Եպիսկոպոսները եւ թեմակալ առաջնորդները կոչ են արել հրաժարվել պարտվողական գործելաոճից - Mediamax.am

1839 դիտում

Եպիսկոպոսները եւ թեմակալ առաջնորդները կոչ են արել հրաժարվել պարտվողական գործելաոճից


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եպիսկոպոսները եւ թեմակալ առաջնորդներն այսօր հայտարարել են, որ «վերջին շրջանի զարգացումները կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանություններն Արցախի լիակատար հայաթափման եւ ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

 

«Եկեղեցին միարժեքորեն ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները: Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլեւ աղետաբեր: Հայրենի հողի շուրջ սակարկումները եւ չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։

 

Տեւական ու ամուր խաղաղություն հնարավոր է կերտել ազգային արժանապատվության եւ իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի դրսեւորման եւ փոխադարձության սկզբունքի պահպանման պայմաններում:

 

Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից եւ ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջեւ։

 

Կոչ ենք ուղղում նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին` այդ թվում եւ պետական պաշտոնատար անձանց` համախմբվել եւ համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին