Գրիշ Սարդարյանի «Հրամանագիրքը»՝ վեպ քաղաքի եւ 90-ականների մասին - Mediamax.am

exclusive
1824 դիտում

Գրիշ Սարդարյանի «Հրամանագիրքը»՝ վեպ քաղաքի եւ 90-ականների մասին


Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Անտարես

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum

Գրիշ Սարդարյանը
Գրիշ Սարդարյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Գրիշ Սարդարյանի «Հրամանագիրք» վեպի իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում։ Գլխավոր հերոսուհին՝ Արգինեն իր աշխատավայրում լրացնում է հրամանագիրքը։ Հնարավո՞ր է հրամանագիրքը վերածել հրամանավեպի։ Գրքի ստեղծման, ձեւաչափի, ասելիքի ընդգրկունության մասին զրուցել ենք հեղինակի հետ։

Լուսանկարը` Անտարես


«Հրամանագիրքը» լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը «XXI» մատենաշարով։

- 2019-ին, երբ լույս էր տեսնում առաջին գիրքս՝ «Եսավ» պատմվածքների ժողովածուն, զուգահեռաբար սկսեցի գրել այս վեպը, մինչեւ 2020-ի սեպտեմբերը։ Գիրքն ավարտվում է կորոնավիրուսի համաճարակի բռնկումով։

-Պատերազմը չկա...

-2021-ին որոշ խմբագրումներ արվել են, բայց պատերազմը չեմ ներառել։

-«Հրամանագիրքը» կարծես հետադարձ հայացք լինի վերջին տասնամյակներին։ Կարեւոր ժամանակահատվածը՝ կարմիր թելը, սակայն, 90-ականներն են։

-Գրքի գլխավոր հերոսն իր մտորումներում (թեեւ ոչ միայն, գրքի մյուս հերոսները նույնպես) անդրադարձ է կատարում իր մանկությանը, 90-ականներին ու ավելի վաղ շրջանին։ Սակայն 90-ականները, այո, ինչ-որ առումով հատկանշական են այս գրքի պարագայում, ու ինձ համար դեռ լրիվ վերծանված չեն այդ տարիները, խորհրդավորության շղարշ ունեն։

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum


Մարդկային հոգեբանության բացառիկ դրսեւորումներ կային, որ բնորոշ էին միայն այդ շրջանին, մինչ այդ էլ չեն եղել, հիմա էլ իսպառ վերացել են։ Ինքս 90-ականների սերունդ եմ, գուցե նաեւ դրանով է պայմանավորված առանձնահատուկ վերաբերմունքս, եւ վեպում արտահայտվել է։

-90-ականները նաեւ շրջափուլային են։

-Այո, գլխավոր հերոսուհին փիլիսոփայական կրթություն ունի, դատողություններ է անում անկախության վերաբերյալ եւ 90-ականները կարեւոր կետ է համարում։ Այսպես թե այնպես,ամեն ինչ այնտեղից է գալիս, բոլորս իննսունականներից ենք, Հայաստանի երրորդ հանրապետության արմատները 90-ականներում են։

-80-ականները՝ ռոքի տարիները, կարծես ամենալուսավորն են, կամ գոնե ամենաերաժշտականը։

-Հերոսուհուն թվում է, որ մեր ժողովրդի համար ամենահանգիստ, սոցիալական առումով ամենաապահով շրջանը 80-ականներն են, ինչը սակայն կարճ կյանք է ունենում։ Խորհրդային միության միֆը, թվացյալ վայելքը հասնում է իր գագաթնակետին ու միանգամից պայթում, վերանում է։

-Հրամանագիրքը դառնում է հրամանավեպ։ Կյանք կա նաեւ հրամանագրքից դուրս։ Ինչո՞վ են առանձնանում օրենքով հաստատվող պատմությունները։

-Հրամանագրքից դուրս կյանք եւ կա, եւ չկա։ Գլխավոր հերոսուհին՝ Արգինեն, ով նաեւ հրամանագրքի հեղինակն է (թեեւ վեպը առաջին դեմքով չի պատմվում), խնդիր է դնում ցույց տալ չոր գրագրության մեջ առկա կյանքը։ Այն, ինչ կա գրքում, իր եւ ընթերցողի համար բացվում է հրամանագրերով։
Գրիշ Սարդարյանը Գրիշ Սարդարյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Բնաբանում ասվում է․ «Պատկերը կարող է արտահայտել ցանկացած իրականություն, որի ձեւը այն կրում է»։ Ցանկացած գրի, տեքստի մեջ ինչ-որ իրականություն է թաքնված։ Հերոսուհին փորձում է հրամանագրքում դա տեսնել, նաեւ այնտեղից դուրս բերել գեղարվեստական վեպ, որ ինքը կգրեր, դեռ չի գրում, բայց պիտի գրի, կգրեր։

-Կարո՞ղ ենք ասել, որ սա Արարատ քաղաքի ու արարատցիների պատմությունն է։ Կամ գուցե մի քաղաքի պատմություն։

-Մի քաղաքի պատմություն։ Այս վեպը համայնապատկեր վեպ է, ինչպես որ համայնապատկեր կա Չարենցի «Երկիր Նաիրի», Մկրտիչ Արմենի «Երեւան», Մահարու «Այրվող այգեստաններ», Զարյանի «Անցորդը եւ իր ճամփան» գրքերում։ «Հրամանագիրքը» արարատցիների մասին չէ, ինչպես որ «Երկիր Նաիրին» վեպ չէ կարսեցիների մասին։ Փորձել եմ շարունակել մեր գրականության ավանդույթները։

-Գրքի սեղմագրում նույնպես նշվում է, որ պատմությունները հորինված են։ Գուցե նաեւ փորձում եք ավելորդ խոսակցությունների՞ց զերծ պահել գիրքը։

-Չեմ ուզում, որ գրական ստեղծագործությունը ենթարկվի մանր դիտարկումների։ Եթե նույնիսկ նախատիպեր կան, ընթացքում ինքնուրույն հատկանիշներ են ձեռք բերում։ Եվ ոչ փորձառու ընթերցողը կարող է ճիշտ չհասկանալ։ Կան նման օրինակներ, երբ հեղինակին մեղադրել են եղելությունը ճիշտ չներկայացնելու մեջ, չհասկանալով, որ իրականությունը փաստական ներկայացնելու խնդիր չկա, ընդհակառակը, գեղարվեստական ստեղծագործություն ստանալու խնդիր է դրված։

-Արգինե, Վանյա տատ, Շահեն Անանյան, Խաչյան-Հովհաննիսյան,Նուշիկ Օհանյան, Պերճ, Մանանա... Բավական մեծ թիվ են կազմում գրքի հերոսները։ Ի դեպ, շատ կենդանի են, մերօրյա։

-Հենց դա էի ուզում ստանալ՝ քաղաքի ընդգրկուն համայնապատկերը՝ ոչ թե ժամանակի, այլ տարածության առումով։ Սկզբում թվում էր՝առանձին հրամանագրերը ինքնուրույն ընթերցվելու հնարավորություն ունեն, բայց հետո միախառնվեցին, ամբողջացան, ինչպես որ տարածությունն ու ժամանակն են միախառնվում ու, ի վերջո, մեկ ամբողջություն կազմում վեպում։

-Հրամանագրերը (գրքի գլուխները) վերնագրված են։ Որոշ տառերի վրա գիծ է քաշված, ու երկու ձեւով են ընթերցվում։ Նույն երեւույթին փորձել եք տարբեր շեշտադրո՞ւմ տալ։

-Չոր հրամանագրերին գեղարվեստականացում հաղորդելու եւ ընթերցողին կողմնորոշելու խնդիրն է։ Հերոսուհու գաղափարի արտահայտությունն է նաեւ, որ հրամանագրքում փորձում է իր ապագա հրամանավեպը փնտրել, պաշտոնական տեքստի մեջ՝ թաքնված կյանքը։

-Հպանցիկ անդրադառնում եք նաեւ հեղափոխությանը։ Երեք հեղափոխություն տեսած Խաչյանի կյանքում վերջին հեղափոխությունը ոչինչ չի փոխում։ Այնինչ թվում էր՝ վարկերի մարում, թոշակների բարձրացում, անարդարության փոխարեն՝ արդարություն, պատերազմի փոխարեն՝ կյանք, արժանապատվություն ու խաղաղություն։

-Ինչ-որ առումով մեր իրականությունն է տեղ գտել, բայց նաեւ հեղափոխությունների հետ կապված մի տեսակ ձանձրույթ կա, որովհետեւ ցանկացած երկրում, ցանկացած ժամանակաշրջանում հեղափոխություններն ի հայտ են գալիս աննախադեպության շղարշով, բայց իրականում աննախադեպ գործընթացներ չեն։ Կարծում եմ՝ նաեւ անխուսափելի են, սերնդափոխության խնդիրն է, որ բերում է ընդվզումների, հեղափոխությունների։

-Անսպասելի զարգացումներ, շրջադարձային իրադրություններ չկան գրքում։ Ինչո՞վ է պայմանավորված այս հանդարտությունը։

-Մարզային կյանքն է ներկայացվում, իսկ մարզային կյանքում մեկ տարվա մեջ հարուստ իրադարձություններ, շրջադարձեր չեն լինում։ Մարտարվեստին բնորոշ կյանք, առհասարակ, Հայաստանում չկա։

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum


Հերոսուհին մի պահ ինքնասպանության մասին է մտածում, բայց այլ զարգացումներ են լինում։ Շատ ծեծված են սպանություններն ու ինքնասպանությունները վիպական տարածքում, ուզում էի ինքնուրույն մի բան ստացվի։

-Արգինեն, սկզբում ընդհանրական կերպար թվաց, բայց գիրքն ավարտելուց հետո հասկանում ես, որ սա գիրք է նաեւ Արգինեի՝ հրամանագրեր գրող աղջկա մասին։ Ո՞վ է Արգինեն։

-Այո, կարող ենք ասել, որ գիրքը նաեւ Արգինեի մասին է՝ կարճ ծամերով աղջկա, նրա ներաշխարհի, պոռթկացող հույզերի, անցյալից ազատվելու եւ ապագան հայտնաբերելու նրա ճիգերի մասին։ Մի քանի սյուներ կան, որի վրա վեպը ստեղծվում է․ մեկը գլխավոր հերոսն է, մյուսը՝ հրամանագրքի գաղափարը, եւ, ինչպես արդեն ասացի, քաղաքի համայնապատկերը։

-Գրում եք. «Քաղաք Արարատն ուր գնար, գյուղ Արարատը նրա հետ էր լինելու»...

-Վարչատարածքային բաժանումներն իրականում շատ բան են փոխել մարդկային հոգեբանության մեջ։ Գյուղերը հին են, ավելի հզոր ավանդույթ ունեն՝ ի տարբերություն մարզային քաղաքների, որոնց մեծ մասը խորհրդային տարիներին են ստեղծվել։ Ու մարզային խոշոր քաղաքները որքան էլ փորձում են գնալ դեպի կենտրոն, մեգապոլիսի չեն վերածվում, շրջապատված են գյուղերով։ Մի տեսակ քաղաքը ներկայացվում է որպես ոստան՝ գյուղերը շուրջը հավաքած։

-Փորձարարական վեպ կբնորոշեի՞ք «Հրամանագիրքը»։

-Առաջին գրքումս ավելի շատ էր փորձարարական շերտը։ Այս գրքում բանաստեղծականությունն է շատ։ Վերջերս ինձ թվում է՝ բանաստեղծ եմ, որ արձակ է գրում։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին