«Պուտինը Փաշինյանի դեմ ալիք կբարձրացնի», կարծում է Սահակաշվիլին - Mediamax.am

11994 դիտում

«Պուտինը Փաշինյանի դեմ ալիք կբարձրացնի», կարծում է Սահակաշվիլին


Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շարունակում է իրեն հատուկ ոճով մեկնաբանել Հայաստանի իրադարձությունները:

«Կովկասն արագ է փոխվում, նայեք Հայաստանին: Չկա բացարձակ վերահսկողություն, իսկ միայն ռազմական վերահսկողությունն ու ռուսական քարոզչությունն անկարող են ժողովրդին իր կամարտահայտությունից զերծ պահել: Չնայած վախենում եմ, որ Պուտինը հենց այնպես բաց չի թողնի Հայաստանը: Կարծում եմ, աշնանը նա ալիք կբարձրացնի Փաշինյանի դեմ: Այն, որ նա Պուտինին դուր չի գալիս, հասկանալի է: Չնայած Փաշինյանը փորձում է ամեն կերպ հաճոյանալ նրան: Բայց նրան անհնար է հաճոյանալ»,- ասել է Վրաստանի նախկին առաջնորդը «Նովայա գազետա»-ին տված հարցազրույցում՝ վրաց-ռուսական պատերազմի 10-ամյակի առթիվ:

 

«Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչից նա [Պուտինը] ամենից շատ է վախենում: Ոչ մի գումար, ոչ մի մեխանիզմ չկարողացան զսպել մարդկանց կամքը: Պուտինը չէր կարող չտեսնել, որ այդ երիտասարդությունը շատ արեւմտամետ է, անգլախոս եւ այն բնական կերպով ինքնահեռանում է Ռուսաստանից: Դրան գումարած կա նաեւ մեծ գրգրվածություն ռուսական զորքերի ներկայության հետ կապված: Հատկապես, երբ նրան դրսեւորում են իրենց ոչ թե որպես բարեկամ ուժ, ոչ այնպես, ինչպես ամերիկացիներն էին իրենց դրսեւորում Արեւմտյան Եվրոպայում, այլ որպես զավթիչներ: Ժամանակակից աշխարհում սա չի կարող չզայրացնել մարդկանց:

 

Հետո Փաշինյանը դեմ է գնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին, ինչպես նաեւ Հայաստանում «Գազպրոմի» ղեկավար Քոչարյանին. նրանք Հայաստանում գլխավոր ռուսական հենասյուներն են:

 

Ցանկացած դեպքում կփորձեն հեռացնել Փաշինյանին, դա ինձ մոտ որեւէ կասկած չի հարուցում: Փաշինյանի մոտ խոշոր անախորժություններ կսկսվեն, կլինեն բողոքի ցույցեր, Մոսկվայում գտնվող օլիգարխները մեծ գումարներ կվճարեն, Փաշինյանի դեմ կհամախմբվի Հայաստանի ներսում առկա կազմակերպված հանցավորությունը:

 

Նա շատ քիչ ժամանակ ունի իր իշխանությունը համախմբելու համար եւ, իմ կարծիքով, նա իզուր չցրեց խորհրդարանը, երբ ուներ բոլոր լծակները, եւ չհավաքեց նոր մարդկանց: Նա չցրեց իրավապահ համակարգը, փորձում է ձերբակալել Քոչարյանին, սակայն հին իրավապահ համակարգը սաբոտաժի կենթարկի նրա որոշումները: Նա ամեն ինչ ճիշտ է անում, սակայն չի փոխում համակարգը, եւ այդ հին համակարգը կդադարի կատարել նրա հրամանները եւ նրա դեմ կաշխատի»,- ասել է Սահակաշվիլին:

 

Սահակաշվիլիի հայտարարություններն օգնո՞ւմ, թե խանգարում են Փաշինյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին