Արամ Մեհրաբյան. Հայրենիքը պետք է «գրավել» եւ կենտրոն դարձնել - Mediamax.am

exclusive
25410 դիտում

Արամ Մեհրաբյան. Հայրենիքը պետք է «գրավել» եւ կենտրոն դարձնել

Արամ Մեհրաբյանը
Արամ Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսը շարունակում է հարցազրույցների շարքը Հայաստանում եւ սփյուռքում ապրող մտավորականների հետ: Փորձում ենք տարբեր կարծիքներ լսել այն մասին, թե արդյո՞ք Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարող է որոշակի «նոր սկիզբ» դառնալ հայության համար:

 

Այսօր մեր զրուցակիցն է «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը:

 

- Գրեթե բոլորը համակարծիք են, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարեդարձը պատվով կազմակերպվեց: Սակայն ինձ համար բաց մնաց ապագայի հարցը, եթե ոչ 100, ապա գոնե մոտակա 20 տարիների տեսլականը: Ապագան առհասարակ վերացական հասկացություն է, բայց կարծում եմ, մենք չենք փորձում ձեւակերպել ապագայի մասին մեր պատկերացումները: Մենք ի՞նչ ապագա ենք ցանկանում Հայաստանի, Սփյուռքի, հայ ազգի համար:

 

- Առանձնակի ուշադրությամբ չեմ հետեւել, գնահատականներ տալ չեմ կարող: Քանի որ ակնհայտ էր՝ թե խորհրդանշանից, թե կարգախոսից, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը զուտ միջոցառումներից այն կողմ չէր անցնելու: Ավաղ, մենք կրկին անգամ սահմանափակվեցինք եւ գոհացանք ծեսով ու ծիսականությամբ:  Մենք իսկապես լավ կազմակերպվում ենք ծեսի շուրջ:

 

Միայն ապագայի հարցը չէ, որ բաց է մնացել: Անցյալն էլ բազմաթիվ բաց հարցեր ունի: Մեր անցյալը պատմականությունից այն կողմ չի անցում, չի գիտակցվում, չի վերապրվում: Տպավորություն է ստեղծվում, որ դա մեր անցյալը չէ: Ապացույցը` ահավասիկ մեր ներկան:

 

Ապագան վերացական չէ, եթե խարսխվում է հավատի վրա: Ապագան ստեղծագործվելու կարիք ունի, այն չի տրվում, այլ արարվում է: Անհատական պատկերացումներն ու գաղափարները պիտի վերածենք հավաքական պատկերացումների եւ գաղափարների:  Մենք պիտի ստեղծագործենք մեր ապագան: Ստեղծագործությունն է, որ փրկում է ներկան սոսկ անցյալ դառնալու անխուսափելիությունից: Մեր շարժման եւ զարգացման ուժը պիտի լինի ապագայի ձգողականությունը, այլ ոչ թե անցյալի իներցիան:

 

Անհրաժեշտ է նաեւ, որ մենք խոսենք եւ երկխոսենք մեր պատկերացումների, երազանքների, ծրագրերի մասին: Մտահոգիչ է երկխոսելու ցանկության բացակայությունը:

 

Երկխոսությունը պայմանավորված է լեզվով, խոսքով, բառ ու բանով: Բառի եւ խոսքի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի արդյունքում դրանք արժեզրկվել են: Ինչպես չվաստակած գումարն է մսխվում, այնպես էլ չվաստակած բառն ու խոսքը:

 

Ցավոք, իշխանություն-ժողովուրդ երկխոսությունը փոխարինվել է կողմերի փոխադարձ հեգնանքով, ցինիզմով, անբովանդակ մենախոսություններով, կենացներով, որոնք «երաշխավորում» են մեր անվերջ վերադարձը դեպի պետականության զրոյական աստիճան, կրկին միակ հնարավորությունը թողնելով հերթական «հեղափոխությանը» կամ հերթական խզմանը: Անլրջությունից ծնված հեգնանքը վտանգում է պետության, ժողովրդի ճակատագիրն ու ապագան:

Արամ Մեհրաբյանը Արամ Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խզման երեւույթը վերջին հարյուրամյակի թերեւս առանցքային թեմաներից է: Մարդ-Աստված, Մարդ-Բնություն, Մարդ-Մարդ, անցյալ-ներկա-ապագա, բառ-իմաստ խզումներից կարելի է ենթադրել, որ խզումը նախեւառաջ մեր մեջ է, առկա է ներքին խզում, մարդն ինքն իրեն անհաղորդ է, շփոթված  ու մոլոր, իր էությանն օտարացած ու խորթացած, մասնատված ու «մասնագիտացած»: Անհատը՝ անհատելին, որքան ասես հատվեց: Ներքին երկխոսությունը դառնում է անհրաժեշտություն, բայց մենք խուսափում ենք, նախընտրելով փախուստը կամ զվարճանքը (որ ըստ էության նույնն է): Փախուստ, ոչ միայն տարածքից, այլ նաեւ ժամանակից` անցյալից, ներկայից, ապագայից: Ժամանակը «խեղդվում է» զվարճանքի մեջ, դրա վկայությունը ակնառու կերպով տալիս են հեռուստաեթերը, իրար հաջորդող անբովանդակ «միջոցառումները»:

 

- Իսկ ովքե՞ր պետք է վարեն այդ երկխոսությունը:

 

- Իրականում գոյություն ունի երկու հարթություն, որոնց միջեւ երկխոսությունը գրեթե անհնարին է: Մի կողմում ժողովրդի այն հատվածն է, որը Հայաստանին վերագրել է լուսանցքային դեր, իսկ մյուսում` նրանք, որոնք հավակնում են Հայաստանը կենտրոն դարձնել:

 

Լուսանցքային մարդն ունակ չէ ինքն իրեն գնահատելու, նա փորձ չի անում ինքնաճանաչման, կարիք ունի ուրիշի, որ ճանաչվի եւ գնահատվի: Ուզում է սիրված լինել, բայց ինքնասիրություն չունի: Ուզում է, որ իրեն պատվեն, արժեւորեն, բայց արժանապատվություն չունի: Դրսից հրամանների եւ ուրիշի անհրաժեշտություն ունի: Իր մայրենի լեզվից ու մշակույթից անվերջ խորշող… Եվ վերջապես. նա հայրենիք չունի: Դժվար է այսպիսի մարդկանց հետ երկխոսել: Այստեղ է հիմնական խզումը: Հեշտ է լուսանցքում լինել, քանի որ պատասխանատվություն չես կրում. ամեն ինչ քո փոխարեն մտածված է, քեզ մնում են միայն «զվարճանքն ու խրախճանքը»:

 

Պետության ստեղծման «Ռուբիկոնը անցնելու» մեր ամբողջ գաղափարը հենց գիտակցության փոխակերպումն էր՝ լուսանցքայինից կենտրոնայինի: Հայ Մարդը ձգտում է դեպի կենտրոն, դրա վկայությունը մեր պատմությունն է, հատկապես մշակույթի պատմությունը:

 

Երկխոսության որոշակի դրսեւորում նկատվում է Հայաստանը կենտրոն համարողների միջեւ, եւ դրա արդյունքում ծնվում են փոքրիկ օազիսային կենտրոններ:

 

- Իսկ մենք այսօր կենտրոն դառնալու ռեսուրսն ունե՞նք:

 

- Ես չեմ դիտարկում Հայաստան-կենտրոնն իբրեւ այլընտրանք, այլ դիտարկում եմ իբրեւ միակ հնարավորություն: Հիմնական ռեսուրսը մարդն է: Որակապես նոր Մարդը` Կոստան Զարյանի ոգեկոչած «Արարատյան Մարդը»:

 

- Սինգապուրում, որը, թերեւս, այդպիսի պետության լավագույն օրինակն է, այդ փոխակերպումը կայացավ, նախեւառաջ, առաջնորդի շնորհիվ, որն այն կյանքի էր կոչում շատ կոշտ մեթոդներով:

 

- Ստանդարտ մոդելներ գոյություն չունեն: Չես կարող վերցնել մի երկրի մոդելը եւ փորձել կրկնօրինակել: Լուծումները ներսից պետք է լինեն:

 

Պատմությունից հայտնի են օրինակներ, երբ պետությունները կենտրոնի իրենց դերը զիջել ու դարձել են լուսանցքային: Եվ հակառակը՝ լուսանցքային պետությունը գիտակցության փոխակերպման արդյունքում դառնում է կենտրոնային եւ սկսում թելադրել՝ գիտական, քաղաքական, մշակութային առումներով:

Արամ Մեհրաբյանը Արամ Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախ պետք է կարողանանք տարբերակել առաջնային խնդիրները երկրորդականից, պատճառները` հետեւանքներից, միջոցները` նպատակներից:

 

Պետությունը մեխանիզմ չէ, եւ համոզված եմ, որ այն, մանավանդ Հայաստանի պարագայում, պետք է դիտարկվի որպես օրգանիզմ:

 

Խնդիրների լուծման մեր հատվածական մոտեցումն անարդյունավետ է:

 

Միայն տնտեսության կամ կրթության զարգացմամբ հնարավոր չէ բան փոխել: Բոլոր խնդիրները փոխկապակցված են, եւ դրանք պետք է դիտարկվեն ամբողջական օրգանիզմի համատեքստում:

 

- Մենք երբեմն կարողանում ենք Ձեր նկարագրած կենտրոնի դերում հանդես գալ: Հայկական տաղավարը Վենետիկի բիենալեում գլխավոր մրցանակ շահեց, Triada-ի ստեղծած Shadowmatic խաղը Apple Design Award ստացավ: Բայց դրա հետ մեկտեղ Սյունիքում շարունակում է պաշտոնավարել Սուրեն Խաչատրյանը, ում անվան հետ բազմաթիվ հանցագործություններ են կապվում:

 

-Մենք կենտրոնի ձգտող ազգ ենք: Դա է մեր ճակատագիրը, դա է վկայում մեր մշակույթի պատմությունը:  Եվ այսօր էլ անհատներ, խմբեր, ելնելով ներքին անհրաժեշտությունից, երեւակայությունից իրականացնում են ծրագրեր, որոնք արարում են մեր երկրի ապագան:

 

Ցավոք, սեփականաշնորհված պետության պարագայում, երբ պետաիրավական համակարգն առաջնորդվում է «ախպերության», այլ ոչ թե հավասարության սկզբունքով, մենք երաշխավորված չենք նման քրեական երեւույթներից: 

 

- Սփյուռքը դեր ունի՞ խաղալու այս խնդիրներում:

 

- Նախ անհրաժեշտ է, որ «Սփյուռքը» որպես կաղապարված հասկացություն հաղթհարվի, նորովի վերսահմանվի, միգուցե ընդհանրապես դուրս մղվի մեր բառապաշարից:  Որտեղ է սկսվում եւ ավարտվում սփյուռքը, ես չգիտեմ, եւ արդյոք այն պայմանավորված է միայն աշխարհագրությամբ, դժվար է ասել: Հայեր, որոնք իրենց անհանգստություններով, միջոցներով, երազանքներով անքակտելիորեն կապված են հայրենիքի հետ, ամենօրյա մասնակցություն ունեն մեր կրթական, գիտական կամ մշակութային ոլորտներին, պիտի կոչվեն սփյուռքահայե՞ր:

Արամ Մեհրաբյանը Արամ Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին հանրապետության եւ Խորհրդային Հայաստանի առաջին տարիներին, երբ նյութական եւ սոցիալական պայմաններն անհամեմատ ավելի ծանր էին, մարդիկ եկան: Տաղանդավոր մտավորականներ ու գիտնականներ եկան: Պետություն ստեղծելու պատմական հնարավորություն էր ընձեռնվել: Եկան հստակ գիտակցելով, որ հայրենիքը չի տրվում, հայրենիքը պետք է «գրավել»: Այդ ծանր պայմաններում խնդիր է դրվում հիմնելու համալսարան ու կոնսերվատորիա, կազմակերպելու Անիի պեղումները… Նաեւ այս մարդկանց անձնական զոհողությունների գնով է, որ այսօր հսկայական հոգեւոր-մշակութային կապիտալի ժառանգորդ ենք:

 

90-ականներին էլ եկան, մի փոքր ավելի զգույշ, բայց եկան: Այսօր էլ են գալիս: Ազատվելով ամեն տեսակ պատրանքներից, գալիս են` մեզ հետ լուսանցքը կենտրոն դարձնելու երազանքով, կամքով ու ծրագրերով:

 

Արամ Մեհրաբյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

Կարդացեք նաեւ.

 

Ռոնալդ Սյունիի հարցազրույցը

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հարցազրույցը

 

Մարկ Գրիգորյանի հարցացրույցը

 

Ռալֆ Յիրիկյանի հարցացրույցը

 

Ավետիք Չալաբյանի հարցացրույցը

 

Ռուբեն Վարդանյանի հարցացրույցը

 

Ռազմիկ Փանոսյանի հարցացրույցը

 

Ժիրայր Լիպարիտյանի հարցացրույցը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին