«Նոր հայկական իդեան» իրականում շատ պարզ է - Mediamax.am

«Նոր հայկական իդեան» իրականում շատ պարզ է
20705 դիտում

«Նոր հայկական իդեան» իրականում շատ պարզ է


Այս սյունակը գրելու առիթը երկու խելացի մարդկանց զրույցն էր, որն ունկնդրում էի վերջերս: Նրանք Հայաստանում չեն ապրում, սակայն անկեղծ ցանկանում են օգտակար լինել մեր երկրին: Զրույցի առանցքն այն էր, որ Հայաստանը չի կարող զարգացում ունենալ, քանի դեռ չենք գիտակցում մեր ինքնության կարեւորությունը, մեր պատմական առաքելությունը: Միշտ հաճույքով եմ լսել նման զրույցները, բայց այս անգամ զգացի, որ ինչ-որ բան սրտովս չէ: Հասկացա, որ որքան շատ ենք ունենում նման տեսական զրույցներ կամ քննարկումներ, այդքան հեռանում ենք բուն խնդրի լուծումից: 

 

Մի քանի փաստարկ բերեմ:

 

Նախ, այսօրվա աշխարհում, երբ կոմունիկացիայի լավագույն միջոցներից է համարվում 24 ժամ հետո անհետացող Instagram-ի Stories-ը, դժվար է բարդ տեքստեր ընկալել: Ամենեւին չեմ առաջարկում դառնալ մակերեսային, բայց նաեւ այս իրողության հետ հաշվի չնստելը խելամիտ չէ: Այս գլոբալ միտման հետ մեկտեղ ունենք տեղայինը՝ հասարակության սարսափելի դեինտելեկտուալիզացիան: Այն տարբեր պատճառներ ունի՝ ծանր 90-ականներ, կրթական համակարգի փլուզում, վերջին 20 տարվա ներքաղաքական վիճակ եւ այլն: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ գրեթե բոլորը բողոքում են լրատվության ցածրագույն որակից, բայց գրեթե բոլորն այդ որակի սպառող են, իսկ լուրջ բովանդակությունը կարդացվում է մի քանի հարյուր հոգու կողմից: Ուստի, երբ իմ լավ բարեկամ եւ իսկական ինտելեկտուալ Արամ Մեհրաբյանն ասում է, որ Հայաստանը Կենտրոն դարձնելու միակ ռեսուրսը Կոստան Զարյանի ոգեկոչած «Արարատյան Մարդն» է, նրան շատ քչերն են հասկանում:

 

Կարծես փակ շղթայի հետ գործ ունենք. ավագ սերնդի մարդիկ, որոնք գիտելիքի, կրթության եւ կյանքի փորձի մեծ պաշար ունեն, այսօր հիմնականում որոշումներ կայացնողներ չեն: Խորհրդային Միություն չտեսած երիտասարդները ազատ են, համարձակ, պատրաստ են գրավել աշխարհը իրենց IT-նախագծերով, սակայն լուրջ գրականություն չեն կարդում, հետեւաբար հաճախ չեն ունենում այն խորությունը, որը պետք է թեւեր տա իրենց ազատությանը եւ այն կիրառական դարձնի:

 

Այս պայմաններում, երբ սկսում ենք բարդ տերմինաբանությամբ խոսել ազգային գաղափարի կամ ինքնության մասին, այդ քննարկումներն ընկալվում են լավագույն դեպքում մի քանի հարյուր մարդու կողմից, իսկ մնացածի մոտ առաջացնում են անտարբերություն կամ խուլ դժգոհություն. մենք չենք սիրում այն, ինչը չենք հասկանում:

 

Ի՞նչ անել: Նստել եւ սպասե՞լ, թե երբ կգա այն սերունդը, որը պատրաստ կլինի խորքային քննարկումների: Հաշվի առնելով աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցողը՝ մենք այդ ժամանակը չունենք: 

 

Եվ ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, որոնք ունեն մտավոր ու ֆինանսական ներուժ եւ ցանկանում են ուրվագծել իրենց «հայկական ուղին» կամ էլ նոր «ազգային գաղափարախոսությունը»: Գնան պարզեցման (ոչ թե պարզունակության) ճանապարհով:

 

Ի՞նչ է պետք, որպեսզի Հայաստանը ապրի եւ զարգանա: Հզոր զինվորներ եւ հզոր երիտասարդ մասնագետներ՝ ինժեներներ, արհեստական բանականությամբ զբաղվողներ, գյուղատնտեսության մեջ նորարար մոտեցումներ կիրառողներ եւ այլն: Այսօր արդեն Հայաստանում կան շատ ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք կերտում են այդ մարդկանց, եւ քանի որ մենք քիչ ժամանակ ունենք, պետք է ոչ թե հիանանք այս կամ այն նախաձեռնությամբ, այլ դրանց որակը վերածենք քանակի: Կարեւոր խնդիրը լինելու է այն, որ փորձենք հեռանալ մեր ավանդական մոտեցումից, երբ մեծահարուստը ֆինանսավորում է միայն «իր» ծրագիրը եւ անգամ լսել չի ցանկանում մեկ ուրիշի՝ արդեն գործող ծրագրի մասին: Այստեղ է, որ պետք է ազնիվ պատասխանենք հարցին. իսկապես մտածո՞ւմ ենք մեր ինքնության պահպանման, թե՞ ավելի շատ սեփական անունը պատմության մեջ գրելու մասին:

 

Մի քանի ծրագրի օրինակ բերեմ: Այսօր Հայաստանի ու Արցախի մոտ 100 դպրոցում «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ավելի քան 120 ուսուցիչ-առաջնորդ է աշխատում։ Այդ մարդիկ փոխում են գյուղի երեխաների կյանքը՝ ցույց տալով նրանց, որ պետք է երազել ու հասնել արդյունքների: Լրացուցիչ ֆինանսավորման դեպքում այդ 120-ը կարելի է դարձնել 500, հետո՝ 1 000: Որքան գիտեմ, մեկ ուսուցիչ-առաջնորդի համար հիմնադրամին տարեկան պետք է ընդամենը 5 000 դոլար:

 

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Լոռիում «այլմոլորակային» SMART կենտրոն է բացել եւ մտադիր է այդպիսի կառույցներ ունենալ նաեւ այլ մարզերում: Իսկ հիմա պատկերացրեք, որ եթե այս ծրագրին միանան նաեւ այլ բարերարներ ու գործարարներ, որքան ավելի արագ կլինի տարածումը:

 

FAST հիմնադրամն ու Պաշտպանության նախարարությունը սկսում են «1991 ստորաբաժանման» ծրագիրը: Կարելի է եւ պետք է աջակցել դրան:

 

«Արար» հիմնադրամը ՊՆ-ի հետ համատեղ մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնց վերջնանպատակը զինծառայողների անվտանգության բարձրացումն է: Պետք է ավելացնել այդ ծրագրերի աշխարհագրությունը: Նույն հիմնադրամն ունի «Մարար» ծրագիրը, որին մասնակցող սփյուռքահայ երիտասարդները հնարավորություն են ստանում 10 օր ապրել զինվորի կյանքով՝ Հայաստանի Զինված ուժերում: Կարծում եմ, որ սա պատմական հայրենիքը ներսից զգալու լավագույն միջոց է, որը պետք է հնարավորինս ընդլայնել:

 

Իհարկե, հեշտ չի լինելու: Անգամ եթե այս կամ այն բարերարը համաձայնի ֆինանսավորել «ուրիշի» ծրագիրը, այնպես չէ, որ այդ «ուրիշը» իրեն պարտադիր գրկաբաց կընդունի կամ էլ խանդի տեսարաններ չի սարքի: Սակայն մեկ-երկու դրական արդյունքի դեպքում սա էլ հաղթահարելի կլինի:

 

Մենք ունենք քիչ ժամանակ եւ բավականաչափ լավ նախաձեռնություններ, որոնք ապացուցել են իրենց կենսունակությունը: Ամբիցիաները մի կողմ դնելը եւ նման ծրագրերի շուրջ համախմբվելը կարող է դառնալ այդ բաղձալի «նոր հայկական իդեան»: Եվ այն հասարակությունը, որը կստանանք արդյունքում, շատ ավելի պատրաստ կլինի խորհել «Արարատյան մարդու» մասին:

 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին