Երեւան։ Մեդիամաքս։ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել այսօր Քիշնեւում կայացած Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպման արդյունքներով։
«Մենք հնարավորություն ունեցանք շոշափելու բոլոր այն թեմաները, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում՝ հաղորդակցություն, անվտանգություն և իրավունքներ, սահմանների սահմանազատում, խաղաղության պայմանագիր։
Այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին։ Սա նշանակում է, որ մենք քրտնաջան աշխատում ենք և մտադիր ենք աջակցել բոլոր դրական ջանքերին՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը։ Ես նաև հայտարարեցի, որ մտադիր եմ նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին նորից հրավիրել հանդիպման Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Իսպանիայում։ Սա նշանակում է, որ մենք ԵՄ-ի կողմից կանենք ամեն ինչ՝ օգնելու, աջակցելու, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ավելի շատ առաջընթաց գրանցելու համար»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։
















