Հարությունյանը, Գրիգորյանը, շեղումներն ու բարդույթները - Mediamax.am

Հարությունյանը, Գրիգորյանը, շեղումներն ու բարդույթները
2037 դիտում

Հարությունյանը, Գրիգորյանը, շեղումներն ու բարդույթները


Նախորդ շաբաթ մեր գրասենյակի մոտ ապամոնտաժում էին խանութի եւ ավտոմեքենաների վարձույթի սրահի վահանակները: Ավտոկռունկի վարորդ-աշխատակցի դեմքը շատ ծանոթ թվաց: Հաջորդ վայրկյանին հիշեցի՝ Հրաչյա Հարությունյանն է:

11 տարի առաջ, 2013 թվականի հուլիսի 13-ին Մոսկվայի մերձակայքում բեռնատարը, որի ղեկին Հրաչյա Հարությունյանն էր, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել էր մարդատար ավտոբուսին, որի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանին դատարանի դահլիճ էին բերել կանացի խալաթով, ինչը դժգոհության մեծ ալիք էր առաջացրել Հայաստանում:



Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այդ տարիներին սյունակներ էր գրում Մեդիամաքսի համար: Հրաչյա Հարությունյանը` ՌԴ իշխանությունների բարդույթների զոհ սյունակում նա գրել էր.

«Կանացի խալաթով Հրաչյա Հարությունյանին դատարան բերելը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները սեռահոգեբանական խանգարումներ ունեն` ինչպես ենթագիտակցական, այնպես էլ գիտակցական մակարդակում: Ռուսաստանի իշխանության մոտ նույնիսկ շեղված են պատկերացումները պատահարի մասնակից մարդու մասին: Իշխանությունները ոչ թե փորձել են Հրաչյա Հարությունյանին հանրությանը ներկայացնել որպես մարդ, ում մեքենայի անսարքության պատճառով ավտովթար է տեղի ունեցել, այլ վերջինիս, կանացի խալաթ հագցնելով, ենթագիտակցորեն ընկալել են նրան՝ որպես իրենց սեռական բարդույթները ցուցադրելու սուբյեկտ, եւ նման ձեւով էլ ներկայացրել նրան հանրությանը: Հրաչյա Հարությունյանի հանդեպ նման վերաբերմունքը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները շեղված պատկերացումներ ունեն անհատի մասին»:

Անցան տարիներ:

Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում դատապարտվեց 6 տարի եւ 9 ամիս ազատազրկման: 2017 թվականի ամռանը, Ռուսաստանում անազատության մեջ 4 տարի անցկացվելուց հետո, տեղափոխվեց Հայաստան՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: Հիմա, ինչպես ասացի, ավտոկռունկ է վարում:

Արմեն Գրիգորյանն արդեն 6 տարի է Հայաստանի գլխավոր իշխանավորներից է եւ համակարգում է արտաքին եւ անվտանգային քաղաքականության «դիվերսիֆիկացումը»՝ փաստացի պայքարելով Ռուսաստանի իշխանությունները «շեղված պատկերացումների» դեմ:

Հայաստանի իշխանությունների պատկերացումներում եւ գործողություններում նա շեղումներ եւ բարդույթներ, իհարկե, չի նկատում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին