Չճանաչվածության սինդրոմ - Mediamax.am

Չճանաչվածության սինդրոմ
2591 դիտում

Չճանաչվածության սինդրոմ


Վերջերս ընկերներիցս մեկը մեկնեց մասնակցելու մի լուրջ կոնֆերանսի… Կոսովոյում: Մի այլ ընկեր Պրիշտինայում այժմ մասնակցում է բավականին հետաքրքիր ամառային դպրոցի: Մի քանի տարի առաջ էլ ես Փարիզում ընթացող մի կոնֆերանսի ժամանակ կոսովար մի փիլիսոփայի հետ ծանոթացա: Հասարակական սեկտորի իմ ընկերները սիրում են բերել Կոսովոյի օրինակը. այս փոքրիկ կիսաճանաչված երկրում հարյուրներով են հաշվում միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում: Միգուցե ասեք, որ լավ տեղ են գտել փող լվանալու, բայց համաձայնեք, հսկայական փողեր են ծախսում այս երկրում՝ վճարելով հարկեր ու աշխատավարձեր, ստեղծում են տարբեր հնարավորություններ, այդ թվում զարգացման համար, իմ ու իմ նմանների էլեկտրոնային փոստատուփն էլ լցվում է տարբեր նամակներով, որոնք մեզ հրավիրում են Կոսովո՝ գիտաժողովի, ամառային դպրոցի եւ նույնիսկ՝ սովորելու:

Մոտ 2 տարի առաջ էր, նոր էի սկսել դասախոսել Արցախի պետական համալսարանում եւ որոշեցի գրադարանում նայել քաղաքագիտությանը վերաբերվող գրականությունը: Բացի 90-ականներին հրատարակված մի երկու փոքրիկ բրոշուրներից, մեծ մասը ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցությանը, կուսակցության քաղբյուրոյի անդամների կենսագրությանը վերաբերվող գրքեր էին: Ռեկտորին ցույց տվեցի համապատասխան քարտադարանը՝ խոսելով վիճակի անթույլատրելիության մասին:

-Դե մենք չճանաչված ենք,-եղավ պատասխանը,- Երեւանին, օրինակ, շատ օգնություն են տալիս, բայց մենք չունենք այդ հնարավորությունը:

Իհարկե, այլեւս չդիմեցի ռեկտորին, այլ ինքս քաղաքագիտական մի գրադարան հավաքեցի ուսանողներիս համար: Սակայն չճանաչվածության պատճառաբանությանը այսուհետ եւս առնչվեցի տարբեր տեղեր, տարբեր շրթունքներից՝ բարձրաստիճան պաշտոնյաներից սկսած մինչեւ տաքսու վարորդներ:

Եվ այսպես՝ որակյալ կրթություն չունենք, առողջապահությունը ցածր մակարդակի է, կոռումպացված ենք, գրադարանները չենք համալրում, տնտեսություն գրեթե չկա, որովհետեւ… չճանաչված ենք: Բայց մի րոպե, բերեք հիշենք, տեսնենք էլ ովքե՞ր են չճանաչված: Օհո, Թայվանը: Մասամբ ճանաչված երկիր է: Ի՞նչ: Հա էլի, Թայվանի առեւտրաշրջանառությունը ԵՄ երկրների հետ ավելի շատ է, քան Հարավային Կովկասի ճանաչված երեք երկրներինը միասին վերցրած: Միգուցե Ադրբեջանի՞ պես ագրեսիվ ու խանդոտ հակառակորդ չունի: Ու՞մ հետ խնդիրներ ունի: Չինաստանի՞: Կարո՞ղ է այս թայվանցիք չգիտեն, որ Չինաստանը գերտերություն է ու շուտով աշխարհի թիվ մեկ տնտեսությունն է դառնալու:
Լավ ի՞նչն է մեզ խանգարում թայվանցիների պես լինել: Կամ գոնե կոսովարների: Չէ որ ամեն հայ դպրոցական գիտի, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, աշխատասեր ենք, շինարար ու որ մեր հայրենիքն անընդհատ ստիպված ենք եղել ազատագրել օտար նվաճողներից, մեզ ենթարկել են ցեղասպանության ու հայրենազրկել, դրա համար էլ այսօր սփյուռքի ակտիվ հայերը ստեղծել են բազմաթիվ կառույցներ, որպեսզի համոզեն աշխարհին ճանաչել հայոց ցեղասպանությունը, մի քիչ ավելի փող տալ Հայաստանին ու խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի համար: Ու ամեն հայ դպրոցական նաեւ գիտի, որ այս ալբանացիները, այս եկվոր մահմեդականները, Եվրոպայում թմրաբիզնեսով զբաղվող այս հանցագործները տիրացել են քրիստոնեական սերբական Կոսովոյին եւ այլանդակ Արեւմուտքի աջակցությամբ պետություն են հռչակել այնտեղ:

Իսկ ես կուզեի, որ հայ դպրոցականն այլ բան իմանար: Իմանար, որ իր հայրերը կամ պապերը 17 տարի առաջ ազատագրեցին մեր հայրենիքի մասերից մեկը: Որ այսօր այդ նույն ազատագրված մասում շատ քիչ մարդ է ապրում, որ սփյուռքի ակտիվ հայերի համար այս հարցը քիչ հրատապ է, որովհետեւ նրանք կարեւոր գործով են զբաղված՝ հայրենիքի այլ մասերը կուզեն ազատագրել ինչ-ինչ սենատների առջեւ ցույցեր անելով: Կուզեի իմանար հայ դպրոցականը, որ հայրենիքը ազատագրվում է միայն զենքով, դրանից հետո՝ բնակեցմամբ, շենացմամբ, ամառային դպրոցներ-միջազգային գիտաժողովներ կազմակերպելով, գործարար միջավայր, առողջապահական նորմալ համակարգ ստեղծելով, բարձորակ կրթություն ապահովելով, այս ամենի համար հատիկ-հատիկ, համառ ու անձնվիրաբար պայքարելո՛վ:

Ու սիրելի դպրոցական, մի անհանգստացիր, որ հայրենիք ազատագրող այն սերնդի որոշ երեւելի ներկայացուցիչներ ինձ ու քեզ մաքսիմալիստ անվանեն կամ համայն աշխարհին հայտարարեն, որ տարածք չեն վերաբնակեցնում, որովհետեւ հանձնելու են: Այդպես էլ է լինում: Ամեն ինչ մեկ սերունդ չի կարող անել կամ հասկանալ: Մի քիչ շատ է: Դրա համար արժե լինել ըմբոստ, լինել ավելին, քան նախորդ սերունդն է: Զարգացման այլ ճանապարհ աշխարհը չգիտի: Որդիները պետք է լինեն ավելին, քան հայրերը:

Ու մեկ էլ հիշիր՝ չճանաչված ենք, որովհետեւ մենք ինքներս մե՛զ չենք ճանաչում: Եվ ուղղի՛ր հայացքդ դեպի արեւելք: Այնտեղ հայրենիքի ազատագրված մի մասն է, որ կարիք ունի ինքն իրեն ճանաչած հայորդիների…

Հայկ Խանումյանը «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին