Ալեն Սիմոնյանը, նրա «բարձր հովանին» ու երբեմնի ցանկությունը - Mediamax.am

Ալեն Սիմոնյանը, նրա «բարձր հովանին» ու երբեմնի ցանկությունը
2891 դիտում

Ալեն Սիմոնյանը, նրա «բարձր հովանին» ու երբեմնի ցանկությունը


Մի քանի օր առաջ համացանցում կարճ հոլովակ աչքովս ընկավ: Ավտոմեքենայի ղեկին նստած ընդդիմադիր Ալեն Սիմոնյանին հարցնում են, թե ինչ կփոխեր Երեւանում եւ Հայաստանում, եւ նա, մի փոքր մտածելուց հետո, պատասխանում է. «Պաշտոնյաներին կփոխեի»:

Իսկ այսօր առավոտյան Ազգային ժողովի մամուլի ծառայությունից ստացանք
«Վառ տպավորություններ ՀՀ ԱԺ նախագահի բարձր հովանու ներքո կայացած համերգից» վերնագրված այս հաղորդագրությունը.

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բարձր հովանու ներքո կայացել է համերգ` նվիրված կանանց տոների միամսյակին:



Մշակութային երեկոն իրականացվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Համերգին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահի տիկին Մարիամ Մարգարյանը, ԱԺ կին պատգամավորներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հանրապետության կրթամշակութային հաստատությունների մանկավարժներ:

Հնչել են հայ եւ օտարազգի հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Հանդիսատեսը համերգասրահից հեռացել է` տանելով իր հետ վառ տպավորություններ»:

«Սերժի ժամանակ» ընդդիմադիրները նման հաղորդագրությունները մի լավ կծաղրեին: Բայց 6 տարի առաջ իշխանության եկած ընդդիմադիրները շատ արագ յուրացրին «նախկինների» սովորությունները եւ հաղորդագրությունը կարդալիս՝ հասկանում ես, որ եթե Ալեն Սիմոնյանին փոխարինես Հովիկ Աբրահամյանով, ոչինչ չի փոխվի՝ կմնա նույն դատարկ ու անդեմ տեքստը:



Ինչո՞ւմն է եղել Ալեն Սիմոնյանի «բարձր հովանին», ինչո՞վ է նա աջակցել համերգի կազմակերպմանը: Եթե աջակցությունը ֆինանսական է եղել, ապա լավ կլիներ իմանալ, թե բյուջետային ո՞ր տողով է հատկացում եղել եւ ի՞նչ չափով: Իսկ միգուցե աջակցությունը ստեղծագործակա՞ն է եղել եւ Ալեն Սիմոնյանը Էդուարդ Թադեւոսյանին արժեքավոր խորհուրդնե՞ր է տվել:

Ալեն Սիմոնյանը որպես անհատ կարող է տարբեր նախաձեռնություններ կյանքի կոչել: Բայց երբ դա անում է՝ սեփական իմիջին ծառայեցնելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնը եւ խորհրդարանի մամուլի ծառայությունը, հարց է առաջանում՝ արդյո՞ք պաշտոնյաներին փոխելու իր ցանկության հիմքում իշխանության «վայելքներին» տիրանալը չէր:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին