Հպարտ ու խենթ հայերի ժամանակը - Mediamax.am

Հպարտ ու խենթ հայերի ժամանակը
50835 դիտում

Հպարտ ու խենթ հայերի ժամանակը


Հաջորդ տարի Հայաստանում կծնվեն շատ երեխաներ: Նրանք շատ ազատ են լինելու: Անգամ ավելի ազատ, քան իրենց ծնողները, որոնք Անկախության սերունդն են:

Այդ երեխաների մեջ կլինեն այնպիսիք, որոնք դառնալու են ազգի սերուցքը եւ 20-30 տարի հետո մեզ հպարտության բազմաթիվ պահեր են պարգեւելու: Այդ երեխաների ծնողները այն հրաշալի երիտասարդներն են, որոնք 2015 թվականի ապրիլին Կանյե Վեստի եւ System օf a Down-ի ստեղծագործ խենթության եւ ազատության ոգով ներծծված համերգներից հետո գիշերը տուն եկան եւ զբաղվեցին սիրով: Զբաղվեցին սիրով, որպեսզի ստացված աննկարագրելի դրական լիցքերը վերածեն նոր սերնդի, նոր մարդկանց, նոր Հայաստանի, նոր կյանքի, նոր ապագայի:

Մենք շատ փոխվեցինք վերջին երկու ամիսների ընթացքում՝ հոգնեցինք զոհ լինել եւ հասկացանք, որ կարող ենք հպարտ լինել:

Երբ մարտի 10-ին Նյու Յորքում Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Վարդան Գրիգորյանը գործարկում էին «100 կյանք» նախաձեռնությունը, դժվար թե պատկերացնեին, որ #BeArmenian, #BeAlive նշանաբանն այդքան հարազատ կդառնա հազարավոր հայերի համար եւ շատերի մտածողության փոփոխության պատճառ կդառնա:

Սովորեցինք մի փոքր ավելի հանդուրժող լինել: Շատերս անկեղծորեն սիրեցինք Քիմ Քարդաշյանին, նրա քույրերին, փոքրիկին ու Քանյե Վեստին: Սկսեցինք աստիճանաբար հասկանալ, որ մեր ուժը այն տարբերությունների մեջ է, որոնք կան մեր մեջ: Ինչպես Ռալֆ Յիրիկյանն է ասում, պետք է մեկտեղենք այդ տարբերությունը`«հարուստ խառնուրդ» ստեղծելու համար:
 
Քիմ Քարդաշյանը ցույց տվեց, որ իր հայրը, միշտ օտարության մեջ ապրելով, կարողացել է այնպիսի ազգային արժանապատվություն ներարկել իր զավակներին, որն ավելի թանկ ու գնահատելի է, քան շոու-բիզնեսին ուղեկցող հակասական երեւույթները: Քանյե Վեստը իր խելահեղ համերգով եւ Կարապի լճում լողանալով շատ բան արեց մեր լավատեսության հորիզոնը ընդլայնելու եւ հին ազգերին բնորոշ միայն ռացիոնալ քայլեր անելու սովորույթը մի պահ մոռանալու համար: Հասկացանք, որ մենք էլ կարող ենք լինել ազատ, երջանիկ, մի քիչ էլ՝ գիժ:

Ֆրանցիսկոս Պապը շարունակեց Կանյե Վեստի սկսած գործը: Ֆրանցիսկոս Պապը ապացուցեց, որ անգամ Realpolitik-ի դարում Մարդն է որոշիչը: Մարդն է որոշում. արդյո՞ք կարելի է հարյուր հազարավոր հայ մանուկների դահիճների արարքները բնորոշելու համար բառախաղով զբաղվել, թե պե՞տք է Մարդ մնալ: Տեսնելով Ֆրանցիսկոս Պապի կեցվածքը, հասկացանք, որ միայնակ չենք ու պետք է ուժեղ  լինենք ու իրագործենք այն հարյուր հազարավոր մանուկների երազանքները, որոնք սպանվեցին 100 տարի առաջ:

Մենք, մեր զավակները եւ մեր թոռները այդ երազանքները իրականություն ենք դարձնելու:

100 տարի առաջ նահատակված մանուկների հոգիները անձրեւի այն կաթիլներում էին, որոնք երեկ թափվում երկնքից մեզ վրա System of a Down-ի համերգի ժամանակ: Բոլորս վերցրեցինք մեր բաժինը. բեմում կանգնած չորս հպարտ հայերը եւ հրապարակում կանգնած տասնյակ հազարավոր հպարտ հայերը:

Իսկապես շատ փոխվեցինք այս երկու ամիսների ընթացքում: Հասկացանք, որ System of a Down-ի համերգի ֆանտաստիկ գաղափարի հեղինակ Վիգեն Սարգսյանը, Հայաստանի իշխանություններին քննադատելուց  չխորշող Սերժ Թանգյանը, ապագան 20-25 տարի առաջ տեսնող Ռուբեն Վարդանյանը, Երուսաղեմի հայկական եկեղեցում դստերը կնքող Քիմ Քարդաշյանը, Հանրապետության հրապարակում պարող հազարավոր պայծառ ու գեղեցիկ տղաներն ու աղջիկները, անսպասելիորեն բարեհամբույր ու նրբանկատ ոստիկանները՝ բոլորս «մենք» ենք:

Եթե տարիներ առաջ մեկն ասեր, որ ապրիլի 24-ից ժամեր առաջ տոն ենք անելու Հանրապետության հրապարակում, նրան սրբապիղծ ու մոլագար կանվանեինք: Բայց երեկ մենք տոն արեցինք: Մեր ոգու տոնը: Մեր ուժի տոնը: Մեր ապագայի տոնը: Այն մանուկների տոնը, որոնք ծնվելու են այս օրերի խելահեղ սիրո արդյունքում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին