2022 թվականին Մեդիամաքսը, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում էր պահում մարդուն: Ներկայացնում ենք այն հրապարակումները, որոնք Մեդիամաքսի խմբագրական խորհրդի կարծիքով, լավագույնն էին ավարտվող տարում:
Լուսինեի թղթե տիկնիկները փորձում են մեղմել որդու կորստի ցավը
«Տղայիս զոհվելուց հետո բավականին ընդմիջում տվեցի։ Հետո զգացի, որ ջերմության պակաս ունեմ, չէի կարողանում ոչինչ անել, ներսս շատ էր մգացել, մթնել, պետք է գույներով լցնեի։ Մինչ այդ, ապակիով էլ էի աշխատում, բայց դա թողեցի. սառը բան կար մեջը, չկարողացա շարունակել։ Իսկ տիկնիկների գույները, ջերմությունն ինձ կյանք են տալիս։ Դադարից հետո մռայլ գույներով էի աշխատում, բայց հասկացա, որ իմ ներսի գույները չպիտի ազդեն դիմացինիս տրամադրության վրա ու այդ տիկնիկները կիսատ թողեցի։ Մտածեցի՝ էնպիսի գույներ ընտրեմ, որ անցնելիս մարդիկ մի անգամ էլ թեքվեն, նայեն։ Ես գերհաճույք եմ ստանում, երբ զանգում, ասում են՝ տիկնիկը մեր տանն այնքան ջերմություն է տալիս, այնքան ջերմ աուրա է ստեղծում»։
Էլլի նապաստակը՝ պատերազմի կորստի հաղթահարման Տիգրանուհու օրինակը
«Ինձ համար շատ դժվար էր հասկանալ, թե ինչպես խոսել երեխայիս հետ, երբ նախորդ մոտ 30 օրերի ընթացքում կրկնել էի՝ չար մարդկանց հետ է կռվում, իրենց հաղթի ու գա, մեկ էլ հանկարծ պետք է ասես՝ ինքն էլ չի կարող գալ: Դա շատ կտրուկ կարող է խառնել երեխայի ներաշխարհը: Ո՞նց բացատրես, թե ինչն է փոխվել: Ես ու Կարենը Նանեին երբեք չենք խաբել՝ անգամ փոքր հարցերում: Ես իմ փորձից էլ լավ հասկանում էի, որ իրեն սին հույսեր տալ պետք չէ, պետք չէ ասել, որ գործի է գնացել, կգա»:
Նրանք ամփոփել են Շիրազի սիրտն Արարատի գագաթին
«Ինձ համար զարմանալի էր, որ մեր հետեւից եկող պարսիկների խումբն էլ էր շատ հուզված, մարդիկ ծնկի եկած արտասվում էին: Միշտ կարծել եմ, որ Արարատն առանձնահատուկ նշանակություն ունի միայն հայերի համար, բայց պարզվեց՝ այն շատերի համար է սուրբ վայր: Վերելքից հետո թվում էր, թե կատարել ենք մեր կյանքի ամենակարեւոր գործը, որ ավելի նշանակալի բան այլեւս չենք անի»:
Լալայանների ներկան, որ մնացել է անցյալում
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար
Երեք օրից եղբայրները որոշում են վերադառնալ գյուղ՝ Վահրամի մարմինը հանելու կամ գյուղում թաղելու։ Շեխեր գյուղի մոտ հայ դիրքապահների հետ պայմանավորվում են՝ հետ գալուց զանգեն, զգուշացնեն, որ վերադառնում են։ Լավ ծանոթ անտառներով հասնում են Մեծ Թաղեր, հետո, մի քանի անգամ ադրբեջանցի զինվորներին դժվարությամբ շրջանցելով՝ տուն։ Մեքենան բակում էր, բայց Վահրամի մարմինը ներսում չէր։ «Մտանք տուն, լրիվ տակնուվրա էր արված։ Մի երկու ֆոտո վերցրեցի, մի բանկա մեղր, Արշիլ Գորկու գիրքը, ու թողեցինք, դուրս եկանք»։
Ալիսա Գեւորգյան. ցավը բացեց «կյանք» բառի բուն բովանդակությունը
«Ես հասկացա, որ իմ զգացմունքներն այլեւս չեն փոխվելու։ Մեկ ու կես տարվա ընթացքում ես սովորեցի ապրել, գործել ու աշխատել ցավին զուգահեռ։ Հիմա մենք հայտնվել ենք զուգահեռ իրականություններում. մի իրականության մեջ կյանքը շարունակվում է, կարծեք, ոչինչ չի պատահել, մյուս իրականության մեջ եղել է պատերազմ, մենք կորցրել ենք Արցախը, կորցրել ենք մի ամբողջ սերունդ, ես կորցրել եմ իմ որդու սերունդը, եւ այն, ինչ մնացել է այդ սերնդից, ինձ համար հիմա թանկ մասունք է, եւ այն, ինչ ես կարող եմ անել իմ աշխատանքով, ուզում եմ անել հենց իրենց համար։ Այս պահին իրենք են ինձ համար կարեւոր, իրենց խոսքը, իրենց խնդիրները եւ իրենց ապրումները»։
Կուբացի Դանա Ռամոսն ու նրա բույսերի խանութը Երեւանում
«Հաճախորդների հետ շփման առումով խնդիրներ հիմնականում չեն առաջանում: Շատ տպավորիչ է, որ այստեղ մարդկանց մեծ մասն անգլերեն կամ ռուսերեն գիտի: Մենք ռուսերեն չգիտենք, բայց փաստը, որ մարդիկ հարազատ լեզվից բացի երկու լեզու գիտեն, ուրախացնող է: Եթե լինում են հաճախորդներ, որոնք անգլերեն ընդհանրապես չգիտեն, ինչ-որ կերպ, նշաններով իրար հասկանում ենք: Ես փորձում եմ հայերեն սովորել, արդեն մի քանի բառ գիտեմ՝ «ջուր», «արեւ», «բարեւ ձեզ»: Մենք մի հավելված ենք օգտագործում, որն ամեն օր մեկ նոր բառ է սովորեցնում: Այսօրվա բառն, օրինակ, «թաց»-ն էր»:
Զոհվելուց վայրկյաններ առաջ հետախույզ Թաթուլը Նժդեհի երգն էր երգում
Անահիտը թերթում է հեռախոսի մեջ պահած ադրբեջաներեն նամակները, մինչեւ հասնում է Թաթուլի վերջին հաղորդագրությանը. «Շատ խառն եմ։ Չզանգես։ Անջատելու եմ հեռախոսս։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Դուք իմ հրեշտակներն եք։ Երբ ստացվի, կկապվեմ հետդ։ Քեզ իմ կյանքից շատ եմ սիրում։ Մոնթեին իմ տղա կմեծացնես։ Սիրում եմ ձեզ»։
«Իմ արածը հերոսություն չէ. Ռաֆաելն իմ լույսն է, իմ արեւն է, իմ ջերմությունը»
«Բժիշկները համոզում էին՝ մի տարեք երեխային, շատ բարդ է լինելու, իրենք պիտանի չեն հասարակությանը, ձեր աղջկա կյանքն էլ կփչացնեք: Բայց ես պահանջեցի երեխայիս, ու միանգամից սիրտս կպավ իրեն: Բայց այդ ժամանակ էլ ուրիշ խնդրի առջեւ կանգնեցինք. ամուսինս ասաց՝ կա՛մ երեխային թողնում ենք, կա՛մ բաժանվում ենք։ Ավելի բարդ իրավիճակում ծնողներս էին հայտնվել, չգիտեին՝ թոռնիկի՞ն փրկեին, թե՞ աղջկա ապագան»։
Տարոն Անդրեասյանի կյանքն ու կռիվը
«Հոկտեմբերի 25-ի գիշերը զանգեց, ասաց, որ շրջափակման մեջ է: Հարցրի, թե որտեղ է, ասաց մոշերի թփերի տակ են, դուրս գալ չի կարող, քանի որ թուրքերի մեքենաները դիմացով անցնում են: Հետեւում էլ Որոտան գետն էր: Ասացի, որ մտնի գետով դուրս գա մյուս ափ, պատասխանեց, որ փորձել է, գետը տանում է: Որոտանի վարար ժամանակներն էին: Մյուս օրը զանգեց՝ հոկտեմբերի 26-ի առավոտյան, հարցնում էր՝ ի՞նչ կա-չկա: Ասում եմ, ա´յ տղա ջան, դու´ ասա, ի՞նչ կա, որտե՞ղ ես: Դեռ նույն տեղում էր, մի քիչ էլ խոսեցինք, ու դա արդեն մեր վերջին խոսակցությունն էր, այսպես ասաց. «Պա´պ ջան, դուխդ չգցես, ես գերի չեմ ընկնի, ինձ կպայթեցնեմ ... եթե չզանգեմ, իմացի որ ...»: Ասում էի՝ խելոք բան խոսա, ա´յ տղա, ասում էր՝ բա եթե վիրավորվի ի՞նչ անի, գերի չի ընկնելու: Ասացի լավ, դու մտածիր՝ ինչ անես: Մեր տանը միշտ եղել է այդ խոսակցությունը, թե ո՞նց են այդքան գերի ընկնում: Ես էլ իրան պատմել եմ, որ միշտ հետս մի նռնակ ունեի, որն ինձ համար էի պահում»,- հիշում է Հարությունը:
«Էրիկից հետո մեր տանն էլ տոն չկա, ամեն ինչ ավարտվել է»
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս
«Ամուսինս անձամբ հանդիպել է Մուրադովին։ Նա ասել է՝ որպես մարդ, որպես հայր, կօգնեմ քեզ։ Որ գնացել են գյուղից մեր էրեխուն հանեն, թուրք գեներալը նախապես զգուշացրել է՝ կարող է ձեզ անիծեն, հայհոյեն, դուք բերաններդ փակ, աչքներդ կույր, ձայն չեք հանում, թե չէ՝ կարող է ձեր գործը չստացվի։ Բայց, բարեբախտաբար, ոչ մի միջադեպ չի եղել։ Հետո գեներալն ասել է՝ ես հասկանում եմ ձեր վիշտը, եթե էլի կան մարդիկ, ասեք, թող գան, հանեն իրենց նոր թաղված զոհերին։ Ամուսինս զանգել է բոլորի հարազատներին, 7 հոգու հանել են։ Երբ Էրոյին հանել են, ինքը վատացել, սկսել է լացել, թուրք գեներալն աչքերը սրբելով եկել է մոտը, թե՝ ե՞ս ինչ անեմ, դո՞ւ ինչ անես»։
Լյոկայի անփոփոխ հասցեն եւ Ստեփանակերտ տեղափոխած գործը
«Խծաբերդի դիրքերում էի, երբ զանգեցին ու ասացին, որ մի քանի ժամ ունեմ տունն ազատելու: Վերցրեցի հիշողություններս, եղբորս երեխաների դասագրքերը, հին լուսանկարները: Տնից դուրս գալուց չդիմացա՝ դռան վրա նռնակներ դրեցի, նոր հեռացա:
Այն կյանքը, որը թողեցի գյուղում, ինձ ավելի էր դուր գալիս: Վերջերս ամեն գիշեր երազում ինչ-որ մի նոր ճանապարհով գնում եմ մեր գյուղ, մեր տուն, մարդիկ եմ տեսնում: Հիմա կարող է ես մի քիչ ֆանտազիայի ժանրից եմ խոսում, բայց հոգու խորքում վստահ եմ՝ մի օր հետ գնալու ենք, չգիտեմ երբ է, ես կլինեմ այդ ժամանակ, չեմ լինի, բայց զգում եմ»:
Անդրեյ Մակարեւիչ. Մենք ինչ-որ տեղ ենք՝ ժամանակների արանքում
«Պոետը, որպես կանոն, դժբախտ արարած է, որի շուրթերով խոսում է ուրիշ բանականություն, խոսում են հրեշտակները կամ երկինքը։ Իրական պոետը միշտ չէ, որ ընտրում է՝ ինչի մասին գրել: Դե հիմա նստեմ ու պատերազմի մասին բանաստեղծություն գրեմ, աղբ կստացվի, կստացվի «Պրավդա» թերթ։ Իմ կարծիքով՝ ստեղծագործելը չի վերահսկվում գիտակցությամբ, հետեւաբար, ակնկալել պոետից, որ նա կդառնա ինչ-որ տրիբուն, որը ժողովրդին կտանի դեպի բարիկադներ կամ ընդդեմ բարիկադների... Որպես կանոն՝ նման մարդիկ լավ պոետներ չեն: Լավ պոետներն, այնուամենայնիվ, պոեզիայով են զբաղվում»:
Երկու աշխարհի աղջիկը, դիմակով կյանքն ու կրկնակի մեկուսացումը
«Խուլերի եւ լսողների աշխարհները շատ տարբեր են: Երբ ապրում ես լսողների աշխարհում, ամեն ինչ ավելի հեշտ է, չես սպասում օգնության, չես սպասում, որ ինչ-որ մեկը քեզ կփոխանցի ինֆորմացիա, որեւէ մեկից կախում չունես, բայց միեւնույն ժամանակ՝ լսողների աշխարհում կյանքն ավելի սառած է։ Մեզ թվում է, որ մենք լսում ենք, ուրեմն այս կյանքի մեջ լիարժեք ապրում ենք, բայց այդպես չէ, իրականում, աղմուկն ավելի շատ է մարդուն շեղում, կյանքից կարեւոր բաներ տանում։ Լռության մեջ ավելի զգայուն ես, նկատող, ավելի հետաքրքիր է դառնում կյանքը, որովհետեւ ամեն ինչ ֆիքսում ես, իսկ երբ լսում ես, աղմուկն այս ու այն կողմ է քաշում, կյանքն ավելի արագ է անցնում եւ շատ բան կարող ես չհասկանալ»։
Հրաչն, ում աշխարհն ուրախ է ու գեղեցիկ
«Երեխաները մեզ զարմացնելու շնորհ ունեն։ Չէի կարող պատկերացնել, որ մի օր Հրաչը կմեծանա, հոգ կտանի մեր մասին, կաշխատի՝ ունենալով սեփական գումար։ Մանկության տարիներին մեքենաներ շատ էր սիրում ու մեծագույն վախս էր, որ մի օր անգիտակցաբար փողոց կվազի։ Դպրոց գնալիս շատ բանուկ փողոցի մոտով էինք քայլում ու տարիներ առաջ իմ գերնպատակն էր, որ Հրաչը հանկարծ ձեռքս բաց չթողնի ու չվազի մեքենաների կողմ։ Վախից այնքան ամուր էի բռնում ձեռքը, որ տանը բաց թողնելուց հետո մատերիս հետքը դեռ որոշ ժամանակ մնում էր վրան։ Դպրոցի ճանապարհի ինը տարիների ընթացքում, ինքս էլ չհասկացա՝ ինչպես քիչ-քիչ սկսեցի բաց թողնել ձեռքը, ինչպես սկսեցինք մայր ու տղա զրուցելով, վիճելով, օրը քննարկելով, բոլորի նման տուն գալ»։
«Խելունք կաց» ու արցախյան հեքիաթներ սկաց
«Շատ ենք ուրախանում, երբ ֆեյսբուքյան էջում հրապարակում ենք արցախյան բարբառի բառեր բացատրությունով ու դրանք տարածում են մարդիկ, որոնք այդ բարբառի կրող չեն: Պարզապես իրենց դուր է եկել բառը: Շատ ենք լսել, որ արցախյան բարբառը բարդ ու անհասկանալի է, բայց իրականում շատ տրամաբանական արտահայտություններ ունի, որոնք շատ սիրուն են: Վերջերս ֆեյսբուքյան էջում հրապարակեցինք արցախյան՝ «պորտը ցեց տինիլ» (պորտը ցեց դնել) արտահայտությունը, որը նշանակում է ցերեկը ննջել՝ մի քիչ ալարկոտության ենթատեքստով: «Պորտը ցեց դնելը», երևի, այս երեւույթի ամենապատկերավոր բնորոշումն է»:
«Արի գյուղ, գյուղում կյանք կա». «շորիկով աղջիկն» ու սիրո հաղթանակի պատմությունը
«Ու էսպես հավատքով, փող չունենալով՝ սկսեցինք քանդել։ Նույնիսկ հիշում եմ՝ տնօրենը վախվորած եկավ՝ Անահի՛տ ջան, բա որ գումարը չհավաքվի, ի՞նչ ենք անելու։ Ասացի՝ չէ՛, ընկե՛ր Գրիգորյան, լինելու է։ Ինքը սենյակից դուրս եկավ, ես ինքս ինձ հետ մենակ մնացի, ու ոնց որ երկրորդ Անահիտը ներսից ասեր՝ բա ո՞ր չլինի։ Ու սկսվեցին անքուն գիշերներ. ես ինչի՞ ֆեյսբուքում գրառում արեցի, ինչի՞ս էր պետք գնալ, գյուղապետին հարցնել, թե ինչ խնդիրներ ունեք, ցավդ կուլ կտայիր, կանցներ, կգնար»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: