Մնացականյան. «Ինքնորոշման իրավունքը ԼՂ կարգավորման հիմքն է» - Mediamax.am

4566 դիտում

Մնացականյան. «Ինքնորոշման իրավունքը ԼՂ կարգավորման հիմքն է»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ «Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը եւ հիմքը»։

«Այս սկզբունքի ճանաչումը  ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որեւէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն եւ միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինն պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ եւ որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից եւ տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական  քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչ արտահայտվեց նաեւ 2016թ-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիան. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը եւ իրականացման անհնարինությունը», - ասել է նախարարը՝ այսօր Բրատիսլավայում ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական համաժողովին:

 

«Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն», - ավելացրել է նա:

 

«Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էկզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին և 2016թ.-ին: Այս միտքն առավել ընդգծելու նպատակով՝ ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների և որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։ Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ», - ասել է նախարարը:

 

Զոհրաբ Մնացականյանի ելույթի ամբողջական տարբերակը հասանելի է այս հղումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին