Հատված «Իմ անհավանական «ճանապարհորդությունը» Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի հետ» գրքից
2009 թվականի փետրվարին Մյունխենի ամենամյա անվտանգության հարցերով համաժողովը առավել քան ներկայացուցչական էր: Համաժողովի նոր նախագահ, ԱՄՆ-ում Գերմանիայի նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերին հաջողվել էր «հավաքագրել» Ֆրանսիայի եւ Աֆղանստանի նախագահներին, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին, Գերմանիայի կանցլերին, Լեհաստանի վարչապետին:
10 տարի առաջ` 2009 թվականի փետրվարի 6-ին, նախագահի այցերը լուսաբանող գործընկերներիս հետ նստած էինք համաժողովի մամուլի կենտրոնում. մեր հավատարմագրերի տեսակը թույլ չէր տալիս դուրս գալ եւ «որսալ» մասնակիցներին:
Մոտ երկու ժամից պետք է մեկնարկեր «Անկայունության կառավարում. Անդրկովկասյան տարածաշրջանը եւ Արեւելյան Բալկանները» նիստը, որի մասնակիցներից էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը:
Մինչ այդ ազատ էինք, եւ ամեն մեկս մի զբաղմունք գտել էր: Ես «խորացել» էի YouTube-ի մեջ, տարբեր երգեր էի լսում: Մեկ էլ էկրանի աջ անկյունում հայտնվեց Smoke on the Water երգի այն տարբերակը, որը բրիտանական ռոքի աստղերը ձայնագրել էին երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: Վաղուց չէի լսել: Մի անգամ լսեցի, երկու։ Մեկ էլ ուշադրություն դարձրեցի տարեթվի վրա՝ 1989: Իսկ հիմա 2009-ն է: Ուղիղ 20 տարի է անցել:
Մամուլի կենտրոնից հաղորդելով Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի արտգործնախարարի ելույթների մասին, վերադարձա մեր հյուրանոց: Բայց Rock Aid Armenia-ի 20-ամյակը հանգիստ չէր տալիս: Գաղափարը շատ հստակ ձեւավորված չէր, բայց արդեն գիտեի, թե ում հետ պետք է կիսվեմ: SMS գրեցի նախագահի օգնական Վիգեն Սարգսյանին. «Մի միտք ունեմ, որ ուզում եմ պատմել: Կարո՞ղ ենք այսօր հանդիպել»:
Վիգենը պատասխանեց. «Մի ժամից արի մեր հյուրանոց, գարեջուր խմենք»:
Չափազանցություն կլիներ ասել, որ այդ մեկ ժամում գաղափարս հասցրեց լավ «եփվել», այնպես որ՝ ոչ շատ վստահ ասացի Վիգենին. «20 տարի առաջ այդ մարդիկ մեզ օգնեցին, եւ մենք պետք է ինչ-որ կերպ իրենց շնորհակալություն հայտնենք, Հայաստան հրավիրենք, պարգեւատրենք, միգուցե հատուկ համերգ կազմակերպենք:
Վիգեն Սարգսյանն իրեն բնորոշ զուսպ ոճով ասաց.
«Զգում եմ, որ այս թեման քեզ կլանել է: Բայց արի Երեւան վերադառնանք, մտածի, մի էջի վրա շարադրի, ուղարկի: Հետո կորոշենք»:
Այդ ժամանակ Վիգեն Սարգսյանը դեռ չգիտեր, որ դառնալու այն երեք մարդկանցից մեկը, առանց որոնց նախագիծը երբեք իրականություն չէր դառնա:
Մի քանի օր անց ուղարկեցի նախագծի «ճանապարհային քարտեզը»՝ գտնել Rock Aid Armenia-ի կազմակերպիչներին, նրանց միջոցով կապ հաստատել ռոք-աստղերի հետ եւ բոլորին հրավիրել Հայաստան: Վիգենը զանգահարեց մի քանի ժամից եւ զուսպ չէր.
«Հավանում եմ: Քեզ հետ եմ: Սկսիր աշխատել եւ ընթացքի մասին ինձ տեղյակ պահիր»:
Այս «կանաչ լույսն» անհրաժեշտ էր․ առանց պետական աջակցության նախագիծն անհնար կլիներ իրագործել: Այդ աջակցությունն ունենալով՝ պետք է սկսեի գործել: Գաղափարը պետք է երկնքից իջներ ու սկսեր միս ու արյուն ստանալ: Վախ կար, բայց ոգեւորությունն ավելի ուժեղ էր:
Ուսումնասիրեցի Rock Aid Armenia-ի մասին համացանցում առկա բոլոր նյութերը (այդքան էլ շատ չէին) եւ իմացա, որ նախագիծը նախաձեռնել էր բրիտանացի Ջոն Դին, որը 1989 թվականին 24 տարեկան էր: Պարզեցի, որ Rock Aid Armenia-ից մի քանի տարի հետո Ջոնը տեղափոխվել էր Ավստրալիա, որտեղ թենիսիստ, Ուիմբլդոնի չեմպիոն Պետ Քէշի հետ հիմնել էին Planet Ark բարեգործական կազմակերպությունը: Մի քանի նամակ գրեցի Planet Ark-ի կայքին, խնդրելով տրամադրել Ջոնի տվյալները, բայց դրանք անպատասխան մնացին: Իսկ մի քանի օր անց հայտնաբերեցի, որ Ջոնը Ֆեյսբուքում «աքաունթ» ունի: 2009 թվականի փետրվարին Ֆեյսբուքի մասին շատ աղոտ պատկերացում ունեի: «Աքաունթ» բացեցի, փորձեցի հասկանալ, թե ինչպես է այն աշխատում ու այս հաղորդագրությունն ուղարկեցի.
«Dear Mr Dee!
My name is Ara Tadevosyan, I am the Director of Armenian Mediamax news agency.
We are now implementing a project, devoted to the 20th anniversary of the Rock Aid Armenia Project that was initiated by you and I was wondering if you can provide me with your e-mail adress, so I can present you the details.
(Հարգելի պարոն Դի,
Ես Արա Թադեւոսյանն եմ, Մեդիամաքս լրատվական գործակալության տնօրենը: Մենք նախագիծ ենք անում՝ նվիրված Ձեր նախաձեռնած Rock Aid Armenia-ին: Եթե կարելի է՝ տրամադրեք Ձեր էլ.փոստի հասցեն, որ մանրամասներն ուղարկեմ)»:
Լավ է, որ այն ժամանակ Ֆեյսբուքը չէր ֆիլտրում այն մարդկանց նամակները, որոնք «ընկեր» չեն, այլապես Ջոնը կարող էր, պարզապես, չտեսնել հաղորդագրությունս:
Մինչ այդ պահը գաղափարի մասին միայն իմ ընկեր Կարենը գիտեր: Նրա առաջին արձագանքը զգուշավոր էր.
«Դու չես պատկերացնում, թե այդ ամենը որքան բարդ է լինելու ու որքան շատ ժամանակ է «ուտելու»»:
Ես էլ ասացի. «Բայց մեր կյանքն ավելի հետաքրքիր կդառնա»:
Հաղորդագրությունը ուղարկելուց անմիջապես հետո ընկերներիս հետ դուրս եկանք ընդմիջման: Նստած սպասում էինք, երբ կբերեն պատվերը, երբ ձեռքս ինքն իրեն ձգվեց հեռախոսին ու նայելով էկրանին, գրեթե գոռացի.
«Տղերք, պատասխանել է»:
Ահա ինչ էր գրել Ջոնը.
«Hi Ara,
I can tell you confidentially that I am currently organising a 20th anniversary remix of the 'Smoke on the Water' track and would be very interested in talking to you about this.
I have been gathering pictures and videos for a web site and am looking to release the 'Smoke on the Water' track on iTunes to raise money for Armenia and would be keen to get your feedback as to where this money would be best spent in the earthquake affected areas.
With best regards,
Jon Dee
(Բարեւ, Արա,
Կարող եմ տեղեկացնել, որ հիմա աշխատում եմ 20-ամյակին նվիրված Smoke on the Water-ի ռեմիքսի վրա եւ հետաքրքրված եմ քննարկել դա քեզ հետ: Կայքի համար հավաքում եմ տեսանյութեր եւ լուսանկարներ ու մտադիր եմ ռեմիքսը iTunes-ում տեղադրել, որպեսզի միջոցներ հավաքեմ Հայաստանի համար: Շնորհակալ կլինեմ, եթե կարծիք հայտնես, թե աղետի գոտում դրանք հատկապես որտեղ կարելի է ուղղել:
Լավագույն մաղթանքներով,
Ջոն Դի)»:
Այդպես էր ծնվում նախագիծը, որը շեշտակի փոխեց իմ կյանքը եւ որի շնորհիվ 2013 թվականի սեպտեմբերին Գյումրիում բացվեց թիվ 6 երաժշտական դպրոցի նորակառույց շենքը:
Այս պատմության շարունակությունը եւ շատ այլ պատմություններ կլինեն «Իմ անհավանական «ճանապարհորդությունը» Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի հետ» գրքում, որը, հուսով եմ, այս տարի կավարտեմ:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: