Մարկ Գրիգորյանի վերջին նոթատետրը ու Նեֆերտիտիի վերադարձը - Mediamax.am

exclusive
1924 դիտում

Մարկ Գրիգորյանի վերջին նոթատետրը ու Նեֆերտիտիի վերադարձը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


1937 թվականին ներկայիս Տերյան 62 հասցեում Մարկ Գրիգորյանի նախագծով կառուցվեց «մասնագետների» շենքը։ Այստեղ էին բնակվում տարբեր բնագավառների մասնագետներ՝ ճարտարապետներ, բանասերներ, բժիշկներ, պատմաբաններ, երաժշտագետներ։

Խորհրդային տարիներին այն ճարտարապետը, որի նախագծով կառուցվել է շենքը, այդ շենքում բնակարան ստանալու իրավունք ուներ։ Մարկ Գրիգորյանն ընտրեց 46 համարի բնակարանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երբ շենքը կառուցվում էր, մի բնակարան կար, որը բանվորներինն էր․էդտեղ էին հագուստները փոխում, ընդմիջում անում։ Պապիկս ընտրեց հենց այդ բնակարանը»,- պատմում է ճարտարապետի թոռը՝ լրագրող, Ալ․Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Գրիգորյանների ընտանիքի նշանավոր հյուրերը

Մարկ Գրիգորյան հիշում է՝ ինչպիսի նշանավոր մարդիկ էին լինում իրենց տանը։ Նոր տարվա առաջին օրը հյուրասենյակում երկար սեղան էին գցում։ Պապիկն առավոտ շուտ արթնանում, հագնվում, նստում էր պատուհանի մոտ։ Ժամը 11-ից մինչեւ ուշ գիշեր հյուրեր էին գալիս, հիմնականում՝ ճարտարապետներ՝ Ռաֆայել Իսրայելյան, Միքայել Մազմանյան, Գեւորգ Քոչար, Գրիգոր Աղաբաբյան։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարկ Գրիգորյանը հատկապես լավ է հիշում Առնո Բաբաջանյանի եւ Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի այցերը։

«Փոքր ժամանակ ճաշասենյակը իմն էր։ Կար բազմոց, որի վրա քնում էի։ Տարին մի քանի անգամ Մոսկվայից մեզ հյուր էր գալիս Առնո Բաբաջանյանը, որն իմ պապիկի մտերիմ ընկերոջ մտերիմ ընկերն էր։ Գնում էին Մարտիրոս Սարյանի մոտ, վերցնում էին նրա որդուն՝ Ղազարոս Սարյանին, ու գալիս էին մեր տուն։ Ես ատելով ատում էի այդ այցերը, որովհետեւ իրենք միշտ շամպայն էին խմում, իսկ Առնո Բաբաջանյանը դաշնամուր էր նվագում ու ծխում։ Եվ ծխում էր այնքան, որ հետո այս սենյակում քնել չէր լինում։
Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սարսափելի ձանձրանում էի, երբ մեզ մոտ էին գալիս Լուսինե Զաքարյանն ու Խորեն Պալյանը։ Խոհանոցում երկար թեյ էին խմում պապիկիս հետ, հետո գալիս էին հյուրասենյակ, Խորեն Պալյանը նվագակցում էր, իսկ Լուսինեն՝ երգում։

Իրենք շատ մեծ հարգանքով էին վերաբերվում պապիկիս, որովհետեւ կոնսերվատորիան ավարտելուց հետո Լուսինեին ուղարկում էին Սեւանի ավազան, չեմ հիշում՝ որ քաղաքի դպրոցում երգեցողության ուսուցուհի աշխատելու համար։ Որպեսզի դա տեղի չունենա, պապիկս Հայարդնախագիծ ինստիտուտում, որի տնօրենն էր այն ժամանակ, մի պաշտոն է հորինում Լուսինե Զաքարյանի համար, որ իրեն թույլ տան մնալ Երեւանում։ Լուսինեն երբեք դա չէր մոռանում։ Եթե ինչ-որ իրադարձություն էր լինում, իրենց խնդրում էինք գալ, երգել, նվագել, երբեք չէին հրաժարվում»։

Մարկ Գրիգորյանի դաշնամուրը

20-րդ դարի սկզբին արտադրված սեւ դաշնամուրը միշտ եղել է Գրիգորյանների ճաշասենյակում։ Մարկ Գրիգորյանը շատ էր սիրում նվագել, հատկապես՝ երբ հավաքվում էին ընկերները։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Իմ տատիկն ու պապիկն ընկերություն էին անում Ալեքսանդր Սպենդիարյանի դստեր՝ Մարինայի հետ։  Շատ մտերիմ էին, նույնիսկ որոշ ժամանակ ապրել է մեր տանը։ Մարինան երիտասարդ տարիներին Խորհրդային Միության օպերային արվեստի բարձրացող աստղերից էր։ Հետո նրան ձերբակալեցին, 15 տարով աքսորեցին Սիբիր։ Բնականաբար, ձայնը փչացավ, եւ ինքն այլեւս չէր սիրում երգել։ Բայց հազարից մեկ պապիկս նվագակցում էր, ու Մարինան ռոմանսներ էր կատարում։ Աքսորից վերադառնալուց հետո ծխում էր առանց ֆիլտրի ծխախոտ, ու շատ գեղեցիկ, հաստ ձայնով չտեսնված երգում էր»։

Նեֆերտիտիի վերադարձը

Գիպսե երկու քանդակները՝ անտիկ հույն քանդակագործ Սկոպասի «Մենադա»-ի ու Բեռլինի թանգարանից Նեֆերտիտիի գլխի կրկնօրինակները Մարկ Գրիգորյանը բերել էր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանից։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նեֆերտիտիի գլուխը շատ հետաքրքիր պատմություն ունի։ Հայրս այն վերցրել, իր մոտ էր տարել։ Իմ մանկության տարիներին այդ գլուխը միշտ ինչ-որ տեղ իմ կողքին էր, կամ ես էի իր կողքին։ Հետո ես գնացի Լոնդոն, վերադարձա։ Հորս այրիի տղային հարցրեցի՝ ո՞ւր է Նեֆերտիտին, ասաց՝ մոռացիր, չկա, գոյություն չունի։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի օր քայլում եմ քաղաքով ու սրճարաններից մեկում տեսնում եմ այս գլուխը։ Ինձ պետք չէր երկու անգամ նայել, որ հասկանայի՝ սա մեր գլուխն է, մեր աղջիկն է։ Մտա սրճարան, ճաշ պատվիրեցի, ընթացքում մատուցողին ասացի, որ ուզում եմ այս գլուխը փոխանակել կամ գնել։ Գնաց, սեփականատիրոջը հարցրեց, սա էլ ասաց՝ մի հատ բույս բերեք, էս գլուխը տարեք։ Մյուս օրն առավոտյան երկու հատ բույս գնեցի ու նորից գնացի այդ սրճարան։ Ասացի՝ էս գլխի փոխարեն, էս մեկն էլ՝ բոնուս։ Վերցրեցի ու վազելով փախա՝ քանի դեռ չէին մտափոխվել։ Բայց պարզվեց, որ գլուխը լավ ջարդած էր։ Էրեբունիի թանգարանում այն վերականգնեցին, եւ հիմա ես վայելում եմ Նեֆերտիտիի վերադարձը տուն»։

Ճարտարապետի՝ ջրաներկով արված նկարները

Հյուրասենյակում Մարկ Գրիգորյանի՝ ջրաներկով արված մի քանի նկարներ են։

Լուսանկարը` Մեդիամաքս


Դրանք թոռը շրջանակել ու պատին է փակցրել պապի մահից շատ տարիներ անց։

Լուսանկարը` Մեդիամաքս


Դիմացի պատին Սարգիս Մուրադյանի նկարն է՝ ընտանեկան պատմության մի մասը։ Սարգիս Մուրադյանը Մարկ Գրիգորյանի քրոջ ամուսինն էր։

Մարկ Գրիգորյանի վերջին նոթատետրը

Տանը Մարկ Գրիգորյանն աշխատասենյակ չուներ։ Ննջասենյակում՝ պատուհանի դիմաց մի սնդուկ կար, որին հենում էր ծնկները, վրան դնում գծագրական տախտակն ու այդպես աշխատում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարկ Գրիգորյան կրտսերը պատմում է, որ պապը խոհանոցում միշտ նույն տեղում էր նստում ու ձեռքի տակ անպայման սպիտակ թուղթ ու մատիտ էր ունենում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրա վերջին նոթատետրում սեւ մատիտով արված նկարներ են՝ կինը՝ Արզնիում, դուստրը, Միքայել Նալբանդյանը՝ Սանկտ Պետերբուրգում, մի դրվագ «Եվգենի Օնեգին» օպերայից։

Կրտսեր Մարկ Գրիգորյան հիշողությունները՝ ավագի մասին

Մարկ Գրիգորյանն ասում է, որ պապիկի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեին։ Հիշում է՝ 14 տարեկան էր, որոշեց ամռանն աշխատել, վերանորոգող մի խմբի հետ պատ ներկել։

«Ամբողջ ընտանիքն ըմբոստացավ՝ ի՞նչ ա անում էս էրեխեն, հայհոյել, օղի խմել կսովորեցնեն։ Ու որպեսզի դա չլինի, պապիկս ինձ վերցրեց իր մոտ աշխատանքի։ Մի շաբաթ իսկական ճարտարապետական ինստիտուտում աշխատեցի որպես գծագրող։ Բայց աշխատավարձը պապիկս վճարում էր իր գրպանից։ Ես, իհարկե, դրա մասին չգիտեի։
Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաճախ գնում էինք Մարտիրոս Սարյանի մոտ։ Չնայած իրենց միջեւ մի սերնդի տարբերություն կար, բայց շատ ջերմ ընկերություն էին անում։ Սիրում էին թղթախաղ, հատկապես՝ «Կանաստա» կոչվող խաղն էին խաղում։ Հիմա այդ խաղը Երեւանում ընդամենը երկու ընտանիք գիտի՝ Մարտիրոս Սարյանինը ու ես։

Հիշում եմ, որ համարյա ամեն շաբաթ օր ինձ տանում էր ման գալու, ու շատ հաճախ գնում էինք Մատենադարան։ Էնտեղ պապիկիս դիմավորում էր տնօրենը՝ Լեւոն Խաչիկյանը, նստում, թեյ էին խմում, ես սկզբում վազվզում էի, հետո սկսում էի ձանձրանալ»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարկ Գրիգորյանը շրջանակի մեջ է տեղադրել ավելի քան 50 տարվա տարբերությամբ  երկու նկար։ Մեկում՝ ինքն ու քույրն են՝ պապիկի հետ Մատենադարանում, մյուսում ինքն է թոռնիկներին տարել Մատենադարան։

Մատենադարանի գտնված գծագիրը

Մարկ Գրիգորյանը 1937-1951 թվականներին եղել է Երեւանի գլխավոր ճարտարապետը, հետո՝ մինչեւ կյանքի վերջ, ղեկավարել է Հայարդնախագիծ ինստիտուտը։ Նա Հայաստանի Ազգային ժողովի, նախագահի նստավայրի, «Արմենիա» հյուրանոցի, մի շարք բնակելի շենքերի հեղինակն է։ Նրա աշխատանքներից ամենանշանավորը Մատենադարանի շենքն է։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրիգորյանների տանն է պահվում Մատենադարանի շենքի 23 գծագրերից մեկը, հավանաբար՝ միակ պահպանվածը։

«Մնացած գծագրերը չկան, անհետացել են։ Ճարտարապետության թանգարանում կա մոտավորապես 10-ի լուսանկարը։ Այս մեկն էլ ես շատ պատահաբար եմ գտել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի ժամանակ մեր միջանցքում լվացարան կար, դիմացն էլ հայելի էր կախված։ Հետո, երբ արդեն ամուսնացել էի, տան այս հատվածը վերանորոգելիս՝ հայելին հանեցինք, որ ուրիշով փոխարինենք։ Նկատեցի, որ հայելիի հետեւում հաստ ինչ-որ բան կա։ Հանեցի, տեսնեմ Մատենադարանն է։ Պապիկս հատուկ էր դա պահել, որ ոչ ոք չգտնի․ Մատենադարանի շենքի համար իրեն խիստ կուսակցական նկատողություն էին տվել։
Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մատենադարանից խնդրեցին, որ տամ, որոշ ժամանակ ցուցադրեն։ Հարցրեցին՝ դեմ չե՞ք, եթե նաեւ նորոգենք, ասացի՝ ոչ։ Իհարկե, որոշ ժամանակ հետո, երբ պատրաստ լինեմ տալու, այս նկարը կգնա Մատենադարան»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին