Սերժ vs Սերժ. անուղղակի շփման պատմությունը - Mediamax.am

exclusive
22088 դիտում

Սերժ vs Սերժ. անուղղակի շփման պատմությունը


Լուսանկարը` Photolure/Teamrock


Ապրիլի 18-ին երեկոյան ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց Հանրապետության հրապարակում ընթացող Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ուղիղ հեռարձակման հղումը: Նաեւ գրառում արեց այն մասին, որ «Հայաստանում վերջապես մի անհավատալի բան է տեղի ունենում»:

 

Սերժ Թանգյանը նաեւ դիմեց Սերժ Սարգսյանին. «Թող վիրավորական չհնչի, բայց դուք մեր հայրը չեք, մենք էլ ձեր երեխաները չենք: Դուք ծառայել եք Հայաստանի ժողովրդին եւ այլեւս հարգված եւ կենսունակ առաջնորդ չեք»:

 

Քանի որ Սերժ Թանգյանն առաջին անգամ չէ դիմում Սերժ Սարգսյանին, որոշեցինք վերհիշել 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրենց նամակագրությունը:

 

2013 թվականի փետրվար 26-ին հրապարակվեց Սերժ Թանգյանի նամակը Սերժ Սարգսյանին:

 

«Հարգելի Պարոն Նախագահ, 

Շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե` ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների հաղորդումներին կեղծիքների մասին` անկախ ԵԱՀԿ զեկույցից, գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեր համար, պարոն Նախագահ, իմանալ` արդյո՞ք ստացել եք ձայների մեծամասնությունը, թե ոչ:

Բավականին ծիծաղելի է ստացվում այնպես չէ՞, որ Դուք, Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՞ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը, թե՞ ոչ: Անձամբ ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի առաջնորդել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեին այդ ընտրությունը:

Այլապես ես կտիրանայի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր, կամ որևէ այլ ածականներ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել եւ օլիգարխների խավիարը վերջացել է, եւ նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանան: Ինչեւէ, ժամանակն է փոփոխության: Ազնվորեն եք հաղթել, թե ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից Նախագահն եք», - ասված էր նամակում:

 

«Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, ներքին թշնամիներ են եւ պետք է պատժվեն: Դա պետք է Ձեր պարտքը լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաեւ պետք է մտածեք խորհրդարանը լուծարելու եւ առաջին հայ ռեֆորմիստ Նախագահը դառնալու մասին, որն անում է ամեն ինչ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար եւ ներկայացուցչական կլինեն», - գրել էր երաժիշտը:

 

Որքան էլ անսպասելի էր, Հայաստանի նախագահը ոչ միայն պատասխանեց Թանգյանին, այլեւ արեց դա շատ արագ՝ իր նամակը հրապարակվեց ժամեր անց՝

2013 թվականի փետրվար 26-ին:

 

Սերժ Սարգսյանն իր նամակը սկսել էր այսպես.

 

«Սիրելի՛ Սերժ,

Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: 

Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնու՞մ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու»:

 

Իր ծավալուն պատասխան նամակում Հայաստանի նախագահը գրել էր.

 

«Սա պետություն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի պետությունն է: Փոքրիկ Սերժինն ու Հովհաննիսյանների ընտանիքի հրաշալի զավակներինն է: Մեր բոլոր զավակներինն ու թոռներինն է: Մենք ունենք դրախտավայր-Հայրենիք ու պարտավոր ենք ամուր պետություն կառուցել: Միասի՛ն, Սե՛րժ: Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան Bellum omnium contra omnes կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի. Եվ «ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն», Սե՛րժ»:

 

Սերժ Սարգսյանը նաեւ մի ակնարկ էր արել իր նամակում.

 

«Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երեւանի կենտրոնի թանկարժեք գրասենյակում նստած, անգամ շատ երկար: Հայաստանը կարելի է զգալ դարերի իր երթը շարունակելու համար կռիվ տվող փոքրիկ գյուղի քարքարոտ հողին կանգնած եւ տղաների շիրիմների ծաղկաթփերի կանաչից»:

 

Ամենայն հավանականությամբ, «Երեւանի կենտրոնի թանկարժեք գրասենյակ» ասելով, նախագահն ի նկատի ուներ Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամը՝ անկարկելով արտաքին գործերի նախկին նախարարի ու իր թիմակիցների կապերը Թանգյանի հետ:

 

Հաջորդ օրը, 2013 թվականի փետրվարի 27-ին հրապարակվեց Սերժ Թանգյանի երկրորդ նամակը Սերժ Սարգսյանին, որտեղ, մասնավորապես, ասված էր.

 

«Ինձ համար մեծ պատիվ է այն, որ Դուք պատասխանեցիք իմ նամակին: Ճիշտն ասած, ես չէի սպասում, որ Դուք կպատասխանեք` նկատի ունենալով իմ կողմից արտահայտված խիստ քննադատությունը: Այն փաստը, որ Դուք պատասխանեցիք, շատ ոգեւորող է:  Հարգելով Ձեզ, թույլ տվեք նկատել, որ Դուք հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին եւ չանդրադարձաք իմ նախկին նամակում բարձրացրած խնդիրներին:

 

Կարծում եմ, որ Դուք մեծ աշխատանք եք կատարել Հայաստանի սահմանները ապահովելու գործում Ղարաբաղյան պատերազմից առաջացած չափազանց զգայուն եւ բարդ իրավիճակում: Եթե հիշում եք, ես գնահատել եմ Ձեր ջանքերն այդ հարցում մեր անձնական հանդիպման ժամանակ: 

Այնուհանդերձ, անվտանգությունը հարկավոր չէ վերածել քավության նոխազի մեր հայրենիքում ուշադրությունը անհավասարությունից եւ անարդարությունից շեղելու նպատակով»:

 

Այս նամակին եւս Սերժ Սարգսյանը պատասխանեց նույն օրը՝ 2013 թվականի փետրվարի 27-ին, սակայն իր մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի միջոցով եւ շատ ավելի հակիրճ:

 

News.am-ի հետ հարցազրույցում Արմեն Արզումանյանը, մասնավորապես, ասել էր.

 

«Սերժ Սարգսյանը ծանոթացել է Սերժ Թանգյանի երկրորդ նամակին: Ինչպես արդեն իր պատասխանում նշել էր  Հանրապետության ղեկավարը, ինքը նույնակարծիք է պարոն Թանգյանի բարձրացրած հարցերի գերակշիռ մեծամասնության հետ, ինչի մասին բազում առիթներով հնարավորություն է ունեցել հրապարակավ արտահայտվելու: Նախագահը համարում է, որ նախընտրական շրջանում ասվել է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ ու հիմա արդեն գործելու ժամն է: Ու բոլոր հարցերի պատասխանները պետք է արդեն փոփոխվող իրականությունը տա»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին