90-ականները, 10 տարվա ցիկլերն ու 2029-ի նպատակը - Mediamax.am

90-ականները, 10 տարվա ցիկլերն ու 2029-ի նպատակը
3386 դիտում

90-ականները, 10 տարվա ցիկլերն ու 2029-ի նպատակը


2019/2020՝ ճանապարհում ենք ոչ միայն տարին, այլեւ տասնամյակը: Բայց, միեւնույն է, երբ մտածում եմ 90-ականների մասին, թվում է, որ դրանք ընդամենը մի քանի տարի առաջ էին: Անհնար է հավատալ, որ անցել է 25-30 տարի:

 

Իմ շրջապատի մարդկանց մեծ մասը ծվել է 70-ականների երկրորդ կեսին, բայց մենք 90-ականների սերունդ ենք, քանի որ հենց 90-ականների սկզբին ենք ձեւավորվել: 

 

Նոր էինք բացահայտում «մեծական» կյանքը, «մեր» գրքերն ու երաժշտությունը, սկսում էինք աշխատել, հաճախ՝ «տուն պահել»: Նոր էինք սկսում սիրել եւ կարծում էինք, որ առաջին սերը միակն է լինելու, եւ առանց այդ սիրո կյանքը կանգ է առնելու: 

 

Բնական է, տարիքով ավելի մեծերը նույնը կասեն 80-ականների կամ 70-ականների մասին. պատանեկությունը միշտ էլ նույնն է: Բայց 90-ականների յուրահատկությունն այն էր, որ կյանքն ու աշխարհը բացահայտում էինք արմատական փոփոխություններին զուգահեռ: Անսասան թվացող մեծ երկիրն անհետացավ մեր աչքի առջեւ, եւ շատերս միայն դրանից հետո բացահայտեցինք, թե ինչ է Հայաստանը: 

 

Մեծ երկիրն իր գոյության վերջին տարիներին ուզած-չուզած ավելի լիբերալ դարձավ, ինչի շնորհիվ ձայնապնակների խանութում հայտնվեց Архив популярной музыки հավաքածուն, որը մի ամբողջ սերունդ կրթեց: Խորհրդանշական է, որ իմ «գաղտնի Սանտան» այդ տարի ինձ նվիրեց այս ձայնապնակը:

 

 

90-ականների սկզբին մենք շատ էինք երազում, բայց անգամ ամենահամարձակ երազներում ես չէի կարող կանխատեսել այն, ինչ պիտի լիներ 20 եւ 30 տարի հետո:

 

2009-ի սկզբին ծնվեց «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագիծն անելու գաղափարը: Մի քանի ամիս անց ես ու կինս ստացանք երկար տարիների սպասումից եւ պայքարից հետո անհավատալի թվացող լուրը՝ մենք աղջիկ ենք ունենալու: Հոկտեմբերին ռոք-աստղերն արդեն Երեւանում էին, եւ ես երբեք չեմ մոռանա այն պահը, երբ Երեւանի կոնյակի գործարանում կինս առաջին անգամ տեսավ իր մանկության կուռքին՝ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիին: Աննայի դեմքին միախառնված հիացմունքն ու շփոթմունքը հիշում եմ առ այսօր: 2009-ի օգոստոսին ընկերներով գնացինք Արարատը բարձրանալու: Գագաթին չհասա: Դեռ ժամանակը չէր:

 

2019-ի սկզբին սկսեցինք զբաղվել Rock Aid Armenia-ի 30-ամյակի նախապատրաստական աշխատանքներով: Մեկ ամսից իմացանք, որ աշնանը աղջիկ ենք ունենալու: Հունիսի սկզբին ռոք-լեգենդների հետ անհավատալի ջերմ օրեր անցկացրինք, հոկտեմբերին ծնվեց Եվան, իսկ մեկ ամիս անց նա Անգլիայից մի փաթեթ ստացավ՝ Թոնի եւ Մարիա Այոմիներից: 

 

Եվայի ծնվելուց մոտ երեք ամիս առաջ կանգնած էի Արարատի գագաթին եւ մտածում էի, թե ինչպես է ստացվում, որ 10 տարին մեկ իմ կյանքում նման անհավատալի եւ փոխկապակցված բաներ են կատարվում: Կարծում եմ՝ պատճառներից մեկը 90-ականների մեր անկեղծությունն է եւ հավատը, որ մի օր Փարիզը կտեսնենք սեփական աչքերով, այլ ոչ միայն Կորտասարի գրքերում: 

 

Ճանապարհը դժվար էր, կորուստներով ու փորձություններով լի: Բայց արի ու տես, որ 90-ականներից եկանք հասանք 2020 թվական: Ինչպես ասում են՝ «թող Աստված շատ չհամարի»: Եվ քանի որ այլեւս փաստ է, որ 10 տարին մեկ մեծ իրադարձություններ են լինում, ես ու ավագ աղջիկս՝ Մարիամը, մի ծրագիր ունենք 2029-ի համար: Իր առաջին փորձը կլինի, իմ՝ երրորդ:

 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին