Զոհվելուց վայրկյաններ առաջ հետախույզ Թաթուլը Նժդեհի երգն էր երգում - Mediamax.am

exclusive
11399 դիտում

Զոհվելուց վայրկյաններ առաջ հետախույզ Թաթուլը Նժդեհի երգն էր երգում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արդեն կա՛մ մահ, կա՛մ ազատություն». հետախույզ Թաթուլ Հակոբյանի վերջին հաղորդագրություններից մեկն է, որն ուղարկել էր կնոջն ու ընկերներին։ Այս տողն է Հրազդանի թիվ 10 դպրոցի պատին՝ Թաթուլի նկարի կողքին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թաթուլի զոհվելուց հետո, դժվար ու ծանր մեկ տարի անց, ընտանիքը փորձում է ոտքի կանգնել, ապրելու իմաստ գտնել։ Ու դրանում մեծ է Մոնթեի դերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինքը Թաթուլն է՝ ինչքան վտանգավոր տեղ կա, էնտեղ է, ինչքան վտանգավոր բան կա, անում է», - աթոռի թիկունքին բարձրացած 3 տարեկան Մոնթեի մասին ասում է մայրը՝ Անահիտ Ալեքսանյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչեւ պատերազմը, Անահիտը կարծում էր, թե ամեն ինչ գիտի իր հատուկ ջոկատային ամուսնու կարեւոր ու վտանգավոր աշխատանքի մասին։ Զոհվելուց հետո հասկացավ՝ հետախույզ Թաթուլին ինքը չէր ճանաչում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե սկզբում գիտակցեի այն, ինչ հիմա եմ գիտակցում, կխելագարվեի, բայց ժամանակին էնքան քիչ բան եմ իմացել հետախուզության մասին։ Երբ ընկերները պատմում էին, թե ինչեր է արել ու ինչպես, ասում էի՝ մի՞թե Թաթուլն էնպես գաղտնի է պահել ամեն ինչ, որ էսքան տարի իր հետ ապրել ու չեմ հասկացել»։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սպարապետ» անունով հայտնի 26-ամյա Թաթուլը հատուկ նշանակության բրիգադի հետախույզ էր։ Մասնակցել է 2016-ի Ապրիլյան պատերազմին, 2020- հուլիսի մարտերին, Սիրիայում խաղաղապահ առաքելությանը։ 44-օրյա պատերազմը վերջինն էր։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Թաթուլը չի մահացել, ինքը հիմա էլ գալիս է տուն, ես իր ծխախոտի հոտը զգում եմ։ Շատ բան չասեմ, որ չկարծեք, թե ցավից խելքս կորցրել եմ։ Ինքն ապրում է, ուղղակի՝ ուրիշ էներգիայով։ Թաթուլն էնքան հզոր էր, որ մահն իրեն չի կարող հաղթել, ոչինչ չի կարող հաղթել»,- ասում է մայրը՝ Գայանե Բարբարյանը։ Ու Թաթուլի մասին ամեն պատմությունից հետո, կարծես ամաչելով, արդարանում է, թե չեմ գովում, որովհետեւ իմ տղան է, ում էլ հարցնեք՝ նույնը կասեր։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թաթուլը երազում էր սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ընտանիքը դեմ էր, ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։ Բայց բանակից վերադարձավ զինվորական դառնալու հստակ որոշմամբ։

 

Տիկին Գայանեն ասում է՝ պատերազմը շատերի կյանքը խլեց, բայց իրենք այդ տագնապն ապրում էին տարիներ շարունակ։ Թաթուլն ամեն անգամ հրաժեշտ էր տալիս ընտանիքին ու գնում գործողության. ո՞վ գիտեր՝ կվերադառնա՞ր, թե՞ չէ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի անգամ հիվանդ էր, սրսկեցի, հետո հարցրի՝ ինչպե՞ս ես։ Ասաց՝ մի՛ անհանգստացի։ Ասացի՝ անլուրջ մի վերաբերվիր, սրսկումից մարդ կարող է մահանալ։ Թաթուլը ծիծաղեց՝ մա՛մ, որ ամեն անգամ թուրքը հետեւիցս ավտոմատը դատարկում է ու ինձ չի կպնում, ես ասում եմ՝ բա իմ հերթը ե՞րբ է, տեր Աստված»։

 

Տիկին Գայանեն հիշում է՝ Թաթուլը սիրում էր կյանքը, բայց, ասում էր, եթե պիտի զոհվեմ, ուրեմն, էնպես, որ նկարս ամեն տեղ լինի, իմ մասին խոսեն, տղաս դասագրքում կարդա։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պիտի տեսնեիք իր վազքը դեպի պատերազմ։ Գնալուց մուտքի մոտ փաթաթվեցի, ինքը հասկացավ, որ հրաժեշտի նման համբուրեցի, ասաց՝ մամա՛, հետ եմ գալու։ Մտքումս անընդհատ էդ բառերն են, Թաթուլը չի կարող խոստանալ ու չանել»։

 

Ինչեր է արել Թաթուլն իր ծառայության ու հատկապես՝ վերջին պատերազմի ժամանակ, ընտանիքը նրա զոհվելուց հետո է իմացել։ Մեկ տարի անց էլ՝ պատահական մարդկանցից տարբեր պատմություններ են լսում նրա մասին։

 

«Տղաներից մեկը պատմում է, որ ուժեղ կռվից հետո, ինչպես ընդունված է, սկսել են իրար ձայն տալ, Թաթուլը չի պատասխանել։ Տղաներից մեկը դրել է մեջքին ու ուժեղ թափ տվել։ Թաթուլը սկսել է շնչել, բայց կոնտուզիա է ստացած եղել։ Միանգամից վերցրել է ավտոմատն ու ուզել է գնալ թուրքերի կողմը։ Այդ տղան պատմում է, որ Թաթուլին գոտիով կապել է իրեն։ Ասում է՝ էնքան թույլ էր, որ չէր կարողանում պոկվել ինձնից, բայց էդ վիճակով ասում էր՝ ես չեմ գալիս հոսպիտալ, պիտի մնամ կռվի դաշտում։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Արցախցի մի տղա էլ Թաթուլի նկարն իր մոտ ընկերոջ տանը տեսել ու պատմել է, որ Օմարում շրջափակման մեջ են ընկել, բոլորը հուսահատ, հանձնվելու տրամադրությամբ, երբ ասել են, որ շուտով սպեցնազը կհասնի։ Ասում է՝ եկան, ու Թաթուլը սկսեց խոսել զորքի հետ, ոգեւորել, ու նույնիսկ այն տղաները, որ զենքը գցել, ուզում էին փախչել, ավտոմատը վերցրեցին, որ կռվի դաշտ դուրս գան»,-պատմում է տիկին Գայանեն։

 

Հոկտեմբերի 18-ին հատուկ ջոկատայինները զինվորներին շրջափակումից հանելու առաջադրանք էին ստացել։ Քանի որ վտանգը մեծ էր, վերադառնալու հավանականությունը՝ աննշան, գործողությանը մասնակցելու որոշումը ոչ թե պարտադիր, այլ կամավոր էր։ Թաթուլն առաջինն էր։ Նրան միացան նաեւ 7 ընկերները։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ասել է՝ եթե էստեղ սրանց դեմը չառանք, գալու են հասնեն մեր տներին, որովհետեւ թուրքը Ղարաբաղով կշտացողը չի։ Գործողության գնալուց առաջ մեքենայից ձայն է տվել՝ տղիս լավ կնայեք»,-պատմում է Անահիտը։

 

Հոկտեմբերի 19-ին, երբ Հայաստանում դեռ չգիտեին Թաթուլի զոհվելու մասին, ադրբեջանական կայքերը գրում էին՝ «Ոչնչացրինք Հայաստանի հերոսին»։  Օրեր շարունակ Անահիտը սոցիալական ցանցերում ադրբեջանցիներից նամակներ էր ստանում. ուղարկում էին Թաթուլի նկարը՝ կարմիրով ջնջած, նյութերի վրա նշում ու մեկնաբանություններ էին թողնում, որ իր կամքից անկախ՝ Անահիտը տեսնի հրապարակումները։ Անցած հոկտեմբերին նորից գրել էին՝ լրացավ մեկ տարի, որ Թաթուլը չկա։ Ընտանիքը վստահ է, որ Թաթուլի զոհվելը պատահականություն չէր, նա թշնամու թիրախում էր։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պատերազմից առաջ ասաց՝ մա՛մ, եթե զոհվեմ, ինձ երգով-պարով կթաղեք։ Ես մինչեւ վերջ իր ցանկությունը կատարեցի։ Հոգեհանգստին ընկերներին բերել, կանգնեցրել, ստիպում էի՝ պիտի երգեք «Կամավորը», իմ տղան էդպես էր ուզում։ Ու բոլորը երգում էին, ես էլ՝ իրենց հետ»։

 

Անահիտը թերթում է հեռախոսի մեջ պահած ադրբեջաներեն նամակները, մինչեւ հասնում է Թաթուլի վերջին հաղորդագրությանը. «Շատ խառն եմ։ Չզանգես։ Անջատելու եմ հեռախոսս։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Դուք իմ հրեշտակներն եք։ Երբ ստացվի, կկապվեմ հետդ։ Քեզ իմ կյանքից շատ եմ սիրում։ Մոնթեին իմ տղա կմեծացնես։ Սիրում եմ ձեզ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտն ու Թաթուլը համադասարանցիներ էին։ Ասում է՝ ծառայության հետ կապված անհանգստություն միշտ է ունեցել, նույնիսկ փորձել է համոզել, որ աշխատանքը փոխի, մինչեւ հասկացել է, թե ինչքան կարեւոր ու սիրելի է զինվորական գործը Թաթուլի համար։ Անհանգստանում, բայց հպարտանում էր ամուսնու մասնագիտությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թաթուլի զոհվելուց հետո անպատմելի ծանր ամիսներ է անցկացրել։ Հետո որոշել է նրա մասին գիրք գրել, որ բոլորը ճանաչեն՝ ծառայության մեջ հզոր, ընտանիքում՝ քնքուշ Թաթուլին։

 

«Գրքում հայրենիքից գնում եմ ընտանիք, ընտանիքից գալիս եմ հայրենիք, որովհետեւ մեր կյանքն էր էդպիսին։ Մինչեւ հասկանում էինք, որ Թաթուլը տուն է գալիս, նորից գնում էր ինչ-որ առաջադրանքի։ Գնալու ընթացքն էր ծանր, ամեն վայրկյան սպասելն էր ծանր։ Ու ամենադաժանն այն է, որ երբեք չհասցրեցինք կարոտներս առնել։ Բայց ես երբեք իրենից չեմ նեղացել, որովհետեւ յուրահատուկ էր, կարողանում էր ինձ իմ բաժինը տալ, հայրենիքին՝ իր բաժինը։ Ես իմ բաժնով էի գոհանում, հայրենիքը՝ իր բաժնով»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտն ասում է, որ հիմա էլ Թաթուլի ներկայությունը լիարժեք զգում է։ Երբ նեղսրտած է, երբ դժվար է, խնդրում է՝ «օգնիր, դու արա, մենակ չեմ կարողանում»։ Հիմա ընտանիքի ամենամեծ նպատակները Մոնթեի հետ են կապված։ Անահիտը վստահ է, որ տղան ամեն ինչ հասկանում է։

 

«Երբ գիրքը նոր էր լույս տեսել, պարտադիր գրկում, գլուխը դնում էր վրան, նոր քնում էր։ Մի անգամ նույնիսկ 5-6 գիրք դասավորել էր անկողնում, պառկել էր կողքը։ Մի քանի օր առաջ վիճել էր իր հասակակից մի տղայի հետ։ Նա գնացել, պապային ասել էր, որ Մոնթեն նեղացրել է իրեն։ Մոնթեն էլ դա տեսավ, գնաց Թաթուլի նկարի մոտ կանգնեց, ու ինքն էլ իր հորը սկսեց բողոքել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ իրեն հարցնում էին՝ պապան որտե՞ղ է, գնում, զինվորական շորն էր բերում, որովհետեւ ծնված պահից Թաթուլին զինվորական համազգեստով է տեսել։ Ու Թաթուլի զոհվելուց հետո հենց զինվորական էր տեսնում, սկսում էր լացել, շորերը քաշքշել։ Պատկերացնում էր, որ իր պապայի շորերն ուրիշն է հագել, ուզում էր իրեն տային»։

 

Տիկին Գայանեն ասում է, որ մեկ տարի հոգեբանի, նյարդաբանի հետ աշխատելուց հետո են ոտքի կանգնել։ Հասկանում է, որ պետք է ուժեղ լինի. հիմա հայրենիքի համար անգամ ամենափոքր քայլն անելով՝ կարող է շարունակել Թաթուլի գործը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թաթուլի հետ վերջին գործողությանը մասնակցած զինվորն ընտանիքին պատմել է, որ զոհվելուց վայրկյաններ առաջ Թաթուլը Նժդեհի երգն էր երգում «Արազ ափին»՝ քաջալերելու համար ընկերներին, որոնք գիտակցում էին, որ չեն վերադառնալու։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին