Փաշինյան. Մեր ինքնիշխանության ամրապնդման համար երեկ դրվել է կարեւոր անկյունաքար - Mediamax.am

1934 դիտում

Փաշինյան. Մեր ինքնիշխանության ամրապնդման համար երեկ դրվել է կարեւոր անկյունաքար


Լուսանկարը` https://thevelvetrocket.com/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ սահմանազատման գործընթացը համարում է մեծ հաջողություն:

«Մեր ինքնիշխանության եւ անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար երեկ դրվել է մի շատ կարեւոր անկյունաքար:

 

Մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն էականորեն մեծացնելու է անվտանգության եւ կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլեւ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ողջ սահմանի երկայնքով:

 

Սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին»,- կառավարության նիստում ասել է Փաշինյանը:

 

Նա նշել է, որ «սկզբունքային էր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ Ալմա Աթայի հռչակագրով սահմաններն ենք վերարտադրում».

 

«Մենք որդեգրել ենք շատ կարեւոր սկզբունք՝ սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։ Եթե մենք գնայինք տրամաբանությամբ, որ սկզբունքից շեղվելով՝ նոր սահմանագիծ պետք է ստեղծել, դա նշանակում է՝ ստեղծում ենք էսկալացիայի եւ ռազմական բախումների հարատեւ աղբյուր: Այս սկզբունքի ամրագրմամբ, եթե էսկալացիոն կոնտեքստը դուրս չենք բերել, ապա գոնե էականորեն նվազեցրել ենք»:

Նա նաեւ մանրամասներ է ներկայացրել սահմանազատման բուն գործընթացից՝ նշելով, որ Բերքաբերում խնդիր չկար.

 

«Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց գործնականում պարզվեց, որ խնդիրներ չկան, Ոսկեպարում Սուրբ Աստվածածին եկեղեցու առումով խնդիրներ չունեցանք, որովհետեւ, եթե չեմ սխալվում, բավականին մեծ տարածություն կա եկեղեցու եւ սահմանագծի միջեւ:

 

Որոշակի խնդիրներ կարող են լինել Կիրանցի հատվածում, որովհետեւ որդեգրել ենք սկզբունք, որ սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։ Այնտեղ, որտեղ կողմերը կհամարեն, որ կոմպրոմիսների խնդիր կա, երկրներն իրենց օրենսդրությունների համաձայն կքննարկեն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին