Էրդողանի եւ Աֆեյանի հեռակա «վեճն» ու իրական վտանգը - Mediamax.am

Էրդողանի եւ Աֆեյանի հեռակա «վեճն» ու իրական վտանգը
4443 դիտում

Էրդողանի եւ Աֆեյանի հեռակա «վեճն» ու իրական վտանգը


Ապրիլի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր.

«Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որում իրեն ստրկացրել է սփյուռքը եւ կընտրի պայծառ ապագայի համար անհրաժեշտ նոր մեկնարկների ճանապարհը: Հնարավորությունների դռները հավերժ բաց չեն մնալու։ Ոչ միայն սփյուռքը, այլեւ բազմաթիվ քարոզիչներ փորձում են ազդել Հայաստանի վրա այս գործընթացում։ Հուսով եմ, Հայաստանը ճիշտ ուղի կընտրի, և նոր դարաշրջան կբացվի»։



Հաջորդ օրը, ապրիլի 24-ին, The New York Times եւ The Washington Post թերթերում հրապարակվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի կոչը:

«Նույնիսկ երբ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է: Հայերը կրկին էթնիկ զտումների թիրախ են, քաղաքական առաջնորդներն ապօրինի պատանդ են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ», - գրել էր Աֆեյանը:



«Այսօր 109-րդ տարելիցն է, երբ 1.5 միլիոն հայեր բռնի տեղահանվեցին իրենց տներից եւ սպանվեցին օսմանյան թուրքերի ձեռքով, եւ այժմ դա նորից է կրկնվում։ Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը», - ավելացրել էր նա:



Փետրվարին սինգապուրյան Straits Times պարբերականում հրապարակվել էր Want to save the world? Ask the big, what-if questions, says Moderna co-founder Noubar Afeyan հոդվածը, որը մենք թարգմանել էինք հայերեն՝ ներկայացնելով Արմենուհի հորաքրոջ դասերն ու Նուբար Աֆեյանի կյանքի պատմությունը վերնագրի ներքո:

Վստահ եմ, որ Նուբար Աֆեյանի համար Արմենուհի հորաքրոջ դասերը շատ ավելի կարեւոր են, քան Էրդողանի «հորդորները» «նոր դարաշրջանի» մասին, որի գինն ակնհայտ է. կտրվել արմատներից եւ մոռանալ անցյալը:

Ինչ վերաբերվում է Սփյուռքին, ապա կարող եմ ենթադրել, որ Նուբար Աֆեյանին իրապես մտահոգում են ոչ թե Էրդողանի հայտարարությունները, այլ այն հարցերը, որոնք նա բարձրաձայնել էր 2021 թվականի հունվարին, 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց.

«Մենք՝ որպես Սփյուռք, հավաքական առումով շատ քիչ բան ենք արել՝ մեր հնարավորությունների հետ համեմատած: Ներկա միջավայրը եւ ճգնաժամը, որի առջեւ կանգնած է Հայաստանը, նաեւ հնարավորություն է: Պետք է փորձենք հասկանալ, թե ինչու է Սփյուռքը ցանկանում մնալ հայ լինելու «ակումբի» անդամ: Պետք է հասկանանք, թե Հայաստանի առջեւ ինչ պատասխանատվություններ ունենք կամ կարող ենք ունենալ: Սփյուռքն առօրյա որոշումներում մասնակցություն չունի, շատերը ասում են՝ պետք է ունենա, եւ միգուցե ճիշտ են, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ պետք է անի Սփյուռքը: Այս պահին Հայաստանում առկա ճգնաժամը ստիպում է ավելի բարդ քննարկում ունենալ մեր դերերի եւ պատասխանատվության վերաբերյալ»:

Այս խոսքերից անցել է ավելի քան 3 տարի, սակայն այդ բարդ քննարկումն այդպես էլ տեղի չի ունենում: Եվ սա, կարծում եմ, շատ ավելի վտանգավոր է, քան Էրդողանի լավ քողարկված սպառնալիքները:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին