Արմակադը բացառիկ նվեր է - Mediamax.am

Արմակադը բացառիկ նվեր է
2536 դիտում

Արմակադը բացառիկ նվեր է


Իմ ուղեղում ոչ մի կերպ չեն տեղավորվում այն մարդկանց գործերը, որոնք ուղղված են տարբեր հնարավորություններ փակելուն, զարգացմանը միտված կառույցները ոչնչացնելուն, տոտալ հսկողության սահմանմանը, անգրագիտության եւ կոռուպցիայի խրախուսմանը, քաղաքացիական ակտիվության եւ անհատական զարգացման, ինքնարտահայտման պայմանների սահմանափակմանը:

Բարեբախտաբար, այս ծանր նկարագրությունը մեր իրականության միակ արտացոլանք չէ:

Ինձ ավելի ու ավելի են շրջապատում անձինք, որոնք կրթություն են ստացել արտասահմանյան լավագույն բուհերում կամ հաճախակի մասնակցում են տարբեր ամառային դպրոցների, տարբեր ծրագրերի: Վերջին շրջանում նաեւ Արցախն է միանում միջազգային կրթական տարբեր ծրագրերի՝, թեև ոչ բավարար չափով:

Այս համատեքստում մեծապես կարեւոր է կրթական, գիտական, ուսումնական ծրագրերի մասին ինֆորմացիայի փոխանակությունը, դրանց հասանելիության ապահովումը: Դեռեւս մի քանի տարի առաջ կային լուրջ բարդություններ ակադեմիական տարաբնույթ ինֆորմացիայի ստացման համար: Շատ հաճախ այդ ինֆորմացիան մնում էր ինչ-ինչ հաստատություններում` այդպես էլ անհասանելի դառնալով լայն շրջանակներին, իսկ տարբեր ծրագրերի լավագույն դեպքում մասնակցում էին ինֆորմացիան ստացողի ծանոթ-բարեկամները, այլ ոչ թե արժանավորները: Այս անառողջ մթնոլորտն առկա էր հատկապես հետազոտական դրամաշնորհային  ծրագրերի պարագայում:

2007թ. հունիսի 21-ին ստեղծվեց «Ակադեմիական  համագործակցության եւ օժանդակության  հայկական ԱՐՄԱԿԱԴ  ասոցիացիան», որն իր առջեւ խնդիր դրեց լայն հանրության սեփականությունը դարձնել ուսումնական ծրագրերի, կրթաթոշակների, դրամաշնորհների, գիտական, համալսարանական կյանքում կատարվող իրադարձությունների մասին ինֆորմացիան: Էլեկտրոնային փոստերի ցանկով, սոցիալական կայքերով, armacad.info լրատվական կայքի միջոցով Արմակադն ամեն օր տարածում է հսկայական տեղեկատվություն: Շնորհիվ Արմակադի՝ այսօր բազմաթիվ ուսանողներ սովորում են արտասահմանյան լավագույն բուհերում, տարեկան հարյուրավոր երիտասարդներ մասնակցում են ամառային դպրոցների եւ այլ կարճաժամկետ ծրագրերի, հետազոտողներն ու հասարակական կազմակերպությունները հնարավորություն են ունենում մասնակցել տարբեր դրամաշնորհների համար հայտարարվող մրցույթներին:

Արմակադը բացառիկ նվեր է հատկապես սահմանափակ ֆինանսներով գիտնականի համար: Եթե ցանկանում ես, օրինակ, մեկշաբաթյա հետազոտություն կատարել Հաագայում, ապա պատմիր այդ մասին Արմակադ ցանցի անդամներին, եւ վստահաբար կստանաս գիտական-ճամփորդական դրամաշնորհների մասին ինֆորմացիա, Հաագայում վստահաբար կգտնվի մեկը, որ քեզ կհյուրընկալի հետազոտությանդ ժամանակաշրջանում, քո ոլորտի մի շարք մասնագետներ էլ կտան արժեքավոր խորհրդատվություն:

Հավատամքը՝ ծառայել գիտությանը, ճանաչելի դարձնել Հայաստանը միջազգային գիտական եւ համալսարանական շրջանակներին, ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդների համար:

Ապշելու բան է, բայց այս ամենը նախաձեռնել է մեկ հոգի, բանասիրական գիտությունների թեկնածու, իրանագետ Խաչիկ Գեւորգյանը, որին այնուհետեւ միացել են տարբեր անձինք: Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենը կատարվում է առանց որեւէ ֆինանսավորման, անշահախնդիր, սոսկ էնտուզիազմի շնորհիվ:

Ու Ստեփանակերտից մինչեւ Փարիզ, Երեւանից մինչեւ Լոնդոն ու ԱՄՆ-ի տարբեր համալսարաններ Արմակադը դասախոսությունների միջոցով պատմում է իր գործունեության մասին՝ նոր հնարավորություններ պարգեւելով ուսանողներին եւ մեծացնելով իր ցանցը:

Օգտագործելով իր սոցիալական կապիտալը՝ տարբեր երկրների առաջատար համալսարանների, գիտական կենտրոնների դասախոսների, ուսանողների եւ հետազոտողների հետ կապը, Արմակադը դարձել է բրենդ, որը պատիվ կբերեր յուրաքանչյուր հասարակության: Պատկերացնում եմ՝ ինչպիսի նոր ծավալներ կարող էր ընդգրկել գիտական այս ցանցի գործունեությունը, եթե ամեն ինչ չմնար մի խումբ նվիրյալների ուսերին եւ հնարավոր լիներ վարձատրվող աշխատակիցներ ներգրավել:

Արմակադը նաեւ պատգամ է: Պատգամ՝ կիսվելու, ստեղծելու հնարավորություններ, ծառայելու գիտությանն ու կրթությանը՝ ապահովելով արդյունավետություն եւ շարունակական զարգացման հիմք:

Արմակադն այսօր տոնում է իր ծննդյան 4-ամյակը: Շնորհավոր ծնունդդ, Արմակադ, շնորհավո'ր տոնդ, հայ ուսանող ու գիտնական, որ ունես Արմակադի նման աջակից, շնորհավոր բոլոր նրանց տոնը, ովքեր ստեղծում են հնարավորություններ:

Հայկ Խանումյանը «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին