Ալիսա Գեւորգյան. ցավը բացեց «կյանք» բառի բուն բովանդակությունը - Mediamax.am

exclusive
10503 դիտում

Ալիսա Գեւորգյան. ցավը բացեց «կյանք» բառի բուն բովանդակությունը


Ալիսա Գեւորգյանը
Ալիսա Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալիսա Գեւորգյանը
Ալիսա Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալիսա Գեւորգյանը
Ալիսա Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալիսա Գեւորգյանը
Ալիսա Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2022թ. հունվարից Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվում է «Կյանքին ասել այո՛» հաղորդաշարը։ Դրանք 44-օրյա պատերազմով անցած մարդկանց 5-6 րոպեանոց պատմություններ են։ Կազմված են 3 մասից՝ «Երբ պատերազմը դեռ պատմություն ու կանխատեսում էր», «Պատկերներ պատերազմից, որոնք երբեք չեն մոռացվի», «Ապրել պատերազմից հետո»։ Չկա լրագրող, չկա լրագրողական խոսք։

 

«Կյանքին ասել այո՛». սա Վիկտոր Ֆրանկլի գրքի վերնագիրն է։ Ֆրանկլը նացիստական ճամբարներում ապրած հոգեբան է, որը բացատրում է, թե ինչն է օգնում սարսափներով անցած մարդկանց վերադառնալ կյանք, գտնել ապրելու իմաստը։ Այս գիրքը հաղորդման հեղինակ Ալիսա Գեւորգյանի ձեռքը պատահաբար է ընկել, երբ որդու զոհվելուց հետո ծայրահեղ վիճակից դուրս գալու ելքեր էր փնտրում։

 

«Ֆրանկլն ասում է՝ վերապրեցին ոչ թե նրանք, ովքեր պարզապես ուժեղ էին, այլ նրանք, ում հայացքը միտված էր դեպի ապագան եւ իմաստ էին տեսնում անգամ իրենց տառապանքներում։ Իմաստ, որ հետո ինչ-որ բան են անելու, ինչ-որ բան է լինելու, իրենց տառապանքը հենց այնպես չէ»։

 

Ալիսան ասում է՝ ամենաշատը չէր ցանկանա, որ հաղորդումն իր հետ ասոցացվի։ Այն պատերազմով անցած տղաների մասին է. նրանք ունեցել են ֆիզիկական ու հոգեբանական տրավմաներ, բայց կյանքին «այո» են ասել։

 

Հաղորդումը կարելի է դիտել Հանրային ռադիոյի կայքում եւ լսել լուրերի թողարկման ընթացքում՝ երկուշաբթի եւ չորեքշաբթի։

 

«Ես սովորեցի ապրել, գործել ու աշխատել՝ ցավին զուգահեռ»

 

2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն ինձ համար չի ավարտվել։ Ես երկար ժամանակ պարզապես չէի կարողանում աշխատել, որովհետեւ տղաս  անհայտ կորած էր։ Մեկ տարի անց հաստատվեց, որ Դավիթս զոհվել է։

 

Ես հասկացա, որ իմ զգացմունքներն այլեւս չեն փոխվելու։ Մեկ ու կես տարվա ընթացքում ես սովորեցի ապրել, գործել ու աշխատել ցավին զուգահեռ։ Հիմա մենք հայտնվել ենք զուգահեռ իրականություններում. մի իրականության մեջ կյանքը շարունակվում է, կարծեք, ոչինչ չի պատահել, մյուս իրականության մեջ եղել է պատերազմ, մենք կորցրել ենք Արցախը, կորցրել ենք մի ամբողջ սերունդ, ես կորցրել եմ իմ որդու սերունդը, եւ այն, ինչ մնացել է այդ սերնդից, ինձ համար հիմա թանկ մասունք է, եւ այն, ինչ ես կարող եմ անել իմ աշխատանքով, ուզում եմ անել հենց իրենց համար։ Այս պահին իրենք են ինձ համար կարեւոր, իրենց խոսքը, իրենց խնդիրները եւ իրենց ապրումները։

Ալիսա Գեւորգյանը Ալիսա Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես հասկացա, որ եթե ի վիճակի եմ աշխատել, ինչ-որ բան անել, ապա դա կարող է առնչվել միայն 44-օրյա պատերազմի դժոխքով անցած մարդկանց, որոնց կյանքն այս պատերազմը կտրուկ բաժանեց «նախկին»-ի եւ «հետո»-ի, որոնք ոչ միայն առողջական, այլեւ հոգեբանական լուրջ կորուստներ են ունեցել։ «Կյանքին ասել այո՛». սա պետք է իրենց բանաձեւը լինի։

 

«Ես ուզում եմ, որ այս տղաները գնահատեն կյանքը, ապրեն ոչ թե մեղքի, այլ շնորհակալության զգացումով»

 

Պատերազմով անցած տղաների հիմնական մասը խոսել չի ցանկանում։ Շատերն այդ պատկերները մոռանալու խնդիր ունեն։ Ես ընտրում եմ նրանց, ովքեր համաձայնում են խոսել, պատմել այդ օրերի մասին, եւ դա նշանակում է՝ արդեն կարեւոր մի բան հաղթահարել են։ Ես գիտեմ, որ մի բառը, մի փոքր օրինակը կարող է օգնել մարդկանց։ Եվ իմ նպատակն է իմ հերոսների միջոցով օգնել այն տղաներին, որոնք դեռ խնդիրներ ունեն հաղթահարելու, հավատան՝ եթե ինչ-որ մեկը կարողացել է, ուրեմն, հնարավոր է։

 

Իմ հաղորդումը մեկ այլ խնդիր էլ ունի։ Այս ընթացքում շատ եմ շփվել հոգեբանների հետ, որոնք ասում են, որ պատերազմում ընկեր կորցրած տղաները մեղքի զգացում ունեն, որ ուրիշի փոխարեն են ապրում, ուրիշի կյանքն են ապրում, ապրում են ու չեն ապրում։ Նույնը նաեւ ես եմ զգում՝ իրենք ապրելու բարդույթ ունեն։ Երեկ մեկի հետ զրուցում էի, ասաց՝ իմ մտերիմ ընկերոջ մահից հետո չեմ կարողանում ապրել, իրականում, ես եմ զոհվել։

 

Ես ուզում եմ այս հաղորդման միջոցով, նաեւ որպես որդի կորցրած մայր, ասել, որ դուք մեղավոր չեք այդ կորուստների համար, դուք ուրիշի կյանքը չեք ապրում, ու որեւէ մեկը որեւէ մեկի կյանքը չի ապրում։ Իրենք հատկապես շատ բարդույթավորվում են զոհվածների ծնողների հետ շփվելիս։ Բայց ես այս տղաներին վերաբերվում եմ որպես ընտանիքի այլ զավակների եւ ուզում եմ, որ գնահատեն կյանքը, ապրեն ոչ թե մեղքի, այլ շնորհակալության զգացումով։ Եթե ուզում են ընկերների համար մի բան անել, թող հիշեն ոչ միայն տխրությամբ, դառնությամբ, այլ հիշեն նաեւ նրանց կատակները, միասին անցկացրած լավ ժամանակը, լուսավոր հիշեն, ծնողների հետ շփվելիս պատմեն, թե ինչքան լավն էր իրենց տղան, որովհետեւ ընկերները հաստատ գիտեն բաներ, որ ծնողները չգիտեն։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք մարդկային, հայրենիքի կորուստներ ենք ունեցել եւ հիմա էլ  ընտանիքներում կորցնում ենք մեր ողջ մնացած երեխաներին։ Նրանք թերի, բարդույթավորված, կոտրված հոգեբանությամբ, հետագայում նաեւ կոտրված ճակատագրով մարդիկ են լինելու։ Ես ուզում եմ, որ այն, ինչ հնարավոր է իրենց շուրջ այս ավերակների միջից բարձրացնել, իրենք կարողանային բարձրացնել իրենց փոքր աշխարհում, իսկ դրա համար ուժ է պետք։ Եթե հաղորդումը կնպաստի այս ուժը մի կաթիլ կաթեցնել իրենց հոգու մեջ, ես շատ ուրախ կլինեմ։

 

«Ես այս տղաների հետ պատերազմի դաշտում չեմ եղել, բայց բոլորի տառապանքն ինձ շատ հասկանալի է»

 

Երբ մտածում էի այս շարքի մասին, իմ ամենամեծ մտավախությունն այն էր, որ էմոցիոնալ առումով չեմ կարողանա։ Ես, որ ամբողջ կյանքում սիրել եմ զինվորական համազգեստը եւ երազում էի, թե տղաս երբ է հագնելու, հիմա մեջս վախ կա դրա նկատմամբ. երբ տեսնում եմ, պատկերացնում եմ, թե այդ համազգեստի մեջ ինչեր են կատարվել։

 

Ես այս տղաների հետ պատերազմի դաշտում չեմ եղել, բայց բոլորի տառապանքներն ինձ շատ հասկանալի են։ Այդ բոլորը ես միլիոնավոր անգամ պատկերացրել եմ իմ տղայի կերպարի միջոցով՝ ինչ էր զգում, ինչ կարող էր իր հետ պատահած լինել, ինչի միջով էր անցնում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես հիմա շատ սուբյեկտիվ կարծիք ունեմ հատկապես 20 տարեկանների հանդեպ, ինձ թվում է՝ իրենք բոլորից տարբերվում են, ուրիշ են։ Եվ այդ պատճառով շատ էի վախենում, որ զգացմունքային առումով չեմ դիմանա, բայց առաջին հարցազրույցներիս հերոսները շատ լուսավոր էին, շատ նման էին իմ Դավիթին ու շատ օգնեցին ինձ։ Հետո տղաներից մեկը խոստովանեց, որ ես էլ իրեն եմ օգնել, ուժ եմ տվել։ Փոխադարձ մի պրոցես է, ես իրենց ուժ եմ տալիս ու իրենցից ստանում եմ այդ ուժը։ Վախերն անցան, փորձում եմ ամեն ինչ իմ ներսում հաղթահարել։ Փառք Աստծո, մինչեւ հիմա չի եղել, որ զգացմունքներս խանգարեն աշխատանքիս։ Դժվար է, բայց պիտի անեմ։ Ես հասկացա, որ այլեւս հեշտ չի լինելու, բայց դա չի նշանակում, որ էլ անելիք չունեմ։

 

«Ես տղայիս՝ Դավիթին տվեցի, հետ ստացա մասունք առ մասունք»

 

Դավիթը Մանկավարժական համալսարանում օպերատորություն, լուսանկարչություն էր սովորում։ Շատ սիրում էր կիթառ նվագել, լավ ձայն ուներ, շատ լավ աչք ուներ, պրոֆեսիոնալ ապարատով նկարում էր։ 1-ին կուրսն ավարտելուց հետո 2019-ի հուլիսին զորակոչվեց։ Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, հետո Արցախում՝ Վարանդայի տանկային զորամասում։ Երբեւէ չի դժգոհել ծառայությունից, պատերազմի ընթացքում էլ միշտ ասում էր, որ ամեն ինչ նորմալ է։

 

Հոկտեմբերի 16-ին վերջին զանգը ստացա։ Ասաց՝ տեղս հարմար չի, երբ հարմար լինի, կզանգեմ։ Հետո իմացա, որ կոնտուզիա է ստացել ու Վարանդայի բուժկետում է եղել։ Երբ Վարանդայից զորքը տեղափոխել են Մարտունի, մեքենաների շարասյան մեջ եղել է նաեւ բուժկետի մեքենան՝ 15 վիրավորով, ընդ որում՝ շատ ծանր վիրավորներ, որոնք, չգիտես ինչու, եղել են զորամասի բուժկետում, ոչ թե՝ հոսպիտալում։ Ճանապարհին մեքենան փչացել է։ Մեր բարեկամի տղան, որ առաջին մեքենայի մեջ է եղել, Դավիթին առաջարկել է իրենց մոտ տեղափոխվել, բայց Դավիթը չի գնացել, ասել է՝ ես ոտքի վրա եմ, տղերքը վիրավոր են, օգնում եմ իջեցնել-բարձրացնել։ Իրենց հրաման է տրվել, որ ինչ-որ տարածքում սպասեն, մինչեւ կգան, կհանեն։ Ու ինչքան գիտեմ, նրանց հետեւից ոչ ոք չի գնացել։ 15 վիրավորներով մնացել են, ու մենք այլեւս նրանցից որեւէ տեղեկություն չենք ունեցել։

 

Երկար ժամանակ ադրբեջանցիներն այդ հատվածում որոնումներն արգելում էին։ Հետո, երբ որոնողական աշխատանքները սկսեցին, ոչ մեկին չգտան։ Մի քիչ հույս արթնացավ, որ գերի են տարել։ Էդպես մինչեւ 2021թ. մարտի 19-ը, երբ ադրբեջանցիները Կարմիր Շուկայի մոտ մարմիններ հանձնեցին։ Այստեղ էր նաեւ իմ տղայի բանկոմատի քարտը։ Ծնողներից մեկը զանգեց, ասաց՝ էրեխեքի մարմինները բերել են, Դավիթի կոդը 17 65 է։ Բայց քանի որ ԴՆԹ-ի պատասխանը դեռ չկար, հարազատներս ինձ հույս էին տալիս։

 

Դիմել էի ՄԻՊ-ին, եւ 2021-ի սեպտեմբերի 27-ին ստացա պատասխան, որ 14 մասունք հաստատվել է։ Գլխի մասունքից պարզ դարձավ, որ մահը վրա է հասել հրազենային վիրավորումից։ Ինձ բացատրեցին, որ Դավիթը մինչեւ վերջ մնացել է ընկերների կողքին, կռիվ են տվել, եւ, փաստորեն, հրազենային վիրավորումից զոհվել է, թեեւ ի սկզբանե իր վիրավորումը թեթեւ էր, կարող էր գնալ։ Հուղարկավորեցինք իր վերջին զանգից մեկ տարի անց՝ հոկտեմբերի 16-ին։ Ես տղայիս՝ Դավիթին տվեցի, հետ ստացա մասունք առ մասունք։

Ալիսա Գեւորգյանը Ալիսա Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասակի հրամանատարը հոգեհանգստին եկել էր, որ ինձ անձամբ հանձնի Դավիթի «Արիության» մեդալը։ Ասաց՝ ես իր մեջ ոչ թե 19,  այլ ինձ հետ հավասար կռվող 40 տարեկան տղա եմ տեսել։

 

«Զավակ կորցրած ծնողներին երբեք մի ասեք՝ «կյանքը շարունակվում է»»

 

Ես մի քանի անգամ վերապրել եմ իմ տղայի մահը։ 2020-ի հոկտեմբերի 16-ից մինչեւ 2021-ի սեպտեմբերի 27-ը իմացա դժոխքի բոլոր գույները, բոլոր մանրամասները։ Ես էդ անտառներում եմ ապրել երկար ժամանակ, ամեն օր պատկերացնում էի՝ ոնց են մրսում, ոնց է ցավում, քամին ոնց է մտնում ողնաշարիդ մեջ։ Երբ մտածում էի, որ գերի է, մի կողմից դա հույս էր, որ տղայիս նորից ողջ կտեսնեմ, մյուս կողմից ուսումնասիրում էի Բաքվի բանտերը, ամեն վայրկյան պատկերացում էի՝ ինչ պայմաններ են, ոնց են տանջում, ոնց են նվաստացնում։  

 

Հետո եկավ մի փուլ, որ «ո՞ւր ես, Դա՛վ» հարցից փորձում էի չխելագարվել։ Երբ Վարանդայի օդանավակայանը սարքում էին, ինձ թվում էր՝ էրեխուս մասունքները մնացին դրա տակ, ու վերջ։ Ու եկավ մի պահ, որ ասում էի՝ թող լինի մարմինը, թող լինի մի քանի մասունք, միայն թե ես դա ունենամ։ Ինձ համար ամենասարսափելին այն էր, որ այդ անորոշության մեջ եմ մնալու ամբողջ կյանքում։

 

Զգացմունքների մեջ այնքան վերեւ-ներքեւ էի արել, որ արդեն ուզում էի կայուն ցավ լինի։ Թող մեծ, սարսափելի, բայց կայուն ցավ լինի։ Ես սկսեցի դա ուզել, սկսեցի դրան սպասել։

 

Հուղարկավորությունից հետո եղավ հենց դա՝ մեծ, բայց կայուն ցավ։ Ես գիտեմ դրա հետ ինչպես վարվել, ես արդեն գիտեմ՝ Դավը որտեղ է, էլ չեմ փնտրում, չեմ փորձում չխելագարվել։ Ես ուղղակի սովորեցի ապրել իմ ցավի հետ, եւ չեմ էլ փորձում հաղթահարել, հրաժարվել դրանից։ Ինչի՞ց հրաժարվեմ՝ Դավիս կարոտի՞ց, հիշողությունների՞ց։ Ինքն իմ կյանքի ամեն ինչն էր, ես ինքս ինձնից հրաժարվել չեմ կարող։ Եթե ես 20 տարի վայելել եմ այդ երջանկությունը, որի անունն էր Դավիթ, ուրեմն, հիմա էլ եմ վայելում, ես հիմա էլ Դավիթի մաման եմ, ու դա ինձնից ոչ ոք չի խլի։ Ես հասկացա, որ «կյանք» բառի բուն բովանդակությունը մարդը կարող է զգալ հենց այս ցավերի մեջ։ Ցավից պետք չէ վախենալ։ Եթե գալիս է, պետք է արժանապատիվ ընդունել եւ հետեւություններ անել։

Ալիսա Գեւորգյանը Ալիսա Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միայն մի բան եմ խնդրում. զավակ կորցրած ծնողներին երբեք մի ասեք «կյանքը շարունակվում է» արտահայտությունը։ Ավելի վիրավորական, ավելի ցավոտ բան չեք կարող անել։ Այդ պատճառով է, որ չեմ ցանկանում «Կյանքին ասել այո՛» հաղորդումն ինձ հետ ասոցացվի, որովհետեւ հիմա «կյանք» բառն ուրիշ բովանդակություն, ուրիշ շերտեր ունի։ Երեխա կորցրածներս ուրիշ իրականության մեջ ենք ապրում, որտեղ կյանքի ու մահվան սահմանները լղոզվել են։ Ինձ համար կյանքը շարունակվում է այնտեղ, որտեղ որդիս է, ու չգիտեմ՝ կյանքն էնտե՞ղ է, թե՞ էստեղ է, ավելի շատ էնտե՞ղ եմ, թե՞ էստեղ։

 

«Այդ ցավով հանդերձ՝ կարող եմ օգնել ուրիշներին»

 

Ես գիտեմ, որ ցավի հետ հնարավոր է ապրել ու բեռ, ցավ չդառնալ մյուսների համար։ Ես գիտեմ, որ այդ ցավով հանդերձ՝ կարող եմ օգնել ուրիշներին։ Ինձ թվում է՝ հիմա Դավն է այդ ուժը տալիս ինձ։ Ես գիտեմ, որ որեւէ ավելորդ էմոցիա, որ կողքից տեսանելի կլիներ, իրեն դուր չէր գա։ Ես այն կերպարի մեջ եմ, որն ինքը կուզեր տեսնել ու տեսել է։

 

Հիմա բոլորս ենք դժոխքում. ես տղա եմ կորցրել, ինչ-որ մեկն ապագայի հանդեպ հույսը, հավատն է կորցրել, հայրենիք է կորցրել, եղբայր, սիրած տղա, հարեւան է կորցրել։ Մի ամբողջ սերունդ կոտրվել, թեւաթափ է եղել հենց այն պահին, երբ պիտի ապրեր, սիրեր, վայելեր ամենասիրուն զգացմունքները։ Ես իրենց համար պատրաստ եմ ուժեղ լինել։ Եվ եթե այդ ուժն ինձ տալիս է չգիտեմ՝ Աստված, Դավս, ինչի՞ զոհի կերպարի մեջ մտնեմ։ Դժվար պահեր լինում են, որ ուզում եմ մեկուսանալ, բայց երբ պահը հաղթահարում եմ, ինչի՞ չանեմ մի բան, որն իմ շրջապատին կարող է օգնել։ Երբեմն զգում եմ, որ եթե որեւէ բան էլ չանեմ, հարազատներս պարզապես տեսնում են խոսելս, ժպտալս ու իրենց լավ են զգում։ Ինչի՞ չանեմ դա, մանավանդ, որ չեմ կեղծում, ներսից գալիս է այդ լույսը։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին