Խոսե՞նք «ավելի լավ կյանքի» մասին, նախագահ Ալիեւ - Mediamax.am

Խոսե՞նք «ավելի լավ կյանքի» մասին, նախագահ Ալիեւ
6148 դիտում

Խոսե՞նք «ավելի լավ կյանքի» մասին, նախագահ Ալիեւ


Բարեւ ձեզ, նախագահ Ալիեւ:

Միգուցե հիշեք ինձ: Մենք հանդիպել ենք 2009-ի հունիսին Բաքվում. Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների պատվիրակության կազմում էի, որը Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների նախաձեռնությամբ մեկ օրվա ընթացքում այցելեց Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու:



Այդ հանդիպմանը ձեզ առաջարկեցի որդեգրել «փոքր քայլերի» քաղաքականությունը եւ, օրինակ, հետեւել Թուրքիային, որի կինոգործիչները, չնայած Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, պարբերաբար մասնակցում են Երեւանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Դուք կտրականապես մերժեցիք այդ գաղափարը:

Գրեթե ամեն օր տեսակապի միջոցով հարցազրույցներ եք տալիս օտարերկրյա լրատվամիջոցներին եւ հայտարարում եք Լեռնային Ղարաբաղի հայության «իրավունքները երաշխավորելու» ու նրանց «կյանքի պայմանները բարելավելու» պատրաստակամության մասին:

Քանի որ ոչ ոք Հայաստանում եւ Արցախում չի հավատում Ձեր այս խոսքերին, առաջարկում եմ տեսակապի միջոցով հարցազրույց ունենանք, որի ընթացքում կխոսենք այս եւ մի շարք այլ հարցերի մասին: Հարցազրույցը կարող է ուղիղ հեռարձակվել. համոզված եմ, այն կհետաքրքրի մեր երկրների քաղաքացիներին:

Ի դեպ, 2008-ի նոյեմբերին մենք հարցազրույց էինք արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ կազմակերպել էր այն ձեր օգնական Հիքմեթ Հաջիեւը, ով այդ ժամանակ ԱԳՆ մամուլի քարտուղարն էր:

Քանի որ ինչպես դուք, այնպես էլ Հիքմեթ Հաջիեւը ակտիվորեն օգտագործում եք թվիթերը, իմ առաջարկին կարող եք արձագանքել Մեդիամաքս թվիթերի միջոցով:

Հուսով եմ՝ պատրաստ կլինեք խոսել այն ժողովրդի ներկայացուցչի հետ, որին «ավելի լավ կյանք» եք խոստանում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին