Ռուսաստանը Ադրբեջանին «ոչ» ասելու հնարավորություն չունի - Mediamax.am

5657 դիտում

Ռուսաստանը Ադրբեջանին «ոչ» ասելու հնարավորություն չունի


Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը Կրեմլում 2024թ․ ապրիլի 22-ին
Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը Կրեմլում 2024թ․ ապրիլի 22-ին

Լուսանկարը` REUTERS

Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը Կրեմլում 2024թ․ ապրիլի 22-ին
Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը Կրեմլում 2024թ․ ապրիլի 22-ին

Լուսանկարը` REUTERS

Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը Կրեմլում 2024թ․ ապրիլի 22-ին
Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը Կրեմլում 2024թ․ ապրիլի 22-ին

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք քաղաքագետ Կիրիլ Կրիվոշեեի Цена новой дружбы. Почему Россия так легко вывела миротворцев из Карабаха հոդվածի հայերեն թարգմանությունը:

Կիրիլ Կրիվոշեեւ

Ադրբեջանին հաջողվեց անել այն, ինչը մինչեւ վերջերս անհնար էր թվում հետխորհրդային տարածքում։ Բաքուն ոչ միայն հասավ Ղարաբաղից ռուս խաղաղապահների ժամկետից շուտ դուրսբերմանը, այլեւ համատեղեց այդ գործընթացը Իլհամ Ալիեւի Մոսկվա կատարած այցի հետ, որն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ ՌԴ իշխանություններն ու քարոզիչները չդատապարտեցին Ադրբեջանի ղեկավարին Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար, այլ ընդհակառակը, ամեն կերպ արդարացնում էին այդ քայլը։ Նրանք մեղավոր նշանակեցին Հայաստանի ղեկավարությանը եւ Նիկոլ Փաշինյանին, որը «ճանաչել է Ադրբեջանը 1991 թվականի սահմաններում» եւ վստահել է Բրյուսելին ու Վաշինգտոնին, ինչը, ըստ Կրեմլի տրամաբանության, լավ բանի բերել չի կարող։

Սակայն Ռուսաստանի եւ Ադրբեջանի այս ցուցադրական մտերմությունը ամենեւին չի նշանակում, որ նրանք այժմ մերձավոր դաշնակիցներ են, եւ Բաքուն պատրաստ է Մոսկվային փոխադարձ զիջումների գնալ։ Ավելի շուտ Կրեմլը հասկացել է, որ Ղարաբաղի հարցը փակված է եւ որոշել է չփչացնել հարաբերությունները հաղթողի հետ։ Իսկ Բաքուն այժմ ուղիղ երկխոսություն է հաստատում Երեւանի հետ, եւ առայժմ բավականին արդյունավետ:

Տեֆլոնային գործընկերը

Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ դիվանագիտական եւ ռազմական ջանքերի պատշաճ համադրմամբ հնարավոր է ոչ միայն դադարեցնել տարածքային հակամարտությունը Մոսկվայի կամքին հակառակ, այլեւ ժամանակից շուտ վերջ դնել ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Մինչեւ վերջերս թվում էր, որ եթե Մոսկվան ինչ-որ տեղ տեղակայում է իր խաղաղապահներին, նրանք այնտեղ մնում են գրեթե ընդմիշտ՝ լինի դա Աբխազիան, Հարավային Օսիան կամ Մերձդնեստրը։ Սակայն Ղարաբաղը ցույց տվեց, որ լինում են նաեւ հակառակ օրինակներ՝ երբ Ռուսաստանը ակնհայտորեն մտնում էր երկար ժամանակով, բայց ստիպված եղավ հեռանալ ժամանակից շուտ եւ անհասկանալի արդյունքներով։



Ավելին, Կրեմլն ամեն կերպ փորձում է համոզել թե՛ ռուս հասարակությանը, թե՛ արտաքին աշխարհին, որ ադրբեջանական կողմից բողոքներ չունի։ Մոսկվայի հավաստիացմամբ, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, զորախումբը կատարել է իր բոլոր խնդիրները, որոնցից գլխավորը խաղաղ բնակչության պաշտպանությունն էր, ուստի կարող է հեռանալ։ Եվ ընդհանրապես, դուրս գալու որոշումը, ըստ Պեսկովի, ընդունվել է համատեղ եւ կապված է ոչ թե ինչ-որ մեկի կամքի հետ, այլ «փոխված իրողությունների»։

Սակայն Ռուսաստանը համառորեն անպատասխան է թողնում այն հարցը, թե ով թույլ տվեց, որ այդ իրողությունները փոխվեն, եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով հայերի եւ ադրբեջանցիների միջեւ շփման գիծն ընդհանրապես չպետք է փոփոխության ենթարկվեր։ Ըստ էության, այն ամենը, ինչ տեղի էր ունենում Ղարաբաղում 2022 թվականի դեկտեմբերից ի վեր, հնարավոր դարձավ Ադրբեջանին խանգարելու Ռուսաստանի անկարողության պատճառով։ Եվ ամեն ինչ Փաշինյանի վրա բարդելու Մոսկվայի փորձերը դժվար թե որեւէ մեկին համոզիչ թվան։

Ռուսաստանն այն աստիճանի է փորձում խուսափել Ադրբեջանի հետ հարաբերություններում որեւէ տհաճությունից, որ նույնիսկ չհիշեց սեպտեմբերին զոհված խաղաղապահներին։ Ադրբեջանն ընդունել է իր մեղքը, Ալիեւը ներողություն է խնդրել, սակայն հետաքննության արդյունքները չեն հրապարակվել։

Ապրիլի 22-ին կայացած Ալիեւի այցը Մոսկվա նույնպես կառուցված էր այնպես, որ ոչինչ չհիշեցնի խաղաղապահների դուրսբերման մասին։ Փոխարենը հիմնական շեշտը դրվել էր Ադրբեջանի առաջնորդի հոր՝ Հեյդար Ալիեւի արժանիքների վրա, ով 50 տարի առաջ գլխավորում էր Բայկալ-Ամուրյան երկաթուղու կառուցման կառավարական հանձնաժողովը։ Խորհրդային ժամանակաշրջանի ժառանգների հանդիպման հովվերգական մթնոլորտը քննադատության տեղ չէր թողնում։

Եվ սա Ադրբեջանի հանդեպ ահռելի թվով դժգոյությունների ֆոնին, որոնք կուտակվել են նույնիսկ Կրեմլի հանդեպ լոյալ տրամադրված Z-հայրենասերների շրջանում։ Տելեգրամյան ալիքներն անընդհատ կշտամբում են Բաքվին Ուկրաինայի հանդեպ անթաքույց համակրանքի համար։ Անգամ կառավարամետ ադրբեջանական լրատվամիջոցներն են նյութեր են պատրաստում Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռվող ադրբեջանցի կամավորների մասին։ Վրդովմունք են առաջացնում նաեւ Ադրբեջանի կողմից Կիեւին զենք մատակարարելու եւ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի հետ տեղի ունեցող միջադեպերի մասին լուրերը։ Այդուհանդերձ, Ալիեւը մնում է Կրեմլի «տեֆլոնային» գործընկերը, որին Ռուսաստանի իշխանությունները որեւէ դժգոհություն չեն հայտնում։

Գրեթե առանց միջնորդների

Լրատվամիջոցների համար հովվերգական պատկերի եւ կուլիսներում մնացած իրական հակասությունների միջեւ այս հակասությունը օրինաչափ հարց է առաջացնում։ Ինչո՞ւ է Կրեմլը, որն այդքան խանդոտ է հետխորհրդային տարածքում իր ռազմական ներկայության հարցում, այդքան հանգիստ եւ նույնիսկ բարեհաճորեն արձագանքում այն փաստին, որ Բաքուն ակտիվորեն ապամոնտաժում է այդ ներկայության տարրերից մեկը։

Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը Կրեմլում 2024թ․ ապրիլի 22-ին Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը Կրեմլում 2024թ․ ապրիլի 22-ին

Լուսանկարը` REUTERS


Գիտակցելով ղարաբաղյան կարգավորման սեփական սցենարի փլուզումը, երբ ռուս խաղաղապահները պետք է գրեթե անորոշ ժամանակով մնային տարածաշրջանում, Մոսկվան ի սկզբանե փորձեց նոր կիրառություն գտնել իր զորախմբի համար Հարավային Կովկասում: Առանձին հայտարարություններից դատելով՝ քննարկվել էր այն Հայաստանում որպես ՀԱՊԿ երկարաժամկետ առաքելություն տեղակայման տարբերակը, սակայն Փաշինյանը հրապարակայնորեն հրաժարվեց ռուս խաղաղապահներին ընդունելուց։

Վերջինը, ինչով Ռուսաստանը փորձեց արդարացնել խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում, ականազերծումն էր։ Սակայն դա ակնհայտորեն այն խնդիրը չէ, որը երկու հազար մարդու եւ մոտ 400 միավոր տեխնիկայի ներկայություն է պահանջում։ 15-րդ առանձին հրաձգային բրիգադի զինծառայողների մեծ մասը, որտեղից խաղաղապահներ էին հավաքագրվել 2020 թվականին, արդեն վաղուց պատերազմում է Ուկրաինայում։ Ղարաբաղից դուրս բերվող մարդիկ եւ տեխնիկան, ամենայն հավանականությամբ, նույնպես ուկրաինական ճակատ կգնան։

Արդյունքում Ռուսաստանը ստիպված եղավ դուրս բերել իր զինվորականներին Ղարաբաղից՝ առանց Ադրբեջանի կողմից փոխհատուցում ստանալու։ Մոսկվան մեկուսացված է մնում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից։ Այո, Կրեմլը եւ Բաքուն կարող են գրեթե միաժամանակ կշտամբել Երեւանին Արեւմուտքի հետ մերձեցման փորձերի համար, սակայն Հարավային Կովկասում ռուսական դիվանագիտության ամրապնդման կամ ռուս-ադրբեջանական տանդեմ ստեղծելու նշաններ չկան։

Հայաստանի հետ սահմանամերձ չորս գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին պայմանավորվածությունները (դրանք պատկանում էին Ադրբեջանական ԽՍՀ-ին եւ բնակեցված էին եղել ադրբեջանցիներով, սակայն հիմնովին ավերվել էին առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ), ինչպես նաեւ սահմանային առաջին հենասյուների տեղադրումը տեղի էին ունեցել առանց Ռուսաստանի մասնակցության՝ ուղիղ երկխոսության շրջանակներում։ Նախորդ տարվանից հայ-ադրբեջանական կարգավորման հարցում հաստատված «ո՛չ Ռուսաստան, ո՛չ Արեւմուտք» մոտեցումը կայուն է թվում։

Առանց միջնորդների ձեռք բերված պայմանավորվածություններն առայժմ բավականին խելամիտ ու կենսունակ են թվում։ Չորս գյուղերի շուրջ սահմանի սահմանազատման ժամանակ կողմերը նախապես պատրաստակամություն էին հայտնել փոխանակել փոքր տարածքներ, որոնցով անցնում են կարեւոր ճանապարհներ (Հայաստանի համար կենսականորեն կարեւոր Երեւան-Թբիլիսի մայրուղին): Եթե փոխանակումը հաջող լինի, դա նշանակալի նախադեպ կդառնա։

Լավատեսություն է ներշնչում նաեւ այն կետը, որ կողմերը «սահմանազատման գործընթացում հիմնվելու են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա»։ Դա պետք է խանգարի Ադրբեջանին հետագայում դիմել 1940-ականների, 1950-ականների եւ 1960-ականների քարտեզներին, որոնցում Ադրբեջանական ԽՍՀ-ը տարածքն փոքր-ինչ ավելի մեծ էր:

Մյուս կողմից, Ադրբեջանը շարունակում է քննադատել Հայաստանին բանակն ուժեղացնելու ցանկացած փորձի համար եւ պատրաստ է պահում Զանգեզուրի միջանցքի թեման։ Այսինքն՝ Բաքուն եւ Երեւանն իսկապես առաջին անգամ պայմանավորվել են ինչ-որ օգտակար բանի շուրջ՝ առանց արտաքին օգնության, բայց կարող է պարզվել, որ դա պարզապես ժամանակավոր է եւ ցուցադրական, որից հետո կսկսվեն արդեն ծանոթ խնդիրները։

Սակայն կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական դերը ամեն դեպքում կթուլանա՝ չնայած Մոսկվայի ծիսական խոստումներին՝ հասնելու 2020 թվականի համաձայնագրերի իրականացմանը։ Հայաստանի վրա ճնշում գործադրելու ռուսական փորձերը՝ նրան վախեցնելով Ուկրաինայի ճակատագրով, դժվար թե օգնեն. Ադրբեջանը նույնպես չի ցանկանում Ռուսաստանին տեսնել միջնորդի դերում։

Վիրավորվածի ժեստ

Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկկողմ համագործակցությանը, այստեղ նույնպես չկան նկատելի զիջումներ, որոնք Բաքուն կաներ Մոսկվային՝ հանուն խաղաղապահների դուրսբերման։ Հավանաբար, Ուկրաինայում պատերազմը եւ Արեւմուտքում մեկուսացումը Ռուսաստանին հասցրել են մի իրավիճակի, երբ այն չի կարող իրեն թույլ տալ ռիսկի ենթարկել նույնիսկ համեմատաբար փոքր համատեղ նախագծերը հարեւանների հետ:
Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը Կրեմլում 2024թ․ ապրիլի 22-ին Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը Կրեմլում 2024թ․ ապրիլի 22-ին

Լուսանկարը` REUTERS


Օրինակ, Ադրբեջանի տարածքով ռուսական նավթի եւ գազի արտահանումը զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ Մոսկվան զրկվեց եվրոպական շուկաների մեծ մասից: Գազի դեպքում խոսքը տարեկան մոտավորապես 1 մլրդ խմ-ի մասին է։ Ձմռանը դա թույլ է տալիս Ադրբեջանին ավելի շատ գազ ուղարկել արտահանման՝ ներքին կարիքները ծածկելով Ռուսաստանից ներմուծված գազով։

Նախապատերազմյան 2021 թվականին Ռուսաստանը խողովակաշարերով արտահանել էր 206 միլիարդ խորանարդ մետր գազ, բայց պատերազմական ժամանակ արտահանման նույնիսկ նման համեստ աճը, ինչպես Ադրբեջանի դեպքում, կարեւոր է դառնում Մոսկվայի համար։

Նման իրավիճակ է նաեւ նավթի դեպքում։ Արեւմուտքի պատժամիջոցները շրջանցելու ուղիներ փնտրելով՝ 2023 թվականին Ադրբեջան ռուսական նավթի մատակարարումները քառապատկվեցին՝ հասնելով տարեկան 1,2 միլիոն տոննայի։ Կողմերը նաեւ պայմանավորվում են ընդլայնել նավթամուղը, որպեսզի այդ թիվը հասցվի 4 միլիոն տոննայի: Նույնիսկ այս դեպքում Ադրբեջանը իր վրա կվերցնի Եվրոպա նախապատերազմյան մատակարարումների ընդամենը մի քանի տոկոսը, սակայն հիմա Մոսկվայի համար նման ծավալն ավելի լավ է, քան ոչինչը։ Մանավանդ որ Ադրբեջանից նավթի եւ գազի առյուծի բաժինը արտահանվում է Թուրքիա, իսկ այս երկրի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեն Արեւմուտքի պատժամիջոցների համատեքստում։

Վերջապես, Ադրբեջանը Ռուսաստանի համար անփոխարինելի գործընկեր է դարձել դեպի Իրան եւ հետագայում Պարսից ծոցի նավահանգիստներ տարանցման համար: Պատահական չէ, որ «Հյուսիս-Հարավ» երկաթուղին եղել է Ալիեւի եւ Պուտինի վերջին բանակցությունների օրակարգի հիմնական կետերից մեկը։ Երկու նախագահների հանդիպումը ԲԱՄ-ը կառուցողների հետ եւս ակնարկում է, որ Ադրբեջանով անցնող երկաթուղին այսօրվա Ռուսաստանի համար պակաս կարեւոր չէ, քան ԲԱՄ-ը ԽՍՀՄ համար։


Մոսկվայի կողմից Անխոհեմ կլիներ վտանգի ենթարկել այս ամենը եւ ներքաշվել Բաքվի հետ հակամարտության մեջ, առավել եւս, որ Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունն ավելի շատ սկզբունքի հարց էր։ Անգամ եթե նրանք այնտեղ մնային մինչեւ 2025 կամ նույնիսկ մինչեւ 2030 թվականը, չէին կարող որեւէ ազդեցություն ունենալ տարածաշրջանի իրավիճակի վրա։ Ընդհակառակը, նրանց շարունակական ներկայությունը մշտական տհաճ հիշեցում կլիներ, որ Ռուսաստանը, չնայած Ղարաբաղում իր կոնտինգենտին, դադարել է որեւէ դեր խաղալ Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններում: Իսկ հիմա զինվորականների դուրսբերումը կարելի է ներկայացնել որպես վիրավորվածի ժեստ. Արեւմուտքին ծախված Փաշինյանը չգնահատեց Մոսկվայի հոգատարությունը եւ հիմա թող ինքը զբաղվի հետեւանքներով, մինչ Ռուսաստանն ու Ադրբեջանը միասին կառուցում են ապագայի տրանսպորտային միջանցքը։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին