Միսաք Մանուշյանն ու Քյամիլ Զեյնալին, սերն ու մարդակերները - Mediamax.am

Միսաք Մանուշյանն ու Քյամիլ Զեյնալին, սերն ու մարդակերները
16685 դիտում

Միսաք Մանուշյանն ու Քյամիլ Զեյնալին, սերն ու մարդակերները


Նախագահ Ալիեւ,

Փետրվարի 21-ին վաղ առավոտյան Մոսկվայում ձերբակալեցին Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող «ֆիթնեսի մարզիչ» Քյամիլ Զեյնալիին, որին իմ երկիրը մեղադրում է ռազմական հանցագործությունների համար: Վստահ եմ, որ հենց ձեր ջանքերի շնորհիվ ռուսական կողմը «մարդասիրություն ցուցաբերեց» եւ նույն օրը երեկոյան ազատ արձակեց ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվողին:

Փետրվարի 21-ի երեկոյան Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփեցին Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի եւ նրա տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները:




Միսաքը 9 տարեկան էր, երբ նրա հայրն ու մայրը զոհվեցին 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ: 1925 թվականին Ֆրանսիա տեղափոխված Միսաքը Երկրորդ Աշխարհամարտի տարիներին միացավ ֆրանսիական Դիմադրության Շարժմանը: 1943 թվականին նրա ղեկավարած խումբը ավելի քան 30 գործողություն իրականացրեց նացիստների դեմ: Նրանք ոչնչացրեցին Փարիզի պարետ գեներալ ֆոն Շամբուրգին, որն անձամբ էր պատասխանատու մարդկանց զանգվածային գնդակահարությունների համար: 1943 թվականի նոյեմբերին գերմանացիները ձերբակալեցին Միսաքին, իսկ 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկեցին՝ իր խմբի 21 անդամների հետ:

2024 թվականի փետրվարի 21-ին Միսաք Մանուշյանը ամփոփվեց Պանթեոնում՝ Վիկտոր Հյուգոյի, Ժան-Ժակ Ռուսոյի, Էմիլ Զոլայի, Ալեքսանդր Դյումայի կողքին:

Վստահ եմ՝ կանեք ամեն ինչ, որ Քյամիլ Զեյնալին հայտնվի քնած հայ սպային կացնով սպանած եւ ձեր եռանդուն ջանքերով Ադրբեջան վերադարձված Ռամիլ Սաֆարովի, ինչպես նաեւ 2016 թվականին Քյարամ Սլոյանին գլխատած այն «սպայի» կողքին, ում անձամբ պարգեւատրեցիք:

Նախագահ Ալիեւ,

Փետրվարի 21-ին Պանթեոնում Միսաք Մանուշյանին եւ նրա տիկնոջը նվիրված Էմանյուէլ Մակրոնի ելույթի առանցքում սերն էր ու ազատությունը: Նկատե՞լ եք, որ ձեր ելույթներում երբեք չեք խոսում սիրո մասին: Գիտեմ, որ վերջին շրջանում Մակրոնին ու Ֆրանսիային չեք սիրում: Գիտեմ նաեւ, որ Ադրբեջանն այսօր կարող է շատ քայլեր ձեռնարկել՝ առանց հաշվի առնելու Ֆրանսիայի կամ նույնիսկ ԱՄՆ-ի կարծիքը: Վերջերս ձեր երկիր այցելած ռուս փորձագետ Կիրիլ Կրիվոշեեւը կարծում է, որ դուք, ի տարբերություն Վլադիմիրի Պուտինի, այդքան կտրված չեք իրականությունից: Եթե իսկապես այդպես է, մտածեք այն մասին, որ իսկապես հզոր են այն երկրները, որոնց հերոսները Միսաք Մանուշյաններն են, այլ ոչ թե Քյամիլ Զեյնալիները: Այսօր ձեզ ընդունում են նավթի ու գազ ունենալու համար, բայց սիրո բացակայությունը ոչնչով չեք լրացնի:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին