«Փաշինյանը փորձում է չկրկնել իմ սխալները», ասել է Սաակաշվիլին - Mediamax.am

11453 դիտում

«Փաշինյանը փորձում է չկրկնել իմ սխալները», ասել է Սաակաշվիլին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ Հայաստանի նոր կառավարությունը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «իր հետքերով են գնում եւ կրկնում իր հաջողությունները»:

Ինչպես հաղորդում են վրացական ԶՄԼ-ները, Սաակաշվիլին այդ մասին ասել է հուլիսի 31-ին «Ռուսթավի-2» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

 

«Հայաստանի երիտասարդությունը լայնորեն ուսումնասիրում է իմ գիրքը վրացական բարեփոխումների մասին եւ կրկնում շատ բաներ: Այդ թվում նրանք կրկնում են իմ հաջողությունները եւ փորձում չկրկնել սխալներս»,- ասել է Սաակաշվիլին:

 

Իր գլխավոր սխալներից մեկը նա անվանել է այն, որ ժամանակին պատասխանատվության չի ենթարկել Նինո Բուրջանաձեին եւ Բիձինա Իվանիշվիլիին, որոնք, ըստ նրա, Վրաստանում Ռուսաստանի հիմնական հենասյունն են:

 

«Հավանաբար, Փաշինյանը համարել է, որ ժամանակին իմ սխալներից էր այն, որ ես պատասխանատվության չենթարկեցի ռուս ռեզիդենտներին, եւ նա այդ սխալը չկրկնեց»,- ասել է Սաակաշվիլին:

 

Մեդիամաքսը  նշում է, որ Վրաստանի նախկին նախագահը առաջին անգամ չէ, որ մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 25-ին նա ասել էր.

 

«Նիկոլ Փաշինյանի մոտ արդեն խնդիրներ կան Մոսկվայի հետ, որովհետեւ հայկական էլիտան փորձում է մի կողմ մղել նրան եւ գողանալ հեղափոխության պտուղները: Ուկրաինայում դա տեղի ունեցավ մի քանի տարի անց, իսկ այնտեղ սկսվեց հենց երկրորդ օրը: Ուստի իմ խորհուրդը բոլոր հայ հեղափոխականներին՝ ավարտին հասցնել, ջախջախել բոլոր օլիգարխներին»:

 

Նիկոլ Փաշինյանը, 2018 թվականի մայիսի 1-ին պատասխանելով պատգամավորների հարցերին Ազգային ժողովում քվեարկությունից առաջ, ասել էր.

 

«Ես երբեք չեմ ունեցել ոչ ուղիղ, ոչ էլ միջնորդավորված կապեր Սաակաշվիլիի կամ Նավալնու հետ: Ես նրանց ծանոթ չեմ, անձամբ չեմ ճանաչում նրանց»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին