“Ադրբեջանը շահագրգռված է ունենալ բարգավաճող, խաղաղ եւ կանխատեսելի հարեւան” - Mediamax.am

4743 դիտում

“Ադրբեջանը շահագրգռված է ունենալ բարգավաճող, խաղաղ եւ կանխատեսելի հարեւան”

Էլմար Մամեդյարով
Էլմար Մամեդյարով

Լուսանկարը`


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը, 2008թ., նոյեմբեր

- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան “բավականին հավանական” է համարում, որ մինչեւ տարեվերջ, կամ հաջորդ տարվա սկզբին կհաջողվի համաձայնեցնել հակամարտության կարգավորման հիմնական սզկբունքները: Կողմերն իրո՞ք մոտ են դրան:

- Ես կցանկանայի նման “հավանականության” հույս ունենալ, ինչպես նաեւ, հաշվի առնելով մեր տարածաշրջանում ձեւավորվող իրավիճակը, հուսալ, որ հայկական ղեկավարությունը սթափ վերլուծություն կկատարի, որպեսզի մենք հասնենք նրան, ինչի մասին խոսում է պ-ն Բրայզան:

Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ այսօր կա միջազգային իրավական եւ միջնորդական լավ հիմք հակամարտության կարգավորման համար:

- Վերջին շրջանում բազմաթիվ մեկնաբանություններ հնչեցին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Հռչակագրի կապակցությամբ: Ո՞րնէ այս փաստաթղթի գլխավոր արժեքը պաշտոնական Բաքվի տեսանկյունից:

- Առաջին հերթին, այն ցույց է տալիս լուծման ճանապարհը, այսինքն` հանդիսանում է այսպես կոչված ճանապարհային քարտեզ, երկրորդը, ապացուցում է կողմերի առաջ շարժվելու կամքը, ինչի մասին վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրությունները: Մի խոսքով, կարելի է ասել, որ հիմք է ստեղծվել բանակցություններում ճեղքում կատարելու համար եւ մենք պետք է օգտվենք դրանից:

Չեմ ցանկանում մանրամասն վերլուծել փաստաթուղթը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների առաջնահերթության կառուցման եւ համադրության տեսանկյունից, քանի որ կարծում եմ, որ Ադրբեջանի ԱԳՆ արդեն դա հրապարակայնորեն արել է: Կուզենայի միայն ավելացնել կարգավորման փուլային տարբերակն ամրագրող դրույթների կարեւորությունը եւ վստահության միջոցները: Դա շատ կարեւոր է տարածաշրջանում կանխատեսելիության ստեղծման համար:

- Կարգավորման Մադրիդյան սկզբունքները ենթադրում են տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների “հաշտեցում”: “Հաշտեցման” մեխանիզմներից մեկը, կողմերի վերջին մի քանի տարիների հայտարարությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի/քվեարկության/պլեբիսցիտի անցկացումն է: Ադրբեջանն իրո՞ք պատրաստ է համաձայնվել այդ մեխանիզմի հետ:

- Մինչեւ զորքերի դուրսբերումը եւ հարկադրված տեղահանվածների վերադարձը կարգավիճակի որոշումն անհնար է թե’ իրավական, թե’ բարոյական, թե’ նույնիսկ տեխնիկական տեսանկյուններից: Իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման փուլում մենք ղեկավարվելու ենք միջազգային իրավունքով եւ ներքին օրենսդրությամբ:

- Որքանո՞վ է Բաքվի համար սկզբունքային հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների տեղակայման հարցը:

- Այն դեպքում, եթե հաջողվի համաձայնության հասնել միջազգային խաղաղապահ ուժերի հարցում, ապա ընդհանւոր առմամբ, նրանք պետք է կայունացնողի դեր խաղան, ինչը կարող է ավելի մեծ վստահություն ստեղծել հայկական եւ ադրբեջանական համայնքների միջեւ:

- Նախագահների կողմից ստորագրված Հռչակագրում խոսվում է կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին: Արդյո՞ք բանակցությունների ընթացքում քննարկվում են կոնկրետ միջոցներ, որոնք կարող էին նպաստել վստահության մթնոլորտի ստեղծմանը` “փոքր քայլերի” քաղաքականության ոգով: Օրինակ, լրագրողների, արվեստագետների փոխադարձ կանոնավոր այցերի կազմակերպումը:

- Վստահության որոշակի միջոցներ, իհարկե, հնարավոր են նաեւ այժմ, եւ դուք ճիշտ նշեցիք դրանցից մի քանիսը: Ավելին, արդեն կա նման փորձ, երբ արվեստի գործիչների պատվիրակություններն այցելել են Ադրբեջան եւ Հայաստան: Ի դեպ, նշված խմբերում ընդգրկվել էին նաեւ լրագրողներ: Ցավոք, չգիտես ինչու, այդ նախաձեռնությունը շարունակություն չստացավ: Մենք օգտակար կհամարեինք հասարակության իրական տեղեկացումն իրավիճակի մասին:

Հակամարտության լուծումը բխում է թե Ադրբեջանի, թե Հայաստանի, եւ հնարավոր է` ավելի մեծ չափով Հայաստանի, քան Ադրբեջանի շահերից: Այո, իմ երկրի տարածքները կազատագրվեն օկուպացիայից եւ հազարավոր տեղահանված մարդիկ կվերադառնան իրենց տները: Սակայն, եկեք տեսնենք, թե ի՞նչ շահեց Հայաստանը եւ հայ ժողովուրդն այս պատերազմից: Ադրբեջանի ՀՆԱ-ն 4 անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն, Հայաստանի չի մասնակցում տարածաշրջանային ռազմավարական ոչ մի նախագծի, Հայաստանի ՀՆԱ առյուծի բաժինը հատկացվում է ռազմական ծախսերին: Ի դեպ, հակառակ շատ հայտարարությունների, ՀՆԱ-ի տոկոսային հարաբերությամբ Հայաստանի ռազմական ծախսերն ավելի շատ են, քան Ադրբեջանի ծախսերը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցման բոլոր ուղիները խզված են եւ այլն: Բնականաբար, Ադրբեջանը նույնպես շահեկան վիճակում չէ մեկ միլիոն տեղահանված անձանց եւ փախստականների առկայության պայմաններում: Սակայն իրավիճակը համադրելի չէ:

Հակամարտության կարգավորումը կօգնի հաղորդակցությունների բացմանը, տարածաշրջանային նախագծերին Հայաստանի մասնակցությանը, կնպաստի հսկայական ներդրումների հոսքին ձեր երկիր եւ մթնոլորտի ընդհանուր առոջղացմանը: Հայաստանը միայն կշահի դրանից: Եվ հավատացեք, Ադրբեջանը շահագրգռված է ունենալ բարգավաճող, խաղաղ եւ կանխատեսելի հարեւան:

- Ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական երկխոսության հաստատման փորձերին:

- Դրանք երկու ինքնիշխան պետությունների հարաբերություններ են եւ կցանկանայի հուսալ, որ դա դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ստեղծման վրա:
Մեր ընտրանին