Անդրեյ Մակարեւիչ. Մենք ինչ-որ տեղ ենք՝ ժամանակների արանքում - Mediamax.am

4258 դիտում

Անդրեյ Մակարեւիչ. Մենք ինչ-որ տեղ ենք՝ ժամանակների արանքում


Անդրեյ Մակարեւիչը
Անդրեյ Մակարեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրեյ Մակարեւիչը
Անդրեյ Մակարեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրեյ Մակարեւիչը
Անդրեյ Մակարեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրեյ Մակարեւիչը
Անդրեյ Մակարեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրեյ Մակարեւիչը
Անդրեյ Մակարեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրեյ Մակարեւիչը
Անդրեյ Մակարեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրեյ Մակարեւիչը
Անդրեյ Մակարեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Машина времени» խմբի ղեկավար, երաժիշտ, Անդրեյ Մակարեւիչը 2022թ. սեպտեմբերին Հայաստանում էր. նա եկել էր մասնակցելու «Starmus VI. 50 տարի Մարսի վրա» գիտության եւ արվեստի միջազգային փառատոնին։

 

Ռուսաստանի ժողովրդական արտիստը, իսկ 2022թ. սեպտեմբերի 2-ից՝ համատեղությամբ «օտարերկրյա գործակալը» նույն երկրում, կիսվել է գիտության եւ երաժշտության, պատերազմի, խաղաղության ու պոետների մասին իր մտքերով։

 

Starmus-ը սարսափելի հետաքրքիր է

 

Այս փառատոնը սարսափելի հետաքրքիր է, քանի որ ոչ ոք նման բան չէր արել։ Աշխարհում բազմաթիվ երաժշտական փառատոներ կան, որոնք, ընդհանուր առմամբ, նման են միմյանց։ Կան նաեւ շատ գիտաժողովներ, որոնք, որպես կանոն, մասնագիտական նեղ շրջանակի համար են։

 

Այստեղ ես ապշած եմ, որ հսկայական թվով մարդիկ լսում են դասախոսությունները։ Նրանք հետաքրքրված են, եկել են, քանի որ նման հնարավորություն ունեն։ Սա հրաշալի է։

 

Ցանկացած ճամփորդությունից ամենավառ տպավորությունը սովորաբար ի հայտ է գալիս որոշ ժամանակ անց, երբ արդեն հեռացել ես այդ երկրից: Հաճախ այն բավականին անսպասելի կարող է լինել, ոչ այն, ինչ ակնկալում էիր հիշել:

 

Բայց ընդհանրապես Հայաստանից, փառատոնից, կազմակերպիչներից, Բրայան Մեյից շատ ջերմ զգացումներ կմնան։

 

Երեկոյան Երեւանի փարիզյան մթնոլորտը   

 

Մենք շատ հետաքրքիր ու խիտ մշակութային ծրագիր ունենք Հայաստանում։ Արդեն տեսել ենք Էրեբունի ամրոցը, որն ամենահին մայրաքաղաքն է ու աշխարհի հնագույն վայրերից մեկը։

Անդրեյ Մակարեւիչը Անդրեյ Մակարեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրականում, այստեղ հրաշալի է։ Երեկոյան Երեւանի կենտրոնը, կարծես, Փարիզ լինի: Մեծ թվով սրճարաններ կան, որոնցում նստած են գեղեցիկ երիտասարդներ։ Հրաշալի մթնոլորտ է։ Թափանցիկ ցուցափեղկեր, ամեն ինչ տեսանելի է, շատ հաճելի է:

 

Հայկական գինիներն ինձ ուրախացրեցին

 

Անդրեյ Մակարեւիչը եւ նրա կինը Իսրայելում զբաղվում են գինեգործությամբ ու սեփական ապրանքանիշով գինի արտադրում:

 

Տեղական գինիներ համտեսում ենք ամեն օր, շատ հետաքրքիր է: Եթե կոնյակին վաղուց էի ծանոթ, ապա գինիներն ինձ ուրախացրեցին։ Գինեգործության պատմությունն, ըստ իս, շատ առումներով նման է Իսրայելին։ Տեսնում եմ անծանոթ անվանումներ, որոնք, հավանաբար, փոքրիկ ընտանեկան արտադրություններ են:

 

Իսրայելն այժմ քայլեր է ձեռնարկում իր գինին աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու համար, աստիճանաբար դա տեղի է ունենում։ Կարծում եմ՝ նույնը կլինի նաեւ հայկական գինիների դեպքում, դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները։

 

Չես կարող միանգամից հինգ ճանապարհով գնալ

 

Ինձ հետաքրքրում է այն ամենն, ինչ հետաքրքիր է, այդ թվում՝ գիտությունն այնքանով, որքանով այն ազդելու է մեր վաղվա կյանքի վրա։

 

Փոքր տարիքում նույնիսկ ուզում էի կենսաբան դառնալ, հետո երազանքս փոխվեց, քանի որ չես կարող միանգամից հինգ ճանապարհով գնալ, առանց այդ էլ շատ տարբեր բաներով եմ զբաղվում:

 

Ժամանակին զրուցում էինք Յուրա Շեւչուկի հետ, նրան դուր չէր գալիս, որ սկսել էի զբաղվել «Սմակ» հեռուստածրագրով։ Նախ՝ իր տեսանկյունից դա «ռոքնռոլային չէր», երկրորդը՝ խլում էր իմ էներգիան ու ժամանակը երաժշտությունից։ Փորձեցի բացատրել նրան, որ այլ բանով զբաղվելով՝ ստանում եմ ինֆորմացիա, էներգիա եւ մտքեր, որպեսզի վերադառնամ երգերին եւ նոր բան գրեմ։ Ես «կթթվեի», եթե ամեն առավոտ արթնանայի, կիթառ վերցնեի ու մտածեի՝ «հիմա նոր բան կգրեմ»։ Ոչինչ էլ չե՛ս գրի: Բայց, գուցե, մարդիկ պարզապես տարբեր են:

 

Իսրայել տեղափոխվելու մասին

 

Տեղափոխության հետ կապված ամեն ինչ շատ պարզ էր։ Մենք սպասում էինք մեր որդու լույս աշխարհ գալուն, եւ նրա ծնվելուց երեք շաբաթ առաջ տեղափոխվեցինք Իսրայել, քանի որ պլանավորել էինք, որ այնտեղ է ծնվելու։ Տեղափոխությունը բոլորովին կապ չուներ ավելի ուշ սկսված «հատուկ ռազմական գործողության» հետ։ Ես ոչ մի բանից չեմ փախել։ Իսրայելում ինձ շատ լավ եմ զգում, տղաս ծնվել է, ամեն ինչ հրաշալի է, այժմ մենք այնտեղ ենք ապրում։

Անդրեյ Մակարեւիչը Անդրեյ Մակարեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոտ ապագայում Ռուսաստան վերադառնալ չեմ նախատեսում: Վիրավորվա՞ծ եմ, որ մեզ թույլ չեն տալիս ելույթ ունենալ այնտեղ, իհարկե, տհաճ է ու բացարձակ անհեթեթություն: Բայց այսօր իրավիճակն այսպիսին է՝ եթե երկրի քաղաքացին անհամաձայնություն է հայտնում կատարվողի վերաբերյալ, նա արդեն հանցագործ է, դրա համար բանտ են նստեցնում։ Ինչպե՞ս կարելի է գոյություն ունենալ նման միջավայրում: Ինձ թվում է՝ եթե երկրի քաղաքացին ինչ-որ բանի հետ համաձայն չէ, դա աշխարհում ամենանորմալ բանն է, քանի որ սա առաջ գնալու միակ ճանապարհն է:

 

Օտարերկրյա գործակալի «տիտղոսը»

 

Հուսով եմ՝ բոլորը շատ լավ հասկանում են, եւ դա վերաբերում է ցանկացած մարդու, ով ստացել է այս «բարձր կոչումը», որ այն կապ չունի ո՛չ «օտարերկրյա»-ի, ո՛չ էլ՝ «գործակալ»-ի հետ։ Այսպիսով, իշխանությունները հերթական անգամ «թքում են» մարդկանց ուղղությամբ՝ փորձելով նվաստացնել իրենց ոչ հաճո անձանց։ Բայց ես այս իշխանության հետ վաղուց եմ ապրում, սովոր եմ, առաջին դեպքը չէ։ Այս լուրն ինձ առանձնապես չի ցնցել:

«Սեւ ցուցակում» լինելն, իհարկե, զզվելի է, ի՞նչ լավ բան կա դրանում:

 

Ամեն դեպքում, ցանկացած խելագարություն, վաղ թե ուշ, ավարտվում է, այն չի կարող հավերժ լինել, հուսով եմ:

 

Վերցնել եւ վերջ դնել. սա է լուծումը

 

Այս պահին որեւէ լուծում կամ ելք ստեղծված իրավիճակից չեմ տեսնում։ Ցավոք, անձամբ չեմ կարող ազդել այս գործընթացների վրա: Վերցրել ու վերջ դնել կատարվողին. սա է լուծումը: Բայց իմ խոսքերից դժվար թե ինչ-որ բան փոխվի։

 

Այս իրավիճակում ես փորձում եմ շարունակել իմ աշխատանքն ու փորձում եմ այն լավ անել: Վստահաբար կարող եմ ասել, որ սկսել եմ ստեղծագործել ռոքնռոլի ոսկե դարաշրջանում, ու այս ընթացքում գրված երաժշտությունը չի եղել պատերազմի համար կամ մասին, այն եղել է հանուն խաղաղության: Ես երբեք չեմ շեղվել այս ճանապարհից:

 

Գոյության հարկադրված ձեւը

 

Եթե կարծում եք, որ խորհրդային տարիների underground-երաժշտության ժամանակաշրջանը «քաղցր» տարիներ էին, սխալվում եք: Հավատացեք՝ չէի ցանկանա, որ այն կրկնվեր, բայց underground էլի լինելու է: Երաժիշտներին նորից բռնելու, բանտարկելու են, բայց դրանում ոչ մի լավ բան չկա: Սա գոյության հարկադրված ձեւ է:

Անդրեյ Մակարեւիչը Անդրեյ Մակարեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

ԽՍՀՄ-ում ամեն ինչ բավականին դանդաղ էր, հանգիստ ու երկու կողմից կանխատեսելի։ Երաժիշտները գիտեին՝ ինչ արձագանք սպասել որոշակի իրավիճակներում, իշխանություններն էլ, ընդհանուր առմամբ, գիտեին՝ ինչ սպասել երաժիշտներից։ Կտրուկ «հրաշքներ» տեղի չէին ունենում: Այսօր ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը՝ ո՛չ իշխանությունները, ո՛չ երաժիշտները։

 

Մենք ինչ-որ տեղ ենք՝ ժամանակների արանքում

 

Ժամանակին երաժշտությունը փոխում էր մարդկանց գիտակցությունը։ Նման երեւույթներ պատմության ընթացքում տեղի էին ունենում հասարակական գիտակցության հետ ու մենք միշտ չէ, որ գիտենք՝ ինչու են այդ փոփոխություններն առաջանում եւ ինչու են դադարում: Օրինակ՝ Ռուսաստանում 60-ականներին պոետները մարզադաշտեր էին հավաքում, հիմա նման բան նույնիսկ պատկերացնելն է անհնար։ Ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ մարդկանց գիտակցության հետ։ Այսօր պոեզիան ավելի վատը չի դարձել, պարզապես փոխվել է դրա հանդեպ վերաբերմունքը, դադարել վիբրացիան, չնայած՝ ստեղծագործողները պակաս լավ չեն գրում ու գրում են նույն բանի մասին:

 

Նույնը երաժշտության դեպքում է: Ես ու կինս վիճում ենք. նրա կարծիքով՝ Բոբ Դիլանն արժանի չէր գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի, իսկ ես կարծում եմ՝ միանշանակ արժանի էր: Նա այն մարդն էր, որ իր բարդ-պոեզիայով շրջեց հասարակական գիտակցությունը։ Կան մարդիկ, որոնք շարունակում են նման երգեր գրել, ուղղակի այսօր դա չի աշխատում։ Դեռ չգիտեմ՝ ինչը կաշխատի այսօր: Առայժմ մենք ինչ-որ տեղ ենք՝ ժամանակների արանքում:

 

Պոետը ժողովրդին չի տանում դեպի բարիկադներ կամ ընդդեմ դրանց

 

Պոետը, որպես կանոն, դժբախտ արարած է, որի շուրթերով խոսում է ուրիշ բանականություն, խոսում են հրեշտակները կամ երկինքը։ Իրական պոետը միշտ չէ, որ ընտրում է՝ ինչի մասին գրել: Դե հիմա նստեմ ու պատերազմի մասին բանաստեղծություն գրեմ, աղբ կստացվի, կստացվի «Պրավդա» թերթ։ Իմ կարծիքով՝ ստեղծագործելը չի վերահսկվում գիտակցությամբ, հետեւաբար, ակնկալել պոետից, որ նա կդառնա ինչ-որ տրիբուն, որը ժողովրդին կտանի դեպի բարիկադներ կամ ընդդեմ բարիկադների... Որպես կանոն՝ նման մարդիկ լավ պոետներ չեն: Լավ պոետներն, այնուամենայնիվ, պոեզիայով են զբաղվում:

 

Ռոքնռոլը ո՞ղջ է

 

Ես հսկայական քանակի ու բազմապիսի երաժշտություն եմ լսում, բայց ժամանակակից ռոքնռոլ, եթե այդպիսին ընդհանրապես գոյություն ունի, չեմ լսում:

 

Սկսեմ նրանից, որ չգիտեմ՝ ինչ է ռոքնռոլը։ Դրա տակ հասկանո՞ւմ ենք երաժշտություն երեք ակորդից, թե՞ դա վարքագծի սոցիալական մոդել է: Միգուցե, էսթետիկ բողոքի ձեւ՞։ «The Beatles»-ը ռոքնռո՞լ է, թե՞ փոփ-երաժշտություն: Ես չգիտեմ։ Հետեւաբար, ինձ համար շատ ավելի հեշտ է երաժշտությունը բաժանել լավի եւ ինձ համար ոչ հետաքրքիրի։

Անդրեյ Մակարեւիչը Անդրեյ Մակարեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե խոսենք լավ երաժշտության մասին, ապա մարդկությունն անցած 70 տարվա ընթացքում ահռելի քանակի լավ երաժշտություն է ստեղծել: Ես վաղուց էի զգացել, որ կգա մի օր, երբ երաժշտությունը, որպես այդպիսին, կսկսի որձկոց առաջացնել։ Բայց, փառք Աստծո, մարդկությունը կարճ հիշողություն ունի, հիմա ես փորփրում եմ 30-ականների, 40-ականների, 50-ականների երաժշտությունն ու անհավանական գեղեցկություն գտնում:

 

Ստեղծագործական պլաններ

 

Մենք վաղուց պլանավորել էինք «Машина времени»-ի եւ «Yo5»-ի, իմ ջազային նախագծի, համաշխարհային հյուրախաղեր, բայց հիմա վիզաների հետ կապված քաշքշուկ է սկսվել։ Մենք չենք կարող նվագել Ռուսաստանում, միեւնույն ժամանակ, մեզ կանչում են արտասահման, բայց չենք կարող ելույթ ունենալ նաեւ այնտեղ, քանի որ մեզ վիզա չեն տալիս: Սա համաշխարհային ապուշության հերթական շրջափուլն է, հուսով եմ՝ հավերժ չի տեւի:

Անդրեյ Մակարեւիչը Անդրեյ Մակարեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ վերաբերում է Երեւան գալու պլաններին, ընդհանրապես, արտիստները գնում են այնտեղ, որտեղ իրենց հրավիրել են։ Օրինակ՝ բոլորովին վերջերս մեզ հրավիրեցին Վրաստան։ Համոզված էինք, որ Վրաստանում «Машина времени»-ն շատ են սիրում դեռեւս 80-ականներից, բայց, ըստ երեւույթին, սա չի կարելի ասել վրացական իշխանությունների մասին։ Նրանք իրար խառնվեցին եւ չեղարկեցին մեր համերգը։ Պատճառն անհայտ է, գուցե, չեն ցանկացել վիճել Ռուսաստանի հետ, բայց դա իրենց խնդիրն է: Անկեղծ ասեմ՝ վիրավորական էր, քանի որ տոմսերն արդեն վաճառված էին ու մենք պատրաստվում էինք համերգին: Այսօր ես ինքս կարող եմ գնալ ցանկացած տեղ, քանի որ վաղուց իսրայելական անձնագիր ունեմ, կան շատ հրավերներ. վերցնեմ կիթառս ու գնամ, բայց ուզում եմ թիմով գնալ: Ուզում եմ՝ ելույթը գեղեցիկ իրադարձություն լինի։

 

Պատերազմն ու խաղաղությունը

 

- Մենք ապրում ենք ժամանակներում, երբ շատ պարզ հասկացություններ ու սահմանումներ լղոզվում են։ Շատ դժվար է գտնել լավի ու վատի սահմանը։ Պատերազմ ու խաղաղություն հասկացությունները հիմա շատ կարեւոր եւ ցավոտ են, այդ թվում՝ Հայաստանի համար, քանի որ ինքներս դեռ անցնում ենք դրա միջով։ Ինչպե՞ս կսահմանեք՝ ինչ է պատերազմը ու ինչ՝ խաղաղությունը, - զրույցի վերջում հարցնում եմ Մակարեւիչին:

 

- Ձեր հարցը նույնիսկ շփոթեցրեց ինձ: Կարո՞ղ եմ մանկական պատասխան տալ: Պատերազմն այն է, երբ զոհվում են խաղաղ բնակիչները, երբ ավերվում են քաղաքները՝ առանց որեւէ ակնհայտ պատճառի: Պատճառները, միգուցե, տեսանելի են այդ պատերազմը նախաձեռնողներին կամ, գուցե, նրանց թվում է, թե տեսնում են դրանք: Բայց ես խիստ կասկածում եմ, որ նրանք տեսնում են աշխարհի իրական պատկերը։ Ես նայում եմ իմ՝ երկրային կողմից եւ ոչ մի պատճառ չեմ տեսնում։ Աշխարհում համընդհանուր հիմարությունը շատ է, բայց այն ոչ մի պարագայում չպետք է արտահայտման նման ձեւ ստանա:

Անդրեյ Մակարեւիչը Անդրեյ Մակարեւիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկ խաղաղությունն այն է, երբ մոլորակի մարդիկ միավորում են ուժերը՝ լուծելու համընդհանուր խնդիրները, որոնք դժվարացնում են բոլորիս կյանքը: Այսօր նման խնդիրները բազմաթիվ են ու ոչ մի կապ չունեն պատերազմների հետ:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարներ՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին