Վազգեն Սարգսյանի հարցազրույցը եւ նրա տված «ուդո»-ն - Mediamax.am

Վազգեն Սարգսյանի հարցազրույցը եւ նրա տված «ուդո»-ն
3381 դիտում

Վազգեն Սարգսյանի հարցազրույցը եւ նրա տված «ուդո»-ն


Այս շաբաթ Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նրա ձեռագրերը, անձնական իրերը, հուշանվերներն ու պարգեւները։

Եթե նախապես իմանայի, միգուցե մի ցուցանմուշ էլ ես տրամադրեի:

1997 թվականին որպես թղթակից ծառայում էի Պաշտպանության նախարարության «Հայ Զինվոր» պաշտոնաթերթում, իսկ իմ ընկեր Դավիթ Ալավերդյանը «Զինուժ» հաղորդման խմբագիրն էր: Մի օր երեկոյան «Հայ Զինվոր»-ի եւ «Զինուժ»-ի ղեկավարներից շտապ թերթի խմբագրություն գնալու հրաման ստացանք՝ նախարարի հետ կապված շտապ եւ կարեւոր գործ կա:

Եկանք խմբագրություն եւ պարզվեց, որ Վազգեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոսիյսկայա գազետա» թերթին, որտեղից ուղարկել են բառացի սղագրությունը եւ այն պետք է մինչեւ առավոտ խմբագրել, հնարավոր «ավել-պակաս» բաները հանել:

Ամբողջ գիշեր Դավիթի հետ աշխատեցինք: Տեքստը մուտքագրելիս մեզ օգնում էր իմ ծառայակից ընկեր Արմեն Այվազյանը՝ «Հայ Զինվոր»-ի համակարգչային շարվածքի եւ դիզայնի մասնագետը:



Արխիվումս պահպանվել է այդ հարցազրույցի վերջնականին մոտ տարբերակը:

Վերեւի ձախ անկյունում Վազգեն Սարգսյանի գրությունն է՝ ուղղված պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանին: Նախարարը հրահանգում է 0.5-1 էջով կրճատել տեքստը եւ տրամադրել իրեն: Ենթադրում եմ (27 տարի է անցել, բոլոր մանրամասները չեմ հիշում), որ կրճատումներն արել է Շիրխանյանը եւ դրանք հաշվի առնելով՝ պատրաստել ենք վերջնական տեքստը եւ տրամադրել ենք նախարարին:

Իսկ 1997 թվականի դեկտեմբերին Վազգեն Սարգսյանի հետ մեկնեցի Մոսկվա՝ այդ ուղեւորության մասին պատմել եմ «Ինձ ժողովուրդը չի ճանաչում» սյունակում: Քանի որ Մոսկվայում պետք է լրատվամիջոցների խմբագրություններ այցելեի, անձս հաստատող փաստաթուղթ էր պետք՝ ռուսերեն լեզվով: Նախարարն ասաց. «Պատրաստեք, բերեք, կստորագրեմ»: Ինչ պիտի պատրաստեինք՝ գաղափար չունեի:

Մոսկվայում պետք է հանդես գայի իբրեւ Վազգեն Սարգսյանի մամուլի քարտուղար, բայց իրական կարգավիճակս շատ ավելի համեստ էր. «Հայ Զինվոր»-ում պարտադիր զինվորական ծառայություն անցնող ժամկետային զինծառայող: Ի վերջո Արմեն Այվազյանի հետ մի վկայական պատրաստեցինք, որի վրա Պաշտպանության նախարարության զինանշանն էր, իմ լուսանկարը՝ զինվորական համազգեստով, տակը ռուսերեն գրված անունս եւ «պաշտոնս»` пресс-секретарь министра: Ներքեւի մասում էլ գրված էր՝ министр обороны Республики Армения Вазген Саркисян: Վկայականը տարա նախարարի օգնական Անդրանիկ Հակոբյանին, Վազգեն Սարգսյանը ստորագրեց, լամինապատեցինք եւ այդ տարօրինակ «ուդո»-ն (ռուսերեն удостоверение բառից) ձեռքիս մեկնեցի Մոսկվա:

Մոսկվայից վերադառնալուց հետո վկայականը մնաց մոտս: Մի երկու անգամ այն ներկայացրել եմ ճանապարհային ոստիկաններին, որոնք կանգնեցնում էին ընկերներիս մեքենաները: Դուրս էի գալիս, ցույց էի տալիս, ոստիկանները տարակուսած նայում էին ինձ, հետո՝ վկայականին, չէին հասկանում, թե ինչու է փաստաթուղթը ռուսերեն, բայց Վազգեն Սարգսյանի ստորագրությունը ճանաչում էին: Հետո մի շրջան եղավ, երբ մեր տան հեռախոսը շաբաթը մեկ փչանում էր, իսկ վերանորոգող վարպետը զլանում էր նորմալ սարքել: Գնացի Հանրապետության հրապարակում գտնվող Արմենտելի բաժանմունքը, ցույց տվեցի վկայականը եւ խնդրեցի հեռախոսը սարքել: Այլեւս չփչացավ:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին