«Օպերացիա Բրատիսլավա»՝ թիրախը հասարակությունն էր - Mediamax.am

«Օպերացիա Բրատիսլավա»՝ թիրախը հասարակությունն էր
33115 դիտում

«Օպերացիա Բրատիսլավա»՝ թիրախը հասարակությունն էր


Երբ տարեսկզբին գրում էի Ալիեւը, Փաշինյանը եւ պայմանական տիկին Վարդանուշը սյունակը, իհարկե, պատրանքներ չունեի, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ նոր շահարկումներ չեն լինելու։ 

 

Բայց այն, ինչ տեղի էր ունենում համացանցում վերջին օրերին, դժվար է պարզապես հիստերիա անվանել։ Մեր երկրի ներսում ծավալվեց իսկական տեղեկատվական օպերացիա՝ հասարակության դեմ։ Գիտենք, որ քաղաքական պայքարում «փլավ չեն բաժանում», բայց թվում էր, թե մնացել են «կարմիր գծեր», որոնք չանցնելու մասին չգրված պայմանավորվածություններ կան։ 

 

Որքան էլ ներկայիս իշխանության ընդդիմախոսները դժգոհ լինեն վերջինիս գործողություններից (շատ հաճախ՝ արդարացված), Արցախի խնդիրն այն հարցը չէ, որը կարելի է որպես զենք օգտագործել ներքաղաքական պայքարում։ Կրկնեմ այն, ինչ գրել էի տարեսկզբին. երբ կլինեն իրական փաստեր, որոնք կվկայեն «Արցախը հանձնելու» իշխանությունների պատրաստակամության մասին, բոլորս միասին կընդվզենք։ Քանի դեռ նման փաստեր չկան, կան հիմքեր պնդելու, որ հաճախ գործ ունենք անբարոյականության հետ։ 

 

Տեղեկատվական օպերացիան մի քանի գործողություն ունեցավ։ 

 

Նախ, Սերգեյ Լավրովի այցը Բաքու ներկայացվեց որպես սպասվող ապոկալիպսիսի նախերգանք։ Այո, Լավրովը Բաքվում կրկնեց այն, ինչը ռուսական կողմն արդեն արել էր՝ փաստացի քննադատեց Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը։ Իսկ ինչ-որ մեկն ակնկալո՞ւմ էր, որ համանախագահ-երկրի ներկայացուցիչը պետք է ողջունի կողմերից մեկի հայտարարությունը, որը, ըստ էության, կանխորոշում է բանակցությունների արդյունքը։

 

Երկրորդ գործողությամբ շրջանառության մեջ դրվեց լուրն այն մասին, որ Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ ամենամյա նախարարական համաժողովում, հնարավոր է, հնգակողմ (Հայաստան, Ադրբեջան եւ համանախագահ երեք երկրներ) հայտարարություն ընդունվի։ Անգամ եթե նման հայտարարություն ընդունվեր, այն առաջինը չէր լինելու եւ, երեւի, ոչ էլ վերջինը։ Բայց ջինն արդեն շշից դուրս էր եկել՝ շատերը այնպես էին գրում «Բրատիսլավայի» մասին, կարծես այն պետք է ավելի սարսափելի բան լիներ, քան Ավարայրը, Վատերլոոն եւ Պիռլ Հարբորը միասին վերցված։ Պահանջում էին անմիջապես «բացահայտել», թե ինչի մասին են լինելու «Բրատիսլավայի բանակցությունները»։ Ձեր խոնարհ ծառան 25 տարի գրում է ԼՂ կարգավորման մասին։ Պսիխոզի հասնող մթնոլորտը, որի ականատեսը դարձա այս օրերին, գերազանցեց անգամ այն սպասումները, որ կային Քի Վեսթի, Ռամբույեյի կամ Կազանի բանակցություններից առաջ, որոնց ընթացքում առաջընթացի իրական հույսեր կային։

 

Երրորդ գործողությունը ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակության տարածած հայտարարությունը «զարմանալի» համերաշխությամբ «վերջնագիր» անվանելն էր։ 

 

Գրեթե ոչ ոք չփորձեց բարձրաձայնել, որ 1994 թվականի հրադադարից հետո Ադրբեջանը տարբեր մակարդակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր նման փաստաթղթեր է ընդունել եւ տարածել, որոնք ոչ այլ ինչ են, քան «филькина грамота»։ Միջնորդ-երկրների նախագահները վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 3 անգամ թվարկել են այն սկզբունքներն եւ տարրերը, որոնք պետք է հիմք դառնան կարգավորման համար։ Քանի դեռ Ադրբեջանը պաշտոնապես չի մերժել այդ սկզբունքներն ու տարրերը, խոսակցությունները «վերջնագրերի» մասին ծիծաղելի են։

 

Մյուս կողմից, այդքան էլ ծիծաղելի չեն, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանում ուշի-ուշով հետեւում են մեր սոցիալական եւ ավանդական մեդիային։ Կարծում եմ, որ հետեւելով մեր քննարկումներին «վերջնագրի» մասին, հարեւան երկրում նոր ուժով հավատացել են Դավիթ Ալավերդյանի թվարկած միֆերից հատկապես 7-րդին։

 

«Վերջնագրի» թեման հանրային տիրույթում «լեգիտիմացնելուց» հետո հնչեցին բանակցություններն «անհապաղ դադարեցնելու» կոչ-պահանջները։ 

 

Իսկ հետո եկավ դեկտեմբերի 5-ը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ ունեցավ Բրատիսլավայում եւ հասարակության դեմ տեղեկատվական օպերացիա ձեռնարկողներից ոմանք համարձակություն ունեցան պնդելու, որ հենց իրենց «ահազանգերը» «զգաստացնող» դեր ունեցան։

 

Այս պատմության մեջ ամենատխուրն այն է, որ մի կողմից, մի քանի օրվա ընթացքում աշխարհին ի ցույց դրեցինք սեփական վախերի ամբողջ տեսականին, իսկ մյուս կողմից կոչ ենք անում ավարտել բանակցությունները եւ պատրաստվել «միայն պատերազմի»։ Հակասություն չե՞ք նկատում։

 

Կան պարզ ճշմարտություններ, որոնք պետք է փորձել հասկանալ, որպեսզի ամեն անգամ «ետճշմարտության» (post-truth) զոհը չդառնանք։ 

 

Մենք մշտապես պնդելու ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ Ադրբեջանի կազմում Արցախի գոյության անհնարինությունը։ Ադրբեջանը մշտապես պնդելու է իր տարածքային ամբողջականությունն եւ տարածքների վերադարձը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ պատերազմն անխուսափելի է։ Ամենայն հավանականությամբ, այո։ Բայց դա չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվել ու սարսափել չեղած «վերջնագրերից»։ Դա նշանակում է, որ պետք է ոչ թե հեծանիվ հորինել, այլ հետեւել դասականներին. «խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմին»։ Հիշեցնեմ մի հատված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հարցազրույցից, որը վարել էի 2019 թվականի ապրիլին․

 

«Մենք խնդիրներ ունենք հասարակությունում, որոնք պետք է լուծենք: Հաղթանակի կարեւորությունը պետք է գիտակցվի եւ գնահատվի: Մարդիկ, երբեմն, հայտնվում են հարեւան երկրի վարած տեղեկատվական քաղաքականության ազդեցության տակ. Ադրբեջանը պնդում է, որ իրենք շատ ուժեղ են, հզոր են: Ադրբեջանին թվում է, որ մենաշնորհ ունեն խոսելու հաղթանակների կամ տարածքների մասին: Նման մենաշնորհ իրենք չունեն եւ չեն ունենալու»:

 

Կարող ենք, իհարկե, ենթադրություններ անել «Լավրովի պլանի» մասին եւ դրա շուրջ դավադրությունների տեսություններ կառուցել։ Բայց մեծ տերությունները մշտապես փորձելու են սեփական շահերը առաջ մղել ու վաղը կարող է ի հայտ գալ, օրինակ, «Պոմպեոյի պլանը»։ Իսկ մենք պետք է հասկանանք, որ եթե կարող ենք հասարակությանը «Բրատիսլավայի ճակատամարտ» հրամցնել, դա միայն բացելու է Լավրովի, Պոմպեոյի եւ հարեւան պետության ղեկավարի ախորժակը։ Ընդ որում, իրենք դրա համար զրո ջանք ու ռեսուրս են ծախսելու։

 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին