Տարոն Անդրեասյանի կյանքն ու կռիվը - Mediamax.am

exclusive
4296 դիտում

Տարոն Անդրեասյանի կյանքն ու կռիվը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


2020 թվականի պարտության դառնահամը դեռ չմարսած, հուսահատության նոր ալիքներ են գալիս, որոնց դիմադրելը, հաճախ, շատ դժվար է դառնում: Պատերազմի ամենօրյա վտանգն առկախված է, իսկ կորուստների վերքերը նորոգվելու փոխարեն նորերով են բորբոքվում: Բայց երբ թվում էր՝ էլ ուժ չկա, 2022թ. սեպտեմբերին մեր սրտերը նորովի զինելու եկավ հայ զինվորի տեսանյութը, որն արհամարհանքով մերժեց հանձնվելու առաջարկը ու մինչեւ կյանքի վերջին ակնթարթը պայքարով հաստատեց հայրենիքի պաշտպանի իր կոչումը: Այդ զինվորը Տարոն Անդրեասյանն էր, Տարոնը, որը լույսի պես ճեղքելու եկավ հուսալքության ու վախի մթնոլորտը:

 

Դեռ փոքրուց՝ զենքը ձեռքին

 

Տարոն Անդրեասյանը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 25-ին: Մեծացել է Արարատի մարզի Մխչյան գյուղում: Նրա հայրը՝ Հարություն Անդրեասյանը 1990-ական թվականների Արցախյան պատերազմի մասնակից է: Տարոնը մանկուց եղել է ազատամարտիկների միջավայրում ու դաստիարակվել հայրենիքի հանդեպ պատասխանատվության գիտակցմամբ: Տարոնի անունն էլ Հարությունն իր մարտական ընկերոջ անունով է դրել:

 

«Մանկությունից միշտ ինձ հետ է եղել, 2-3 տարեկանից հետս ման եմ տվել: Փոքր տարիքից մեծերի հետ է շփվել, ընկերներս էլ հիմնականում պատերազմի միջով անցած տղերք են, իրենց մեջ է մեծացել: Ես էլ դասակի հրամանատար եմ եղել:  Պատերազմի դաշտից վերադառնալուց հետո օրինական «Մակարով» ատրճանակ ունեի: Երեք տարեկանից Տարոնն արդեն ասում էր՝ պապա´, տուր կրակեմ, օգնում էի, կրակում էր: Հետո ավելի մեծ տարիքում, երբ որսի էին գնում, հրացանով շատ լավ կրակում էր»,- հիշում է Հարությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարոնի մայրը՝ Թամարան, մոտեցնում է տղայի մանկության նկարներից մեկը, ցույց տալիս մանուկ Տարոնի ձեռքի խաղալիք ատրճանակն ու ասում. «Տղես այս տարիքից էլ զենքը ձեռքից չի թողել»:

 

Մանկության ջերմ հիշողությունները

 

Տարոնը սովորել է Մխչյանի միջնակարգ դպրոցում: Ծնողներն ասում են, որ շատ չար երեխա է եղել:

 

«Երբ ինչ-որ բան էր որոշում, էլ երկար-բարակ չէր գցում-բռնում, միանգամից իրագործում էր: Թասիբով տղա էր, դա ամբողջ գյուղը գիտեր»,- ասում է Հարությունը:

 

Տարոնի մասին ջերմ հիշողությունները սրտում ամուր պահում է նաեւ զարմուհին՝ Տաթեւը, որի հետ գրեթե հասակակիցներ էին: Տաթեւը պատմում է, որ չնայած պատերազմական տարիներին, ցրտին ու անորոշությանը, իրենց մանկությունն ամենաերջանիկն էր:

 

«Եղբայրս շատ ակտիվ երեխա էր, տեղում չէր նստում: Սիրում էր շփվել մարդկանց հետ, բոլորի հետ լեզու էր գտնում: Փոքր ժամանակ հաճախ էինք միասին որեւէ բան պատրաստում: Մեր սիրելի համատեղ ստեղծագործությունն աղցանն էր, որի բաղադրիչները հավաքում էինք մեր բանջարանոցից: Չեք պատկերացնի, թե ինչքան էինք սիրում բանջարեղեն քաղելու եւ հետո նաեւ ուտեստ պատրաստելու գործընթացը: Երջանկությանը սահման չկար, ժպիտն էլ ականջներին էր հասնում: Նաեւ հաճախ զբոսնում էինք միասին, տարբեր ատրակցիոններ փորձում: Շատ սիրում էինք «Ծիծաղի սենյակ»-ը, հռհռում էինք՝ ուշաթափության աստիճան: Միասին մուլտֆիլմ էինք դիտում, որոնցից մեր սիրելին «Դե, սպասիր»-ն էր: Երջանիկ ժամանակներ էին... 2020 թվականի գարնանը զրուցում էինք, մեր ծրագրերով ու երազանքներով էինք կիսվում: Տարոնը ցանկանում էր ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, այդ պատասխանատվության ստանձնմանը 100 %-ով պատրաստ էր: Բայց ցավոք, պատերազմը խլեց բոլոր երազանքները»,- պատմում է Տաթեւը:

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Տարոնը նաեւ կրտսեր եղբայր ունի՝ Վահեն, որ 16 տարեկան է: Վահեի անունը հենց Տարոնն է որոշել:

 

Կռվարար ու ընկերասեր Տարոնը

 

Տարոնն ամենահաս էր, ում որտեղ օգնություն էր պետք, առանց հապաղելու պետք եղածն անում էր: Նրա մասին այդպիսի պատմություններ գյուղում շատերն ունեն:

 

Տարոնի ժամկետային զինվորական ծառայությունն Արցախում է անցել՝ Մարտունի 3-ում, հետախույզ է եղել:

 

«Ծանոթներից ով գնում էր այդտեղ ծառայելու, հետո պատմում էր, որ զորամասում Տարոնի նկարը փակցված է՝ որպես օրինակելի զինվոր»,- մայրն է ասում:  

 

«Ջիգյարով տղա էր Տարոնը, ծնողասեր էր, մեզ լավ կպահեր: Ընկերությանն էլ շատ նվիրված էր: Դրա համար էլ հաճախ էր կռիվների մեջ ընկնում: Որ հարցնում էի՝ էս ի՞նչ ես անում, պատասխան հարց էր տալիս, թե արդյոք ես նույնն իմ ընկերոջ համար չէի՞ անի: Դե դրան էլ ո՞նց պատասխանես: Դրա համար էլ ուզեցի, որ մի քիչ կտրվի այստեղից, գնա Ռուսաստան՝ աշխատելու: Բանակից հետո ընկերներիս հետ ուղարկեցի Ռուսաստան: Աշխատում էր ու մեզ շատ օգնում»,-պատմում է Հարությունը:

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Տարոնը նաեւ սիրում էր ծնողներին անակնկալներ մատուցել: Թեկուզ Ռուսաստանում էր, մայրիկի ծննդյան օրը միշտ ծաղիկներ էր ուղարկում, հայրիկի համար էլ տորթ պատվիրում:

 

Պատասխանատվությունը կանչում է հայրենիք

 

Ծնողների խոսքով՝ Տարոնը միշտ է ասել՝ եթե պատերազմ լինի, ինքը գնալու է: Ապրիլյան պատերազմի օրերին էլ Ռուսաստան մեկնելու տոմսն արդեն ձեռքին էր, բայց գնում ու չեղարկում է, որ ռազմի դաշտ մեկնի: Փա´ռք Աստծո, պատերազմը շուտ ավարտվեց ու դրա կարիքը չեղավ:

 

2020 թվականին էլ պատերազմի լուրը լսելուց հետո, երբ իմացել է հակառակորդի առաջխաղացման մասին, Տարոնը զանգել է մորն ու ասել. «Ա´յ մամ, էս կռվող չկա՞, որ թուրքը գալիս մտնում է մեր ննջարաններ»: Այդ խոսակցությունից հետո իմացել են, որ հենց հաջորդ օրը Հայաստան է վերադառնում:

 

«Այդ ժամանակ էլ դե համավարակի սուր շրջան էր, թռիչքները քիչ էին, տոմսերն էլ բավականին թանկ: Հետո այնտեղի ընկերներն էլ պատմեցին, որ փորձել են խոչընդոտել, անձնագիրն են պահել, բայց փնտրել ու գտել է, ինչ էլ արել են, չեն կարողացել Տարոնին կանգնեցնել»,- հավելում է Հարությունը:

 

Տարոնը Հայաստան է եկել հոկտեմբերի 4-ին եւ հաջորդ օրն արդեն գնացել զինվորական կոմիսարիատ:

 

«Հետո անընդհատ զանգի էր սպասում, ասում էր՝ էս ինչու՞ չեն կանչում, նորից էր գնում, հարցնում: Ինձ էլ ասում էր. «Մամա´, ղզիկություն չանես, զինվորական գրքույկս չպահես, մե´կ է, գնալու եմ: Ես որ չգնամ կռիվ, ո՞նց պետք ա գյուղի մեջ ման գամ, ո՞նց նայեմ մյուսների աչքերին»»,- որդու խոսքերն է հիշում Թամարան:

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Այդ նույն ժամանակ Տարոնի պապը՝ Հարությունի հայրը հիվանդ էր: Հարությունը խնդրում էր որդուն, որ մի քիչ համբերի, պապը երկար չի ապրելու, իրենց կողքին մնա, Տարոնն էլ պատասխանել է. «Ա´յ հեր ջան, գնամ-գամ, դեռ հարսանիք պետք է անենք, պապիին պարացնենք, ուրախացնենք, ինչի՞ մասին ա խոսքը»: Տարոնից հետո երեք ամիս անց Հարությունի հայրը մահացել է:

 

Տեսանյութին նախորդած դեպքերը

 

Զինվորական կոմիսարիատից կանչեցին հոկտեմբերի 19-ին, Հոկտեմբերյանում ստեղծեցին դասակ, Տարոնն էլ դարձավ դասակի հրամանատարը:

 

«Հոկտեմբերյանից որ եկավ, ասաց՝ գիտե՞ս հայերի զրահաբաճկոնը ինչի՞ է միակողմանի, ինչի՞ թիկունքից չի պաշտպանում: Որովհետեւ հայը չի փախչում»,-հիշում է մայրը:

 

Պատերազմի օրերին Սանասարում (Կուբաթլուում) է եղել: Երբ զանգելու հնարավորություն էր լինում, հոր հետ էր խոսում, խորհուրդներ հարցնում: Մայրն էլ կողքից ձայնը լսում էր ու դրանով երջանկանում էր:

 

«Հոկտեմբերի 25-ի գիշերը զանգեց, ասաց, որ շրջափակման մեջ է: Հարցրի, թե որտեղ է, ասաց մոշերի թփերի տակ են, դուրս գալ չի կարող, քանի որ թուրքերի մեքենաները դիմացով անցնում են: Հետեւում էլ Որոտան գետն էր: Ասացի, որ մտնի գետով դուրս գա մյուս ափ, պատասխանեց, որ փորձել է, գետը տանում է: Որոտանի վարար ժամանակներն էին: Մյուս օրը զանգեց՝ հոկտեմբերի 26-ի առավոտյան, հարցնում էր՝ ի՞նչ կա-չկա: Ասում եմ, ա´յ տղա ջան, դու´ ասա, ի՞նչ կա, որտե՞ղ ես: Դեռ նույն տեղում էր, մի քիչ էլ խոսեցինք, ու դա արդեն մեր վերջին խոսակցությունն էր, այսպես ասաց. «Պա´պ ջան, դուխդ չգցես, ես գերի չեմ ընկնի, ինձ կպայթեցնեմ ... եթե չզանգեմ, իմացի որ ...»: Ասում էի՝ խելոք բան խոսա, ա´յ տղա, ասում էր՝ բա եթե վիրավորվի ի՞նչ անի, գերի չի ընկնելու: Ասացի լավ, դու մտածիր՝ ինչ անես: Մեր տանը միշտ եղել է այդ խոսակցությունը, թե ո՞նց են այդքան գերի ընկնում: Ես էլ իրան պատմել եմ, որ միշտ հետս մի նռնակ ունեի, որն ինձ համար էի պահում»,- հիշում է Հարությունը:

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Նոյեմբերին Տարոնի ընտանիքին գտել է նրա հետ վերջին օրերին եղած մարտական ընկերը՝ Տիգրանը: Նա պատմել է, որ մարտի դաշտում պատահական են հանդիպել: Երեքով հայերեն խոսելիս են եղել, այդ ձայների վրա մի քանդված շենքի հետեւից դուրս է եկել Տարոնն ու հարցրել, թե ինչու՞ են կանգնած, պետք է առաջ շարժվել: Տիգրանը հետեւել է Տարոնին, հետո իրենց եղած նախկին տեղում կրակահերթ է սկսվել, մյուս երկու զինվորները, հավանաբար, այդտեղ են զոհվել:

 

 «Տարոնի հետ մեր վերջին խոսակցության ժամանակ Տիգրանը հետն է եղել: Պատմել է, որ հոկտեմբերի 26-ի գիշերը մինչեւ 3-ը միասին էին: Երբ Տարոնը սողալով բլուրն անցնելիս է եղել, թուրքերը նկատել են, կրակահերթ են տվել, բայց Տարոնը հասցրել է իրեն բլրից այն կողմ գցել: Առավոտյան երբ փնտրել է Տարոնին, այլեւս չի գտել, իմացել է, որ ինչ-որ ձեւով այդտեղից դուրս է եկել, բայց թե որ ուղղությամբ էր գնացել, Տիգրանը չգիտեր: Դրա համար ենթադրում եմ, որ Տարոնի տեսանյութում հոկտեմբերի 27-ին դեպքերն են, տղայիս զոհվելու օրը հոկտեմբերի 27-ն է»,-ասում է Հարությունը:

 

Ցավոք, ուրիշ մարտական ընկերներ կապի դուրս չեն եկել, ու ծնողները չգիտեն՝ ինչու էր Տարոնը մենակ մնացել: Հոր հետ խոսելիս ասել է, որ կապ չի եղել:

 

Վերջ անորոշությանը՝ որդին հերոսաբար զոհվել է

 

Ծնողները թեեւ ենթադրում էին, որ տղան զոհվել է, սակայն միեւնույն է, անորոշությունը քայքայիչ էր: Երկու տարի շարունակ տղայից որեւէ լուր չունեին, անհետ կորած էր համարվում:

 

«Ինձ ասում էին՝ կարող ա գերի է տղադ, բայց ես չէի հավատում, ասում էի՝ Տարոնին լավ չեք ճանաչում, նա չէր կարող զենքը ձեռքից դնել ու գերի հանձնվել: Միայն եթե ծանր վիրավոր լիներ, այդ դեպքում էր հնարավոր: Ամեն օր մատուռ էի գնում ու աղոթք անում, որ տղայիցս գոնե մի լուր լինի: Աղոթքներս տեղ հասան»,- ասում է մայրը:

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

2022թ. սեպտեմբերի 7-ին Հարությունին Տարոնի ընկերներն են ուղարկում տեսանյութը՝ իրենք արդեն ենթադրում էին, որ այդքան ադրբեջանցիների դիմաց միայնակ ու առանց վարանման կանգնած զինվորը Տարոնն է:

 

«Ես հաստատեցի, որ Տարոնն է: Հաջորդ օրն անմիջապես դիմեցի Կարմիր Խաչին, հետո գնացի Քննչական կոմիտե, դիմեցի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանին: Թե Սիրանուշ Սահակյանը, թե´ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խոստացել են անել հնարավոր ամեն բան, որ Տարոնի մարմինը հայրենիք վերադարձնեն»,- ասում է Տարոնի հայրը:

 

«Դուք՝ ադրբեջանցիներդ, վախկոտներ եք, իսկ մենք չենք վախենում»

 

Հարությունը տեսանյութը բազմիցս է դիտել: Նորից ու նորից էր նայում, որ հասկանար որդու մահվան հանգամանքները: Ձայնն էլ ուշադիր լսել է շատ անգամներ. վախի, անհանգստության որեւէ նշույլ Տարոնի ձայնում չկա:

 

«Տարբեր կադրեր կան, դրանք բոլորը երբ նայում ես, ընդհանուր պատկերը պարզ է դառնում: Այդ կադրերի սկզբում, երբ խոսում են, 13-15 ադրբեջանցի զինվոր կա Տարոնի դեմ: Իսկ տեսանյութերից մեկում, երբ արդեն տղայիս դին է երեւում, նրանք ավելի են շատանում: Պարզ է, որ պատրաստված խմբով եկել էին նկարահանելու՝ տեսախցիկներով, միկրոֆոններով»,- ասում է Հարությունը:

 

 

 

 

Տարոնի ու ադրբեջանցի սպայի զրույցում հստակ կարելի է լսել, որ նրան առաջարկում են հանձնվել, խոստանում երրորդ երկիր ուղարկել: Ադրբեջանցի սպան Տարոնին ասում է, որ իրեն չեն ծեծի, Տարոնն էլ քմծիծաղով պատասխանում է. «Մենք գիտենք, թե դուք ինչ կանեք»: Ադրբեջանցին սպայի խոսք է տալիս, որ չեն սպանի նրան, թող չվախենա, ու հնչում է Տարոնի հստակ պատասխանը. «Դուք բոլորդ, ինչքան ադրբեջանցի կա այստեղ, դուք բոլորդ վախկոտներ եք, մենք չենք վախենում»: Այս խոսքերի հետեւում է ապացույցը գործով, երբ Տարոնը զենքը պահում է անզեն ադրբեջանցու վրա, նրանց ցույց տալիս իր տեղը, բայց չի կրակում: Նա ուղղվում է դեպի մյուս երկու զինված ադրբեջանցիներն ու մարտի բռնվում նրանց հետ:

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

«Տղաս ազգի անունից է խոսում, ասում է՝ «Мы не боимся», ոչ թե «я не боюсь»: Այն անզեն ադրբեջանցուն Տարոնը չի սպանել, դա ողջ է: Մյուս երկուսին սպանել է: Երբ նայում ես խոսելու ժամանակ Տարոնի կանգնած տեղին, մի ծառ կա, դրանից նա վազում է դեպի երեւացող մյուս երկու զինվորները, իսկ վերջում արդեն տղայիս դիակը այդ ուղղության հակառակ կողմում է՝ մոտ 5 մետր ծառից հեռու: Նշանակում է՝ այդ երկուսին սպանելուց հետո տղաս դեպի «Ուրալ»-ն է վազել, անգամ մեքենային գնդակի հարվածի անդրադարձի ձայնը կա տեսանյութում: 35 վայրկյան միայնակ կռիվ է տալիս տղաս»,- պատմում է Հարությունը:

 

Հայրը տեսանյութերով անգամ որդու դին է զննել, ու ենթադրում է՝ Տարոնն, ի վերջո, ինքն է իրեն պայթեցրել:

 

«Կողքից նայողը կարող է մտածել, թե երբ Տարոնը զենքը ձեռքին ճոճում է, մտածում է հանձնվելու մասին: Բայց դա, բնականաբար, այդպես չէ, նա մտածում է՝ ինչպես մարտը վարի, որ իր հետ շատ թուրք զինվոր տանի»,- հավելում է Թամարան:

 

Տարոնի մարտական ոգին՝ օրինակ սերունդների համար

 

Մխչյան գյուղն ազատամարտիկներ շատ է ծնել: Հարությունն ու իր մարտական ընկերները գերեզմանոցում առանձին շարք են վերցրել պատերազմի մասնակիցների համար:

 

«Մարտական ընկերոջս՝ Սամվելի կողքին ինձ համար տեղ եմ պահել: Տարոնի ընկերները վերջերս պատմեցին, որ երբ միասին գնում էին Սամոյի մոտ, Տարոնն ասում էր՝ սա պապայիս տեղը չէ, սա իմ տեղն է»,-ասում է Հարությունը:

 

Մայրն էլ պատմում է, որ տղան մեկնելուց առաջ ոսկե խաչով շղթան Վահեին է նվիրել, ապարանջանը մորն է տվել, իսկ մատանին էլ առաջարկել է, որ հայրը փորձի, բայց Հարությունը հրաժարվել է. «Տղա´ ջան, քո մատանին է, գնալու ես ու գաս, ի՞նչ ես խոսում»:

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Տեսանյութի հրապարակման պատճառների մասին կարելի է միայն ենթադրել, բայց այն, որ Տարոնի սխրանքը փոխեց հոգեբանական վիճակը մեզանում, անբեկանելի է:

 

«Իրենց համար շատ ամոթ է, թե ոնց է մեկ հայն այդքանին այսկողմ այնկողմ վազեցնում, ուրեմն ո՞վ է թուրքը: Ամսի 13-ի պատերազմում տղերքն ուժեղ կռիվ էին տվել: Ինձ զանգեցին մարտի դաշտից, ասացին՝ Տարոնի մուռը հանել ենք, Հարութ ջան, մեզ ուժեղ դուխ է տվել Տարոնը: Նման օրինակները մեզ համար շատ կարեւոր են, հատկապես պատերազմի այդքան ծանր հոգեկան վիճակներից հետո, երբ բոլորը մի տեսակ վախեցած էին: Վստահաբար, էլի տղաներ են եղել, որ խիզախության նման օրինակներ են դրսեւորել, պարզապես նկարահանումը չկա: Փա´ռք Աստծո, որ մենք իմացանք՝ ինչ է եղել, էլ անորոշության մեջ չենք ապրի, սա հրաշք էր: Հպարտ ենք, որ այսպես հերոսաբար եղավ, հպարտ ենք, որ նման տղա ենք դաստիարակել»,- ասում է հայրը:

 

Անդրեասյանների տանը Մոնթեի նկարը միշտ է եղել, իսկ հիմա Մոնթեի նկարի կողքին են Տարոնի նկարները, նրա անձնական իրերը, զինվորական պատվոգիրն ու «Քաջարի մարտիկ» կրծքանշանը: Տարոն Անդրեասյանի ապրած կարճ կյանքը հազարավոր տարիներ արժե, որովհետեւ նրա սխրանքը սերունդների համար է: Այն պիտի փոխանցվի Հայաստան աշխարհի գալիք լուսավոր դարերով, որ կերտվում են այսօր՝ Տարոնի ու նրա նման մարտիկների թողած հետքով:

 

Գայանե Ենոքյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին