ՀՀ ԱԳ նախարար. Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը - Mediamax.am

3932 դիտում

ՀՀ ԱԳ նախարար. Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Ադրբեջանին վաճառված իսրայելական զենքն օգտագործվում է հայկական քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար, եւ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի այդ երկրին զենք վաճառելը:

The Jerusalem Post-ին տված հարցազրուցում, որը հրապարակվել է այսօր, Հայաստանի արտաքին գործերի նախարարը նկատել է, որ վերջին տարիներին հայ-իսրայելական հարաբերությունները բարելավվել են, սակայն Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը շարունակում է մնալ չլուծված խնդիր երկու երկրների միջեւ:

 

«Ադրբեջանին զենքի վաճառքը ճակատագրական է, քանի որ Ադրբեջանը երբեք չի հապաղում այդ զենքն օգտագործել քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության դեմ: Մենք հետեւողականորեն զբաղվելու ենք այս խնդրով, այն միշտ կլինի մեր օրակարգի բաղկացուցիչ մասը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ այս մահաբեր բիզնեսը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

 

Պատասխանելով Հայաստանի կողմից հաջողությամբ խոցված իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի մասին հարցին՝ նա ասել է, որ Հայաստանը գործել է ընդդեմ Ադրբեջանի՝ հաշվի չառնելով, թե որտեղից են այդ զենքերը:

 

«Մեզ համար դրանք մահաբեր են, քանի որ սպանում են մեր բնակչությանը: Մեր զինված ուժերը չեզոքացրել են ադրբեջանական զենքերը՝ անկախ դրանց հնարավոր ծագումից: Ադրբեջանի ստացած զենքի եւ այդ զենքը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակչության դեմ կիրառելու վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան, եւ հուլիսյան իրադարձությունները եւս լրացուցիչ ապացույց են»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին