Էլլի նապաստակը՝ պատերազմի կորստի հաղթահարման Տիգրանուհու օրինակը - Mediamax.am

exclusive
4341 դիտում

Էլլի նապաստակը՝ պատերազմի կորստի հաղթահարման Տիգրանուհու օրինակը


Տիգրանուհի Հովհաննիսյանը
Տիգրանուհի Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրանուհի Հովհաննիսյանը իր հիմնած «Երգատեղ» ստուդիայում
Տիգրանուհի Հովհաննիսյանը իր հիմնած «Երգատեղ» ստուդիայում

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրանուհի Հովհաննիսյանը իր հիմնած «Երգատեղ» ստուդիայում
Տիգրանուհի Հովհաննիսյանը իր հիմնած «Երգատեղ» ստուդիայում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրանուհին, Կարենը եւ Նանեն
Տիգրանուհին, Կարենը եւ Նանեն

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սիրելի˜ս, իմացի´ր, որ քանի որ ես լույս եմ դարձել, քեզ ու մայրիկին կնայեմ արեւի ճառագայթների միջից ու կուրախանամ: Ես միշտ կսիրեմ քեզ ու մայրիկին»: ... «Նրանք նայում են դեպի երկինք եւ տեսնում պայծառ շողացող արեւի լույսն ու ժպտում»:

 

Այս հատվածը «Էլլի նապաստակը» հեքիաթ-գրքից է, որը նախատեսված է երեխաների հետ մահվան մասին խոսելու համար: Հեքիաթում հայր նապաստակն աշնանը գնում է անտառ՝ ճյուղեր ու տերեւներ հավաքելու, որպեսզի իրենց տունը վտանգներից պաշտպանող ցանկապատ պատրաստի: Էլլին կարոտում եւ սպասում է հայրիկին, բայց նա չի գալիս, որովհետեւ լույս է դարձել:

 

Հեքիաթի հեղինակը հոգեբան Հրաչուհի Առաքելյանն է: Այն թերապեւտիկ ազդեցություն ունեցող ձեռնարկ է: Նկարազարդումն իրականացրել է Շուշան Կոմուրյանը:

 

Գրքի գաղափարի հեղինակն ու իրականացնողը Տիգրանուհի Հովհաննիսյանն է՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Տիգրան Հովհաննիսյանի դուստրը եւ 44-օրյա պատերազմի հերոս Կարեն Կարապետյանի կինը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիշտը ոչ միայն չի կարողացել ընկճել Տիգրանուհուն, այլեւ պարտավորեցրել է կյանքի յուրաքանչյուր հաջորդ ակնթարթն առավել իմաստավորել բարձր արժեքներ կրելով ու դրանցով շրջապատին վարակելով՝ հանուն ընտանիքի, հայրենիքի ու աշխարհում սիրո տարածման:

 

Մեդիամաքսը ջերմ ու լուսավոր զրույց է ունեցել Տիգրանուհու հետ: Անհնար է չնկատել նրա աչքերի այլատեսակ փայլը, որ թերեւս ամուսնու սիրո լույսի եւս մեկ արտացոլանք է:

 

Խոսել ենք գրքի ստեղծման, երեխայի հետ մահվան մասին խոսելու եւ կորստից հետո կյանքի իր սեփական օրինակի մասին, որը շատերի համար կարող է ուղենիշ դառնալ:

 

Ինչպե՞ս ասել երեխային, որ էլ չի գալու

 

Կարենի պատերազմ մեկնելիս էլ մեր դուստրը՝ Նանեն 3 տարեկան էր: Կարենի ամենամեծ արժանիքներից մեկը իդեալական, ֆանտաստիկ պապա լինելն էր: Իրենց հարաբերությունները լրիվ այլ էին: Ես բավականին խիստ մայր եմ, իսկ Կարենն իր կյանքի արեւն էր: Նանեին ուրախացնելու, զվարճացնելու հարցում իր հետ ոչ ոք չէր կարող մրցել:

 

Ինձ համար շատ դժվար էր հասկանալ, թե ինչպես խոսել երեխայիս հետ, երբ նախորդ մոտ 30 օրերի ընթացքում կրկնել էի՝ չար մարդկանց հետ է կռվում, իրենց հաղթի ու գա, մեկ էլ հանկարծ պետք է ասես՝ ինքն էլ չի կարող գալ: Դա շատ կտրուկ կարող է խառնել երեխայի ներաշխարհը: Ո՞նց բացատրես, թե ինչն է փոխվել: Ես ու Կարենը Նանեին երբեք չենք խաբել՝ անգամ փոքր հարցերում: Ես իմ փորձից էլ լավ հասկանում էի, որ իրեն սին հույսեր տալ պետք չէ, պետք չէ ասել, որ գործի է գնացել, կգա: Ինչի՞ համար: Վերհիշում էի, թե հորս կորստի հաղթահարման ժամանակ ինչն է ինձ ամենաշատը ցավեցրել ու փորձում այդ ամենից պաշտպանել դստերս:

Տիգրանուհի Հովհաննիսյանը իր հիմնած «Երգատեղ» ստուդիայում Տիգրանուհի Հովհաննիսյանը իր հիմնած «Երգատեղ» ստուդիայում

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս մտածմունքները ամբողջովին զբաղեցրել էին միտքս: Ինքս արդեն որոշել էի, թե ինչ կարող եմ անել եւ որոշեցի այդ հարցով մասնագետի հետ խորհրդակցել:

 

Հոգեհանգստից մի քանի օր հետո արդեն կապվեցի հոգեբան Հրաչուհի Առաքելյանի հետ: Միանգամից սկսեցի երեխուց, իմ վիշտը լրիվ մի կողմ էի թողել: Ասացի, որ հետեւյալ միտքն ունեմ. ամեն անգամ, երբ Նանեն շատ ուժեղ կարոտ կզգա, մենք եւս մի ուրախ նկար, ուրախ հիշողություն կավելացնենք մեր ընտանիքի երջանիկ կյանքի դրվագներով լի պատին: Հրաչուհին միտքը շատ հավանեց:

 

Երբ բառերից լույս է ժայթքում

 

Պատերազմի օրերին նաեւ մի հարցազրույց էի լսել այն մասին, թե ինչպես է պետք այս ծանր շրջանում աշխատել երեխաների հետ: Այդ ժամանակ մտքովս ոչ մի պահ չէր անցել, որ գուցե մի օր ինձ էլ պետք գա: Կարենին միանգամայն հանգիստ ու պայքարի ոգով էի ճանապարհել, ու եթե Նանուլի գործոնը չլիներ, ես էլ նրա հետ մեկնելու էի: Այդ հարցազրույցը նայելիս մտածում էի, որ գուցե շրջապատում որեւէ մեկն այդ օգնության կարիքն ունենա, լսեմ, որ կարողանամ աջակցել: Այդտեղ առաջին անգամ լսեցի հեքիաթաթերապիայի մասին: Հետո, երբ արդեն Հրաչուհու հետ էի զրուցում, իրենից խնդրեցի հեքիաթաթերապիայի ձեռնարկներ, որպեսզի Նանուլի համար կարդամ: Ուզում էի, որ հայերեն լինեն, ինքս թարգմանել չէի կարող, քանի որ այդ տեսակ նյութերում յուրաքանչյուր բառը մեծ նշանակություն ունի: Հրաչուհին խոստացավ փնտրել մասնագիտական ձեռնարկներում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Օրեր անց նա ինձ մի տեքստ է ուղարկում ու հարցնում՝ հավանո՞ւմ եմ այդ հեքիաթը: Սկսեցի կարդալ, ընդհանուր էներգիան շատ նման էր իմ ընտանիքի էներգիային: Վերջում հուզվեցի, բայց ասես մի լույս ժայթքեր սրտիցս: Սկզբից հարցրի, թե որտեղից է կարողացել այսքան դիպուկ հեքիաթ գտնել, հետո արագ գլխի ընկա, որ ինքն է հեղինակել: Ասացի, որ հրաշալի հեքիաթ է գրել:

 

Շատ էի ուզում, որ առավելագույնս լուսավոր ձեւով այն տպավորվեր Նանեի մոտ, դրա համար որոշեցի խնդրել իմ ծանոթ իլյուստրատոր Շուշան Կոմուրյանին, որ տեքստին համապատասխան մի քանի նկար պատրաստի: Որոշել էի տպել գրքի տեսքով ու այդպես կարդալ: Որոշ ժամանակ անց Շուշանն ուղարկեց նկարները, եւ ես պարզապես հիացած էի. չափազանց ջերմ ու լուսավոր նկարներ էին:

 

Սիրո էներգիան գիրք-հեքիաթում

 

Կարենն իր երկու մտերիմ ընկերների հետ է զոհվել միեւնույն ավիահարվածից: Նրա ընկերների կանանց հետո գտա ու շատ մտերմացանք բոլորս: Մտածեցի մի քանի օրինակ տպել, որ իրենց էլ տամ, իսկ հետո հասկացա, որ կապ չունի՝ երեխային ճանաչում եմ, թե ոչ, նման գրքի կարիք պատերազմից հետո շատ ընտանիքներ ունեն: Հեքիաթն ուղարկեցի տարբեր մասնագետների, համոզվեցի, որ այն հաստատ չի վնասի երեխայի հոգեբանությանը, եւ որոշեցի մեծ քանակով տպագրել՝ օգտագործելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստացված գումարի որոշակի մասը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տպագրելիս հաշվի ենք առել անգամ գրքի չափը: Թեեւ կարող էինք փոքր տպագրել եւ բավականին գումար խնայել, սակայն որոշեցինք, որ այն պետք է մեծ լինի, որպեսզի չկորի մյուս գրքերի մեջ եւ թանկ կտոր դառնա: Գրքին կից տալու համար Հրաչուհին նաեւ մի նամակ է պատրաստել, որը ներկայացնում է, թե ինչպես է պետք երեխայի հետ այդ գրքով աշխատել: Այդ նամակով, նաեւ գրքի կազմի, գույների միջոցով փորձել ենք փոխանցել ամբողջ սերը, որ ներդրել է գրքի վրա աշխատող յուրաքանչյուր անհատ: Գիրքն ասես երեխայի ընկերը լինի: Այս ամենից հետո ես հասկացել եմ, որ մենք միայն այս ֆիզիկականը չենք, ու ինչի մեջ որ սեր ես դնում, էներգիայով փոխանցվում է, եւ անհնար է, որ չզգացվի:

 

Զարմանում եմ, թե ինչու մինչ այս չկային նման ձեռնարկներ: Կարիք կա, որ դրանք շատ լինել, որովհետեւ մենք պատերազմող երկիր ենք ու շատ երեխաներ են նման բարդ հոգեբանական վիճակում հայտնվում:

 

Իմ մանկությունից հիշում էի, թե ինչն էր ինձ ամենաշատը ցավ պատճառում կորուստը հաղթահարելիս: Ես ինձ մենակ եւ մեկուսացված էի զգում, որովհետեւ կարծում էի, թե նման դժբախտության միայն իմ ընտանիքն է բախվել: Այս իմաստով հեքիաթ-գիրքը Նանեին շատ օգնեց: Նա տեսավ, որ Էլլիի հայրիկն էլ իր հայրիկի պես գնացել է պաշտպանելու ու լույս դարձել, ֆիզիկապես չկա, բայց տեսնում է նրան, լսում ու ուղղորդում: Նա հասկացավ, որ կարող է լինել նման իրականություն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարբեր կապեր գործի դնելով՝ գրքերը փորձել եմ հասցնել պատերազմի ժամանակ մարդկային կորուստ ունեցած եւ փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին: Դրանց մի մասը դեռեւս մնացել է, եւ փնտրում եմ այնպիսի հասարակական կազմակերպությունների, որոնք ունեն նման բազա եւ կարող են օգնել գիրքը դրա կարիքն ունեցողներին հասցնելու հարցում:

 

«Ինքը կա քո ամեն ինչում»

 

Այս ընթացքում վշտի միայն մեկ պոռթկում եմ թույլ տվել եւ վերջ: Լուրն իմանալու առաջին պահին էր: Սկսեցի ջարդել ամեն ինչ, որ կար տանը: Հետո ինչ-որ պահի կարծես Կարենի ձայնը լսեի. «Մենակ չգժվես, մենակ չգժվես, քեզ պինդ պահիր, մենակ չգժվես»: Կարենը շատ ձիգ տղա էր, իր կողին մյուսներն էլ էին ձգվում: Այդ պահին կարծես իր այդ զգաստացնող հայացքը զգացի ու նույն ակնթարթում հասկացա, որ ես պիտի այդ հայացքին արժանի ապրեմ: Դա ինձ սաստեց, որ հավաքվեմ: Հետո միանգամից մտածեցի Նանուկի մասին, որ հիմա հարազատների լացի ձայները լսում է: Դա ինձ ուշքի բերեց, մտա իր սենյակ ու ժպիտով, շատ հանգիստ հարցրի՝ Նա´ն, կգնա՞ս հոպարենց տուն: Նանեն էլ ուզեց գնալ, բայց երեւի շոկ էր ապրում, չգիտեմ հետն ինչ կատարվեց այդ ձայներից, երբ մեծանա կխոսենք: Այդպես Նանեով զգաստացա: Ես պատասխանատու եմ իր համար, նա ավելի կարեւոր է, քան իմ վիշտը: Երեխային ճանապարհեցի, հետո արդեն էլի հավաքված սկսեցի կազմակերպչական հարցերի մասին խոսել:

Տիգրանուհին, Կարենը եւ Նանեն Տիգրանուհին, Կարենը եւ Նանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ օրվա իմ զգաստանալու վայրկյանից ի վեր Կարենի շունչն ինձ վրա է եղել: Մենք շատ մտերիմ ամուսնական զույգ էինք, եւ ով գիտեր մեզ միասին, դժվար էր պատկերացնում՝ ինչպես պետք է ապրեմ առանց Կարենի ... Բայց պատերազմից հետո մահվան գաղափարը սկսել եմ բոլորովին այլ կերպ ընկալել: Դու հստակ տեսնում ես, որ եթե մարդը ֆիզիկապես այլեւս քո կողքին չէ, այնպես չէ, որ նա ընդհանրապես չկա: Իրականում ինքը կա քո ամեն ինչում, ու ես մշտապես զգում եմ Կարենի ներկայությունը:

 

Սերը, որ տանում է դեպի անսահմանություն

 

Կարենը ստանդարտներ կոտրող էր, բարոյական ընկալումների բոլորովին այլ մակարդակ ուներ: Այժմ իմ պահվածքն ու կեցվածը, իմ պնդությունը, աշխարհիկ վիճակից կտրվածությունն ամբողջապես իրենով է պայմանավորված:

 

Մի օր մենք տիեզերքի մասին ֆիլմ էինք նայում, կարծեմ «Interstellar»-ն էր: Ֆիլմից հետո լուրջ մտածմունքների մեջ էի, կարծես դեպրեսիա սկսված լիներ: Կարենը նկատեց ու հարցրեց, թե ինչ է եղել: Ես էլ բորբոքված ասացի, թե մենք ինչքան զրոյական էակներ ենք այս անսահման աշխարհում ու սկսեցի լացել: Կարենը ծիծաղեց, հետո գրկեց ու ասաց. «Դա այդպես է, բայց ամենամեծ բանը որ մարդը կարող է տալ, սերն է մեկը մյուս նկատմամբ, սերն աշխարհին: Առանց դրա, այո´, ամեն ինչ անիմաստ է, բայց մեր կյանքը դեպի սերն ու լույսն է գնում, ու մենք պետք է մեր ամբողջ կյանքի ընթացքում փորձենք դա շատացնել»:

 

Հետո սկսեց ինձ ժամերով պատմել հրեշտակների դասերի, գիտակցության շերտերի ու գիտակցության բարձրագույն մակարդակի մասին:

 

Կարենն ընդհանրապես մահից չէր վախենում: Անգամ պատերազմի ժամանակ չեմ զգացել նման բան: Հեռախոսազրույցների ժամանակ խնդրում էի, որ պատմի, թե շուրջը ինչ գեղեցիկ բաներ կան, փորձում էի կտրել պատերազմից: Այդ ժամանակ էլ Նանեն նոր էր սկսել խոսել, նրա ասած ծիծաղաշարժ արտահայտությունները գրի էի առնում ու երբ զանգում էր, պատմում էի, ինքն էլ լսում էր ու լիաթոք ծիծաղում:

Տիգրանուհի Հովհաննիսյանը իր հիմնած «Երգատեղ» ստուդիայում Տիգրանուհի Հովհաննիսյանը իր հիմնած «Երգատեղ» ստուդիայում

Լուսանկարը` Մեդիամաքս

Իր սերն է ինձ օգնում ամեն հարցում: Ես ինձ չեմ զգում իր այրին, ես իր կինն եմ: Այնպես եմ ապրում, որ ինքը տեսներ ու հպարտանար, ու որ նայեն ու ասեն՝ այս աղջիկը Կարենի կինն է: Մղող ուժը դա է՝ իմ սերն իր նկատմամբ, իր սերն իմ նկատմամբ, ու ես փորձում եմ դա փոխադրել այս կյանքի մեջ: Այս պահին այդպես եմ զգում ու այդպես եմ ապրում՝ կրելով այդ սերը որպես լույս:

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին