Աշոտ Մանուչարյան. Պողոսից ու Պետրոսից բացի միշտ կգտնվի Կիրակոս - Mediamax.am

Աշոտ Մանուչարյան. Պողոսից ու Պետրոսից բացի միշտ կգտնվի Կիրակոս
2507 դիտում

Աշոտ Մանուչարյան. Պողոսից ու Պետրոսից բացի միշտ կգտնվի Կիրակոս


Չգիտեմ ինչու՝ վերջերս սկսել եմ շատ մտածել իմ սերնդի ճակատագրի մասին: Դառը ու դժվար մտքեր են խռնվում շուրջբոլորս, երբ ավելի շատ ընկերների ու մտերիմների հանդիպում եմ… գերեզմանոցում, ուր հաճախ եմ գնում, որովհետև կարոտում եմ ծնողներիս: Շուրջբոլորս խռնված այդ մտքերից ազատվելու ու հոգուցս ներս չթողնելու համար ուզում եմ հիշել միայն լավագույնն ու առավելագույնը, որ եղել է իմ սերնդի կյանքում:

Ու առաջինը Հայաստանի Հանրապետության անկախությունն է: ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ այն երջանկությունն է, որ մենք մինչև հիմա էլ չենք ընկալել ու չենք գնահատել իր խորքով, բովանդակությամբ ու պատասխանատվությամբ:

Անկախությունը, որ հոգու տոն է, բայց պահանջում է անվերջ աշխատանք: Երբ ասում են, որ անկախությունը մենք հեշտ ստացանք կամ հանգամանքների դասավորության հետևանք էր, ներսումս սկսում է նվալ մի ցավոտ նյարդ, որ ընդվզում  է աշխարհի դեմ միշտ, երբ ոտնահարում են իր սկզբունքներն ու ապրած կյանքս դնում են հարցականի տակ: Ու այդ նյարդը պարզապես ճչում է՝ գնացեք Եռաբլուր ու ձայններդ կտրեք…

Մենք չափազանց երիտասարդ էինք ու անփորձ՝ բոլոր այն փորձությունների առաջ, որոնց հորձանուտում հայտնվեցինք 1988-ից սկսած՝ աղետալի երկրաշարժը, որ 25 000 մարդու կյանք խլեց ու ավերեց մեր տարածքի 25 տոկոսը, արցախյան առաջին պատերազմը, որի արդյունքներն այդպես էլ չկարողացանք ոչ հասկանալ, ոչ գնահատել, ոչ շարունակել, իշխանափոխությունների ու հեղաշրջումների ալիքներ, 1999-ի հոկտեմբերի 27-ը, որի հետևանքներն այդպես էլ  չենք հաղթահարել, որի նպատակը Հայաստանի անկախության վերացումն էր ու, իբր բարեկեցիկ ու կայուն տասնամյակներ, որոնց ընթացքում աշխարհի քարտեզին միայն մեկ պետություն գիտեինք ու այդ պետությանն էլ հանձնել էինք մեր անվտանգությունը, տնտեսությունը, զարգացման բոլոր հեռանկարները զրոյացնելով՝ փոխարենը գնելով խաղաղություն, որ նույնքան խաբուսիկ էր: Կարող էինք համոզվել 2016-ին, բայց գերադասեցինք մնալ նույն ջայլամը, որ վտանգի պահին գլուխն ավազներում է թաքցնում: Ու ստացանք 2020-ը, որից ուշքի չէինք եկել, ստացանք 2023-ի սեպտեմբերի 19-ը: Հավելեք կորոնավիրուսի համաճարակը՝ պատկերն ամբողջացնելու համար: Բոլոր այս հեղաշրջումների, հեղափոխությունների, պատերազմների, ագրեսիաների, համարյա առօրյա դարձած իրադարձությունների կեսի կեսն էլ բավարար էր՝ տապալելու ամենակենսունակ ու ամենահզոր ժողովրդի, վերացնելու պետությունն էլ, պատմությունն էլ, կանգնեցնելու ժամացույցներն ու դուռը փակելու: Իսկ մենք կանք: Մենք չենք կոտրվել, մենք շարունակում ենք ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԵԼ: Ու մենք բոլոր հնարավորություններն ունենք հետ շրջելու մեզ տապալած պատմության անիվը, որովհետև մեր սերունդը աշխարհում ամեն ինչ գիտի, բայց չսովորեց հանձնվել ու ուրանալ, չսովորեց դավաճանել ու ներել դավաճանությունը, որովհետև մեր սերունդը մեկ և ընդմիշտ էր ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼ ԲԱՑԱՐՁԱԿ ՈՒ ԱՆՍԱԿԱՐԿ ԱՐԺԵՔ ու իր կյանքով ձեռք բերած հաղթանակները թշնամուն նվիրելու ունակ չէ… Ես, որ ոչ իրականությունից կտրված եմ, ոչ անհույս երազող, ոչ անհիմն հույսերով եմ ապրում, խորապես համոզված եմ՝ իմ սերունդը մտնելու է ազատագրված Շուշի ու անցյալի սխալների փառահեղ ուղղում է անելու: Որովհետև մենք՝ 20-րդ դարակեսին ծնվածներս, 21-րդ դարում բնավ մտադիր չենք թիկունքի խրամատներում մեր կյանքն ավարտել՝ համարելով, որ հնարավորն ու անհնարն արել ենք ու ժամանակն է դափնիների վրա նիրհած՝ վայելել ապրած կյանքի վաստակը: Մենք ունեցել են ու ունենք ժամանակի խիստ զգայուն ընկալում, մեզ համար ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է: Մենք մենակ չենք: Մեր սրտում Եռաբլուրն է, մենք գիտենք ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁԻ ու ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ գինն ու արժեքը, և մենք երբեք սնանկ չենք ճանաչվել՝ մեր բոլոր կորուստներով հանդերձ:   

***

Ի՞նչ կապ ունի այս ամենը Աշոտ Մանուչարյանի հետ, ում մասին պատրաստվում էի գրել: Ուղղակի ու անուղղակի: 88-ին սրընթաց պատմություն մտածների փառահեղ փաղանգում նա ուներ իր տեղն ու դերը: Իսկ հետո նաև նա մնաց անցյալի բեռի տակ, որտեղ աշխարհը բոլորովին այլ պատկեր ունի…


Աշոտ Մանուչարյանը՝ 1988 թվականին
Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
 
88-ին նա 34 տարեկան էր, ֆիզիկոս, որ դպրոցի ուսմասվար էր, բայց դարձավ Ղարաբաղ կոմիտեի անդամ ու ԳԽ պատգամավոր, որպես հետևանք ձերբակալվեց ու փոխադրվեց Մոսկվա։ Հիմա զավեշտ է թվում՝ նրան առաջադրված մեղադրանքը՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խախտելը, որին հետո հավելվեց՝ ազգամիջյան թշնամանքի հրահրումը: Ի՞նչ էր արել: Մեղադրանքում գրված էր. «Աշոտ Մանուչարյանն ասել է, որ հայ երեխաները պետք է սովորեն հայկական դպրոցներում, ինչով թշնամանք էր հրահրում ադրբեջանցիների հանդեպ»: ՌԴ քաղաքականությունը ու քաղաքականության տրամաբանությունը միշտ էլ մի քիչ զավեշտալի է եղել ու մնացել, երբ նայում ես իրականության համարժեք ընկալման տեսակետից:

Աշոտ Մանուչարյանին ճանաչել եմ հրապարակից, բայց շփումներ այն ժամանակ գրեթե չեն եղել: Արդեն 21-րդ դարում նրա հետ մի քանի հարցազրույցներ եմ ունեցել ու միշտ խառը զգացումներով՝ մի կողմից հասկանում ես, որ դիմացինդ խելացի մարդ է, մյուս կողմից՝ բնավ չես համաձայնում նրա հետ… 2011-ի հոկտեմբերին արված այս հարցազրույցը, որ «Մեր խնդիրները կեղծ, մարտնչող իսլամ դավանող երկրների հետ են» վերնագրով տպագրվել է «Իրատեսում» ուզում եմ առանձնացնել՝ վերադարձնելու համար պատմության այդ շրջանի մթնոլորտը, որ նույնպես տոքսիկ էր ու անկանխատեսելի:

***  

-Ձեր կարծիքով՝ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն ընդհատվա՞ծ, թե՞ ավարտված է:

- Օգոստոսյան երկխոսությունն ընդհատված է, և սկսված է առճակատման գնացող ուժերի բազմախոսություն, որին մասնակցում են թե ներսը, թե դուրսը: Այդ բազմախոսության բաղկացուցիչ մասերից են քայլերը, որ ձեռնարկեց ԱՄՆ-ը՝ ընդունելով Սերժ Սարգսյանին, Հայաստանում Գերմանիայի դեսպանի հայտարարությունները Հայաստանի ներքին զարգացումների վերաբերյալ, որոշակի հրապարակումները Հայաստանի օլիգարխիական համակարգի վերաբերյալ ռուսական մամուլում… Եվ, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների ուղերձները հանրահավաքներում: Այս բազմախոսությունը կողմնորոշում է դրսի ու ներսի ուժերին ինչ անել: Այս ամենի հետ ժողովուրդը կարող է ոչ մի կապ չունենալ, այսինքն՝ գործողությունները ծավալվելու են կեղծ, գիշատիչ Հայաստանի հետ, այն համակարգերի, այն անձանց հետ, ովքեր իշխանություն ունեն կամ հույս ունեն իշխանություն ունենալու, փող ունեն կամ հույս ունեն փող ունենալու, այդ բոլոր համակարգերը մտնելու են իրարից ինչ-որ բան խլելու գործընթացի մեջ: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Իհարկե, ժողովրդի գործոնը մնում է և մնում է առնվազն մեկ քաղաքական ուժ՝ ՀԱԿ-ը, որ հայտարարում է՝ ես ժողովրդին եմ բարձրացնում, թեպետ հիմա ուրիշ ուժեր էլ կմտնեն գործընթացի մեջ ու կսկսեն ժողովրդի անունից խոսել: ՀԱԿ-ի հեղինակության կորուստը վերջին ժամանակներում կապված է ժողովրդի մղումներին չարձագանքելու և էլիտայում ընդունված ճանապարհով գնալու հետ: Ինչքանո՞վ ՀԱԿ-ը կկարողանա դա հաղթահարել, կամ ո՞վ կհաղթահարի, ժողովուրդը կմտնի՞ գործընթացի մեջ, թե՞ ոչ՝ այս հարցերի պատասխաններից են կախված ներհայաստանյան զարգացումները: Կամ կշարունակվեն ռազմախաղերը էլիտայի ներսում, կամ որպես դերակատար ժողովուրդը կմտնի խաղի մեջ:

-Հայաստանում ժողովուրդը խաղի մեջ մտնում է արտաքին վտանգի կամ ազգային խնդիրների սպառնալիքների դեպքում, կա՞ն նման սպառնալիքներ:

- Կա արտաքին վտանգ, որը շատ շոշափելի է, ու դուք գիտեք, որ պիտի պաշտպանվեք, կա արտաքին վտանգ, որ գալիս է իբրև կյանքի փիլիսոփայություն: Երբ այդ փիլիսոփայությունը տիրում է ձեզ, այլևս ոչ մի թշնամի ձեզ պետք չէ, դուք ինքներդ դառնում եք ձեր թշնամին ու սկսում եք փախչել երկրից: Ադրբեջանի ագրեսիան այնքան մարդ չտարավ Հայաստանից, ինչքան այն գիշատիչ համակարգը, որ մենք ստեղծեցինք ուրիշի գաղափարը վերցնելով, այդ իմաստով տոտալ ագրեսիան Հայաստանում շարունակվում է ու ցանկացած պահի կարող է ֆիզիկական ագրեսիայի վերածվել: Մի մոռացեք, որ որոշ օլիգարխեր այդ հարցերը անգամ հրապարակային էին քննարկում՝ հայերը լավ աշխատուժ չեն, շատ ավելի գերադասելի են վիետնամցիները կամ չինացիները, ավելի քիչ են ուտում, ամբողջ օրը աշխատում են, քաղաքական պահանջներ չեն դնում: Եվս մեկ հարց՝ եթե Թուրքիայի հետ սահմանը բացվում է Հայաստանում օլիգարխիկ համակարգին զուգահեռ, հայերը լքելու են երկիրը, տեղը ո՞վ է գալու:

-Պատերազմի սպառնալիքը ռեա՞լ եք համարում:

-Պատերազմի որևէ ռեալություն այսօր չկա, բայց կա ուրիշ երևույթ: Աշխարհը
դիմակայում է նոր մարտահրավերներին, մեզ համար այդ մարտահրավերները հարյուր անգամ ավելի ծանր կարող են լինել, քան եղել են մինչև այսօր: Ի՞նչ ենք մենք ունեցել: Երկրաշարժ, փակ սահմաններ, պատերազմ Ադրբեջանի հետ, պետական, քաղաքական ու տնտեսական համակարգի փլուզում՝ այս ամենը 20 տարում ֆանտաստիկ ծանրության խնդիրներ են եղել, որոնց ժողովուրդը բախվել է, հիմա այդ խնդիրները կարող են բազմապատկվել:

-Կասանդրայի սինդրոմ ունե՞ք:

-Ես չեմ գուշակում, ես մեջբերում եմ աշխարհի համար վերլուծական կենտրոններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

-Եվ ի՞նչ, աշխարհի վերջն ուսումնասիրվա՞ծ է:

-Աշխարհի համար գուշակված են հետևյալ մարտահրավերները՝ բնական աղետների հաճախականության մեծացում, էներգետիկ խնդիրներ, պարենային լուրջ պրոբլեմ, ջրի լուրջ պրոբլեմ, պարենի և ջրի պրոբլեմները բերելու են քաղաքական լուրջ առճակատումներ, որովհետև ով պարեն ու ջուր չունի, կռվելու է նրա հետ, ով ունի: Հավելեք ֆինանսատնտեսական ճգնաժամը, որից աշխարհը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ, որովհետև գիշատիչ համակարգը ոչինչ չի ուզում կորցնել:

-Ուրեմն՝ վերջի սկի՞զբն է:

-Դիմակայելու համար աշխարհը պիտի գա իր ներդաշնակ վիճակին, մենք պիտի գանք մեր ներդաշնակ վիճակին, մինչդեռ մենք հիմա մի լուծում ունենք միայն՝ փախչել մարտահրավերներից: Ոչ ոք չի կարող ասել, թե աղետը որտեղ ավելի ուժեղ կհարվածի: Ամենաբարեկեցիկ երկրում աղետը կարող է ավելի մեծ լինել, քան այսօրվա Հայաստանում, որ ջրի, պարենի իմաստով ավելի ապահով է:

-Արաբական գարնանային հեղափոխությունները համակա՞րգ փոխեցին, ներդաշնակ վիճակի՞ բերեցին, նավթի՞ ճանապարհն էր բացվում, թե՞ ժողովրդավարության:

-Ցանկացած ժողովուրդ, երբ ոտքի է կանգնում, փնտրում է ավելի արդար աշխարհ, և միշտ առաջանում է խնդիր՝ իր ինքնության հետ համապատասխանության կհանգի՞, թե՞ ոչ: Արաբական հեղափոխությունները, անկասկած, նման տարր պարունակում էին, բայց որքան դա կգիտակցվի և կիրականացվի, ժամանակը կասի: 1988-ին մենք այդ փորձը ունեցել ենք, մի պահ ամբողջականացել ենք մեր ինքնության հետ, հետո նորից կորցրել ենք և ուրիշ ճանապարհով ենք գնացել: Նույնը նրանց դեպքում կարող է լինել: Երկրորդ հանգամանքը՝ Արևմուտքը փորձում է աշխարհին տիրելու պահը երկարաձգել և իր համակարգը սրբագրելով ուժեղացնել, նա լուծում է մի խնդիր՝ փորձում է ժողովրդի համակրանքը շահել՝ հարվածելով նրա կողոպտիչ համակարգերին: Մինչև վերջերս Եգիպտոսում գործում էր արևմտյան համակարգ, որի շնորհիվ մի խումբ մարդիկ հսկայական ունեցվածք են դիզել, համաշխարհային կապիտալի համակարգին զարգացում է պետք՝ գոյատևելու համար, ուստի պետք են սպառման շուկաներ, որոնք ժամանակակից աշխարհում խիստ սահմանափակվել են, որովհետև մարդիկ այնքան են աղքատացել, որ գնողունակ չեն, նրանց պետք է բարձրացնել: Այսինքն՝ պետք է այդ երկրներին զարգացման հնարավորություններ տալ, օլիգարխիկ կլանային կամ բացարձակ բռնապետերի համակարգը վերացնել և ժողովրդին գնողունակ դարձնել: Միևնույն է՝ նրանք իրենց ռեսուրսները տալու են ու փոխարենն Արևմուտքի արտադրանքն են տանելու:

-Մենք ի՞նչ ունենք սովորելու:

-Փորձ, մենք տեսանք շատ բարձր մակարդակի հասած մարդիկ ինչպես են կորցնում ունեցածը, մենք պիտի ձևավորենք գիտակցման համակարգ, առայժմ մենք ունենք բազմաթիվ գիտակից մարդիկ, բայց չունենք համակարգ: Այսօր իրերի բերումով գիտակից մարդիկ սպասարկում են գիշատիչ համակարգը, ոմանք այդ համակարգի մաս են դարձել, ոմանք որոշակի գումարներ են ծախսում, որ անընդհատ խոսեն իրենցից, իրենց ձեռքբերումներից, կան և իսկապես գիտակից մարդիկ, որ հասկանում են՝ Պետրոսն ավելի արդար չէ Պողոսից, որովհետև չի սկսել Պողոսի կյանքով ապրել, հենց սկսի՝ Պետրոսը նույն Պողոսն է դառնալու: Ուր պիտի գնանք, ինչպիսին պիտի լինի մեր համակարգը, մեր ամբողջականությունը պիտի այդ խնդիրը լուծի:

-Մեր ամբողջականությունը գիտակցու՞մ է այդ խնդիրը:

-Պողոսից ու Պետրոսից բացի միշտ կգտնվի Կիրակոս:

-Ինչո՞վ եք բացատրում, որ արաբական հեղափոխություններից հետո Թուրքիան տարածաշրջանում ջանում է առաջատար դառնալ:

-Այո, Թուրքիան փորձում է առաջատար դառնալ, վերջին տարիներին ընդհանրապես Թուրքիան մեծ ջանքեր գործադրեց ժամանակակից գիշատիչ աշխարհից իրենը պոկելու համար: Այսօրվա Թուրքիայում երկու զուգահեռ միտումներ կան՝ վերագտնել սեփական ինքնությունը և դառնալ գիշատիչ աշխարհի մաս: Ի հետևանս՝ Թուրքիան մեծ վտանգներ է ստեղծում թե իր, թե իր հարևանների համար: Փորձում է առաջատար դառնալ, բայց այդ ճանապարհին համարյա թե բոլորի հետ հասցրեց հարաբերությունները փչացնել:

-«0 պրոբլեմներ հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվե՞ց, ձևափոխվե՞ց:         

-Աշխարհը շատ դինամիկ է, հնարավոր չէ ասել՝ արդեն ձախողվել է, կամ հիմա ձևափոխվել է: Կան ավելի ուժեղ խաղացողններ, որ զինանոցում ունեն Թուրքիան՝ իբրև գործիք:

-ԱՄՆ-ը նկատի ունե՞ք:

-Ոչ միայն: Եվրամիությունը, Ռուսաստանը, Իրանը, որ շատ շատերի համար շատ ավելի ընդունելի երկիր է՝ իր ինքնության վերականգնման նվազ խնդիրներ ունենալով: Ես չեմ զարմանա, եթե իմանամ, որ Իրանը գաղտնի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի հետ: Իրանն առանձնահատուկ երկիր է, գիշատիչ չէ և ավելի քիչ պրոբլեմներ է ստեղծում իր հարևանների հետ, քան գիշատչության ձգտող երկրները:

-Ձեր կարծիքով՝ Պաղեստին պետություն կստեղծվի՞:

-Այո:

-Եթե քվեարկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դուրս գա, Հայաստանն ինչպե՞ս պետք է քվեարկի:

-Կարծում եմ՝ Հայաստանը կողմ կքվեարկի և ճիշտ էլ կանի, մենք իսլամական աշխարհի հետ բացատրվելու պրոբլեմ ունենք, մեր շատ կրավորական կեցվածքի պատճառով Իսլամական համագործակցության կազմակերպությունը Ղարաբաղի հարցում անընդհատ մեր դեմ է գործում:  

-Ի՞նչ անենք մի կազմակերպությունում, որի անդամ չենք կարող լինել:

-Մի 10 տարի առաջ բոլորովին այլ իրավիճակ էր, այն ժամանակ մենք այդ երկրների հետ աշխատում էինք, փորձում էինք ընդհանուր նպատակների շրջանակ ստեղծել, իսլամական աշխարհում մենք շատ լուրջ բարեկամներ ունենք՝ խորքային իսլամ դավանող երկրների հետ մենք խնդիրներ չունենք, մեր խնդիրները կեղծ, մարտնչող իսլամ դավանող երկրների հետ են: Նրանց հետ պրոբլեմներ ունի ամբողջ աշխարհը: Պրոբլեմները պետք է լուծել ոչ թե առճակատումով, այլ մյուս երկրների հետ ընդհանրական լուծումներ գտնելու միջոցով: Հայաստանը քրիստոնեական աշխարհի ֆորպոստ է, ոչ թե մարտնչող ֆորպոստ, այլ՝ խոսող:

-«Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվեց նախկին նախագահը, գործող նախագահը՝ վարչապետ: Ի՞նչ հետևանքներ կարող է այդ որոշումն ունենալ մեր երկրում:

-Ռուսաստանում տեղի ուննեցած փոփոխությունը նոր հարցադրում է ինչպես աշխարհի, այնպես էլ Հայաստանի համար: Իրականում գաղտնիք չկա, այն, ինչի շուրջ լեգենդներ էին ստեղծվում, բացահայտ հայտարարվեց: Բայց կա մի կարևոր հանգամանք՝ չմոռանանք, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում շատ որոշակի համակարգի ներկայացուցիչ էր, որ բավականին արագ ու անկասելի դարձավ նախագահ: Կա տեսակետ, որ դա Ռուսաստանի հատուկ ծառայությունների շատ նուրբ օպերացիան էր՝ նրանք փորձում էին նոր աշխարհի քաղաքական համակարգում հարմարվել ու պահել Ռուսաստանը: Այս տարիներին բոլորը գիտեին, որ Ռուսաստանի իրական կառավարիչը Վլադիմիր Պուտինն է, և այս փաստի բացահայտ ներկայացումը նշանակեց վերջ որոշակի խաղերին: Պուտինն այսօրվանից հռչակված է Ռուսաստանի ռեալ ղեկավար: Ամբողջ աշխարհում սա որոշակի արձագանք ունեցավ, իսկ Հայաստանում բավականին մեծ աղմուկ ստեղծեց, որովհետև մեր կեղծ ընտրանին միշտ մտածում էր, թե ինքը ի՞նչ կարող է շահել: Բայց ամենակարևոր հարցն այն է, թե ի՞նչ Պուտինի հետ գործ ունենք: Ա՞յն Պուտինի, որ ամբողջությամբ այսօրվա աշխարհից կախվածության մեջ գտնվող Ռուսաստանի նախագահն էր, թե՞ այլ Պուտինի, որ նոր լուծումներ է գտել: Նախկին Պուտինը գործում էր գիշատչային համակարգում և նույն ձևով առաջնորդվելով՝ փորձում էր ցանկացածին օգտագործել, ցանկացածին դարձնել գործիք: Իսկ Հայաստանի գիշատիչ համակարգում հարցերի հարցն է, թե ո՞վ է դառնալու Ռուսաստանի ծառան, ու՞մ է թույլ տրվելու Ռուսաստանի անունից այստեղ թալանով զբաղվել: Մինչ իրական Հայաստանի համար, ինչպես արդեն նշել եմ, բանաձևը մեկն է՝ հավերժ, հավերժ Ռուսաստանի հետ, բայց ոչ ընթացիկ գիշատիչ Ռուսաստանի:

***

Եթե այս հարցազրույցը լիներ մեր օրերում… Իսկապես իրադարձություններն արագացել են աշխարհում, և վաղուց բոլորը բաց են խաղում, հանել են դիվանագիտականն դիմակները ու անթաքույց առաջադրում են մերկ շահերը:
Իսկ Աշոտ Մանուչարյանը շարունակում է պարբերաբար հարցազրույցներ տալ ու քաղաքական տեսակետներ հայտնել, բայց դա արդեն վաղուց, շաաատ վաղուց մեծ քաղաքականության հետ կապ չունի: 88-ը շատերի հետ չար կատակ խաղաց…

Նրանց մնացել է մեծ հիշողությունը՝ մեծ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ հետ ուղղակի հարաբերության, բայց փաստ չէ, որ պատմության հիշողության մեջ շատերը կմնան:

Ու դա ևս իմ սերնդի ճակատագիրն էր:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին