույքի կառավարիչ՝ Երեցյանն ասում է, որ գործել է պատրիարքի խնդրանքով։
Շատ քիչ բան է հայտնի Ռոթմանի մասին, որը օգտագործել է նաեւ Ռուբինշտեյն ազգանունը, համաձայն Կիպրոսի 2016 թվականի իրավական ակտի, որը տուգանել է նրան ակադեմիական կրթության վկայականը կեղծելու համար:
Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին
LinkedIn կայքում նա ներկայացված է որպես «Xana Capital» կոչվող հյուրանոցային ընկերության նախագահ: Արձանագրությունները ցույց են տալիս, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծված ընկերությունը գրանցվել է Իսրայելում 2021 թվականի հուլիսին: Շաբաթներ անց տասնյակ հայ քահանաներ հնչեցրին առաջին ահազանգը, որ առանց իրենց համաձայնության գույքային գործարք է կնքվել:
Վերջերս ցուցանակ է հայտնվել, որը հայկական ավտոկայանատեղին նշում է որպես «Xana Capital»-ի սեփականություն:
Ռոթմանը, որը բնակվում է Լոնդոնում, հրաժարվեց AP-ին մեկնաբանություն տալ:
- Ես երբեք մամուլին հարցազրույց չեմ տալիս: Ես մասնավոր անձ եմ, - ասաց նա նախքան հեռախոսափողը կախելը։
Ինքնաքսորված քահանա Երեցյանը պատմեց, որ Ռոթմանը ծրագրում է Հայկական թաղամասում բարձրակարգ հյուրանոց կառուցել։ Նախագիծը, հավելել է նա, կառավարելու է «One&Only» հյուրանոցային ընկերությունը, որը գտնվում է Դուբայում՝ ԱՄԷ-ում, որը 2020-ին դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ: Սա, ըստ երեւույթին, ամենամեծ (եւ վիճահարույց) գործարքներից է, որը կնքվել է ԱՄՆ միջնորդությամբ կնքված «Աբրահամի համաձայնագրեր» կոչված պայմանագրերի հիման վրա:
Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին
Իսրայելի ԱԳՆ-ն հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով, որ սա քաղաքական առումով զգայուն հարց է:
«One&Only Resorts»-ի սեփականատեր «Kerzner International»-ը նույնպես հրաժարվեց մեկնաբանությունից: Դուբայում գրանցված այս ընկերությունից ասացին միայն, որ «միշտ հնարավորություններ են փնտրում գերշքեղ հյուրանոցների իրենց պորտֆոլիոն մեծացնելու համար»:
Հայտնի իսրայելցի ճարտարապետ Մոշե Սաֆդին պատմեց AP-ին, որ նախագիծը ֆինանսավորելու է Ռոթմանը, իսկ ինքը հանդես կգա որպես նախագծող: Նրա խոսքով, շինարարությունը կսկսվի ավտոկայանատեղիում հողային աշխատանքներից հետո: Անհասկանալի է, թե արդյոք բնակիչները կվտարվեն, սակայն պատրիարքարանը խոստացել է օգնել բոլոր տեղահանված բնակիչներին:
Այս սագան արտացոլում է քաղաքականության եւ անշարժ գույքի պայքարը, որից դարեր շարունակ տառապել է Սուրբ Երկիրը:
Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին
Իսրայելի եւ արտերկրի հրեա ներդրողները երկար ժամանակ փորձում են անշարժ գույք գնել Արեւելյան Երուսաղեմում: Հայկական թաղամասը ցանկալի վայր է, քանի որ հարում է Հրեական թաղամասին եւ Արեւմտյան պատին՝ հրեաների ամենասուրբ աղոթավայրին:
Նրանց նպատակն է ընդլայնել հրեական ներկայությունը Արեւելյան Երուսաղեմում, ամրապնդել իսրայելական վերահսկողությունը քաղաքի այն հատվածի վրա, որը պաղեստինցիները համարում են իրենց մայրաքաղաքը:
Հրեա վերաբնակիչներին հողի վաճառքի հետ կապված սկանդալներում նախկինում ներքաշված է եղել Հույն ուղղափառ եկեղեցին, որը տարածաշրջանի բազում քրիստոնեական վայրերի խնամակալն է:
Երկու տասնամյակ առաջ Հունական եկեղեցին վաճառեց Հին քաղաքում պաղեստինյան երկու հյուրանոցները օտարերկրյա ընկերություններին, որոնց հետեւում հրեա վերաբնակիչների մի խումբ էր: Գաղտնի գործարքները հանգեցրին հույն պատրիարքի տապալմանը եւ մեծ միջազգային աղմուկ բարձրացրին։
Լուսանկարը` Ալեքսանդր Լապշին
Երեցյանը, որը Կալիֆորնիայում է, հերքեց իսրայելցի վերաբնակիչների կողմից Հայկական թաղամասին տիրանալու մտավախությունները որպես «քարոզչություն»՝ հիմնված բացառապես Ռոթմանի հրեական ինքնության վրա:
- Այդ վայրը հրեականացնելու մտադրություն երբեք չի եղել,- ասաց նա՝ նշելով, որ Ռոթմանը քաղաքական օրակարգ չունի: Նա պնդեց, որ Հայոց պատրիարքը լիարժեքորեն մասնակցել է երկարատեւ բանակցություններին եւ անձամբ ստորագրել է պայմանագիրը։
- Ես բարեխղճորեն կատարել եմ իմ գործը՝ պատրիարքարանի լավագույն շահերից ելնելով, - ասում է նա՝ հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնել վարձակալության մասին, որի ժամկետը լրանում է մեկ դար անց:
Պատրիարքարանը հրաժարվեց պատասխանել, թե ինչ է անելու գործարքից ստացված գումարի հետ:
Մինչդեռ Երուսաղեմի հայերը, որոնք երկար ժամանակ կառավարվել են օտար տերությունների կողմից, տեղահանվել են պատերազմների պատճառով եւ հիմա ճզմված են իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ, սոսկում են ապագայից:
- Մեր հողերը արյունով ու քրտինքով են ձեռք բերվել՝ թիզ առ թիզ,- ասում է 26-ամյա բնակիչ Սեդրակ Բալյանը: - Մի ստորագրությամբ դրանք հանձնվեցին:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: