Սերժ Թանգյանն ու Հայաստանը՝ 12 հարց ու պատասխան - Mediamax.am

exclusive
28562 դիտում

Սերժ Թանգյանն ու Հայաստանը՝ 12 հարց ու պատասխան


Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Mel Melcon/ Los Angeles Times

Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Mel Melcon-Los Angeles Times

Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Քանի որ Սերժ Թանգյանը հետեւում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին եւ ոմանք ակնկալում են, որ նա պետք է դառնա դրանց անմիջական մասնակիցը, «Պարզաբանում» խորագրի հերթական թողարկումը նվիրել ենք System of a Down-ի երգչին:

 

1.    Արդյո՞ք հանդիպել են Սերժ Թանգյանն ու Սերժ Սարգսյանը:

 

Այո, հանդիպել են: Նրանց առաջին եւ, ամենայն հավանականությամբ, միակ հանդիպումը կայացել էր 2011 թվականի օգոստոսին՝ Թումո նորաբաց կենտրոնում:

 

Նախագահի մամուլի ծառայությունն այդ հանդիպման մասին հաղորդագրության մեջ մեջբերել էր Թանգյանի խոսքերն այն մասին, որ հնարավոր է՝ մոտ ապագայում Հայաստանում կայանա System of a Down խմբի համերգը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Հանրապետության ղեկավարը Սերժ Թանգյանին մաղթել է ստեղծագործական հետագա հաջողություններ եւ շնորհակալություն հայտնել նրա հայանպաստ գործունեության համար», - ասված էր հաղորդագրության մեջ:

 

System of a Down-ի համերգը կայացավ այդ հանդիպումից 4 տարի անց՝ 2015 թվականի ապրիլի 23-ին:

 

 

2.    Ի՞նչ են գրել միմյանց Սերժ Թանգյանն ու Սերժ Սարգսյանը:

 

2013 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած նամակագրության բոլոր մանրամասները կարդացեք այս հղումով:

 

3.    Ի՞նչ հայտարարություններ է արել Թանգյանը Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ:

 

2015 թվականի հունիսին Սերժ Թանգյանն արձագանքել էր #ElectricYerevan շարժմանը: Նա ասել էր, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է, իսկ «նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:

 

2013 թվականի դեկտեմբերին Սերժ Թանգյանը անդրադարձել էր Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին` հիշատակելով նաեւ Հայաստանը.

 

«Ուկրաինան, ինչպես եւ Հայաստանն ու բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները, արժանի է իրական անկախության ոչ միայն Ռուսաստանի ազդեցության գոտուց, այլեւ Արեւմուտքի մարտավարական եւ շուկայական մանիպուլյացիաներից»:

 

4.    Ի՞նչ երգ է նվիրել Թանգյանը «Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին»:

 

2013 թվականի մարտին Սերժ Թանգյանը հայտնել էր, որ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը.

 

 

«Ցանկանում եմ նվիրել այդ երգը Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին», - ասել էր Թանգյանը:

 

5.    Ո՞ր քաղաքական գործչին է սատարել Թանգյանը:

 

2012 թվականի հոկտեմբերի 1-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի պատվո խորհրդի անդամներ Սերժ Թանգյանն ու Ատոմ Էգոյանը հանդես էին եկել հայտարարություններով՝ Վարդան Օսկանյանի գործի կապակցությամբ:

 

«Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի», - ասված էր Սերժ Թանգյանի ուղերձում:

 

6.    Ի՞նչ պարգեւ է Հայաստանում ստացել Սերժ Թանգյանը:

 

2011 թվականի օգոստոսին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Թանգյանին պարգեւատրել էր ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

7.    Ի՞նչ էր ասել Թանգյանը շփման գծի իրավիճակի մասին:

 

2014 թվականի օգոստոսին Սերժ Թանգյանն ասել էր, որ սատարում է շփման գծում տեղի ունեցող միջադեպերի միջազգային հետաքննության մեխանիզմի գաղափարը եւ մեջբերել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերը.

 

«Մերժելով միջազգային հանրության առաջարկները միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման մասին, Ադրբեջանն իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը հրադադարի խախտումների համար»:

 

Երաժիշտը նաեւ ասել էր, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնագիր չկա, Հայաստանն ու Ադրբեջանը շարունակելու են ռազմական եւ ֆինանսական դժվարություններ կրել եւ «ավելի խորը ներքաշվել կոռումպացված քաղաքական գործընթացների մեջ՝ կախված լինելով այս կամ այն գերտերությունից»:

 

8.    Ի՞նչ կապ ունի Թանգյանը «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հետ:

 

2016 թվականի սեպտեմբերին Սերժ Թանգյանը, կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նախաձեռնել էին «Արդարություն Հայաստանում» արշավը, որի նպատակն էր նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին:

 

2016 թվականին՝ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հետագա քայլերին նվիրված քննարկման ժամանակ, Սերժ Թանգյանն ասել էր.

 

«Մեր ամենամեծ մարտահրավերը սփյուռքահայությանը հայաստանյան զարգացումներին մաս դարձնելն է»: Հարցին, թե հնարավոր է արդյոք Հայաստանում նոր համերգի կազմակերպում՝ համախմբման կոչով, Սերժ Թանգյանը պատասխանել է. «Ամեն ինչ կարելի է: Մի բան պետք է մտածենք: Ներշնչանք է պետք»:

 

9.    Ե՞րբ է Սերժ Թանգյանը վերջին անգամ այցելել Հայաստան:

 

Սերժ Թանգյանը, Ատոմ Էգոյանը եւ Արսինե Խանջյանը Հայաստան էին եկել 2017 թվականի ապրիլի սկզբին՝ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

 

Սերժ Թանգյանն Երեւանում ասել էր.

 

 «Հայ ժողովուրդը առավել քան երբեւէ պետք է գիտակցի իր ձայնի կարեւորությունը:

 

Մենք եկել ենք այստեղ հայ ժողովրդին ներշնչելու համար, որ իրենք հասկանան իրենց ձայնի կարեւորությունը։ Մեր այս քայլով ցանկանում ենք պայքարել Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների դեմ։ Հանրության շրջանում անարդարության նկատմամբ անտարբերությունը պետք է դադարեցվի»:

Սերժ Թանգյանը Սերժ Թանգյանը

 

Սերժ Թանգյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանն ու Էրիկ Նազարյանը 2017 թվականի ապրիլին եղել էին նաեւ Արցախում ու դիմել էին աշխարհի բոլոր արվեստագետներին՝ կոչ անելով «այցելել Արցախ եւ դառնալ խաղաղության ու համերաշխության գործընկերներ»։

 

Նրանք ընդգծել էին, որ Արցախում ապրող «հազարավոր երեխաներ ու երիտասարդներ զրկված են ստեղծագործելու եւ արարելու իրենց իրավունքից, քանի որ երկիրը դեռեւս մնում է շրջափակված, իսկ զինադադարը՝ փխրուն»:

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն

10.    Ինչո՞ւ Թանգյանը չի սիրում Monsanto-ն:

 

2017 թվականի աշնանը Սերժ Թանգյանը Հայաստանին կոչ էր արել «հեռու մնալ» ամերիկյան Monsanto ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է համարվում:

 

«Monsanto թունավորել է մեր շրջակա միջավայրը՝ մեծապես նպաստելով մեղուների ոչնչացմանը: Նրանց կողմից մշակված գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները օրգանիկ սննդի վերջն են նախանշում: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Monsanto հայտնի է որպես չարիքի կորպորացիա՝ իր վարվելակերպի համար», - ասել էր Թանգյանը:

 

11.    Թանգյանի ո՞ր գաղափարի մասին լուր չկա:

 

2017 թվականի հունիսին Սերժ Թանգյանն ասել էր, որ մտադիր է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն կազմակերպել:

 

Նա հույս էր հայտնել, որ Հայաստանը հնարավոր կլինի ինտեգրել եվրոպական ամառային փառատոնների ծրագրերում, ինչը հնարավորություն կտա արեւմտյան խմբերին այցելել նաեւ Երեւան: «Միշտ երազել եմ Հայաստանում նման միջազգային փառատոն հիմնելու մասին», - ասել էր Թանգյանը:

 

12.    Ինչո՞ւ է Սերժ Թանգյանը ատում վերնագրերը:

 

«Բոլորը վերնագրեր են փնտրում: Ես ատում եմ դա: Ատում եմ, երբ ինչ-որ բան են վերցնում եւ պարզապես առաջնորդվում դրանով: Առանց ճշտելու մի վերցրեք հարցազրույց, որն արվել է 5 ամիս առաջ եւ թարգմանվել է ռուսերենից», - ասել է Սերժ Թանգյանը 2017 թվականի դեկտեմբերին Rolling Stone-ի հետ հարցազրույցում:

 

Պատրաստել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին