Հրաչն, ում աշխարհն ուրախ է ու գեղեցիկ - Mediamax.am

exclusive
4170 դիտում

Հրաչն, ում աշխարհն ուրախ է ու գեղեցիկ


Արմինեն եւ Հրաչը
Արմինեն եւ Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մուշեղ Հովսեփյանը
Մուշեղ Հովսեփյանը

Լուսանկարը` Տիգրան Հայրապետյան

Արմինեն եւ Հրաչը
Արմինեն եւ Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինեն
Արմինեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինեն եւ Հրաչը
Արմինեն եւ Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչը
Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինեն եւ Հրաչը
Արմինեն եւ Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինեն եւ Հրաչը
Արմինեն եւ Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչը
Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինեն եւ Հրաչը
Արմինեն եւ Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինեն եւ Հրաչը
Արմինեն եւ Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրաչն ու նրա մայրը՝ Արմինեն, մեզ դիմավորում են «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության գրասենյակում։ Այն զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների եւ նրանց ընտանիքների շահերի պաշտպանությամբ։ Արմինեն ցույց է տալիս պատերին կախված լուսանկարները, որոնց հեղինակները խնդիրներ ունեցող երիտասարդներն ու երեխաներն են։ Հրաչը ժպտալով հետեւում է կատարվողին՝ հարցազրույցից առաջ մի քիչ անհանգիստ։

Արմինեն եւ Հրաչը Արմինեն եւ Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխարհը ճանաչելու հնարավորությունը

 

24-ամյա Հրաչն Արմինեի երեք երեխաներից երկրորդն է։ Մեկ տարեկանից հետո մայրը որդու մոտ նկատել է զարգացման հապաղում, դիմել բժիշկների։ Երեխայի մոտ հետազոտություններից հետո արձանագրվել է գենետիկական որոշակի խախտում, ինչը հանգեցրել է մտավոր խնդիրների։

 

«Շատ բարդ շրջան էր: Նման խնդիրների մասին ինֆորմացիան այդ տարիներին քիչ էր։ Մեր ընտանիքը բազմանդամ էր, բայց ինձ թվում էր՝ աշխարհում մենակ եմ` միայն ես ու իմ տղան։ Մյուս կողմից, ճնշող էր հասարակության վերաբերմունքը։ Սեփական տանն ենք ապրում՝ հարեւաններ, տարբեր հայացքներ։ Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ՝ դժվար էր, որովհետեւ ինքս էլ Հրաչին դեռ չէի ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ Հետեւաբար՝ նույն կերպ նրան վերաբերվում էր նաեւ հասարակությունը», - պատմում է Արմինեն։

Արմինեն Արմինեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա, որպես մայր ու արդեն նաեւ որպես հարցով զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավար, խնդրում է ծնողներին՝ որեւէ դեպքում նման խնդիր ունեցող երեխաներին չփակել տանը, թույլ տալ ճանաչել աշխարհը, աշխարհին էլ իրենց ճանաչելու հնարավորություն տալ։

 

«Այդ շրջանում ես սխալ եմ թույլ տվել ու Հրաչի դպրոց գնալը հետաձգել մի տարով։ Մտածում էի՝ մի քիչ էլ սպասեմ, ավելի պատրաստ կլինի: Բայց չափազանց կարեւոր է, որ երեխան լինի հասակակիցների միջավայրում՝ իր նմանություններով, տարբերություններով ու չլուծված խնդիրներով: Ամեն դեպքում, հստակ որոշել էի՝ Հրաչը պետք է հանրակրթական դպրոց գնա։ Գուցե, հատուկ դպրոցում իրեն հարմարեցված ծրագրով սովորելով ավելի շատ ակադեմիական գիտելիք ստանար, բայց հանրակրթական դպրոցում՝ ներառման մեջ, նրա ստացած կյանքի հմտություններն ինձ համար առավել կարեւոր են», - ասում է Արմինեն։  

 

Արմինեն ինը տարի ամեն օր որդու հետ դպրոց էր գնում։ Հրաչը դաս սովորել այնքան էլ չէր սիրում, փոխարենը՝ շատ պատասխանատու ու կոկիկ աշակերտ էր․

 

«Արդեն երրորդ երեխաս էր ծնվել, բարդ էր, հոգնում էի։ Լինում էր՝ մտածում էի, հաջորդ օրը կզանգահարեմ դպրոց, կասեմ, որ այսօր բացակայելու ենք, բայց Հրաչն այդ պահին դասավորում էր գիրք-տետրերն ու ինձ հարցնում՝ «մամա՛, բա օրագիրս չե՞ս լրացնում, բա դաս չե՞նք անում, դպրոց չե՞նք գնալու»: Սա ինձ շարունակելու ուժ էր տալիս»։

 

Արմինեի խոսքով՝ դպրոցը, հասարակության մեջ ներառված լինելն էր այն առաջին քայլը, որն իր որդուն այսօր դարձրեց «հասուն, ընտանիքի համար հարց լուծող» երիտասարդ:

Արմինեն եւ Հրաչը Արմինեն եւ Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երեխաները մեզ զարմացնելու շնորհ ունեն։ Չէի կարող պատկերացնել, որ մի օր Հրաչը կմեծանա, հոգ կտանի մեր մասին, կաշխատի՝ ունենալով սեփական գումար։ Մանկության տարիներին մեքենաներ շատ էր սիրում ու մեծագույն վախս էր, որ մի օր անգիտակցաբար փողոց կվազի։ Դպրոց գնալիս շատ բանուկ փողոցի մոտով էինք քայլում ու տարիներ առաջ իմ գերնպատակն էր, որ Հրաչը հանկարծ ձեռքս բաց չթողնի ու չվազի մեքենաների կողմ։ Վախից այնքան ամուր էի բռնում ձեռքը, որ տանը բաց թողնելուց հետո մատերիս հետքը դեռ որոշ ժամանակ մնում էր վրան։ Դպրոցի ճանապարհի ինը տարիների ընթացքում, ինքս էլ չհասկացա՝ ինչպես քիչ-քիչ սկսեցի բաց թողնել ձեռքը, ինչպես սկսեցինք մայր ու տղա զրուցելով, վիճելով, օրը քննարկելով, բոլորի նման տուն գալ»։

 

Աշխատելու ամրագրված, բայց ոչ միշտ խելամիտ իրացվող իրավունքը

 

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է հարգանքը աշխատելու եւ կրթություն ստանալու իրավունքի նկատմամբ։ 2021 թ․-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում ամրագրվել է նաեւ խելամիտ հարմարեցումների մասին դրույթը։ Ըստ դրա՝ հաշմանդամություն ունեցող անձի՝ մարդու իրավունքներից եւ հիմնական ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելու նպատակով աշխատավայրում պետք է կատարվի խելամիտ հարմարեցում:

 

Խելամիտ հարմարեցման օրինակ է աշխատանքային միջավայրի մատչելիությունը, աշխատանքային ճկուն գրաֆիկը, պարտականությունների վերանայումը, աջակցող սարքերի, ծրագրերի ձեռք բերումը: Խելամիտ հարմարեցումն աշխատավայրում մարդու հանգստության ու հարմարավետության մասին է:

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ միջավայրի մատչելիությունն առաջնային, նախապես իրականացվող իրավունք է, խելամիտ հարմարեցումը՝ կարիք, որն անհատապես ունի տվյալ անձը։

Մուշեղ Հովսեփյանը Մուշեղ Հովսեփյանը

Լուսանկարը` Տիգրան Հայրապետյան

«Մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի համար նախատեսված գործողություն է եւ այն պետք է լինի՝ անկախ նրանից այդ միջավայրում հաշմանդամություն ունեցող անձ կա, թե՝ ոչ: Այսինքն, եթե շենք է կառուցվում, այն ի սկզբանե պետք է մատչելի լինի, իսկ խելամիտ հարմարեցումների կարիքն առաջանում է անձի անհատական պահանջների հիման վրա։ Խելամիտ հարմարեցումը միայն աջակցող սարքերը կամ որոշակի ստանդարտները չեն, դա նաեւ գործելաոճի, մոտեցումների հարմարեցումներն են։ Օրինակ՝ եթե ինչ-որ տեղում աշխատանքի է ընդունվում ՄԻԱՎ ունեցող անձ, իսկ հասարակությունում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունն այնքան էլ բարձր չէ, գործատուի կողմից իրականացվող խելամիտ հարմարեցումը կարող է լինել մյուս աշխատակիցների համար դասընթացների կազմակերպումը, որպեսզի տեղեկանան՝ նույն միջավայրում աշխատելով, չեն կարող վարակվել ՄԻԱՎ-ով։ Խելամիտ հարմարեցման օրինակ է նաեւ աշխատանքի ճիշտ բաժանումը՝ ըստ անձի կարողությունների», - ասում է Մուշեղ Հովսեփյանը։  

 

Այլ կերպ ասած՝ ճիշտ գնահատելով տվյալ անձի կարողությունները, գործատուն կարող է ունենալ արդյունավետ աշխատակից՝ թույլ տալով նրան աշխատել այնպես, ինչպես իր մոտ լավ է ստացվում, միջավայրում, որը թե՛ տեխնիկապես, թե՛ էմոցիոնալ առումով հարմարեցված է իրեն։ Խելամիտ հարմարեցումը կարող է գործատուի համար նույնիսկ որեւէ լրացուցիչ ֆինանսական բեռ չառաջացնել։

 

Օրենքը, Մուշեղ Հովսեփյանի խոսքով, պաշտպանում է նաեւ գործատուին, քանի որ անձի պահանջած խելամիտ հարմարեցումը պետք է բխի նրա աշխատանքի նպատակից.

 

«Եթե խուլ աշխատակիցը հաճախորդների հետ աշխատում է օրական երկու ժամ, իսկ մնացած ժամանակը կատարում է, օրինակ, թղթաբանական աշխատանք, չի կարող պահանջել, որ ժեստերի լեզվի թարգմանիչն իր մոտ մնա ամբողջ օրը: Բացի այդ, օրենքում նշված է, որ խելամիտ հարմարեցումը չպետք է անհարկի բեռ առաջացնի գործատուի համար: Պատկերացրեք՝ փոքր, բակային խանութում աշխատող կույր անձն ասում է, որ աշխատելու համար իրեն անհրաժեշտ է բրայլյան դիսփլեյ, որի արժեքը մոտ 2000 դոլար է: Հասկանալի է, որ այս խելամիտ հարմարեցման արժեքը գերազանցում է տվյալ բիզնեսի շահույթը կամ ամսական եկամուտը: Այս դեպքում գործատուն իրավունք ունի մերժել անձին: Բայց եթե նույն իրավիճակը լինի սուպերմարկետների խոշոր ցանցում, գործատուն պարտավոր կլինի կատարել պահանջը», - ասում է Մուշեղ Հովսեփյանը:

 

Երբ դպրոցն ավարտելուց հետո Հրաչի ընտանիքում մտածում էին նրա զբաղվածության ապահովման մասին, տարբերակներն այնքան էլ շատ չէին։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր հասարակությունում մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների համար դեռեւս չկան մասնագիտություն կամ աշխատանք ընտրելու լայն հնարավորություններ: Որոշեցինք, որ Հրաչը հայրիկի հետ աշխատանքի կգնա, կօգնի իրեն։ Ամուսինս շինարարության ոլորտում է աշխատում՝օդափոխության համակարգերի մասնագետ է։ Սկզբում իր հետ տանում էր ուղղակի «տեղ գնալու» նման։ Հետո Հրաչին սկսեց դուր գալ տղամարդկանց միջավայրում լինելը, հետաքրքրվեց աշխատանքով։ Հայրը որոշեց մի դետալի վրա աշխատանք վստահել, ինչը նրա մոտ ստացվեց առաջին անգամից։ Բոլորս ապշած էինք: Ամուսնուս խոսքով՝ շատ փորձառուների մոտ նույնիսկ, մեկ անգամից կարող էր չստացվել», - ասում է Արմինեն ու ժպտում որդուն:  

Հրաչը Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխատանքում Հրաչը հստակ ընդգծված բնավորություն ունի. անպայման պետք է ավարտի սկսած գործը, համեղ ընդմիջում անի.

 

«Եթե խոսում ենք խելամիտ հարմարեցումների մասին, Հրաչի դեպքում դրանք չեն արտահայտվում աջակցող սարքավորումներ գնելով կամ միջավայրի փոփոխությամբ։ Նրա համար խելամիտ հարմարեցում է, օրինակ, սկսած աշխատանքը նույն օրն ավարտելը։ Այսինքն, իրեն ամեն օր պետք է տալ առաջադրանք, որն ունի սկիզբ, ընթացք ու ավարտ։ Հակառակ դեպքում՝ տուն վերադառնալիս անընդհատ անհանգիստ է լինում, մտածում կիսատ թողածի մասին։ Մեկ այլ օրինակ է աշխատանքային հագուստը։ Շինարարության մեջ ընդունված է այն թողնել աշխատանքի վայրում, բայց մի քանի դեպքից հետո հասկացանք՝ Հրաչն այդպես անհանգիստ է, չի սիրում իր իրերն այլ տեղում թողնել: Սկսեցի հետը տոպրակ դնել, որ ամեն անգամ հագուստը տուն բերի: Բացի այդ, մեր տղան սիրում է «ճոխ» ընդմիջում անել ու ճաշել քաբաբով։ Ամուսնուս ասում եմ՝ քեզ վրա թանկ նստող աշխատուժն է», - ծիծաղում է Արմինեն։

Արմինեն եւ Հրաչը Արմինեն եւ Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխատելու ընթացքում Հրաչը սովորել է կառավարել նաեւ վաստակած գումարը։ Առաջին ամբողջ աշխատավարձը ծախսել է իրենց տան փոքրիկի համար մանկասայլակ գնելու վրա։ Հետո նվերներ է գնել նաեւ տան մյուս երեխաներին։

 

«Անչափ ուրախ էր, որ կարող է աշխատել, նվերներ գնել, բայց երբ հասկացավ, որ աշխատած ամբողջ գումարը ծախսել է, մի քիչ նեղսրտեց։ Հիմա գիտի՝ նվերներից բացի, պետք է նաեւ գումարի մի մասը պահի իր մոտ, որ ծախսի մինչեւ մյուս աշխատավարձ։ Ես իրոք երջանիկ մայր եմ, երբ տեսնում եմ՝ ինչպես են հայր ու տղա աշխատանքից հոգնած տուն գալիս», - ասում է Արմինեն։

 

Ամեն ինչից գոհ մարդը

 

Զրույցի ընթացքում Հրաչը ժպտում է, անընդհատ կատակներ անում։ Հիշում է իր դպրոցական Վերջին զանգը, երբ ընկերները եկել էին շնորհավորելու ու հետո մեքենաներով պտտվում էին ամբողջ թաղամասում: Հիշում է Երեւանի քաղաքապետի ընտրությունները, որոնց առաջին անգամ մասնակցեց ու «իր նամակը տեղ հասավ» (ընտրություններում հաղթեց Հրաչի նախընտրած թեկնածուն – հեղ․):

Արմինեն եւ Հրաչը Արմինեն եւ Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Հրաչ, ի՞նչ ես սիրում անել։

 

- Գործ, շա՜տ։ Ամեն ինչ ինձ հետաքրքիր ա, գործիքներն եմ դասավորում, դետալն եմ սարքում։ Մեկ-մեկ տանն եմ մնում, բայց աշխատելը լավ ա, փող կստանամ, ամեն ինչ կունենամ։

 

- Իսկ ի՞նչ ես ուզում ունենալ։

 

- Դե կալյասկա եմ գնել, հեծանիվ էլ: Հիմա երեխեքի համար ուզում եմ մի հատ էլ մեծ մեքենա գնել, որ ես ընտրեմ, իմ ճաշակով լինի։

 

- Մենակ նվերների մասին ես պատմում, ինչո՞ւ ես սիրում նվերներ անել:  

 

- Էդ անելուց չես հոգնում։

Հրաչը Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Բա քո՞ համար ինչ կուզես։

 

- Իմ համար՝ ոչ մի բան։ Հեռախոս էի ուզում, արդեն ունեմ։ Հեռախոսով երաժշտությունում եմ լսում: Հիմնականում ուրախ, հայկական եմ սիրում։

 

- Իսկ էլ ի՞նչ ես սիրում։

 

- Սիրում եմ նկարեմ հեռախոսով, որ պահը լավ մնա։ Արեւն եմ սիրում, բոլոր եղանակներն էլ սիրում եմ, բացի շոգից։

 

- Հա, շոգը դիմանալու չի։

 

- Դիմանալու ա, խի՞ չէ որ: Ամեն ինչն էլ դիմանալու ա:

 

- Իսկ մամային էլ ես նվերներ անո՞ւմ։

 

- Չէ, մամային ինչ նվեր անեմ, Մարտի 8-ն անցել ա (ծիծաղում է- հեղ․)։

 

- Մարդիկ կատակդ չեն հասկանա։

 

- Չէ, որ լավ բացատրես, կհասկանան:

 

- Կատակասե՞ր ես։

 

- Հա, շատ եմ սիրում հումորներ անել, որ ուրախ լինի։

 

- Ամեն ինչ պետք է ուրա՞խ լինի։

 

- Այո։ Ու գեղեցիկ։

Արմինեն եւ Հրաչը Արմինեն եւ Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինեն ասում է՝ հարցազրույցից առաջ Հրաչը պատրաստվում էր, մտածում՝ ինչ է պատմելու, ինչով է կիսվելու: Հարցնում եմ՝ ի՞նչ էր ուզում ասել։

 

- Հա, մտածում էի ասեմ, որ երջանիկ եմ ու ամեն ինչ ունեմ, փառք աստծո։ Ես իմ կյանքից գոհ եմ։ Թե տխուր էլ լինեմ... Չէ, ես պետք ա երջանիկ լինեմ։ Միշտ։  

Արմինեն եւ Հրաչը Արմինեն եւ Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յանա Շախրամանյան  

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին