«Էրիկից հետո մեր տանն էլ տոն չկա, ամեն ինչ ավարտվել է» - Mediamax.am

exclusive
10343 դիտում

«Էրիկից հետո մեր տանն էլ տոն չկա, ամեն ինչ ավարտվել է»


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Անուշ Ալեքսանյանը՝ պատերազմից առաջ
Անուշ Ալեքսանյանը՝ պատերազմից առաջ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Անուշ Ալեքսանյանը
Անուշ Ալեքսանյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Էրիկի ժամացույցը
Էրիկի ժամացույցը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Էրիկի թեւնոցը
Էրիկի թեւնոցը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


2020-ի պատերազմից հետո Հովսեփյանների ընտանիքի համար մի քանի ամսաթիվ դարձել է ճակատագրական ու շատ ցավեցնող։ Իրենց ավագ որդուն՝ Էրիկին, նրանք մի քանի անգամ են կորցրել ու գտել։ Էրիկը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 2-ին, հոկտեմբերի 6-ին նրան հուղարկավորել են Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ Պատերազմից հետո գյուղը կիսվել է, եւ Էրիկի գերեզմանը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում։

 

Ծնողները Կարմիր Խաչին, Արցախի պաշտպանության նախարարին, ՄԻՊ-ին են դիմել։ Խոստացել, բայց չեն օգնել։

 

«Ամուսինս անձամբ հանդիպել է Մուրադովին (այն ժամանակ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար-հեղ.)։ Նա ասել է՝ որպես մարդ, որպես հայր, կօգնեմ քեզ։ Որ գնացել են գյուղից մեր էրեխուն հանեն, թուրք գեներալը նախապես զգուշացրել է՝ կարող է ձեզ անիծեն, հայհոյեն, դուք բերաններդ փակ, աչքներդ կույր, ձայն չեք հանում, թե չէ՝ կարող է ձեր գործը չստացվի։ Բայց, բարեբախտաբար, ոչ մի միջադեպ չի եղել։

 

Հետո գեներալն ասել է՝ ես հասկանում եմ ձեր վիշտը, եթե էլի կան մարդիկ, ասեք, թող գան, հանեն իրենց նոր թաղված զոհերին։ Ամուսինս զանգել է բոլորի հարազատներին, 7 հոգու հանել են։ Երբ Էրոյին հանել են, ինքը վատացել, սկսել է լացել, թուրք գեներալն աչքերը սրբելով եկել է մոտը, թե՝ ե՞ս ինչ անեմ, դո՞ւ ինչ անես», - պատմում է Անուշ Ալեքսանյանը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Էրիկին վերահուղարկավորել են 2020թ. դեկտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում։ Հիմա սա ընտանիքի ամենահարազատ վայրն է։ Բոլորն առանձին-առանձին, իրարից թաքուն գնում են Էրիկի մոտ ու այնտեղ հանդիպում։

 

«Հիմա գոնե տեղ ունենք, գնում, ծաղիկ ենք դնում։ Էն ժամանակ խելագարվելու չափ դժվար էր։ Երբ Երեւանում էի, ամեն օր գնում էի Եռաբլուր, քայլում ու լացում էի։ Մի օր պահակը մոտեցել, ասում է՝ ո՞ւմ ես փնտրում, ասում եմ՝ չգիտեմ, բոլորին եմ փնտրում, բոլորն իմն են, իմ երեխայի պես տղաներ են։

Անուշ Ալեքսանյանը՝ պատերազմից առաջ Անուշ Ալեքսանյանը՝ պատերազմից առաջ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հիմա Եղբայրական գերեզմանոցն ամենականչող տեղն է. բոլորը նույնն են, հավասար են ու դավաճաններ չկան։ Էնքան լավ եմ զգում էնտեղ, ամեն օր գնում, ժամերով նստում, զրուցում, օրվա եղած-չեղածը պատմում եմ, անպատասխան նորից հետ եմ դառնում։ Չգիտեմ՝ հիմա ով ինչի համար է վախենում, ես վախենում եմ, որ մի օր էրեխուս գերեզմանը կորցնեմ»։

 

Մինչեւ բանակ զորակոչվելն Էրիկն ընդունվել էր Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, հասցրել էր վարորդական վկայական ստանալ, որովհետեւ ուզում էր բանակում վարորդ լինել, որ տեղից տեղ գնա, օրն արագ անցնի։ Ուրախացել էր, որ Մարտակերտում է ծառայելու։ «Ասում էր՝ Ուրֆանյանի, Աբաջյանի զորամասում պիտի ծառայեմ, դա արդեն հերոսություն է»։

Էրիկի ժամացույցը Էրիկի ժամացույցը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

9 ամիս հետո սկսվեց պատերազմը։ Էրիկն էլ, հրամանատարն էլ վստահեցնում էին ծնողներին, թե ապահով, անվտանգ վայրում է։

 

«Բայց, պարզվեց, որ ամեն օր հրամանատարի հետ գնում էին դիրքերը ստուգելու։ Հոկտեմբերի 2-ին զանգել էին մի դիրք, պատասխանող չէր եղել։ Գնացել, տեսել են՝ էդ պոստի բոլոր էրեխեքին կոտորել են, մենակ մի էրեխա է մնացել։ Հրամանատարն Էրիկին ասել է՝ մնա էդ զինվորի կողքին, որ մենակ չլինի, համ էլ՝ դու մատղաշ միս ես, որ քեզ մի բան լինի, հորդ ձեռից չեմ պրծնի։ Սկզբում համաձայնել, նստել է էդ տղայի մոտ, բայց մինչեւ հրամանատարը հասել է մեքենային, վազելով գնացել է հետեւից՝ կամանդի՛ր, ես քեզ մենակ չեմ թողի. կռիվը պրծնի, ասեք Էրիկը փախե՞լ ա։ Հրամանատարն էլ ասել է՝ եթե գալիս ես, ուրեմն, ես եմ քշում։ Բայց չեն հասցրել մեքենայի դուռը բացել, պայթեցրել են»։

Էրիկի թեւնոցը Էրիկի թեւնոցը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Տիկին Անուշն ասում է՝ Էրիկի զոհվելու հանգամանքների հետ կապված կասկածներ ունի, հակասությունները շատ են, բայց աշխատում է չմտածել դրանց մասին, որ չխելագարվի։ Հիշում է, որ Էրիկը միշտ կրկնում էր՝ մա՛մ, կտեսնես, որ գնամ բանակ, կռիվը սկսվելու է։ Հարթաթաթության պատճառով տարկետումից հրաժարվել էր՝ գնամ, շուտ ծառայեմ, գամ, հազար գործ ունեմ։

 

«Ասում էր՝ անպայման 4 երեխա պիտի ունենամ, սեփական տուն, հորս բիզնեսը պիտի մեծացնեմ։ Էնքան երազանքներ ուներ, ոչինչ չհասցրեց, ինքը գնաց, մի ամբողջ ընտանիք էլ իր հետ տարավ։ Խելագարվում ես ուղղակի. ո՞նց կարելի է 19 տարի պահել ու մի օրում հասկանալ, որ էլ չկա»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Տանը չխախտվող լռություն է։ Թվում է՝ կյանքն այստեղ կանգ է առել, ու ամեն ինչ կենտրոնացել է Էրիկին նվիրված անկյան շուրջ։ Տիկին Անուշն ուսուցիչ է, բայց պատերազմից հետո ամիսներով չի կարողացել աշխատել։ Տնից դուրս էր գալիս միայն Եղբայրական գերեզմաններ գնալու համար, անգամ վարագույրները չէր բացում, որ ոչինչ չտեսնի։

 

Մարդկանց հետ հանդիպումներից հիմա էլ է խուսափում։ Ավելի հեշտությամբ որդեկորույս մայրերի հետ է շփվում. մեկը մյուսի ցավը լավ են հասկանում։

 

«Օր–օրի ավելի է դժվարանում, կարոտը խեղդում է։ Ամեն առավոտ դպրոց գնալուց նույն ժամին Էրիկի մանկապարտեզի առաջին դաստիարակն է հանդիպում։ Բարեւում ենք, ու էդտեղից սկսում եմ լացել՝ նորից ապրելով իրեն մանկապարտեզ տանելու առաջին օրը՝ մինչեւ դպրոց։ Ամեն օր նույն պատմությունը։

Անուշ Ալեքսանյանը Անուշ Ալեքսանյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հիմա ինձ ապագան, ապրելու պահն է սպանում, ես սովոր չեմ էսպես ապրելուն։ Ընկերուհիներս ասում են՝ պիտի փոխվես, պիտի հարմարվես, շարունակես ապրել գոնե մյուս երկու էրեխեքի համար։ Ես գիտակցում եմ ամեն ինչ, բայց հնարավոր չէ։ Ես սրտանց ուրախանում եմ բոլորի ուրախություններով, ոչ մեկի վատը չեմ ուզում, բայց չարացել եմ Աստծո, աշխարհի, բոլորի նկատմամբ։ Ես անգամ պատրաստ չեմ իմ էրեխեքի համար որեւէ բան անել։ Նույնիսկ չեմ պատկերացնում, որ 10 տարի հետո կարող եմ մյուս տղայիս հարսանիքն անել։ Մենք Էրիկի համար էինք պատրաստվում այդ ուրախություններին։ Երազում էր Մալդիվներ գնալ։ Իր բանակ գնալուց հետո ամեն օր գումար էի առանձնացնում այդ նպատակով։ Հիմա կուտակած փողը մի կողմ ենք դրել, չգիտենք՝ ի՞նչ անենք»։  

 

Էրիկին բոլորը գիտեին որպես «Ջիգյարո»։ Մայրն ասում է՝ կյանքը եռում էր ներսում։ Երգում էր, պարում, Արցախի բասկետբոլի հավաքականում էր խաղում։ Ազատ րոպե չուներ։

 

«Գերեզմանատանն աշխատող բանվորներից մեկը մոտեցավ, ասում է՝ կներեք, ձեր տղա՞ն է։ Էսօր հատուկ բարձրացել եմ, որ տեսնեմ՝ ի՞նչ տարիքի է, որ էսքան մարդ է գալիս մոտը»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Էրիկը դասընկերուհու հետ էր հանդիպում, որոշել էին բանակից հետո ամուսնանալ։ Տիկին Անուշն ասում է՝ ուզում եմ մի նոր Էրիկ գտնի, հերիք է՝ ինչքան ցավ տեսավ։

 

Եղբոր զոհվելուց հետո ամեն ինչ փոխվել է նաեւ Նարեկի ու Վիլենայի կյանքում։ Էրիկը նրանց թիկունքն էր՝ հոգատար ու սիրող։

 

«Պատերազմից հետո Երեւանից վերադարձանք, աղջիկս գնացել է ատամի խոզանակներ գնելու։ Եկել, դուռը բացել ու սկսել է լացել։ Ասում է՝ 5 հատ եմ առել, Էրոյին էլ եմ հաշվել։ Եկել եմ տուն, նոր եմ հասկացել, որ մեզ 5-ը պետք չէր, Էրոն էլ չկա։ Ասում եմ՝ բալա՛ս, լավ ես արել, դու միշտ հիշի, որ Էրոն մեզ հետ ա»։

 

Մայրն Էրիկին երազներում է տեսնում՝ ուրախ ու աշխույժ, ասում է՝ տեղը լավ է։ Պատահել է՝ տղան հանդիմանել է, որ Նոր տարուն անգամ մանդարին չեն գնել։ Մայրն էլ արդարանում է, թե՝ չգիտե՞ս, որ քեզնից հետո մեր տանն էլ տոն չկա։ Ամեն ինչ ավարտվել է։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին