Աշոտ Մանուչարյան. Ամեն ժողովրդի պատմության մեջ գոնե մեկ անգամ իր շեփորը հնչում է - Mediamax.am

Աշոտ Մանուչարյան. Ամեն ժողովրդի պատմության մեջ գոնե մեկ անգամ իր շեփորը հնչում է
3055 դիտում

Աշոտ Մանուչարյան. Ամեն ժողովրդի պատմության մեջ գոնե մեկ անգամ իր շեփորը հնչում է


Կարդացեք նաեւ՝ Աշոտ Մանուչարյան. Պողոսից ու Պետրոսից բացի միշտ կգտնվի Կիրակոս

Աշոտ Մանուչարյանի հետ ևս մեկ հարցազրույց եմ ուզում հիշել ու հիշեցնել, որ 2013-ի հունվարի 18-ին էր: «Իրատես de facto» ակումբում ասուլիսից հետո և տպագրվեց «Մարդիկ ուզում են պահպանել հոգու աշխարհը, որ մտածեն վերադարձի մասին» մասին վերնագրով: Հարցերը համարյա նույն շրջագծում էին, բայց արդեն այլ շեշտադրումներով:

***

-25 տարի առաջ, երբ Ազատության դարձող հրապարակում շեփորը հնչում էր, բոլորը միակամվում էին։ Ձեր կարծիքով` շեփորը նորից լսելու ցանկություն կա՞:

-Ամեն ժողովրդի պատմության մեջ գոնե մեկ անգամ իր շեփորը հնչում է, երբեմն նաև մեկ անգամից ավելի: Բայց շատ հազվադեպ է, երբ հնչում է այդ մաքրությամբ ու հնչում է բոլորի համար: Մեր պատմության մեջ 88-ի պես իրողություններ շատ չեն, երբ երկիրն ու ժողովուրդն անցնում են իրենց գուցե բնորոշ, բայց թաքնված խորքայինին, կարևորին, երազին, որ մեկ էլ դառնում է կյանք: Շեփորը ի՞նչ էր ազդարարում: Կյանքում բարձրագույնը որոնող մարդկանց համար շեփորն ազդարարում էր այդ բարձրագույնի ձայնը: Ավանդապաշտին, որ ավանդույթի մեջ էր իր համար նվիրականը գտնում, ազդարարում էր այդ ամենանվիրականը: Հավատացյալին, որ սպասում էր Քրիստոսի երկրորդ գալուստին, վկայում էր, որ ժամանակներն արդեն մոտենում են: Եվ` այդպես տասնյակ տարբերակներ: Իսկ եթե այսօր հնչի՞: Ընդունեք, որ այս օրը այն օրերից կտրված է ոչ թե 25 տարով, այլ 25000 տարով, մի ամբողջ հավերժությամբ:

-Ինչո՞ւ հավերժություն գոյացավ մեր ու մեր միջև:

-Մարդու մեջ եղած արտամարդկայինը նրան փորձում է տանել հետ, որ չկայանա դեպի մարդ անցումը. սա պայմանավորված է մարդու էությամբ, նորին պիտի անցնես հաղթահարումի միջով: Սա վատ չէ, օբյեկտիվ իրականություն է:

-Ինչո՞ւ ազգայինը նահանջեց, և առաջին պլան եկան այլ իրողություններ:

-Չբաժանենք ազգային-ոչ ազգայինի. այն օրերի իրողությունները որքան ազգային, նույնքան համամարդկային էին:

-Սովորաբար կենցաղն է գամում գետնին, ինչո՞ւ առտնին հոգսերը համամարդկայինը մոռացրին:

-Կենցաղը միշտ կա և այդ պահին էլ կար, բայց չէր իշխում մարդուն: Մարդն էր իշխում կենցաղին, ոտքի էր կանգնել մարդը, ում մեջ մեծագույն ջերմություն կար, ով ներդաշնակություն էր փնտրում, գտնում ու հաստատում կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծագործող մարդն էր, համագործակցող, զգացող: Այն մարդը, որ այսօր համարյա բացակա է: Թերևս նաև օբյեկտիվ պատճառով` աշխարհն է այսպիսին, հսկայական է դիմադրությունը նոր մարդուն անցնելու ճանապարհին: Ինչո՞ւ 25-ը 25000 դարձավ: Նաև` աշխարհի ազդեցությամբ: Այն արժեքները, որ ներմուծվեցին, ընդհանուր ոչինչ չունեն 88-ի արժեքների հետ: Մոլորության մեջ հայտնվելուց հետո պարբերաբար դա անվանում ենք քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգ: Մեկ օրում մեր ժողովուրդը զարմանալի թռիչք ապրեց` դրսևորելով անցյալից իր մեջ կուտակված լավագույնը: Այդպիսի հարթակ որևէ մեկն աշխարհում այդ պահին չուներ: Այդ պատճառով էլ հիացմունքի ալիքներ էին գալիս աշխարհի բոլոր ծայրերից ու համագործակցության առաջարկներ: Ինչո՞ւ մենք կորցրինք, որովհետև որոշեցինք, որ կա քաղաքակիրթ մոդել, որը չէինք տեսել, որի մասին միայն լսել էինք և այդ մոդելով պիտի կառուցենք մեր կյանքը:

-Ի՞նչ է պետք առաջ գնալուն:

-Պիտի վերհիշենք մեր հարթակը` ո՞ւր էինք հասել, որտե՞ղ սխալվեցինք ու շեղվեցինք և նոր միայն շարժվենք առաջ:

-Մարդկությունը շատ դժվար է իր սխալներն ընդունում, առավել ևս դժվար է սխալները շտկում: Ինչպե՞ս գտնենք սխալի մեկնակետը:

-Մեր հասարակությունն այսօր բաղկացած է մարդկանցից, ովքեր առաջին հերթին ձգտում են նյութական բարիքների և պատրաստ են կործանելու ամեն ինչ և ամենքին` իրենց ձգտումներին խանգարելիս: Եթե նրանք պետական պաշտոնյա կամ քաղաքական գործիչ են, մղումը շատ վտանգավոր է դառնում. ավելանում են նաև ցանկությունները կատարելու հնարավորությունները: Այդ իմաստով մենք չունենք պետություն, որովհետև պետությունը ենթադրում է ընդհանրական գործերի ղեկավարում, այն, ինչ մենք ունենք, վարում է այս կամ այն անհատների գործերը, լծակներ, որ թույլ է տալիս ամեն ինչ յուրացնել կամ ցանկացածի պես բաշխել: Պատրանք է ձևավորվել, որ պատճառը այս ու այն անձերն են, այս մեկից ազատվենք, մյուսը նորմալ կլինի: Այդ վարակը շատ է տարածվել, իսկ 88-ին ճիշտ հակառակն էր, բայց ժողովուրդը 60-70 տոկոսով պահպանվել է, 25 տարում կյանքից հեռացել է նրանց գուցե մեկ երրորդը:

-Խնդիրը հեռացածները չեն, այլ ապրողների վերասերումը:

-Նույն մարդը 88-ին տնից բերում էր դեպի երկիր, հիմա երկիրը փորձում է տանել-
խցկել իր տուն: Ինչո՞ւ:

-Որովհետև կատարվեց արժեքային համակարգի փոփոխություն ոչ անհրաժեշտ ուղղությամբ: 88-ին ոչ միայն հարթակում, այլև հրապարակում որևէ մեկը այս պետության մասին չէր երազում:

-Մարդը փոփոխական է: Մենք տեսանք` մի ակնթարթում ինչ փոփոխություններ կատարվեցին այն ժամանակ, մի քանի օրում մարդը գտավ իր մեջ կուտակված ուժի, հզորության, արդարության, հավատի, սիրո` լավագույնի ճանապարհը, որից հետո վերադարձավ իր մեջ եղած կենդանականին և հիմա վարում է գիշատչի կյանք` ավելի ու ավելի զարգացնելով կենդանական որակները: Ի՞նչն է փոխում մարդուն: Մարդը կայուն չէ, նա դեռ չի հասել զարգացման այն աստիճանին, որ իր միջի առանցքն ամուր լինի, պատկերացումները` հստակ ու անխաթար: Բոլոր հասարակությունների մեջ կա շողուլի պայմանական համակարգ, կամերտոն, որը պահպանում է հիմնական ձայնը: Խորհրդային ժամանակներում կամերտոնը մտավորականությունն էր, որ որոշում էր` ինչն է լավ, ինչը` վատ, ինչը` լույս, ինչը` խավար: Ըստ էության` Արցախյան շարժման տերն էլ մտավորականությունն էր: Սկզբնական փուլում էլ հարթակում մտավորականությունն էր, երբ քաղաքական պահն ավելի խորացավ, մտավորականության մի մասը քաղաքականացավ և սկսեց շարժումը վարել, մյուս մասը թուլացրեց դերակատարումը: Այդ մտավորականությունը կատարեց մի կոպիտ սխալ` գնահատեց արևմտյան քաղաքակրթության մոդելը որպես լավագույնը մեր ժողովրդի համար:



Երբ Հնդկաստանն անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից, Լոնդոնը կայսերական ավանդույթով որոշեց նախկին գաղութի հետ պահպանել լավ հարաբերություններ և իր հովանավորչությունը տարածել Հնդկաստանի վրա: Մահաթմա Գանդիին հրավիրեցին Լոնդոն` արքունիք: Իր ազգային ավանդական սավանով փաթաթված, հողաթափիկներով Գանդին մտավ համաշխարհային հարստության կենտրոններից մեկը, նրան ընդունեց արքան և ասաց, որ իր ժողովուրդը ցանկանում է բարեկամական հարաբերությունները պահպանել Հնդկաստանի հետ: Արքան շեշտեց, որ Մեծ Բրիտանիան, լինելով ավելի քաղաքակիրթ երկիր, սպառման ավելի մեծ հնարավորություններ ունի, Հնդկաստանը լինելով ավելի աղքատ` սպառումը քիչ է, բայց իրենք կօգնեն, որ դառնա ավելի քաղաքակիրթ և ավելի շատ սպառելու հնարավորություն ունենա: Մահաթմա Գանդին պատասխանեց. «Բայց չէ որ ինչքան ժողովուրդն ավելի քաղաքակիրթ է, այնքան սպառումը քիչ է»: Շատերին թվում է` ինչքան ավելի քաղաքակիրթ ես, այնքան ավելի շատ տեղ ես զբաղեցնում ֆիզիկական աշխարհում արևի տակ: Մինչդեռ ինչքան ավելի քաղաքակիրթ ես, այնքան հոգու աշխարհում ես ավելի շատ տեղ զբաղեցնում, ավելի շատ ստեղծագործող ես, ավելի սիրով ես, ներդաշնակություն փնտրող, իսկ ֆիզիկական աշխարհում զբաղեցրած տեղդ` բնակարան, գույք ու կայք` նվազագույն են: Մարդկության պատմությունը դա է վկայում. ոչ մի խոշոր ուսուցչի, փիլիսոփայի մասին չես ասի, որ մեծահարուստ էր: Կրոնը ևս, որ ուսմունքը վերցնենք` քրիստոնեություն, իսլամ, բուդդայականություն, հաստատում է, որ իրերի բազմազանությունը խանգարում է մարդուն, ստրկացնում նրան: Քրիստոնյա Հայաստանը մոռացել է Քրիստոսի պատվիրանը` ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի անցքով, քան հարուստը Աստծո արքայություն կմտնի:

-Մարդը իդեալ է որոնում, որպեսզի իր գործողությունները բովանդակավորի, ո՞րն է մեր իդեալը:

-Իհարկե, լավ կլիներ, որ պայմանական ասած` արքա ունենայինք, և նա սահմաներ արժեքներ: Ո՞վ պիտի հաստատի: Կառավարի՞չը: Տարբերակ է: Մտավորականությո՞ւնը: Ավելի լավ տարբերակ է:

-Գործո՞ղ տարբերակ է:

-Մտավորականությունը կորցրել է կառավարման և իրավունքը, և կարողությունը, բոլորը կարծում են, թե արժեքները հաստատում են արքաները, օլիգարխները:

-Նկատեցի՞ք, որ գործածում եք «մտավորականություն» բառը, ոչ մտավորականներ, այսինքն` ինքներդ էլ արձանագրում եք, որ կա անդեմ զանգված, չկան կերպարներ, չկա մարդ, որ կստանձներ Ձեր պայմանական արքայի դերը և արժեքներ կսահմաներ: Այդպե՞ս է:

-Ոչ, այսօրվա աշխարհը ստեղծել է լծակներ, որոնք դժվարացրել են մտավորականության գործը: Եթե Ձեր ասելիքը դուրս է իշխող համակարգից, Դուք տեսանելի և լսելի լինելու հնարավորություն չունեք, որևէ լրատվամիջոց Ձեզ չի հրավիրի, ընդդիմադիր խոսք կլսեք, բայց հազարից մեկը կասի, որ գործող արժեքները սխալ են, որովհետև այդ արժեքները խիստ են պահպանվում:

-Բոլորն էլ գիտեն, որ ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է, ու հոգնել են, մարդիկ ուզում են ոչ թե լսել, որ սխալ է, այլ ուզում են լսել` ինչն է ճիշտ:

-Մենք վերհիշելու կարիք ունենք, 88-ին մենք ունեցել ենք մեր ճիշտը, որ վերափոխվող աշխարհը մեզնից օրինակում էր: Այսօր մենք չենք հասկանում` ինչ է նշանակում 0 հանցագործություն մի քանի տարի, երբ քրեական աշխարհն ինքն էր հանցագործության առաջ արգելք դնում: Ի՞նչ պիտի լինի, որ այսօր կյանքը նորմալ մարդկանց մղի հանցագործության, երբ հայտնվում են որևէ պաշտոնում: Մենք այն ժամանակ փոխեցինք մարդուն, փոխեցինք հասարակությունը, մենք ստեղծեցինք ընդհանրական գործերի կառավարման նոր տիպի պետություն, որ ծառայում էր ժողովրդին և ժողովրդի գործիքն էր: Մենք ունեինք ժողովուրդ, որն ինքը դարձել էր պետություն, կառավարման ֆունկցիան ժողովրդինն էր: Այսօր պարտավոր ենք վերականգնել այդ արժեհամակարգը, պարտավոր ենք համակարգերի մասին խոսակցություն սկսել:

-Որ արժեհամակարգը սխալ է և համակարգային փոփոխություններ են պետք, խոսում են բոլորը և անընդհատ, բայց ոչինչ չի փոխվում, նրանց խոսքը հնչում է, ինչպես բարձր սարերում սառնամանիքին հնչած խոսք, երբ ձայնդ կամ քամին է տանում, կամ թթվածին չկա, որ լսվի:

-Այսօրվա աշխարհը տարբերվում է տեղեկատվության հսկայական հոսքով: Եթե այսօր Քրիստոսը գար ու Լեռան քարոզը հնչեցներ, ֆուտբոլի խաղի և ԱՄՆ-ում հերթական փոթորկի արանքում կկորչեր: Շատ պետք է խոսել, ես «մտավորականություն» բառն օգտագործում եմ այդ իմաստով` մարդիկ, ովքեր համարում են, որ արժեհամակարգը շեղված է, հեղափոխությունն արժեհամակարգում է, ոչ թե այս կամ այն իշխանավորին տեղափոխելու մեջ, որովհետև բոլոր իշխանավորները կրում են աղճատված արժեհամակարգը: Երբ մեկն ապստամբում է ու խելագարված ասում` ինչու ես այսքան հարստություն կուտակում, խելագար ինքն է ճանաչվում, երբ ասում են 10, 100, և` ճանաչված մտավորականներ, մարդիկ, ում խոսքը հասարակության համար արժեք ունի, բոլորովին այլ իմաստ է ստանում:

-Հազիվ թե, Ձեր ասածն անելու համար չկա մթնոլորտ և չկա պահանջարկ, որ այդ մթնոլորտը ստեղծվի, սպասե՞նք մի 100 տարի:

-88-ի փետրվարի 10-ին էլ չկար մթնոլորտ, չկար պահանջարկ, շատախոսության ժամանակներ էին, նորանոր սկանդալներ էին բացահայտվում, բայց մեկ օրում ամեն ինչ փոխվեց, և հարթակում հավաքված բոլոր մտավորականների խոսքը հնչում էր, շողուլի բերող համակարգը ինտենսիվ աշխատում էր:

-Ինչո՞ւ կոտրվեց մեր կամերտոնը:

-Կամերտոնը կոտրված չէ, դեն է շպրտված, որովհետև նոր աշխարհում բոլորս ուզում ենք հաջողակ լինել: Այդ կեցվածքը բերում է խայտառակ վիճակ: Շատերը լքում են հայրենիքը, իրականում նրանք փորձում են հայրենիքը պահպանել, որովհետև հայրենիքը մարդու հոգում է, մարդիկ հեռանում են, որ իրենց մեջ կենդանի պահեն ճշմարտությունը, որը բախվում է իրականությանը և մեռնում: Մարդիկ ուզում են պահպանել հոգու աշխարհը, որ մի օր մտածեն վերադարձի մասին: Աշխարհն առաջիկայում լինելու է մեծագույն ցնցումների մեջ` կործանումի ու ձևավորումի, և լավ կլինի, որ մենք ուրիշ վիճակում լինենք:

-Ասողին լսող է պետք, լսողին ասող է պետք, մենք ասո՞ղը չունենք, թե՞ լսողը:

-Չունենք ասողը:

-Թե՞ լսողը, մենք տարբեր խրամատներում չե՞նք:

-Ասողի խնդիրն է այնպես խոսել, որ լսող ունենա, ինքն ավելին գիտի մյուսներից և ավելին իմանալով` պիտի հոգ տանի, որ դիմացինը, որ ծանր ճանապարհ է անցել, հոգնած ու բզկտված է, իրեն հասկանա: Չեն լսում, որովհետև վախենում են: Կործանվող աշխարհի դիմադրությունն էլ կա, բայց մենք հաղթելու ենք հաստատ, խնդիրը միայն ժամանակն է: Ժամանակի կորուստը բերելու է այլ կորուստներ:

-Ինչպե՞ս այդ կորուստները կասեցնել:

-Կարո՞ղ եք գտնել Հայաստանում մի ղեկավար, որ խոսի մի ամբողջականության անունից, որն ունակ է ամեն ինչ անելու, իսկ այն ժամանակ ամեն մի անհատը և բոլորը միասին գիտեին, որ չկա խնդիր աշխարհում, որ իրենք ունակ չեն լուծելու: Այսօր դա չկա:

-Չկա, որովհետև 88-ի ժողովուրդը տասնամյակների մեջ` հինգ տարին մեկ` սկսած Ստեփան Դեմիրճյանից մինչև Լևոն Տեր-Պետրոսյան, պարբերաբար կորցրեց հավատը: Մարդը զինվորի պես հրապարակում է գիշեր-ցերեկ, իր առաջնորդն իրեն տուն է ուղարկում կամ ինքն է տուն գնում: Այսօր հրապարակը թափուր է, հավատը վերականգնեք: Մարդիկ իրենց տանը ինչ են մտածում, վճռորոշ չէ, ճշմարտությունը ճշմարտություն դառնում է բարձրաձայնվելուց հետո, բարձրաձայնվելու տեղը դեռ հրապարակն է մնում: Հրապարակում հավաքված մարդկանց տուն ուղարկելուց հետո բարոյական իրավունք ունե՞նք այսօր նրանց մեղադրելու:

-88-ին եթե առաջնորդներից որևէ մեկը տուն գնար, կտխրեին, բայց հարթակը չէր դատարկվի:

-Այո, բայց այսօր ունենք Հայաստանի երրորդ Հանրապետություն` բոլորովին այլ իրավիճակ, որից պիտի բխեն մեր գործողությունները:

-Նոր իրավիճակում ֆունդամենտալ փոփոխություններ չեն եղել. եթե այն ժամանակ էլ ասվեր` ձեր աթոռներից վեր կացեք, մենք գալու ենք ավելի լավ կառավարելու, պատմությունն ավելի կարճ կլիներ, բայց այն ժամանակ դա չէր խոսակցությունը: Երբ խնդիրը կյանքն ավելի կատարյալ դարձնելն է, ոչ թե պաշտոնը, նորից հանգում ենք արժեհամակարգին: 88-ին դիմադրող իշխանավորը սկզբունքորեն դեմ չէր ասվածին:

-Իսկ այսօր դեմ է:

-Դեմ է, որովհետև համոզված է և հիմնականում ճիշտ է, որ ասողն ուզում է իր տեղը նստել ու նույնն անել: Արցախյան շարժման 25-ամյակին պետք է հիշել, որ կա ուրիշ կյանք, կյանքի ուրիշ ընկալում, արժեքային ուրիշ համակարգ, և դա հնարավոր է կյանքի կոչել արդեն իսկ մեր կյանքում:

***

…Եվ եղավ այնպես, որ ոչ Աշոտ Մանուչարյանի ասածը եղավ, ոչ՝ իմ: Ու չի բացառվում, որ նրան հանդիպելիս նույն հարցերը տամ:

Կարդացեք նաեւ՝ Աշոտ Մանուչարյան. Պողոսից ու Պետրոսից բացի միշտ կգտնվի Կիրակոս

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին