Աշխա՛րհ, մենք պատժելու ենք քո «շան տղուն» - Mediamax.am

Աշխա՛րհ, մենք պատժելու ենք քո «շան տղուն»
22440 դիտում

Աշխա՛րհ, մենք պատժելու ենք քո «շան տղուն»


2003 թվականին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, Իլհամ Ալիեւի առաջին քայլերից մեկը հոր սկսած «գործը» ավարտին հասցնելն էր: Նախիջեւանում վերջնականապես ոչնչացվեց հայկական միջնադարյան գերեզմանը՝ արվեստի գլուխգործոց խաչքարերով եւ նույն տեղում հրաձգարան կառուցվեց: Ալիեւն աշխարհին ասաց, որ թքած ունի իր վրա ու անելու է այն, ինչ ցանկանում է: Եվ աշխարհը հանդուրժեց:

2012 թվականի օգոստոսի 31-ին Իլհամ Ալիեւը հանցավոր համաձայնության եկավ Հունգարիայի ավտոկրատ վարչապետ Վիկտոր Օրբանի հետ եւ Բաքու վերադարձրեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած եւ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին:
Ավելին, նա պարգեւատրեց Սաֆարովին: Եվ աշխարհը հանդուրժեց:

2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Իլհամ Ալիեւը ապացուցեց, որ հատուկ վերաբերմունք ունի մարդակերների հանդեպ՝ նա պարգեւատրեց պատերազմի ընթացքում հայ զինվորին գլխատած սպային: Եվ աշխարհը հանդուրժեց:

2015 թվականի մարտին Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ «այսօր աշխարհում միջազգային իրավունքը չի գործում, միջազգային պայմանագրերն ընդամենը որեւէ արժեք չունեցող թղթի կտոր են»: Եվ աշխարհը հանդուրժեց:
 
2017 թվականի փետրվարին Իլհամ Ալիեւը հրամանագիր ստորագրեց իր կնոջը՝ Փաշաեւների ամենազոր կլանի փաստացի ղեկավար Մեհրիբան Ալիեւային Ադրբեջանի առաջին փոխնախագահ կարգելու մասին: Եվ աշխարհը հանդուրժեց:

Այս շարքը կարող եմ երկար շարունակել, բայց իմաստ չեմ տեսնում՝ միեւնույն է, դուք շարունակելու եք հանդուրժել՝ առաջնորդվելով «նա շան տղա է, բայց մեր շան տղան է» բանաձեւով:

Բայց մենք՝ հայերս, այլեւս չենք հանդուրժելու: Այս անգամ Ալիեւին պատժելու ենք այնպես, որ նա կկորցնի ոչ միայն Արցախը հետ բերելու հույսերը, այլեւ, հավանաբար, իշխանությունն իր երկրում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին